Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ատելությունը բժշկվում է սիրով ու միայն սիրով

Ատելությունը բժշկվում է  սիրով ու միայն սիրով
28.09.2012 | 12:21

Իվան ԻԼՅԻՆ

Որքա՜ն տհաճ, գրեթե անտանելի է զգացողությունը` «նա ինձ ատում է»։ Սեփական անզորության ինչպիսի՜ զգացում է համակում հոգիդ... Ցանկանում ես չմտածել այդ մասին, ու երբեմն հաջողվում է։ Սակայն, նույնիսկ չմտածելով, զգում ես եթերից հոսող շիթը` զզվանքի, արհամարհանքի ու չարակամության հոսքը։
Յուրաքանչյուր մարդ` գիտակցաբար, թե անգիտակցաբար, կենդանի ու ճառագող կենտրոն է։ Ցանկացած հայացք, բառ, ցանկացած ժպիտ ու արարք գոյության ընդհանուր եթեր են ճառագում ջերմության ու լույսի յուրահատուկ էներգիա, փորձում ընկալված լինել, ներխուժել ուրիշների հոգիներ, ընդունվել նրանց կողմից և դրական, ստեղծագործ շփման կապ հաստատել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը ոչնչով չի արտահայտում իր զգացումները կամ պարզապես բացակայում է, միևնույն է, շոշափելիորեն զգում ենք նրա ուղարկած ճառագայթները, ընդ որում, այնքան ավելի ուժեղ, այնքան որոշակի ու լարված, որքան ազդեցիկ ու առանձնահատուկ է տվյալ անձի ոգու անհատականությունը։
Օտար հակակրանքի առաջին ընկալումը ստանում ենք, երբ ընկալում ենք, որ մեր ուղարկած կենսական ճառագայթները չի ընդունում դիմացինը, ասես հետ է մղում ու համառորեն ներս չի թողնում։ Այդ իրողությունն իսկապես տհաճ է ու ճնշող։ Այն մեր հոգում առաջացնում է ամոթի տարօրինակ զգացում, անգամ խառնաշփոթ։ Նման պարագաներում հոգում անհասկանալի ձախողման զգացողություն է առաջանում։ Շփման ցանկությունն ընդհատվում է, աներևույթ ճառագայթները չեն ցանկանում ճառագել, բառեր չեն ճարվում, կենսական վերելքն ավարտվում է, և սիրտը պատրաստ է պարփակվելու։ Իրենք իրենց մեջ ամփոփված ու քչախոս մարդիկ հաճախ այդպիսի զգացում են առաջացնում շփվող ու էքսպանսիվ (լատ. expansio - լայնացում, տարածում) մարդկանց մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ հակակրանքի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ի դեպ, հենց հակակրանք առաջանա, այն կարող է սրվել մինչև թշնամություն, «խտանալ» մինչև նողկանք և խորանալ մինչև ատելություն։ Ընդ որում, ամենևին էլ կապ չունի` իրականում վաստակե՞լ ենք այդ ատելությունը որոշակի արարքներով, թե՞ ոչ։
Ով գոնե մեկ անգամ տեսել է ատելությամբ վառվող աչքեր, երբեք չի մոռանա դրանք, որ խոսում են անհուն չարության մասին և դժբախտություն գուշակում։ Նա, ով տեսնում է նման հայացքն ու իրեն զգում ատելության հորդող ճառագայթների կիզակետում, մի պահ մոլորվում է, չիմանալով ինչ անել։ Ատելության ճառագայթը, այո՛, ճառագայթ է, քանզի այն վառվում է ու փայլում, այն լիցքավորված է էներգիայով, ոգու մի օջախից ուղղված է մյուսին։ Ատող օջախը, սակայն, կարծես այրվում է սև կրակով. նրա ճառագայթները մռայլ են ու սարսափելի, նրանց էներգիան կենարար չէ, ինչպես սիրո էներգիան, այն մահաբեր է ու կործանարար։ Դրանք խտացնում են հոգու քարացած ջղակծկում, մոլեգնող թշնամություն և տառապանք, որ ցանկանում են պատճառել ուրիշին։ Երբ փորձում ես ընկալել, թե ինչն է այդպես տանջում ատողին, ապա սարսափով բացահայտում ես, որ նա երազում է քեզ տեսնել տառապանքների մեջ, ու ինքն էլ տառապում է այն պատճառով, որ դեռ չեն իրականացել նրա «երազները»։
Ես նայում եմ այդ ատող աչքերի մեջ ու տեսնում, որ «նա» տանել չի կարողանում ինձ, որ «նա» նողկանքով հետ է մղում իմ կենսական ճառագայթները, որ «նա» գիծ է քաշել իր և իմ միջև ու այդ գիծը համարում է վերջնական բաժանման նշան, որ մեզ բաժանում է ահավոր մի անդունդ։ Մտնելով սեփական ատելության փակուղի, նա գազազել ու կուրացել է, և ցանկացած դրսևորում, որ բխում է ինձնից, ընդունում է սոսկալի «ո՛չ»-ով։ Այդ «ոչ»-ով են հագեցած նրա բոլոր ճառագայթները, որոնք ուղղված են դեպի ինձ, իսկ դա վկայում է միայն այն, որ նա չի ընդունում իմ ուղարկած ճառագայթները, չի ներում ինձ իմ գոյությունը ու չի դիմանում իմ էությանը` ամբողջովին և ոչ մի կերպ։ Եթե նա կարողանար, ապա ինձ մոխիր կդարձներ իր հայացքով։ Նա բռնված է սևեռուն գաղափարով. արմատախիլ անել ինձ որպես մեծ չարիքի, ես դատապարտված եմ, հավիտյան, ես իրավունք չունեմ ապրելու։ Ինչպես Լերմոնտովն է գրել. «Մենք տեղ չունենք երկուսով այս երկրի վրա»։ Ամբողջությամբ վերցրած` ոգու վերք, այլանդակություն, ողբերգություն։
Որտեղի՞ց է այս ամենը։ Ինչի՞ համար։ Ինչպե՞ս արժանացա այս ատելությանը։ Ի՞նչ անեմ հիմա։ Ինչպե՞ս ազատվեմ այս ընդարմացնող անեծքից, որն ինձ բազմազան չարիքներ է գուշակում։ Կարո՞ղ եմ արդյոք արհամարհել այն անողոքությամբ, կողքով անցնել ու մոռանալ այդ սև ոխի մասին։ ՈՒնե՞մ արդյոք այդ իրավունքը։ Ինչպե՞ս ազատվեմ այդ ճնշող մտքից, որ իմ էությունն է ինչ-որ մեկին այդպիսի հոգևոր հիվանդություն պատճառել, նողկանքի այդպիսի ջղաձգություն առաջացրել։
Բայց մի՞թե ընդհանրապես հնարավոր է տնօրինել ուրիշի զգացումները։ Մի՞թե հնարավոր է թափանցել ինձ ատողի հոգու մեջ ու հանգցնել կամ վերափոխել նրա ատելությունը։ Եթե այո, ապա ինչպե՞ս գործի անցնել։ Եվ որտեղի՞ց վերցնել այդ նպատակին ծառայեցնելու բավականաչափ ուժ և հոգևոր արվեստ։
Երբ կյանքում հանդիպում եմ իսկական ատելության, ապա իմ մեջ նախ և առաջ արթնանում է մի մեծ դժբախտության, հետո` սեփական անզորության զգացում և դառնություն, որից հետո` համառ ցանկություն հեռանալու ինձ ատողից, կորչել-գնալու, երբեք չհանդիպելու նրան ու ոչինչ չիմանալու նրա մասին։ Եթե հաջողվում է, ապա ես արագ հանգստանում եմ, բայց հետո նկատում եմ, որ իմ հոգում մնաց անհասկանալի ճնշվածություն ու ծանրություն, քանզի նրա ատելության սև ճառագայթները, այնուամենայնիվ, հասնում-բռնում են ինձ, սողոսկում իմ մեջ ընդհանուր եթերային տարածության միջով։ Այդ ժամանակ ես սկսում եմ ակամա ներզգալ նրա ատող հոգին ու տեսնում եմ ինքս ինձ նրա սև ճառագայթների մեջ, որպես նրա օբյեկտ և զոհ։ Այդ զգացողությունը դժվար է երկար տանել։ Սեփական ատելությունը ոչ միայն նրա դժբախտությունն է, այն նաև իմն է այնպես, ինչպես դժբախտ սերը դժբախտություն է ոչ միայն սիրողի համար, այլև սիրվողի։ Նրա ատելությունից տառապում է ոչ միայն նա` ատողը, այլև ես` անտեսանելիս։ Նա արդեն ստորացած է սեփական վիճակից, նրա մարդկային արժանապատվությունն արդեն տանջվում է սեփական ատելությունից, իսկ հիմա այդ ստորացումը պետք է հափշտակի և ինձ։ Դրա հետ ես չեմ կարող համաձայնել։ Ես պիտի գործի անցնեմ, ճշտեմ այդ հիվանդության պատճառը, հաղթահարեմ այն և փորձեմ վերափոխել ու ազնվացնել այդ զզվելի կիրքը։ Հոգևոր եթերում վերք է առաջացել, անհրաժեշտ է բժշկել այն։
Մենք անկարող ենք տնօրինելու ուրիշների զգացումները։ Եվ իսկապես էլ հեշտ չէ գտնել ճիշտ ուղին և պատշաճ հոգևոր ուժը, որ կարելի լինի լուծել այդ բարդագույն խնդիրը։ Համենայն դեպս, մի բան հաստատ գիտեմ` այդ մռայլ կրակը պետք է հանգչի։ Նա պետք է ների ինձ և հաշտվի ինձ հետ։ Նա պետք է ոչ միայն «ինձ կյանք նվիրի» և հաշտվի իմ գոյության հետ, նա պիտի ուրախություն զգա այն բանից, որ ես կամ աշխարհի երեսին ու ինձ հնարավորություն տա ուրախանալու իր գոյության համար։ Քանզի մեծ ուղղափառ իմաստուն Սերաֆիմ Սարովսկու խոսքով. «Մարդը մարդու համար ուրախություն է»։
Ամենից առաջ ինձ հարկավոր է գտնել և ճշտել` ինչո՞վ և ինչպե՞ս ես կարողացա արժանանալ այդ ատելությանը։ Ինչպե՞ս կարող էր նրա հնարավոր սերն իմ նկատմամբ վերածվել նողկանքի, առողջ հարգանքն իմ հանդեպ` արհամարհանքի։ Չէ՞ որ բոլորս էլ ծնվել ենք փոխադարձ սիրո համար և կոչված ենք հարգելու միմյանց։ Չկա՞ արդյոք և իմ մեղքը, որ մենք երկուսով հիմա տանջվում ենք, նա` որպես ատող, և ես` որպես ատելի։ Գուցե ես անզգուշաբար դիպա նրա սրտի հին, չբուժված վերքին, ու հիմա ինձ վրա թափվեց նրա անցյալի, հին վիրավորվածությունների և չներված նվաստացումների կուտակված ժառանգությո՞ւնը։ Այդ դեպքում կարող է օգնել միայն նրա հոգու բարեհաճ ու կարեկցական ըմբռնումը։ Գուցե և ես ինչ-որ կերպ, աննկատելիորեն վարակել եմ իմ սեփական, թաքնված ատելությամբ, որն ապրում էր իմ մեջ, մոռացված և իմ հոգուց ճառագում էր անգիտակցորեն։ Այդ դեպքում ես, նախ և առաջ, պետք է մաքրեմ սեփական հոգիս, սիրելով վերափոխեմ իմ մոռացված ատելության մնացորդները։ Անգամ եթե իմ մեղքը շատ չնչին է և նույնիսկ չգիտակցված, միևնույն է, ես պետք է ընդունեմ այդ ամենն ու վերանայեմ։ Իսկ դրա համար ստիպված կլինեմ անկեղծորեն ու սիրով վաստակել նրա ներումը։
Դրանից անմիջապես հետո ես պարտավոր եմ ներել նրան իր ատելությունը։ Նրա սև ճառագայթներին ես չեմ համարձակվի պատասխանել արհամարհանքի և ժխտման նույնպիսի սև ճառագայթով։ Ես չպետք է խույս տամ նրա հետ հանդիպումից, ես փախուստի իրավունք չունեմ։ Պետք է նրա ատելությանը հանդիպել դեմ առ դեմ և նրան հոգևոր իմաստով ճիշտ պատասխան տալ` սրտով և կամքով։ Այսուհետ նրա ատելության ճառագայթը ես կդիմավորեմ սպիտակ ճառագայթով` պայծառ, հեզահամբույր, բարի, ներող և ներում խնդրող, նման այն ճառագայթին, որով իշխան Միշկինը դիմավորում էր Պարֆիոն Ռոգոժինի սև ճառագայթը։ Իմ ճառագայթը պետք է ասի նրան. «Եղբա՛յր, ների՛ր ինձ, ես արդեն ամեն ինչ ներել եմ ու ծածկել եմ սիրով, հաշտվի՛ր իմ գոյության հետ այնպես, ինչպես ես եմ դիմավորում քո գոյությունը»։ Հատկապես, սիրով, քանզի ներել նշանակում է ոչ միայն վրեժխնդիր չլինել, ոչ միայն մոռանալ վերքի մասին, այլև սիրել նրան, ում ներել ես։
Երկու մարդ միշտ կապված են երկու թելերով` մեկից մյուսին ձգվող։ Ատելությունը կտրում է առաջին թելը։ Եթե այն պոկվում է, ապա տառապում են երկուսն էլ. նա, որովհետև սիրտը կծկվում է զայրույթից և անողոքանում, իսկ ես այն պատճառով, որ պետք է նայեմ, թե ինչպես է նա տառապում ինձ համար, նաև որ ինքս տառապում եմ իր համար։ Փրկել վիճակը կարելի է միայն այսպես` պահպանել երկրորդ թելը` ինձնից ձգվող, ամրացնել այն և այդ միջոցով վերականգնել առաջին թելը։ ՈՒրիշ ճանապարհ չկա։ Ես պիտի համոզեմ նրան, որ իր ատելությանը չեմ պատասխանի ատելությամբ ու չեմ վերագրի նրան իր թշնամությունն ու չարությունը, որ ես կընդունեմ իմ հնարավոր մեղքն ու կջանամ քավել այն, որ ես հասկանում եմ նրան, տանջվում եմ իր հետ և պատրաստ եմ մոտենալու նրան, և գլխավորը` իմ հոգևոր սերը բավական է, որ դիմանամ նրա ատելության ճնշմանն ու բորբոքվածությանը, որպեսզի դիմավորեմ այն հոգեպես և ջանամ վերափոխել։ Ես ինձ ատողի հետ պետք է վարվեմ այնպես, ինչպես վարվում են ծանր հիվանդի հետ` չենթարկելով նրան նոր, ավելորդ տառապանքների։ Ես իմ ճառագայթներով նրան պետք է ուղարկեմ ըմբռնում, ներում ու սեր, ու այդպես մինչև այն պահը, երբ նա վերականգնի իրենից դեպի ինձ ձգվող և իր իսկ ատելությամբ կտրված թելը։
Այդ ամենը, իհարկե, հեշտությամբ չի կատարվի, նրա ատելությունը գուցե և համառի ու չցանկանա այդքան արագ հանդարտվել և վերափոխվել։ Սակայն ես կհամառեմ ու կպահպանեմ հաղթանակի վստահությունը, դա է հաջողության գրավականը։ Ատելությունը բժշկվում է սիրով ու միայն սիրով։ Իսկական սիրո ճառագայթը հնազանդեցնում է անգամ վայրի գազաններին։ Եվ այդ առիթով ինչ որ պատմում են սրբերի մասին, ո՛չ ֆանտազիա է, ո՛չ էլ բարեպաշտական առասպել։ Սիրո ճառագումը զինաթափ է անում, չարության լարվածությունը ցրվում է, կորչում է չար բնազդն ու տեղի տալիս խաղաղությանը, ներդաշնակության մթնոլորտին։ Այս բոլորը դատարկ խոսքեր չեն. սերը հմայում է հողմերին և հանդարտեցնում է տիեզերքի հոգևոր եթերը։
ՈՒ եթե մի օր դա իրագործվի, ատելությունը կվերափոխվի և հոգևոր եթերի վերքը կբժշկվի, այդ ժամանակ հոգեպես մենք կուրախանանք փրկվելու ուրախությամբ և կլսենք, թե ինչպես մեր վերևում կտարածվի համընդհանուր ցնծությունը մինչև յոթերորդ երկինք, քանզի սիրո աստվածային հյուսվածքը միասնական է և ամբողջական ողջ տիեզերքում։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ