Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այս առևտրում գործող նախագահը մեծ զիջումների չի գնա»

«Այս առևտրում գործող նախագահը  մեծ զիջումների չի գնա»
28.09.2012 | 13:16

«Երբ Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, և ԱԺ-ում, այսպես ասած, մազութի գործի վերաբերյալ հանձնաժողով էր ստեղծվում, մենք` նորընտիր հանձնաժողովի կազմով, գնացինք վարչապետի մոտ: Հենց ներս մտանք, առաջինը Վազգեն Սարգսյանին հարցրի. «Եթե «լափած» մազութի մի զգալի մասը գնացել է պաշտպանությանը, չեմ խոստանում, որ այլևս չեմ խոսի, բայց կաշխատեմ ավելի մեղմ լինել»: Նա ասաց. «Որևիցե լուրջ գումար որևէ մեկի կողմից չի տրվել տանկ կամ զինամթերք գնելու համար: Ինչ ուզում եք` անկեղծ բարձրաձայնեք»,- մեզ հետ զրույցում ասաց 4-րդ խոսափողի «սեփականատեր», նախկին պատգամավոր ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ` անդրադառնալով վերջերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե մազութի գործ չկա, դա Սադոյանի «հիվանդ երևակայության» արդյունքն է:

-Վազգեն Մանուկյանն այդ թվերին կարճ ժամանակով եղավ պաշտպանության նախարար, այս մասին ես նրան էլ եմ հարցրել,- շարունակեց Սադոյանը,- Մանուկյանն ինձ ասաց, որ այդտեղից «քոռ» կոպեկ պաշտպանությանը չի հատկացվել, ինչի՞ մասին է խոսքը: Իմ երևակայության արդյո՞ւնքն է ԱԺ-ի հատուկ հանձնաժողովի կողմից դատախազություն ներկայացված այդ գործի առնչությամբ ուսումնասիրությունը, որ 205 հազար տոննա մազութ Հայաստանի վրա որպես պարտք է գրանցվել, բայց երկիր չի մտել: Այս խոշոր չափի «մազութակերությունը» նաև կիսովի է եղել ռուս իշխանավորների հետ: Փաստորեն, կիսովի թալանել են հայ ժողովրդին: Երևի Հրանտ Բագրատյանը կարծում է, որ բոլորը մոռացել են խավարի ու ցրտի տարիները, ու այն, որ իր վարչապետության օրոք անգամ տրոլեյբուսները չէին աշխատում: Նրա վարչապետության ժամանակ եղել են սովի, խավարի տարիներ, ու այսօր ասել, որ մազութի գործ չկա՞։ Լավ, ինչի՞ տեղ են մարդկանց դնում: Սա հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջն է, երբ հայ իշխանավորները, ուրիշ երկրի իշխանավորների հետ կիսվելով, թալանում են սեփական ժողովրդին, մի քանի տարի պահում խավարի ու ցրտի մեջ, քոռացնում երիտասարդների աչքերը: ՈՒ այս ամենից հետո առանց ամոթի ասում են` ի՞նչ մազութ, ի՞նչ բան, ո՞վ ասաց: Իրենց թվերով 92-94 թվականներին Հայաստանում այնքան էլեկտրաէներգիա է արտադրվել, որքան հիմա, բայց այն ժամանակ ոչ մի գործարան չէր աշխատում, ոչ մի քաղաքային լուսավորություն չկար, բոլորը, այսպես ասած, «երակ» էին մտնում ու «լևի» լույս քաշում:
-Այսքանով հանդերձ, այսօր Հրանտ Բագրատյանը խիստ քննադատում է ներկայիս կառավարությանը: Ինչպե՞ս հասկանալ:
-Լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Բագրատյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը ոգևորվեցին, երբ 2007-2008 թվականներին կարողացան իրենց հռետորիկայով կողմնակիցներ հավաքել: ՈՒ ինչքան կարող են հակառակ բաներ են ասում ու այսօրվա 20 տարեկաններին այլ իրականություն, պատմություն ներկայացնում: Սա ամենակեղտոտ խաղն է: Ժամանակին ասում էի, թե այս «գանգրահեր տղան» (այն ժամանակ Բագրատյանի մազերն ավելի շատ էին) էս ի՞նչ է անում: Կարելի՞ է հայ ժողովրդին այսքան պարզունակ մեթոդներով խաբել:
-Անդրադառնանք նաև առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին: Արդեն մի քանի քաղաքական գործիչներ իրենց թեկնածության հայտն են ներկայացրել: Ձեր դիտարկումները:
-Կարծում եմ, գործող նախագահն իր դիրքերը բավականին ամրապնդել է` բարդ ներքաղաքական խնդիրներ լուծելով: Կարողացավ հասնել այն բանին, որ գործնականում խաղից դուրս վիճակում է հայտնվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօրվա դրությամբ գործող նախագահը մեծ հնարավորություն ունի երկրորդ անգամ վերընտրվելու:
-Այսինքն, Տեր-Պետրոսյանը, ըստ Ձեզ, չի՞ առաջադրվի:
-Իհարկե, նա չունի այն վարկանիշը, որը կար 2008-ին, քանի որ այն ժամանակ շատերը դեռ միամտորեն կարծում էին, թե ապաշխարած վերադառնում է: Հետագայում համոզվեցին, որ որևէ լուրջ փոփոխություն չկա: Այն, ինչ ժամանակին ՀՀՇ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասվում էր, մնում է ուժի մեջ: Հաշվի առնելով նաև խորհրդարանական ընտրություններում ընդդիմության խայտառակ արդյունքը, մազաչափ չեմ կասկածում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե առաջադրվի էլ, 10 տոկոս ձայն կհավաքի, ո՛չ ավելի:
-Ասել է` Տեր-Պետրոսյանի առաջադրվելու հավանականությունը մեծ չէ՞:
-Ինքն էլ մինչև հիմա կամուկացի մեջ է: ԲՀԿ-ի հետ խաղերի արդյունքում, երբ անգամ տեսակետ հնչեց, թե հնարավոր է Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեն, իրավիճակն ավելի անորոշ է դառնում: Կառաջադրվի՞, թե՞ ոչ, նա գործող նախագահին լուրջ մրցակից չէ: Կարծում եմ` ավելի լուրջ դերակատարում կունենա ՀՅԴ-ի առաջադրվելիք թեկնածուն, որովհետև այս ընթացքում նրանք ամենաքիչն են վարկաբեկվել:
-Թեկնածության հայտ է ներկայացրել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Նա հույս ունի, որ կդառնա ընդդիմության միասնական թեկնածու, ինչն իրատեսական չէ: Իսկ միայն «Ժառանգության» ընտրազանգվածն օգտագործելով, ընտրվելու հնարավորությունները շատ փոքր են:
-Իրենց թեկնածությունն են ուզում առաջադրել նաև Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը:
-Առաջին հերթին հենց իրենք են հասկանում, որ ընդամենը գովազդային «տրյուկ» են անում, որի համար պատրաստ են այդքան մեծ ընտրագրավ մուծելու: Հնարավոր է` իրենց համար գովազդն ավելի կարևոր է, քան այդ գումարը: Ոչ մեկն իրական հնարավորություն չունի։ Հնարավոր է այս ընթացքում նոր թեկնածու հայտնվի, որն էլ մրցակից լինի Սերժ Սարգսյանին:
-Նոր թեկնածուն հնարավո՞ր է ԲՀԿ-ից լինի:
-Եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն փորձի առաջադրվել Գագիկ Ծառուկյանը, չեմ կարծում, որ նա կարող է Սերժ Սարգսյանին հաղթել: Իսկ եթե Ծառուկյանի փոխարեն մեկ ուրիշն առաջադրվի, չեմ կարծում, թե կունենա այն հեղինակությունը, որ ժողովուրդը նրա հետևից գնա:
-ԲՀԿ-ն, այսուամենայնիվ, իր թեկնածո՞ւն կունենա, թե՞ կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը:
-Մեր քաղաքական դաշտում ամեն ինչ գերշուկայական, «բազարային» պայմանավորվածությունների հիմք ունի: Այսինքն, եթե պաշտպանեմ, ինձ ի՞նչ կհասնի: Եթե առաջ է քաշվում վարչապետի պաշտոնը, այդ առևտուրը, կարծում եմ, կձախողվի, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը հանուն ԲՀԿ-ի բոլորովին էլ իմաստ չի տեսնում նման զիջումների գնալու: Ավելին, այդ քայլը չի էլ ընդունվի ՀՀԿ անդամների կողմից: Չեմ կարծում, թե այս առևտրում գործող նախագահը մեծ զիջումների կգնա: Իհարկե, փոքր զիջումներ կարող են լինել:
-Կառավարության անդամների հետ նախագահի խորհրդակցությունից հետո կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե վարչապետի փոփոխություն է սպասվում: Ի՞նչ եք կարծում` այս փուլում նախագահը կգնա՞ նման կտրուկ քայլի:
-Ի զարմանս ինձ, գործող նախագահը հստակ հոգեբանական գործընթացներ է առաջ տանում, հաշվի առնում բոլոր ուժերի հնարավորությունները, կարծում է, որ անհրաժեշտ են երևացող քայլեր: Ընտրությունների շեմին սա ցուցադրական քայլ էր, որի արդյունքում արդեն տուժողներ կան: Այս ամենն ինչ-որ իմաստով ձեռնտու է նաև գործող վարչապետին, որն իր վարկանիշը պահպանելու համար նույնպես քայլեր կձեռնարկի:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ