Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մենք հանձնված ենք սրբերի ու հրեշտակների պահպանությանը

Մենք հանձնված ենք սրբերի ու հրեշտակների պահպանությանը
25.09.2012 | 11:26

Մարտիրոսների Հանդիսադիրը` մեր Տեր Հիսուս Քրիստոս, կրկնակի պատվեց ու փառավորեց սուրբ նահատակությունը։ Նախ` խոսքով պատվեց, երբ ասաց. «Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Նաև գործով պատվեց, երբ Ինքը հալածվեց ու խաչի չարչարանքներով նահատակվեց։
Պետք է իմանալ, որ վկայությունը երեք կերպ է լինում` սրտի վկայություն, լեզվի վկայություն և արյան վկայություն։ Սրտի վկայությունը քրիստոնեական հավատքն է, որ ունենք մեր հոգում հաստատված` ըստ այս խոսքի. «Սրտով հավատալն արդարություն է գործում»։ Լեզվի վկայությունն այդ հավատքի բերանով խոստովանությունն է մարդկանց առաջ` ըստ այս խոսքի. «Ով խոստովանի ինձ մարդկանց առաջ, Ես էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է»։ Իսկ արյան վկայությունը մարտիրոսությունն ու չարչարանքներն են` ըստ այս խոսքի. «Ով կամենում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից. ով որ կորցնի իր անձն Ինձ համար, կգտնի այն»։ Սրտի վկայությունը բարի է և ընդհանուր բոլոր հավատացյալների համար։ Լեզվի վկայությունն ավելի բարի է, քանի որ իր ծածուկ հավատը հայտնի է դարձնում` ըստ այս խոսքի. «Թագավորների առաջ քեզ էի վկայում և չէի ամաչում»։ Արյան վկայությունն ամենաբարին է ու կատարյալը, քանի որ նախ սրտով հավատաց, այնուհետև խոսքով վկայեց և գործով կատարեց` արյան վկայությամբ։
Ո՞րն է Տիրոջ համար չարչարվելու և հալածվելու երանությունը։ Հալածվել նշանակում է փախչել, հեռանալ չարից, ինչը մեծ երանություն է. ինչպես որ մեկը հեռանում է կրակից և ազատվում է այրվելուց, այնպես էլ ով հեռանում է չարից. փրկվում է տանջանքներից։ Եվ ինչքան հեռանում ենք չարից, այնքան մոտենում ենք բարուն, քանի որ չարի վերջը բարու սկիզբն է։ Մարդու կյանքը չարի և բարու միջև է սահմանված. եթե բարուց հեռանում ենք, չարի մեջ ենք ընկնում, իսկ եթե չարից ենք հեռանում, բարու մեջ ենք հաստատվում։ Եվ ամենաբարին Քրիստոսն է, որ հալածվելով Նրա մեջ ենք հաստատվում։ Երկինքն ու երկիրը մարդկանց ու հրեշտակների համար փորձության և ընտրության վայրեր են։ Հրեշտակները երկնքում փորձվեցին և երկիր ընկան ու դև դարձան։ Այդպես էլ մարդիկ են փորձվում և ընտրվում երկրի վրա ու ելնում երկինք, դասվում հրեշտակների շարքը։
Ինչո՞ւ սրբերն ու վկաներն ուրախությամբ էին կրում տանջանքները։ Նրանք տանջանքներով մեղքերից էին մաքրվում ու հոգու բժշկություն գտնում, քանի որ բոլոր մեղքերը հեշտությամբ են մտնում մեր մեջ, սակայն չարչարանքներով դուրս գալիս, ինչպես մարմնի հիվանդությունը բժշկվում է դառը դեղերով։ Դրա համար չարչարանքների գործիքները, հուրն ու սուրը նրանց համար հույժ ցանկալի էին, նաև իրենց տանջողների համար աղոթում էին` որպես բարերարների։ Ինչպես մեծատունները պատվական իրերը տալիս են սիրելիներին, իսկ անարժեքը` ատելիներին, այնպես էլ ամենից Մեծատունը` Աստված, մարմնի տանջանքները, որ հույժ պատվական են, տալիս է Իր սիրելիներին` մարտիրոսներին, իսկ մարմնի հաճույքները, որ խիստ անարժեքեն, տալիս է մարմնասերներին։
Ո՞րն է այն արքայությունը, որ Տերը խոստանում է արդարության համար հալածվողներին։ Երկնքի թագավորությունը երկու կերպ էհասկացվում. նախ` երկրի վրա, այնուհետև` երկնքում։ Տերն ասում է. «Ով մեղք է գործում, մեղքի ծառա է», այսինքն` նրանք, որ մեղքերի մեջ են, կորցրել են իրենց ազատությունը և մարմնի ու աշխարհի իշխանության տակ են։ Իսկ նրանք, որ ձերբազատվել են մեղքերից, ինքնիշխան ու ազատ են և իշխում են մարմնի զգայարանների ու կրքերի վրա։ Առաջին արքայությունը սա էր, որ Քրիստոս խոստացավ իր սիրելիներին` հոգու ազատագրում մեղքի իշխանությունից, ինչն անգամ չունեն երկրի թագավորները։
Մի թագավոր արքայական կառքով ընթանում էր իր երկրի ճանապարհներից մեկով, և ճանապարհին կանգնած բոլոր մարդիկ խոնարհվում և երկրպագություն էին անում արքային։ Սակայն երկու ճգնավորներ, որ նույն տեղերով էին անցնում, թագավորին երկրպագություն չեն անում։ Արքան կառքից իջնում է և հարցնում ճգնավորներին, թե նրանք ինչո՞ւ իրեն չխոնարհվեցին։ Ճգնավորները պատասխանում են. «Մենք մեր ծառաների ծառային չենք երկրպագում, այլ միայն Տե՛ր Աստծուն»։ Արքան այս պատասխանը հանդուգն չի համարում, քանի որ լավ էր ճանաչում ճգնավորների կենցաղը, խոնարհությունն ու իմաստնությունը, այլ միայն խնդրում է բացատրել ասված խոսքերի իմաստը։ Նրանք պատասխանում են.
-Տե՛ր արքա, դու հաղթվո՞ւմ ես բարկության, ցանկասիրության, ագահության, մեծամտության, շատակերության ու գինեմոլության կրքերից։
-Այո՛,- պատասխանում է թագավորը։
-Իսկ մենք վաղուց հաղթահարել ենք այդ կրքերը, ուստի դու մեր ծառաների ծառան ես,- ասում են ճգնավորները։
Թագավորը, մեծ շահ ստանալով, գնում է։
Երկրորդ արքայությունը, որ Տերը խոստանում է իր սիրելիներին, երկնքի թագավորությունն է` Վերին Երուսաղեմը։ Այն անանց է, հավիտենական ու անիմանալի ուրախություններով լեցուն։
Մարդկանց ճշմարիտ բարեկամը նա է, ով ո՛չ նախատվելուց է տրտմում, ո՛չ էլ գովասանքից ուրախանում։ ՈՒստի աշխարհի ճշմարիտ բարեկամը Քրիստոս է, և առաքյալները թեպետ նախատեցին ու չարչարեցին Քրիստոսին, սակայն Նա իր բարերարությունը չպակասեցրեց աշխարհից։ Այդպիսին էին նաև առաքյալները, թեպետ չարչարվում ու նախատվում էին, սակայն չէին դադարում քարոզելուց ու մարդկանց հոգիները լուսավորելուց, ինչպես Պողոս առաքյալն էր ասում. «Թեպետ ես շղթայված եմ, սակայն Աստծո խոսքը շղթայված չէ»։
Պետք է իմանալ, որ Աստված թույլ էր տալիս, որ փորձությունները մարդկանց վրա գան աստիճանաբար` ըստ ժամանակի ու պահանջի։ Սկզբում, երբ դեռևս աստվածապաշտությունը թույլ էր, միայն օտարությամբ ու պանդխտությամբ էր փորձում, ինչպես նահապետներին` Աբրահամին, Իսահակին, Հակոբին։ Երբ աստվածապաշտությունն ընդարձակվեց, ավելացան նաև մարմնական փորձություները, ինչպես Հոբի պարագայում եղավ, որ համբերության սկիզբն ու օրինակն էր։ Երբ մարգարեների ժամանակ էլ ավելի հաստատվեցին հավատքն ու Աստծո օրենքը, նեղություններն ավելի ծանրացան. Երեմիան քարկոծվեց, Եսային սղոցվեց, Զաքարիան սրով սպանվեց։ Իսկ երբ Բանն Աստված մեզ համար մարդ եղավ, չարչարվեց ու խաչի մահով մեռավ, բոլոր հավատացյալները, Նրա օրինակին հետևելով, արհամարհեցին անցավոր կյանքը և մարտիրոսությամբ ստացան անանցն ու հավիտենականը։ Եվ պատահական չէ, որ Քրիստոսից հետո առաջին դարերում անթիվ ու անհամար սրբեր ու նահատակներ եղան` ի հակադրումն Հին Իսրայելում սպանված մի քանի մարգարեների։
Ի՞նչն էր պատճառը, որ սրբերն այսքան երկար էին դիմանում չարչարանքներին։ Նրանք այնպես էին միացել Քրիստոսի սիրուն, որ ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս պատրաստ էին մեռնելու հանուն այդ սիրո։ Աստծո սիրով էին արբել ու ընդարմացել և չէին զգում մարմնի չարչարանքները, ինչպես մեր սուրբ հայր Գրիգոր Լուսավորիչն էր ասում. «Կամենում եմ, որ մարմնիս չարչարանքները երկարեն, որպեսզի թեթևանան հոգուս տանջանքները»։
Եվ պետք է իմանալ, որ թեպետ առաքյալների ու մարտիրոսների դասերը զանազան տանջանքներ կրեցին, սակայն դրանք չեն կարող հավասարվել Քրիստոսի չարչարանքներին ու մահվան։ Մարտիրոսները մահկանացու էին և իրենց բնության պարտքը վճարելով` մեռան, իսկ մեր տերը բնությամբ անմահ էր, սակայն մարմնով մեզ համար մեռավ։ Նրանք կա՛մ անմահության, կա՛մ արքայության, կա՛մ երկնային փառքի, կա՛մ մեղքերի թողության համար մեռան, իսկ մեր Տերն այս ամենին անկարոտ էր։ Նախ Քրիստոս մեռավ, ապա սրբերը նրանից սովորելով նահատակվեցին, քանի որ «Աշակերտն ավելի մեծ չէ, քան իր ուսուցիչը, և աշակերտին բավական է նմանվել իր ուսուցչին»։ Սրբերը Քրիստոսի համար մեռան, որ Աստված էր ու բնությամբ բարի, իսկ Քրիստոս մարդկանց համար մեռավ, և ոչ թե բարիների, այլ չարերի ու մեղավորների։ Քրիստոս կուսածին, անմեղ ու անապական մարմին ուներ, և ինչպես սբ. Գրիգոր Տաթևացին է ասում, Նրա մարմինն աչքի բիբի զգայունություն ուներ, ուստի ավելի ծանր էր զգում մարմնի չարչարանքները։ Այս պատճառներով Քրիստոսի չարչարանքներն ու նահատակությունը գերազանցում են սրբերի մարտիրոսությանը։
Մեզ ի՞նչ օգուտ կա սրբերի հիշատակներն ու տոները կատարելուց, նրանց բարեխոսությունը խնդրելուց։ Նրանք, երկինք բարձրանալով հանդերձ, միշտ մեր շուրջն են ու մեզ պատում են լուսեղեն ամպի նման, նրանց հոգիները բարձունքից մեզ հովանի են լինում, իսկ նրանց նշխարները երկրից են մեզ հորդորում ու առաջնորդում, նրանց նահատակության պատմություններն ու վարքերը մշտապես հնչում են մեր լսելիքին և ուսուցանում նմանվել իրենց։ Մենք Աստծո կողմից հանձնված ենք սրբերի և հրեշտակների պահպանությանը։

Տեր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տաթևի վանքի վանահայր

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ