Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աբու Դաբիի ձկան շուկան քաղաքի հպարտությունն է

Աբու Դաբիի ձկան շուկան  քաղաքի հպարտությունն է
28.09.2012 | 12:39

«Իրատես de facto»-ն ԱՄԷ-ի մայրաքաղաքում` Աբու Դաբիում, բացում է իր թղթակցական կետը` լրագրող ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ղեկավարությամբ։ Ներկայացնում ենք նրա առաջին հրապարակումը Աբու Դաբիի ձկան շուկայից։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքի այցելուներին հետաքրքրող վայրերից մեկը Մինա նավահանգստում գտնվող ձկան շուկան է: Դրսից ոչնչով աչքի չընկնող շուկան օրվա ընթացքում հարյուրավոր այցելուներ է ունենում, նաև ամեն օր ստանում է տասնյակ տեսակի թարմ ծովամթերք: Ներս մտնելուն պես դրսի տապից հետո միանգամից զգում ես ձկան ծանր հոտը: Բայց դա միայն առաջին րոպեներին: Հետո ուշադրությունդ գրավում են տաղավարները, որոնցում, ի դեպ, խստորեն պահպանվում են հիգիենայի կանոնները: Բոլոր տաղավարներն ունեն մշտական մաքուր ջուր, նաև կեղտոտ ջուրն արտահանող ցանց: Շուկայի սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելով (այն վերահսկվում է պետության կողմից)` օրվա ընթացքում մի քանի անգամ սալահատակը և վաճառասեղանները լվացվում են: Վաճառասեղաններին դուք կգտնեք Էմիրություններում շատ ընդունված ձկնատեսակներ` համուր (միջ. 70 ԱՄԷ դիրհամ` 7735,17 դրամ), շաարի (միջ. 30 դրհ` 3315,07 դրամ), սաֆի արաբի (միջ. 25 դրհ` 2762,56 դրամ), սաղմոն (միջ. 35 դրհ` 3867,59 դրամ), օմար (միջ. 75 դրհ` 8287,68 դրամ), վագրաձև շրիմպ (միջ. 55 դրհ` 6077,64 դրամ), խխունջ, շնաձուկ: (Գները ներկայացված են 21.09.2012-ի տվյալներով, 100 Dirhams (AED) = 11050,25 Drams (AMD): Շուկայի ներսում գործում է նաև ձկները մաքրելու տաղավար, որն իսկական կենդանիների սպանդանոց է հիշեցնում: Հատկապես այս տաղավարի մոտ կտեսնեք զարմացած զբոսաշրջիկներին: Եթե Աբու Դաբիի ռեստորաններում զբոսաշրջիկներին մատուցվում են այս ծովամթերքից պատրաստված տասնյակ կերակրատեսակներ, ապա շուկայում առաջարկվում է քաղաքի բնակչության կողմից նախընտրելի խորոված կամ փռում ձեթով տապակած ձկնամթերք: Ավելացնենք, որ պատրաստվող 1 կգ ձկնամթերքի գինն ընդամենը 10 դիրհամ է (1105,02 դրամ):
Այս կերակրատեսակները պատրաստվում են ձկան շուկայում տեղադրված կրպակներում, որոնց տերերը մրցում են իրենց խոհարարական հմտությամբ` ծովամթերքի հետ մատուցելով զանազան սոուսներ և աղցաններ: Ոմանք ամեն շաբաթ հանգստյան օրերին գալիս են շուկա և մի քանի ժամ անցկացնում այստեղ. ձուկ են գնում, ծանոթների հետ զրուցում, քաղաքական հարցեր քննարկում: Այդ ընթացքում հին ծանոթը կարող է մեխակով ու դարչինով պատրաստված մուգ քաղցր թեյ հրամցնել: Մթնոլորտն այնքան հաճելի ու հարազատ է, որ չեն էլ զգում ո՛չ դրսի +60-ի հասնող տապը, ո՛չ էլ օրվա ավարտը:
Սիրելի այս վայրը, մթնոլորտը կվերանան, եթե շուկան պետական, հասարակական հոգածություն չունենա: Շուկայի գործունեությանն օգնում է, օրինակ, «Աբու Դաբիի ձկնորսների կոոպերատիվը»: Նրա ուշադրության կենտրոնում են ձկնամթերքի գնի տատանումները: Ամառվա ամիսներին սովորաբար ծովամթերքի գինը 70 %-ով բարձրանում է, իսկ ջերմաստիճանի նվազելու հետ համապատասխանաբար գներն իջնում են: Կազմակերպությունը հետևում է, որ շուկայում գնաճն ընդունված չափը չգերազանցի: Բացի դրանից, խրախուսում են ոչ թանկ ձկնատեսակների որսը և շուկայում վաճառքը, քանի որ սոցիալական միջին պայմաններում ապրող ընտանիքները չեն կարող իրենց մշտապես թույլ տալ գնել համուր, շրիմպ կամ օմար: «Աբու Դաբիի ձկնորսների կոոպերատիվը» պատրաստվում է իրականացնելու նոր նախագիծ, որով պետք է հիմնվի ձկնարդյունաբերական ֆերմա: Սպասում են կառավարության կողմից տարածքի հատկացմանը: Կազմակերպության գործադիր տնօրեն ալ Մուհամեդ Մանսուր ալ Մանսուրի հավաստմամբ` ֆերման լինելու է երկրում ամենամեծը. «Քանի որ ձկնամթերքի աճող պահանջարկը չեն կարողանում գործող փոքր տնտեսությունները բավարարել, կարևորվել է այսպիսի մեծ ֆերմայի հիմնադրումը»:
Ենթադրվում է, որ այս նախագծում կընդգրկվեն նաև մեծ թվով ձկնորսներ, ովքեր երբեմն որսած ծովամթերքն իրացնելու խնդիրներ են ունենում: Ի դեպ, ձկնորսությունը հնուց ի վեր տարածված մասնագիտություն է Պարսից ծոցի կղզիներով հարուստ հատվածում գտնվող Աբու Դաբիում: Ձկնորսությանը վերաբերող պատմական ցուցանմուշներ կգտնեք քաղաքի «Ժառանգության թանգարանում»:
Քանի որ խոսեցինք ձկնորսության և ծովամթերքի աճող պահանջարկի մասին, անդրադառնանք նաև ձկան որսի կարգավորմանը: Աբու Դաբիում ձկնորսությամբ կարող են զբաղվել միայն 18 տարին լրացած անձինք: Բայց նրանք պետք է խստորեն հետևեն ԱՄԷ-ի գործող թիվ 23 Դաշնային օրենքին («Ջրում ապրող կենդանական աշխարհի պաշտպանության և զարգացման օրենք»): Այս օրենքի նպատակն է պահպանել և զարգացնել կենդանի ջրային ռեսուրսները: Օրենքով արգելվում է .
. Առանց լիցենզիայի ձկնորսությունը։
. Ջրային միջավայրը վնասող ձկնորսական սարքերի գործածությունը։
. Ձկնկիթ դնելու սեզոնում ձկնատեսակների որսը։
. Օտար նավերի ձկնորսությունն ԱՄԷ-ի ջրային տարածքում։
. Կետերի, կրիաների, «ջրահարսերի» և այլ ծովային կաթնասունների որսը, քանի որ դրանք համարվում են վտանգված տեսակներ (կարելի է որսալ միայն գիտահետազոտական նպատակներով):
64 հոդվածից և 10 գլխից կազմված այս օրենքը խախտողները պատժվում են օրենքով սահմանված կարգով:
Ասում են, որ Աբու Դաբիի բնակչությունը, այդ թվում նաև` հայերը, օրինապահ են: Այստեղ բոլորը պնդում են, որ օրենքին հետևելով ավելի հեշտ են ապրում:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր սեփական թղթակից

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ