Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հանրապետություն» կուսակցության նախագահը մեկնում է ԱՄՆ

«Հանրապետություն»  կուսակցության նախագահը մեկնում է ԱՄՆ
20.09.2012 | 20:03

Սեպտեմբերի 22-ին Վաշինգտոնում կլինի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Մինչև սեպտեմբերի 29-ը նա երկու տասնյակից ավելի հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտոնական և հասարակական կառույցներում: Մեկնումից առաջ Արամ Սարգսյանը համառոտ պատասխանեց այցի մասին հարցերին:

-Ինչու՞ եք մեկնում Վաշինգտոն:
-Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ եմ մեկնում և, բնականաբար, Վաշինգտոն, որովհետև քաղաքական իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները կենտրոնացված են հենց այդ քաղաքում: Իհարկե, շատ կարևոր է նաև Լոս Անջելեսում լինելը, որտեղ մեր հայրենակիցները մեծ թիվ են կազմում, և նրանց հետ հանդիպելը, որովհետև անկախ որտեղ են ապրում` հայերի ուշքն ու միտքը Հայաստանի վրա է կենտրոնացած: Այս այցին, դժբախտաբար, Լոս Անջելեսում չեմ լինի, որովհետև ուղղակի ժամանակ չկա և սահմանափակվելու եմ վաշինգտոնյան հանդիպումներով:
-Ի՞նչ հանդիպումներ եք ունենալու Վաշինգտոնում:
-Հանդիպումները, որ կազմակերպվել են մեր նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի դեսպանատան օժանդակությամբ, կկայանան Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում, անվտանգության համակարգում, հասարակական կազմակերպությունների, տնտեսական կառույցների հետ: Կլինեն քննարկումներ հայամետ սենատորների և այլ պաշտոնատարների հետ: Ժամանակացույցը խիստ խիտ է աշխատանքային հինգ օրվա համար:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այցից:
-ԱՄՆ-ը ի տարբերություն այլ երկրների` մի առավելություն ունի, այնտեղ հավասար են վերաբերվում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներին` համարելով, որ ընդդիմությունը հավասարապես կարևոր է և նույն պատասխանատվությունն ունի, ինչ իշխանությունը, ուստի ընդդիմության տեսակետները, որոշումները և քայլերը միշտ ուշադրության կենտրոնում են: Այս համատեքստում է դրսևորվում գերտերության վերաբերմունքը այլ պետություններին, նաև` Հայաստանին: էական է նաև առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ տեսակետների փոխանակումը, որովհետև մեր տարածաշրջանի թիվ 1 խնդիրը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է, հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Իսկ այդ խնդիրները կարող է լուծել միայն ժողովրդի քվեն ստացած ու վստահությունն ունեցող իշխանությունը, որովհետև լուծումները փոխզիջումների դաշտում են, իսկ փոխզիջումային լուծումները ցավոտ են լինելու և միայն հասարակության սրտում ընկալում ունեցող նախագահը կարող է նման քայլի գնալ: Իսկ խնդիրների չլուծումը, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը մինչև 20127-2018 թթ. ձգելը ռիսկային է, ոչ ոք չի կարող բացառել պատերազմը: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետության տեսակետները շատ կարևոր են: Առավելևս, որ այդ գերտերությունը տարածաշրջանում մեծացնում է իր ներկայությունն ու ազդեցությունը, իր հետաքրքրություններն ու շահերն ունի մեր երկրում և այդ շահերը մեր ժողովրդի շահերի հետ շատ դեպքերում համընկնում են: ԱՄՆ-ը համապատասխան իրավիճակներում միշտ կանգնում է ժողովրդի կողքին, ժողովրդին գերադասելով անհատից` սա ևս կարևոր տարբերություն է մյուս պետություններից:
-Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, վստա՞հ եք, որ նախագահի փոփոխության պարագայում, թեպետ դա քիչ հավանական է, արտաքին քաղաքականությունը չի փոխվի:
-Համոզված եմ, որ ԱՄՆ-ը իր անվտանգության /ֆիզիկական, տնտեսական, ֆինանսական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, ռազմական և այլն/ խնդիրները մշակում է 100 տարվա կտրվածքով և անձի փոփոխությունն ընդամենը արագացնում կամ դանդաղացնում են այդ ծրագրերի կատարումը առավելագույնը 1-2 տարով, որը կարող է պայմանավորվել բնական աղետներով: Նախագահ կամ Պետդեպարտամենտի ղեկավար դառնալով` որևէ անհատ չի կարող փոխել այդ գործընթացի ուղղությունը, և դա վկայում է պետության կայացածությունը, կանխատեսելիությունը ու հզորությունը: 200 տարվա պետականություն ունեցող երկիրը իր քաղաքական որակներով այնքան հաստատուն է, որ անհատների ազդեցությունը քաղաքական կուրսի վրա շատ քիչ է: Հայաստանի Հանրապետության համար սա կարևոր և ուսումնասիրության արժանի փորձ է` որպես ավելի երիտասարդ պետություն և ավելի հին ժողովուրդ մենք սովորելիք ունենք ԱՄՆ-ից: Մեր գենետիկայի մեջ միշտ եղել է արդարության մղումը, պետություն ու պետականություն ունենալու ցանկությունը, պետության փիլիսոփայությունը մենք առաջիններից մեկն ենք կապել քրիստոնեության և համամարդկային արժեքների հետ` մարդուն որպես անհատ գնահատելու` նրա համար երկիր ու պետություն ստեղծելու նպատակով:
-Հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներ ունենալու՞ եք, թե՞ Վաշինգտոնում հայերը սակավաթիվ են:
-Հանդիպումներ կան և կազմակերպությունների, և անհատների հետ, որովհետև Վաշինգտոնում ապրում են մարդիկ, որ ինձ համար շատ կարևոր են իրենց մտածելակերպով ու տեսակետներով: Նրանց հայացքը դրսից է, որոշ դեպքերում հեռվից ավելի տեսանելի է եղածը: Նրանք ուղնուծուծով հայ են, ԱՄՆ-ում էլ այս երկրի հետ են ապրում և նրանց տեսակետներն ու վերաբերմունքը շատ կարևոր են:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ