Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ժառանգությանը» նախանձում են»

«Ժառանգությանը» նախանձում են»
15.09.2012 | 11:55

Հայտնի է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը կրկին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ փորձեցինք մի քանի հարց ուղղել խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին, ով միջնորդավորված մեզ փոխանցեց, թե մտադիր չէ մեր հարցերին պատասխանելու՝ մերժման ոչ մի պատճառ չներկայացնելով: Այն, որ «Ժառանգությունը» նախկին ակտիվ ելույթ ունեցողների պակաս ունի խորհրդարանում, ակնհայտ դարձավ քառօրյայի հենց առաջին օրը, բայց որ սեփական նախագծի շուրջ ոչինչ չի կարող ասել խմբակցության քարտուղարը, դա արդեն զարմանալի է: Ինչևէ: Խմբակցության պատիվն այս անգամ էլ «փրկեց» «Ժառանգության» նախկին պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Նախորդ խորհրդարանում նույն օրինագիծը երկու անգամ հաջողություն չարձանագրեց, ինչո՞ւ հարցը երրորդ անգամ քաղաքական օրակարգ մտցրիք:
-Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ օրակարգային դարձրեց ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը: «Ժառանգությունը», իհարկե, թարմացրեց իր օրինագիծը, բայց զարգացումները, դրանց ուղղվածությունը, Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, որի դրսևորումներից մեկն էլ Սաֆարովի արտահանձնման Ադրբեջանի կարողության թույլատրելիությունն էր, ցույց տվեցին, որ մեզ ոչինչ չի մնում, եթե ոչ ԼՂՀ-ի անկախության ճանաչումը՝ նախ և առաջ որպես պատերազմը կանխարգելող քայլ: Ադրբեջանը դրանից հետո պիտի հասկանա, որ Հայաստանն այլևս բանակցելու ցանկություն և խնդիր չունի:
-Ասել է՝ Սաֆարովի արտահանձնումը չլիներ, «Ժառանգությունը» հերթական անգամ շրջանառության մեջ չէ՞ր դնի այդ օրինագիծը:
-Այս ընտրությունների ժամանակ «Ժառանգությունն» իր ծրագրում ամրագրել էր, որ դա սեփական օրակարգի մի մասն է և, անշուշտ, ինչ-որ իրավիճակում անդրադառնալու էր դրան: Սակայն զարգացումներն արագացրին և հուշեցին, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերից մեկը Ղարաբաղի անկախության ճանաչումն է:
-Եթե այս անգամ էլ արդյունքի չհասնեք, վերստին շրջանառության մեջ կդնե՞ք օրինագիծը:
-Դա այն օրինագիծը չէ, որ քնից արթնանում ենք ու որոշում ներկայացնել: Երեք անգամ էլ իրավիճակը լուրջ հաշվարկել ենք: Առաջին երկու անգամը պայմանավորված էր Կոսովոյի ճանաչմամբ և երբ Սերբիան դիմեց Հաագայի դատարան, որտեղ հայտարարվեց, որ միակողմանի անկախացումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին: Սա որպես նախադեպ կարող էր տարածվել նաև ԼՂՀ-ի վրա: Իսկ այս անգամ տեսանելի է, որ հակամարտության գոտում Թուրքիան և Ադրբեջանը լարվածությունը մեծացնելու ուղղությամբ համատեղ աշխատում են: Տարբեր շահագրգռություններով փորձում են իրավիճակը մոտեցնել պատերազմի: Ստեղծված իրավիճակում հստակ ուղերձ պիտի հղվեր աշխարհին:
-Կարծում եք` այդուհանդերձ, պատերազմի «հո՞տ» է գալիս:
-Այո: Այս տարիներին Ադրբեջանի «ղարաբաղյան» ողջ քաղաքականությունը միտված էր Մինսկի խմբի ձևաչափից հարցի դուրսբերմանը, քանի որ վերջինիս առաջարկած տարբերակներն իր սրտով չեն: Հետևաբար, Ադրբեջանի մշտական խնդիրն է հարցը տեղափոխել այլ ձևաչափ: Չավուշօղլուն Ադրբեջանին օգնում էր, որպեսզի հարցը մտներ ԵԽԽվ, ՄԱԿ-ի անդամություն ստացած Թուրքիան փորձում էր խնդիրը ՄԱԿ տանել, և այսպես շարունակ: Այսինքն, Ադրբեջանի հնարքներն ուղղված են եղել սրան, որոնք կանխվեցին: Ադրբեջանը նաև նեղվում է, որ աշխարհի ուշադրությունը ղարաբաղյան խնդրի նկատմամբ անբավարար է: Պատահական չէր, որ հունիսի 6-ին, երբ Հիլըրի Քլինթոնն այցելեց տարածաշրջան, նրան դիմավորեցին «պատերազմներով»՝ հասկացնելով, որ միայն Սիրիայի համար չէ, որ պիտի գա տարածաշրջան: Այնինչ Քլինթոնը հասկացրեց, որ իր օրակարգում Ղարաբաղի հարց չկա: Նրանց համար մնում էր միայն մի ելք՝ ստեղծել պատերազմական ռիսկի իրավիճակ, որպեսզի պարտադրեն աշխարհին, որ իր օրակարգում ընդգրկի ղարաբաղյան հակամարտությունը: Այդ իսկ պատճառով մայիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների թեժացում սկսվեց, որը ևս պատասխան ստացավ: Այս ամենից հետո չափազանց խորամանկ քայլ մտածվեց՝ վերադարձնել Սաֆարովին: Այս հարցում Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել՝ հեռահար հաշվարկով, որ հայկական կողմը կատաղությունից կգնա առնվազն դիվերսիոն բնույթի գործողությունների ու իր ձեռամբ կսրի իրավիճակը տարածաշրջանում: Եթե սա Ադրբեջանի համար նշանակում էր խնդիրը միջազգային հանրության օրակարգ տանել, Թուրքիայի համար էականն այն էր, որ Մինսկի խմբում ինքը ևս ներկա լինի: Այսինքն, Սաֆարովին արտահանձնելու նպատակը տարածաշրջանում լարվածությունն ավելացնելն էր, պատերազմ սկսել ու արկածախնդրությունը։
-Փաստորեն, նրանց հաշվարկները սխա՞լ դուրս եկան:
-Այո, քանի որ խնդիրն այլ ուղղությամբ շրջվեց:
-Այդուհանդերձ, ո՞ր կողմն առավել շահեկան դիրքում հայտնվեց:
-Հայաստանի համար ամոթալի էր, որ դիվանագիտական կարողությունը չբավարարեց սա կանխելու համար: Հարց է ծագում` ապագայում Հայաստանի դիվանագիտությունը կկարողանա՞ կանխել նման քայլերը: Սակայն զարգացումները հետագայում շրջվեցին Ադրբեջանի դեմ, ու այսօր այդ երկիրն է հայտնվել քննադատությունների հեղեղի տակ:
-Անդրադառնանք կրկին ձեր նախագծին: Իշխող մեծամասնության ներկայացուցիչները կարծում են, որ դրանով փորձում եք քաղաքական դիվիդենդներ շահել և հայրենասեր երևալ: Ձեր մեկնաբանությունը:
-Ախր, թող մի քիչ էլ էդ դիվիդենդներից իրենք շահեն, որ ընտրությունների ժամանակ խնդիրներ չունենան:
- Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ դրա արդյունքում «աշխարհը չի ճանաչելու Հայաստանը՝ որպես ԼՂՀ-ի անվտանգությունն ապահովողի, և մեր բոլոր միջոցառումները՝ կապված Ղարաբաղի հետ, ապօրինի են դառնալու»: «Ժառանգությունը» սա չի՞ «հաշվարկել»:
-Այդ կարծիքի հետ համաձայն չեմ: Հակառակը, Լեռնային Ղարաբաղի հայության հանդեպ, որպես անվտանգության երաշխավորի, Հայաստանի գործառույթը, բացի էթնիկ նույնությունից, այլ հիմնավորում չունի: Ճանաչման պարագայում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հնարավորություն են ստանում միջպետական հիմքի վրա դնելու աջակցության, ռազմավարական համագործակցության և օգնության բազմաթիվ մեխան իզմներ, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում: Ավելին, ճանաչումից հետո կարող են անցնել կոնֆեդերացիայի ձևավորման, ի կատար ածելով միացման մոտեցումը: Դրանով Հայաստանը հնարավորություն է ստանում իր անվտանգության համակարգ բերելու ԼՂՀ-ն՝ դարձնելով հավասարաչափ պաշտպանված:
-Հայաստանում չկա մեկը, որ դեմ չլինի Ղարաբաղի անկախության ճանաչմանը: ՈՒրեմն, ինչո՞ւ ձեր նախագծին կողմ չեն քվեարկում:
-Չհիմնավորված վախը, կուսակցական շահը և այլ մանրախնդրություններն են պատճառը, այդ թվում նաև` տարրական նախանձը, թե ինչու է «Ժառանգությունը» դա անում:
-Տեսակետ կա, թե «Ժառանգությունը» այս նախագծով փորձում է իր շուրջը եղած աղմուկը մեծացնել, քանի որ առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվելու ցանկություն ունի: Այդպե՞ս է:
-Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, թե Ռամիլ Սաֆարովին մենք ենք արտահանձնել:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ