Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

21-րդ դարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Չինաստանի զսպումն է

21-րդ դարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության  գլխավոր խնդիրը Չինաստանի զսպումն է
28.09.2012 | 13:04

Մերձավոր Արևելքի խնդիրներին վերաբերող քաղաքական գրականության մեջ ավելի ու ավելի հաճախ է սկսել օգտագործվել «վերաձևում» հասկացությունը, ընդ որում, երևի ոչ մի անգամ չի առաջարկվել այդ հասկացության գոնե մոտավոր բնորոշումը: «Վերաձևում» արտահայտությունը կիրառվում է, ավելի շուտ, որպես տարածաշրջանում սպասվող արմատական փոփոխությունների մասին ամենաընդհանուր դատողություն, ինչը, թերևս, նշանակում է պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության ու պետական սահմանների փոփոխություն, նոր պետությունների առաջացում: Թեև այդ ենթադրություններն էլ են մնում սոսկ որպես մոտավոր` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներում կիրառության համար:
Ժամանակին Ջ. Բուշի նոր պահպանողական վարչակազմի առաջադրած` Մերձավոր Արևելքի արագացված ժողովրդավարացման գաղափարն այդպես էլ մնաց, լավագույն դեպքում, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռեզերվում: Բ. Օբամայի վարչակազմը սկսեց իր արտաքին քաղաքականությունը ծավալել այլ պաթոսով ու ոճով, մտադրություն ունենալով կրճատել, ավելի ճիշտ, վերախմբավորել Իրաքում ու Աֆղանստանում գտնվող զորամիավորումները: Եվրոպայի և Ռուսաստանի հայեցագետները չընդունեցին այն վարկածը, թե ԱՄՆ-ը մասնակից չի եղել արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական և բողոքի իրադարձություններին: Լիբիայում ձեռնարկված գործողություններում Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային աջակցելու գործում ԱՄՆ-ի հետագա ակտիվությունն այդ փորձագետներին հիմք է տալիս ավելի վստահորեն պնդելու, որ ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն է ունեցել արաբական վարչակազմերի նկատմամբ ճնշում և ուժ գործադրելուն: Այդուամենայնիվ, դժվար է ենթադրել, որ Աֆղանստանի, Իրաքի և տնտեսական ճգնաժամի առումով այնքան ծանր կացության մեջ գտնվող ԱՄՆ-ը շահագրգռված լիներ նման նախաձեռնություններով, հատկապես ուժային ճնշում գործադրելով: Իհարկե, բացառված չէ, որ եվրոպական դաշնակիցները նախապես պայմանավորված լինեին ԱՄՆ-ի հետ` Լիբիայի գործողության, ինչպես նաև Սիրիայի և արաբական այլ երկրների հարցում, սակայն ավելի հիմնավորված կլիներ ԱՄՆ-ի մասնակցությունը որակել իբրև այդ իրադարձություններին հետևած քաղաքականություն: Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը մշակած կլիներ տարածաշրջանի գործընթացներին միջամտության բազմատարբերակ ծրագրեր, և միշտ պատրաստ` օպերատիվ կերպով միջամտելու իրադարձություններին, բայց ներկայումս հազիվ թե շահագրգռված լինի նոր նախաձեռնություններով: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը 2011-ի սկզբներին մոտ էր Մեծ Մերձավոր Արևելքի առնչությամբ իր քաղաքականության նոր փուլի ծավալմանը, և Վաշինգտոնը նախընտրեց այդ տարածաշրջանի ուղղությամբ բավականաչափ ակտիվացնել ՆԱՏՕ-ն: Միջերկրականի ավազանը դարձավ այն տարածաշրջանը, որտեղ ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների, նախ և առաջ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի շահերը զուգադիպում էին: Եվրոպական անվտանգության առումով, Միջերկրական ծովի տարածաշրջանը գերակա է, և հենց այդ ասպարեզում է տեղի ունենում ՆԱՏՕ-ի նպատակների, սկզբունքների ու շահերի վերակենդանացումը: ԱՄՆ-ը մտադիր է մոտակա 10 տարում պաշտպանական բյուջեն կրճատել 35-40 տոկոսով և, չնայած Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Իտալիայի հետ ավելի սերտ համագործակցության որոշ հեռանկարներին, ԱՄՆ-ի առջև շուտով նոր խնդիրներ կծառանան, այդ թվում` քաղաքական-ռազմավարական բնույթի, տարածաշրջանների նկատմամբ ռազմավարության և առհասարակ գերակայությունների, մոտեցումների և հնարքների նոր իմաստավորման հարց կառաջանա:
21-րդ դարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը տարբեր գործառական և տարածական ուղղություններում Չինաստանի զսպումն է: Եթե այդ խնդիրը բավականաչափ ապահովված չլինի քաղաքական ու պաշտպանական ռեսուրսներով, ապա այլ տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականությունը պարզապես աղետի կենթարկվի: Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի խնդիրների լուծումը գցում է եվրոպական գործընկերների վրա, մտադրություն ունենալով առաջիկա տասնամյակներում ավելի ակտիվորեն զբաղվելու Չինաստանի հարցով: Այդ դատողություններն իմաստ ունեն` պարզելու, թե որքանով է ԱՄՆ-ը մտադիր լրջորեն վերաձևել Մերձավոր Արևելքը` տեսանելի և ավելի հեռավոր ապագայում: Չինական հարցը, որը խիստ խնդրահարույց է ԱՄՆ-ի համար, նախ և առաջ խնդիրներ է առաջադրում նաև Հարավարևելյան Ասիայում, Հեռավոր Արևելքում, Կենտրոնական և Հարավային Ասիայում, այսինքն` այն տարածաշրջաններում, որոնք չինական նվաճողամտության զսպման «մերձակա գոտին» են: Վերջին տարիներին Չինաստանը ձգտում է իր ռազմական ներկայությունը հաստատել Հնդկական օվկիանոսում, շատ ակտիվ է արաբական պետությունների հետ հարաբերություններում, ձգտելով ծավալել ռազմավարական բնույթի առնչությունները: Պետք է նշել նաև, որ ԱՄՆ-ը չի կարող Մերձավոր Արևելքում առկա խնդիրների լուծման գործում հույսը լիովին դնել եվրոպական դաշնակիցների վրա: Լիբիայի գործողությունը ցույց տվեց, որ, չնայած Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտպանական հնարավորություններին, այդ տերությունները դժվարանում են միանգամայն ինքնուրույն անցկացնել նման բավական տեղային մի գործողություն:
Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ գործոններ են հիմնարար ազդեցություն գործում Մերձավոր Արևելքի առնչությամբ Արևմտյան ընկերակցության քաղաքականության վրա: Չնայած ռազմավարական շատ նպատակների ու խնդիրների կարևորությանը, գլխավոր գործոնը նավթն է: Ընդ որում, ԱՄՆ-ի խնդիրը ոչ այնքան մերձավորարևելյան նավթ ստանալն է, որքան այդ պաշարների վերահսկողությունը և տարածաշրջանի պետությունների վրա որոշակի տերությունների ազդեցություն թույլ չտալը: Պարսից ծոցի արաբական միապետություններն ամերիկացիների կողմից «օկուպացված» պետություններ են, ընդ որում, այդ պետություններն ի վիճակի չեն ապահովելու իրենց արտաքին ու ներքին անվտանգությունը` առանց ԱՄՆ-ի աջակցության ու խնամակալության: Ալժիրը, որպես նավթ արտահանող պետություն, նույնպես վերահսկողության տակ էր, պատշաճ վերահսկողությունից դուրս էին Իրաքն ու Լիբիան: Պետք էր լուծել այդ երկրները վերահսկողության տակ առնելու հարցը, և այժմ այդ հարցը լուծված է ԱՄՆ-ի որոշ գործընկերների աջակցությամբ: Բայց հիմա ի՞նչ է սպասում Իրաքին և Լիբիային: Դրանք կիսաազգային ու կիսակրոնական երկրներ են, և բոլոր հնարավորությունները կան դրանց տրոհման համար: Այդ պայմանները հատկապես հասունացել են Իրաքում, որտեղ երեք-չորս համայնքներ ձգտում են իրենց իրավունքներն ու դիրքերը հաստատել, նախ և առաջ, տարածքների և նավթի արդյունահանման ու արտահանման եկամուտներից իրենց բաժնի առումով: Բայց ԱՄՆ-ը չի շտապում և երբեք չի շտապել մասնատել Իրաքը, քանի որ այդ պետության ամբողջականությունը մնում է որպես ամերիկացիների գլխավոր փաստարկը Իրաքի հարցի առնչությամբ արաբական երկրների հետ երկխոսելիս: Երևի ԱՄՆ-ի համար Իրաքի քաղաքական գոյատևման առավել ընդունելի ձևաչափը դաշնային կառուցվածքն է, ինչը թույլ է տալիս ավելի համարժեք վերահսկել Իրաքը: Բացի այդ, Իրաքի բնակչության ավելի քան 63 տոկոսը շիադավան է, նախ և առաջ արաբ, ու նրանց խորթ չէ իրաքյան հայրենասիրությունը, բայց ժամանակի ընթացքում շիադավանները կընկնեն Իրանի է՛լ ավելի ուժեղ ազդեցության տակ` որպես ավելի խոշոր ու զորեղ պետության: Այսինքն, Իրաքի պետական տարածքային ամբողջականության պահպանումն ավելի ցանկալի սցենար է ԱՄՆ-ի համար: Համենայն դեպս, ներկայումս հազիվ թե ԱՄՆ-ը ծրագրի փոխել այդ դրությունը: Իրաքն ունի 31,5 մլրդ տոննա նավթ և աշխարհում երկրորդ տեղն է գրավում Սաուդյան Արաբիայից հետո, ծառայելով իբրև նավթի կարևորագույն «պահեստային տակառ», որը պետք է ապահովի Արևմտյան ընկերակցության տնտեսական կայունությունը մինչև կառավարվող ջերմամիջուկային ռեակցիայի ռեակտորի ստեղծումը: Նույնպիսի գործառույթ է վերապահված Լիբիային, որի պաշարները ևս վերահսկողության տակ են: ՈՒստի այս պահին ԱՄՆ-ը նպատակ չունի վերաձևելու արաբական այդ պետությունների սահմանները: Ինչ վերաբերում է նավթ արդյունահանող արաբական պետություններին, ապա դրանց առնչությամբ դիտարկվում է այլ վերաձևում, այսինքն` սոցիալ-քաղաքական, ինչը նշանակում է վարչախմբերի փոփոխություն, կառավարման ավելի ժողովրդավարական ձևերի արմատավորում: Դա անհրաժեշտ է Արևմուտքին ոչ թե ինքնանպատակ ձևով, այսինքն` ժողովրդավարություն հանուն ժողովրդավարության, այլ հանուն այն բանի, որ այդ երկրներում վերացվի արմատական իսլամական և ձախ ազատական շարժումների ազդեցությունը, ինչը կարող է հանգեցնել վերահսկողությունից այդ պետությունների զերծ մնալուն: Այսինքն, այդ վերաձևումը կոչված է առաջ անցնելու անկասելի իրադարձություններից: Ընդդիմադիր տրամադրությունները Պարսից ծոցի հարուստ միապետություններում ավելի նշանակալի են, քան թվում է շատ դիտորդների, և ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այդ խնդրին, թերևս, շատ լավ են ծանոթ:
Մերձավոր Արևելքում մյուս գործոնը «զուտ» աշխարհառազմավարական է, և միակ պետությունը, որը բնավ չի համապատասխանում ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար պետությունների շահերին, Սիրիան է: Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Մերձավոր Արևելքում, և շատ երկար ժամանակ է, որ նրա վրա ազդեցության համար պայքարում են մեծ թվով տերություններ` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և ուրիշներ: Սիրիայի կառավարող վարչակազմը մի քանի տասնամյակ հմտորեն խուսանավել է նրանց միջև, ժամանակ առ ժամանակ մերձենալով առանձին պետությունների հետ, նրանց մատուցելով պաշտոնական և աշխարհաքաղաքական բնույթի տարբեր ծառայություններ: Սիրիայի համար պայքարը բազմիցս հանգեցրել է տարածաշրջանային ճգնաժամերի, ու հիմա այդ իրավիճակը կրկնվել է, բայց արդեն աննախադեպ սպառնանքով:
Սիրիայի հետ են կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրականում Իրաքի ազդեցության վերացումը, արաբական աշխարհում Թուրքիայի ազդեցության ուժեղացման կանխումը, իրանական ու շիական ազդեցության դեմ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցում նրա գործընկերների պայքարի հաջողությունը, Իսրայելի անվտանգության ապահովումը, միջերկրածովյան ավազանից Ռուսաստանի դուրսմղումը և ուրիշ շատ խնդիրներ: Ֆրանսիան շատ ժամանակ ու ջանքեր է ներդրել Սիրիայի կառավարող վարչախմբին համոզելու, որ անհրաժեշտ է կատարել ժողովրդավարական բարեփոխումներ և ավելի մեծ չափով ինտեգրվել Արևմտյան ընկերակցությանը: Ընդ որում, մեծ հույսեր են կապվել երիտասարդ նախագահ Բաշար Ասադի հետ, որն ավելի քան հակված էր բարեփոխումներ կատարելուն, բայց նրա քաղաքական շրջապատը և նոր բուրժուազիան թույլ չտվեցին, որ նա իրականացնի դա: Սիրիայի տրոհումը, թերևս, առավել վտանգավոր խնդիրն է, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի, նավթարդյունաբերության կազմալուծմանը, իսկ գուցե նաև աշխարհաքաղաքական աղետի: Կարելի է վստահաբար ասել, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան շահագրգռված չեն Սիրիայի արմատական վերաձևմամբ, նկատի ունենալով իշխանությունից ալավական կլանի հեռացումն ու սուննիական մեծամասնության հաղթանակը: Այդ դեպքում Սիրիային սպառնում է ոչ միայն ազգային աղետ, այլև երկրում Սաուդյան Արաբիային ենթակա իսլամական արմատական վարչակարգի հաստատում: ՈՒստի, Սիրիայի` իբրև ամբողջական պետության «զոհաբերությունը» բացառվում է: Միաժամանակ, Սիրիայում ներկա ալավական կլանի իշխանության պահպանումը ենթադրում է Ռուսաստանի ու Չինաստանի, իհարկե նաև Իրանի ազդեցության ուժեղացում: Այդ պատճառով էլ Մերձավոր Արևելքում Արևմտյան ընկերակցության ոչ բոլոր խնդիրները լուծում ունեն:
Բայց եթե դիտարկելու լինենք ոչ թե «դասական» Մերձավոր Արևելքը, այլ, այսպես կոչված, Մեծ Մերձավոր Արևելքը, ապա աշխարհաքաղաքական վերաձևումն ավելի օրախնդիր է դառնում, և այդ հարցերը հարկավոր է պարզել նախ և առաջ երկու պետությունների` Պակիստանի և Թուրքիայի առնչությամբ: Այս երկու ծայրաստիճան հավակնոտ պետությունները կատաղի արագությամբ դուրս են գալիս ԱՄՆ-ի հսկողությունից և ձգտում են վարել լիովին անկախ արտաքին քաղաքականություն: ԱՄՆ-ի առջև կանգնած է մեկ գերխնդիր, որը դեռևս լուծում չունի` ապահովել Պակիստանի միջուկային կարողության և նրա տարածաշրջանային քաղաքականության վերահսկողությունը: Փորձագետների գնահատմամբ` Պակիստանը փլուզվում է, և դա ամերիկյան նախաձեռնությամբ չէ։ Նրանք հիշեցնում են, որ մեկ անգամ այդ պետությունն արդեն մասնատվել է, երբ առաջացավ Բանգլադեշը: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ չին-պակիստանյան դաշինքի ստեղծում, որը, այսպես թե այնպես, կօգտվի Սաուդյան Արաբիայի և մյուս արաբական պետությունների աջակցությունից և կդառնա ձգող «բևեռ» արաբական և իսլամական աշխարհի համար: Ըստ բրիտանացի ինքնատիպ քաղաքագետ ու մտածող Անատոլ Լիևենի` Պակիստանին նվիրված գրքի հեղինակի, «հիմա ԱՄՆ-ը նպատակ չունի մասնատելու Պակիստանը, որովհետև դեռևս հույսեր կան համագործակցության, բայց եթե դա տեղի չունենա, հնարավոր է, որ ամերիկացիները հարկադրված լինեն լուծելու այդ խնդիրը»: Եթե ուշադրությամբ հետևելու լինենք Պակիստանի և Հարավային Ասիայի մասին մոտավորապես վերջին տասը տարում ամերիկացի հեղինակների հրապարակումներին, ապա կարելի է համոզվել, թե ինչ կերպ է Պակիստանի վերաձևման գաղափարը հետևողականորեն դառնում ԱՄՆ-ի վերլուծական շրջանակների քննարկման առարկա: Ներկայումս ոչ մի հաստատուն առարկություն չկա, թե Պակիստանի մասնատման խնդիրը ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի մեջ չի տեղավորվում:
Թուրքիայի հարցում բանն ավելի բարդ է, քանի որ նա ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի մերձավորագույն դաշնակիցն է և պաշտոնապես շարունակում է մնալ Ատլանտյան դաշինքի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում: Թուրքիան դառնում է անկառավարելի ու շատ վտանգավոր, ընդ որում, աշխարհառազմավարական տարբեր ուղղություններում: ԱՄՆ-ը Թուրքիային հասցնում է ներքին ու արտաքին բնույթի հարվածներ, և այդ երկրի վերաձևման գլխավոր գործոնը քրդականն է: Քրդերն առաջատար դեր են ստանում ամբողջ Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման գործում, կասկածի տակ դնելով բոլոր այն չորս երկրների անվտանգությունն ու ամբողջականությունը, որոնց տարածքում ապրում են: Ներկայումս Թուրքիան և Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրում զարգացնելու քաղաքական համագործակցությունը քրդական այն կուսակցությունների ու խմբերի հետ, որոնք հանդուրժողական վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ: ԱՄՆ-ը քրդերի հանդեպ իր վերաբերմունքի հարցում աշխատում է լոյալություն ցուցադրել Թուրքիայի նկատմամբ, սակայն իրականում, ինչպես քրդական աշխատավորական կուսակցությունը, այնպես էլ Թուրքիայում լեգալ գործող «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունն աջակցություն են գտնում ԱՄՆ-ի կողմից, և Իրանի դեմ քրդերի գործողությունները հաստատում են դա: Քրդերը Թուրքիայի դեմ լայնածավալ պատերազմ են սկսել, և չկա մեկ այլ տերություն, որ այդ պատերազմում լայն աջակցություն ցուցաբերեր քրդերին: Եթե առաջ ամերիկացիների և Թուրքիայի քրդերի միջև հարաբերություններն այնքան էլ մերձ չէին, ապա հիմա միջազգային հանրությունն ԱՄՆ-ին ավելի ու ավելի է համարում քրդերի գործընկեր: Կասկած չկա, որ թուրք-քրդական հակամարտությունը երկար պատմություն ունի, և շատ տարիներ կպահանջվեն, մինչև արմատականորեն տրամադրված քրդերը Թուրքիայում միջազգային իրավունքի սուբյեկտներ ճանաչվեն, թեև այդ գործընթացն սկսվել է ու արդեն անհնար է կանգնեցնել: Ինչ վերաբերում է Իրանին, ապա ԱՄՆ-ը, ասես, այդ պետությունն իր համար թշնամական չի համարել, մինչդեռ Թուրքիան դիտարկվում է իբրև նվաճողական պետություն` իր հեգեմոն նկրտումներով: Ապագայում Իրանի վրա հենվելու շնորհիվ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կարող են ազդեցություն ձեռք բերել այլ տարածաշրջանների նկատմամբ, և Իրանի աղետալի թուլացումը նրանց շահերին չի համապատասխանում: Սակայն ԱՄՆ-ում գործող հզոր ուժերը ԱՄՆ-ի ու Իրանի դիրքերի մերձեցում թույլ չեն տալիս, այլապես դա կհանգեցներ ամերիկյան ռազմավարության համար Թուրքիայի նշանակության նվազեցմանը: Ոչ մի կասկած չկա, որ այժմ ԱՄՆ-ի ուշադրությունը սևեռված է ավելի շատ Թուրքիայի, քան Իրանի վրա, նկատի առնելով իրական սպառնալիքները և հատկապես մոտ ապագայի սպառնալիքները:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ