«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հարցեր լուծում են երկաթե շերեփ ունեցողները»

«Հարցեր լուծում են երկաթե շերեփ ունեցողները»
18.09.2012 | 01:47

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:


-ԱԺ արտահերթ նստաշրջանին Ձեր բացակայությունը երևում էր, որտե՞ղ էիք:
-Փարիզում, մասնակցում էի ԵԽ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին` հերթական հոկտեմբերյան նստաշրջանից առաջ: Քանի որ ես ավարտում եմ իմ գործունեությունը ԵԽԽՎ-ում, շատ կարևոր զեկույց ունեի ստանձնած, որը պիտի ներկայացնեի: Հանձնաժողովի նիստում հաստատվեց զեկույցի նախագիծը:
-Ինչի՞ վերաբերյալ է զեկույցը:
-Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկի միջոցով:
-Ի՞նչ է դա նշանակում հասարակ մահկանացուների համար:
-Դա հանուն հասարակ մահկանացուների է, բայց վերաբերում է հիմնականում ճգնաժամային կառավարման ժամանակներին: Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը մեծ վնաս հասցրեց բազմաթիվ երկրների ֆինանսական և սոցիալական բարեկեցությանը, բացահայտեց ֆինանսական շուկաների գործունեության լուրջ թերություններ, երևացին դրանց բարձր ռիսկայնությունը և սպեկուլյատիվ բնույթը, ֆինանսական կայունության ապահովման անզորությունը և իրական տնտեսությունից կտրվածությունը: Այստեղ գործնականում փչվում են այն փուչիկները, որոնց մասին ճգնաժամի ժամանակ շատ խոսվեց, այդ փուչիկները պայթում են և դառնում ճգնաժամային իրավիճակների պատճառ:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է ֆինանսական գործառնությունների կատարում, որոնք կապ չունեն տնտեսական իրականության հետ, բայց կարող են աղավաղել այդ իրականությունը: Դա նշանակում է, որ ֆինանսական շուկաների բոլոր մասնակիցները պետք է առավել պատասխանատու լինեն հասարակության և տնտեսության նկատմամբ, որտեղ նրանք գործում են հանուն հասարակության արդյունավետ ու կայուն զարգացման:
Ընդհանրապես ճգնաժամ-հետճգնաժամային ժամանակահատվածում տնտեսագիտական մասնագիտական հանրույթի առջև հիմնական երկու խնդիր էր ծառացել` ճգնաժամից դուրս գալու ուղիները և, այսպես կոչված, «ճգնաժամի դասերը»: Ընդգծեմ նաև, որ ԵԽԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովը, որի ղեկավարն եմ եղել, իր աշխատանքային ծրագրերում ներառեց ուսումնասիրությունների մի քանի ուղղություն, որոնք համալիր կերպով անդրադառնում են նշածս խնդիրներին: Դրանց շարքում` պետական պարտքը, որպես վտանգ ժողովրդավարական պետությունների համար, հարկային «դրախտները» կամ օֆշորային գոտիներ, փոքր և միջին ձեռնարկատիրության հատուկ դերը և բազմաթիվ այլ զեկույցներ, որոնք ամբողջական պատկեր են ստեղծում, և որոնց հիմնական նպատակն է ապահովագրել աշխարհը ապագա ճգնաժամերից:
-Ի՞նչ եք առաջարկում օրինագծով:
-Եվրոպական և մյուս պետությունները ճգնաժամի հրդեհը սկսեցին հանգցնել հիմնականում հարկատուների փողերը, այսինքն` բյուջետային միջոցները ներարկելով տնտեսության աղետալի հատվածները, որտեղ ճգնաժամը հատկապես սուր վիճակ է ստեղծում: Որպես եվրոպական քաղաքական գործիչներ` մեզնից շատերի առաջ այդ հարցը դրվեց` ինչքանո՞վ է արդարացի հարկատուների փողերը, որոնք վճարվում են այլ նպատակների համար (սոցիալական, պետության պահպանության և այլն), հատկացնել ճգնաժամային վիճակների բժշկմանը: Որպես կանխարգելիչ ելք և այդ իրավիճակից դուրս գալու միջոց` առաջարկվում է ներմուծել տրանզակցիոն հարկ: Առաջարկությունը քննարկվում է և՛ Եվրոպայի խորհրդում, և՛ Եվրահանձնաժողովում, և՛ Եվրախորհրդարանում, և՛ եվրոպական երկրների խորհրդարաններում: Նախատեսվում է հիմնել կուտակային հիմնադրամ, որտեղ կհավաքվեն մասհանումներ և կուղղվեն աղետալի վիճակների հաղթահարմանը: Այն տրամաբանությամբ, ինչ բանկային համակարգում գոյություն ունի դեպոզիտների ապահովագրման հիմնադրամը, որը մեր երկրում նույնպես գործում է: Եթե հիշում եք, տարիներ առաջ մենք ունեցել ենք «պայթող» բանկեր և նրանց չապահովագրված ավանդատուներ: Մենք օրենք ընդունեցինք, որով բանկերին պարտադրվում էր որոշակի գումար սառեցնել իրենց ընդունած ավանդների չափով Կենտրոնական բանկում, քաղաքացիներին էլ տեղեկացվեց, որ իրենց ավանդները որոշակի չափով (մինչև երկու միլիոն դրամ) պաշտպանված են և կվերադարձվեն այդ հիմնադրամից, եթե բանկը չկարողանա վերադարձնել: Այդ նույն տրամաբանությամբ այսօր առաջարկվում է որոշակի մասհանումներ կատարել սպեկուլյատիվ գործարքներից: Եթե Եվրամիության քսանյոթ երկրները համաձայնություն տան օրինագծի ընդունմանը, այսօրվա ֆինանսական գործառնությունների ծավալից ելնելով, հիմնադրամը կկազմի շուրջ վաթսուն-վաթսունհինգ միլիարդ եվրո:
-Եվրամիության բոլոր երկրները համաձա՞յն են:
-Դեռ ինը երկիր է համաձայնություն տվել այդ համակարգին: Բնականաբար, առաջին հերթին դեմ են այն երկրները, որոնք այդ գործարքների ամենամեծ ծավալներն ունեն:
-Ինչպե՞ս են հիմնավորում իրենց դեմ լինելը:
-Հիմնավորումներն այնքան էլ փաստարկված չեն: Օրինակ, եթե մի երկիր մտցնում է այդ հարկը, իսկ մյուս երկիրը` ոչ, շրջանառությունները կարող են գնալ այդ երկիր: Բայց օրինագծով առաջարկվում է նաև պաշտպանիչ մեխանիզմ` նման արտահոսքը կանխելու համար: Զեկույցի վերնագիրն է «Սոցիալական արդարության վերահաստատում», ինչը ինքնին խոսում է զեկույցի բովանդակության մասին: Զեկույցը մշակելու պարտավորությունը ես ստանձնել էի մոտ մեկ տարի առաջ, ԵԽ-ում զեկույցների ներկայացման ժամկետը երկու տարի է, որովհետև մեծ աշխատանք է կատարվում, տարբեր երկրների փորձն է ուսումնասիրվում, ես բավականին արագ եմ աշխատել, և հաջորդ քայլը կլինի Ստրասբուրգում հոկտեմբերին ԵԽԽՎ նստաշրջանում զեկույցի ներկայացումը:
-Փարիզում հնարավորություն ունեցա՞ք անդրադառնալու հայաստանյան իրադարձություններին:
-Հանձնաժողովի նիստը մեր ԱԺ արտահերթ նիստի հաջորդ օրն էր, և ես հնարավորություն ունեցա տարածելու ԱԺ հայտարարությունը, նաև բացատրական ու տեղեկատվական աշխատանքներ կատարելով:
-Հարցի համարժեք ընկալում կա՞ր Փարիզում:
-Այո՛, նշեմ նաև, որ բավականին աշխատանք արդեն կատարված էր, նախորդ օրը եղել էր քաղաքական հանձնաժողովի նիստը, որտեղ բուռն քննարկում էր տեղի ունեցել: Հարցը քննարկման առարկա դարձնելու, լիագումար նիստում հետագա քննարկումների հող նախապատրաստելու համար աշխատանքներ կատարվել են և՛ Դավիթ Հարությունյանի, և՛ Արմեն Ռուստամյանի, և՛ իմ կողմից:
-Ձեր կարծիքով` մենք ինչպե՞ս ենք դուրս գալու ստեղծված իրավիճակից:
-Չեմ կարծում, որ կյանքում առաջին անգամ հայ ժողովուրդն իմացավ, որ աշխարհում անարդարություն կա, որ շահերն են գործում, ոչ թե սկզբունքները, որ մեր արյունն ավելին չէ, քան նավթը, որ անգլիական նավերը չեն բարձրանում հայոց լեռները, այդ ամեն ինչը մենք վաղուց գիտենք, մենք վաղուց գիտենք, որ թղթե շերեփով չեն հարցերը լուծվում, և հարցեր լուծում են երկաթե շերեփ ունեցողները:
-Այո, բայց արդեն երրորդ դարն է, որ թղթե-երկաթե շերեփների տարբերությունը գիտենք, ու ի՞նչ:
-Իրավիճակները չեն փոխվում, մենք պիտի փոխվենք` դարերի դասը դա է: Մենք պիտի հասկանանք, թե որոնք են մեր քայլերը, և ինչ պիտի անենք ավելի ուժեղ լինելու համար, վճարելու, գնելու հնարավորություններ ունենալու համար: Սա էր այն հիմնական դասը, որ մեզ այս իրավիճակը տվեց: Իսկ ե՞լքը: Ամենակարևորը, որ պիտի անենք, պետության շուրջ համախմբվելն է, ավելի արդյունավետ գործելը, ժամանակի մարտահրավերներին դիմակայելու ունակ պետություն լինելը` պատրաստ բոլոր փորձություններին: Մեր ռազմական և մտավոր ներուժը պիտի նպատակաուղղենք այս խնդիրների լուծմանը, որովհետև աշխարհից աշխարհ պարզած ձեռքով ման գալը, արդարություն որոնելը վաղուց արդեն պարզ է, որ ոչինչ չեն տալիս: Ընդ որում` ոչ միայն հայերիս, այլև բոլոր ժողովուրդներին:
-Չե՞ք կարծում, որ այս քայլով Ադրբեջանը պարզապես դուրս է գալիս բանակցություններից:
-Իհարկե, այստեղ տարբեր զարգացումներ են հնարավոր: Իրենք էլ, հայտնի է, վաղուց են ուզում բանակցությունների գործընթացից դուրս գալ, բայց դա չի նշանակում, որ որոշել են ու կարող են անել, այլապես վաղուց արած կլինեին:
-Իսկ հիմա մեղքը կարող են մեզ վրա բարդել:
-Մեղքը ում վրա էլ բարդեն, նրանք այդ քայլին չեն դիմում, որովհետև գիտեն, որ մենք ուժեղ ենք: Որքան էլ կաշառեն խավիարային դիվանագիտությամբ, վերջին հաշվով խնդիրը մարտադաշտում է լուծվում, և մարտադաշտում հայը պաշտպանելու է իր հայրենիքը, ինչը ադրբեջանցին չի կարող անել:
ՈՒզում եմ նաև առանձնահատուկ ընդգծել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետևողական ջանքերը և նվիրվածությունը խաղաղ բանակցային գործընթացով խնդրի կարգավորման համար: Ռազմատենչ, արկածախնդիր, դավադիր, հանցագործ և հանցագործին խրախուսող ադրբեջանական կառավարող շրջանակներին հակադրված է պատերազմով անցած և խաղաղության գինը իմացող, մարդկային ամեն մի կյանքի համար ցավող, խոհեմ և իմաստուն, հավասարակշռված լիդեր:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանից:
-Արտահերթ նստաշրջանները իրադարձային էին, և գործնականում մենք նոր ենք սկսում հինգերորդ գումարման խորհրդարանի աշխատանքը: Կարծում եմ` մեծ անելիքներ ունենք, հատկապես հաշվի առնեով, որ տարին նախընտրական է` և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և՛ նախագահական ընտրությունները, և՛ Երևանի ավագանու ու քաղաքապետի ընտրությունները: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք ապացուցեցինք, որ կարող ենք օրինավոր, նորմալ ընտրություններ անել, և այսուհետ աջ ու ահյակ որևէ շեղում անընդունելի է, առաջին հերթին մեզ համար: Մենք ինքներս չենք կարող թույլ տալ, որ մեր կատարած ընտրությունը լեգիտիմության աստիճանից շեղվի կասկածներով, անթույլատրելի քայլերով: Իհարկե, մենք անընդհատ լսում ենք թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, թեժ ձմեռ, անընդհատ ուզում ենք, որ ամեն ինչ թեժ լինի: Շատերն իրենց բավարարված են զգում միայն այդ իրավիճակներում, բայց ժամանակն է հասկանալու, որ այդ թեժությունները պատմության փակված էջն են, և տարվա որևէ եղանակ թեժ չի լինելու, լինելու է նորմալ, բնականոն կյանք: Նաև` նորմալ, բնականոն ընտրություններ, ամեն մեկը հասարակության գնահատականին ներկայացնելու է իր ծրագրերը, իր գործունեության տեսլականը:
-Կարծում եք, որ հասարակությունը պատրա՞ստ է այդ ընկալմանը. մարդիկ սովորաբար ավելի մեծ հաճույքով տրվում են սկանդալներին ու «թեժ»-ություններին:
-Հասարակությունը սկանդալներ չի որոնում, սկանդալների սեր ունեն առանձին մարդիկ, խմբեր, որ ուրիշ անելիք չունեն, ուրիշ ճանապարհ չունեն և վաղուց արդեն պատմության լուսանցքում են, նորմալ դիսկուսիայում ասելիք չունեն, ուստի ընտրում են սկանդալների ուղին: Մենք գնում ենք նորմալ, բնականոն զարգացման ճանապարհով: Ստոլիպինն ասում էր` «Ձեզ պետք են մեծ ցնցումներ, մեզ պետք է մեծ Ռուսաստան»: Մեզ էլ մեծ ցնցումներ պետք չեն, մեզ պետք է հզորացնել մեր երկիրը, դարձնել արդյունավետ և բարեկեցիկ, և այդ ժամանակ բոլորը նրա հետ հաշվի կնստեն:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 10119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ