Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գրադարանավարներին փողո՞ց դուրս բերեի»

«Գրադարանավարներին  փողո՞ց դուրս բերեի»
02.10.2012 | 11:42

Օրերս «ջրի երես» դուրս եկավ պետբյուջեի մսխման հերթական դեպքը: Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում խոշոր չափերի գումարներ են «գրպանվել»: Ավելին, աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Պարզվել է, որ 2005-ին, այնուհետև` 2008-2010 թվականներին իրականացվող աշխատանքները կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, ու կա ձերբակալված: Այդ տարիներին Ազգային գրադարանի տնօրեն է եղել ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ումից էլ փորձեցինք մեկնաբանություններ լսել խնդրի առնչությամբ:
-Գրադարանի, հատկապես թամանյանական մասնաշենքի վերանորոգումը մեզ համար եղել է մեծ երազանք,- նշեց պարոն Սարգսյանը։- Լինսի հիմնադրամով չհաջողվեց, հետո միայն եղավ պետական ֆինանսավորում` հիմնանորոգման, ռեստավրացիայի և կահավորման նպատակով: Թամանյանական մասնաշենքն ամենահին կառույցն է, որտեղ ժամանակին տեղավորվել է ողջ գրադարանը` իր գործառույթներով: Նախատեսված էր, որ այդ շենքը պիտի ծառայեր ադմինիստրատիվ և մշակութային միջոցառումների համար, այսինքն` բոլոր այն ծառայությունները, որոնք ընթերցողական սպասարկում չեն կատարում: Աշխատանքների ընթացքում բազմիցս ահազանգել ենք կատարվող խախտումների մասին: Անձամբ ասել եմ` չեմ հասկանում շինարարությունից, բայց ակնհայտ երևում է, որ գլխիվայր են աշխատում: Սկզբում սալիկապատում են, հետո փոսեր փորում դրանց վրա` կապուղիներ անցկացնելու նպատակով:
-Փաստորեն, ընթացքից արդեն իսկ երևո՞ւմ էր, որ խախտումներ, չարաշահումներ են կատարվում:
-Մի քանի անգամ խնդրել եմ մասնագիտական հանձնաժողով բերել, որ տեսնեն` ինչ է կատարվում: Հսկողություն լիներ: Մինչ այդ ինչ-որ տեսուչներ էին գնում-գալիս, իբր հսկում էին: Մենք միայն խորհրդակցական ձայնի իրավունքով կարող էինք կարծիք հայտնել, այսինքն` մեր ասածը կարող էին ընդունել կամ չընդունել: Շինարարական սխալներն ակնհայտ էին, օրինակ` ապակին ավելի փոքր էր, քան շրջանակը և այլն, և այլն:
-Ձեր բարձրաձայնումներին որևէ ընթացք չե՞ն տվել:
-Քաղաքաշինությունից, մշակույթի նախարարությունից են եկել: Ասել են, թե այս կամ այն թերությունը պիտի վերացվի:
-Բայց խոսքը հարյուրավոր միլիոնների մասին էր, այն էլ Ազգային գրադարանի շուրջ:
-Ես ոչ մի դրամից տեղյակ չեմ: Խայտառակ կանոնակարգ էր: Քո հիմնարկում վերանորոգում է կատարվում, ու դու շատ բաներից տեղյակ չես, քո ձայնն ընդամենը խորհրդակցական իրավունք ունի: Օրինակ, գալիս էին հարցնում` ի՞նչ գույնի ներկենք: Հենց մուտքի մոտ, ճեմասրահում երկու սանհանգույց են կառուցել, սա նախ թամանյանական նախագծին անհարիր է, որովհետև Թամանյանը զուգարանները նախատեսել է նկուղում, հետո էլ եթե կոյուղու խափանում եղավ, շենք մտնելուց գարշահոտություն կլինի: Չէի ուզում, որ ծառերի տեղում կաթսայատուն դրվեր: Մեր ձայնը մասնագիտական չէր, այլ ճաշակի: Մարդ պիտի քթի ծակ ունենա, որ հասկանա այդ ամենը: Հետո շինարարության աշխղեկը մահացավ, նորը եկավ ու ինչ-որ բաներ էր ուզում շտկել, բայց պարզվեց` փող չկա: Այնինչ գումարը նախատեսված էր ոչ միայն վերանորոգման համար: Բոլորին խնդրել էի, որ սա անգամ հիվանդանոցի շենք չէ, այլ տաճար, և գիտության կաճառ, և՛, և՛, և՛: Բայց չգիտեմ ինչ տեղի ունեցավ, ինձ անհասկանալի մնաց:
-Գումարները, որոնց մասին խոսվում է, ասել է` դրանց կեսն էլ գրադարանի համար չի՞ ծախսվել:
-Չեմ կարող ասել, հետաքննություն է գնում, կպարզեն: Բայց այն գումարներով, որոնց մասին խոսվում է, կարող էին նոր շենք կառուցել: Պարզապես զարմանում եմ, թե ինչու են իմ շուրջ միշտ այսպիսի բաներ ստեղծվում, չեմ հասկանում: Ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել այդ աշխատանքների առնչությամբ: Այսօր գրադարանում եղած հին աշխատողները կարող են վկայել, թե ինչպես, ներողություն, փողոցային հիշոցներ եմ արձակել գրադարանի բակում, նույնիսկ ասել եմ` չեմ ստորագրի որևէ թղթի տակ, ով էլ ստորագրում է, թող վիզը պարան գցի ու կախվի: Չէր կարելի այդ շենքի հետ նման կերպ վարվել: ՈՒ հիմա նիզակներն ուղղել իմ դեմ, ճիշտ չէ, բարոյական չէ: Ի՞նչ պիտի անեի` նստացո՞ւյց, ե՞րթ, գրադանավարներին փողո՞ց դուրս բերեի:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ. Գ.- Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դիտվել է՝ 6353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ