Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կա՛մ Ադրբեջանը պետք է փոխվի ներսից, կա՛մ միջազգային հանրության վերաբերմունքը պետք է փոխվի Ադրբեջանի նկատմամբ»

«Կա՛մ Ադրբեջանը պետք է փոխվի ներսից, կա՛մ  միջազգային հանրության վերաբերմունքը  պետք է փոխվի Ադրբեջանի նկատմամբ»
02.10.2012 | 12:26

«Իրատես de facto»-ի զրուցակիցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ Է:


-Ձեր կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականության երեք կարևոր խնդիրները որո՞նք են:
-Ամենակարևորը, իհարկե, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն է և, դրանով պայմանավորված, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովումը: Երկրորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի ու ԼՂՀ բնակչության արտաքին անվտանգության ապահովումն է` հաշվի առնելով Ադրբեջանի օրեցօր ահագնացող ռազմականացված քաղաքականությունն ու միջազգային տարբեր հարթակներում ապատեղեկատվության տարածումը, և, իհարկե, ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը: Բնականաբար` նաև տնտեսական քաղաքականությունը, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել նոր շուկաների, նոր տնտեսական հարաբերությունների` տնտեսությունը կայուն զարգացման հիմքերի վրա դնելով: Ժամանակակից աշխարհի փոփոխություններն ու իրադարձությունները մի շարք երկրներում որոշակի մտահոգություններ են ստեղծում սփյուռքի մեր համայնքների առնչությամբ, և մեր արտաքին քաղաքական օրակարգերում նաև այդ հարցերն են տեղ գտնում: Հավելեք երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը բարեկամ երկրների հետ, Հայաստանի միջազգային վարկի բարձրացումը, գործընկերային հարաբերությունների ամրապնդումը:
-Ռամիլ Սաֆարովի պատմությունը, ըստ Ձեզ, ի՞նչ անդրադարձ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանակցությունների վրա:
-Բացասական` առաջին հերթին խոչընդոտելով երկու հասարակությունների միջև փոխվստահության, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:
-Իսկ այդ մթնոլորտը կա՞ր:
-Չկար, բայց խոսվում էր խնդրի անհրաժեշտության մասին, դրան հասնելու որոշակի քայլեր էին արվում` պատգամավորների փոխայցելություններ, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների համատեղ միջոցառումներ այլ երկրների օժանդակությամբ, Մինսկի խումբն էր պարբերաբար կարևորում այդ մթնոլորտի գոյությունը: Իսկ Ադրբեջանն ու Հունգարիան համատեղ ուժերով կարողացան նաև այդ հանգամանքին խոչընդոտել:
-Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները վերականգնելո՞ւ ենք. արտգործնախարարությանը հղված նոտայում հունգարական կողմն ակնկալում էր առանց նախապայմանների վերականգնում:
-Մենք ակնկալում ենք, որ Հունգարիան հստակ քայլեր կատարի: Հունգարիայի կառավարությունը կատարել է մի քայլ, որն ամբողջովին հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը և հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եթե Հունգարիան չի ընդունում պատասխանատվության իր բաժինը մարդասպանին փառաբանելու ու հերոսացնելու մեջ, իրենց իշխանությունների խնդիրն է: Ես կարծում եմ, որ հարցն ունի իրավական, քաղաքական, բարոյական կողմեր, որը Հունգարիան պետք է հաշվի առնի: Արտառոց չէ, որ Հունգարիայի կառավարությունը փորձում է վերականգնել հարաբերությունները:
-Հարաբերությունների վերականգնման համար ի՞նչ ենք ակնկալում Հունգարիայից:
-Հունգարիայի իշխանությունների պաշտոնական ներողությունը, Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջը, նրան Ադրբեջանում արդարացի դատելու և հունգարական արդարադատությունն Ադրբեջանում շարունակելու պահանջը, Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարության ընդունումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը. ես նշեցի մի քանի տարբերակներ միայն` քաղաքական, իրավական, բարոյական հարթությունների մեջ: Սակայն առայսօր Հունգարիայի կողմից որևէ համոզիչ քայլ չի արվել, որպեսզի Հայաստանը կամ միջազգային հանրությունը հավաստիանա, որ Հունգարիայի կառավարությունը զղջում է, կամ իր համար ևս անընդունելի էր Ադրբեջանի` միջազգային բոլոր նորմերին հակասող քայլը:
-Սաֆարովի արտահանձնմանը հետևած միջազգային տարբեր կառույցների արձագանքները մեզ բավարարո՞ւմ էին, մենք այդ փաստաթղթերում արտահայտվող մտահոգությունները, հորդորները համարո՞ւմ ենք արդարացի:
-Մաթեմատիկայում կա անհրաժեշտ և բավարար հասկացությունը` այդ արձագանքները անհրաժեշտ, բայց բավարար չէին: Անհրաժեշտ էին հենց միջազգային հանրության համար` ի պաշտպանություն սեփական արժեհամակարգի, միջպետական հարաբերությունների չափանիշների, մարդու իրավունքների, խաղաղ գոյակցության, կայունությանն ու անվտանգությանն ուղղված ջանքերի: Բավարար չէին, որովհետև այդ հայտարարությունները պետք է նաև կիրառական նշանակություն ունենան, վերաբերմունքը պետք է փոխվի Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը շահեկանորեն օգտվում է միջազգային հանրության զուտ բանավոր հայտարարություններից և, մեծ հաշվով, խորապես անտարբեր է միջազգային հանրության տեսակետների նկատմամբ: Նավթն ու գազը հուսալի վահան են Ադրբեջանի կամայականությունների համար: Բայց այդպես երկար շարունակվել չի կարող, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ նավթից ստացված օգուտները հետագայում տարածաշրջանի համար կարող են կործանարար հետևանքներ ունենալ: Տարածաշրջանի կայունությամբ ու խաղաղությամբ շահագրգիռ կողմերը պետք է հասկանան, որ նավթը` նավթ, բայց կայունությունն ու խաղաղությունը ավելի բարձր արժեքներ են և կարող են վտանգվել, եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմատենչ մարտավարությունը, եթե նրա գործողությունները սահմանափակող կամ դատապարտող միջոցառումներ չձեռնարկվեն:
-Բայց ի՞նչ սահմանափակումներ կարող են լինել:
-Օրինակ, Եվրամիությունը կարող է ասոցացման համաձայնագրերում Ադրբեջանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունենալ` հաշվի առնելով Ադրբեջանի ներսում ժողովրդավարության բացակայությունը, ավտորիտարիզմը, մարդու իրավունքների մասսայական ոտնահարումները, ըստ էության, բռնապետականի վերածվող վարչակարգի առկայությունը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում` հասկանալի է, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը ոչ մի կերպ չի նպաստելու Ադրբեջանի խաղաղարար առաքելություններին, ՄԱԿ-ը պետք է գիտակցի, որ ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամությունը գործիք է տարածաշրջանում անկայունություն սերմանելու, անվտանգությունը խաթարելու: Եվրոպայի խորհրդում պետք է հասկանան, որ Ադրբեջանի հարցում ոչ միայն բանաձևերով պետք է առաջնորդվել, այլև վերահսկողություն սահմանել Ադրբեջանի գործողությունների նկատմամբ, թույլ չտալ, որ Ադրբեջանի չակերտավոր վարկը գերակշռի իրական իրավիճակին: Ադրբեջանի դեպքում իրերն ու երևույթները այսուհետ պետք է կոչվեն իրենց բուն անուններով:
-Պետք է, բայց կա նավթի վահանը:
-Նավթի գործոն կար շատ երկրներում, բայց կյանքը ցույց տվեց, որ նավթի գործոնը վճռորոշ չէ:
-Կարծում եք` արաբական գարնան դրսևորումներ Ադրբեջանո՞ւմ էլ կլինեն:
-Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է Թուրքիայի աջակցությունը: Տարածաշրջանում բոլոր իրադարձությունները փոխկապակցված են` և՛ դրական, և՛ բացասական առումով: Հայաստանի դերակատարությունը հավասարակշռության պահպանումն է, մենք հաջողությամբ հավասարակշռում ենք գոյություն ունեցող բոլոր շահերը` դրանով պահպանելով կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը: Այսօր Հայաստանը խաղաղության պատվարն է տարածաշրջանում: ՈՒնենալով բարդ խնդիրներ, մենք ունենք միջազգային հանրության աջակցությունը, որը խիստ անհրաժեշտ է այս հարցում:
-ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ավելի շատ առաջ, քան հետ նայելու կոչերն ինչպե՞ս եք գնահատում:
-Պարոն Ֆյուլեի հետ մենք երկար ենք զրուցել իրավիճակի մասին: Հստակ է, որ ԵՄ-ի մեր գործընկերները գնահատում են Հայաստանի ջանքերը, շատ լավ հասկանում են իրավիճակը և փորձում են տարածաշրջանում պահպանել պարիտետային հարաբերություններ: Բայց պարիտետային հարաբերությունները կարող են այլևս էական չլինել խաղաղության ու կայունության պահպանման հարցում:
-Այդ ըմբռնումը իրենք ունե՞ն:
-Ես կարծում եմ` աստիճանաբար այդ համոզմունքը կլինի, վերջին զարգացումները Եվրախորհրդարանում ապացուցեցին, որ շատ պատգամավորներ և քաղաքական ուժեր հստակ տիրապետում են իրավիճակին, գիտակցում են, որ Ադրբեջանի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը նշանակում է բարյացակամ վերաբերմունք ապագայի անկայունություններին, հայատյացությանը, քսենոֆոբիկ դրսևորումներին, մարդու իրավունքների դեմ ուղղված բոլոր գործողություններին: Կա՛մ Ադրբեջանը պետք է փոխվի ներսից, կա՛մ միջազգային հանրության վերաբերմունքը պետք է փոխվի Ադրբեջանի նկատմամբ:
-Ո՞րն է ավելի ռեալ:
-Ավելի ռեալ է միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունը: Նավթը սպառվող ռեսուրս է: Ոչ վաղը, իհարկե, բայց նավթն ամենակարևոր գործոնը չէ: Ամենակարևոր գործոնը ճիշտ հարաբերությունների կառուցումն է, իսկ մեր երկրի նախագահի ղեկավարությամբ մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար ամենաարդյունավետ, ամենանուրբ հարաբերությունները բազմավեկտոր քաղաքականության պարագայում: Մեր բոլոր գործընկերների հետ մենք ներդաշնակ հարաբերություններ ունենք: Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում մեր գործընկերները գնահատում են և գնահատում են բարձր, դրան զուգահեռ են բարեփոխումները, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում պետության իմիջի բարձրացումը, մարդու իրավունքների էական բարելավումը` ժողովրդավարական նորմերին համապատասխան` սրանք մեր երկրի ղեկավարի ջանքերի արդյունքն են, որ արտաքին քաղաքական հարթակներում գնահատվում են: Միջազգային բոլոր կազմակերպությունները, մեր գործընկեր երկրները, գերտերությունները բարձր են գնահատում Հայաստանի ձեռքբերումները:
-Ինչո՞վ եք բացատրում, որ, Վահան Փափազյանից բացի, Հայաստանի բոլոր արտգործնախարարները պաշտոնը թողնելուց հետո ակտիվ քաղաքականությունից չեն հեռանում:
-Ինչո՞ւ միայն արտգործնախարարները, շատ պաշտոնյաներ, հեռանալով պաշտոնից, մնում են մեծ քաղաքականության մեջ: Դա նորմալ է և վկայում է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և բազմակարծության մասին: Ես նորմալ եմ համարում քաղաքականությանը նախկին ու ներկա գործիչների մասնակցությունը, իհարկե, եթե այդ մասնակցությունը կառուցողական է, օբյեկտիվ և չի հետապնդում երկրի հեղինակությանը վնասող նպատակներ:
-Ճի՞շտ եք համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, մանավանդ որ և՛ ինքը, և՛ ԲՀԿ-ն դա համարում են քաղաքական գործունեության հետևանք:
-Բազմիցս ասվել է, որ դա քաղաքականության հետ կապ չունի: Քաղաքական շատ ավելի ծայրահեղ դիրքորոշումներով քաղաքական գործիչներ կան, և ի՞նչ: Այս գործընթացն ուղղված չէ որևէ անձի կամ խմբավորման դեմ: Մենք ուղղակի չպետք է արգելափակենք իրավական գործընթացն առաջ տանելու հնարավորությունը:
-Այսինքն, այս հարցը ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում չէ՞:
-Դա ընդհանրապես չի կարելի քաղաքական կյանքին առնչվող խնդիր դիտել, գործող անձինք կարող են լինել քաղաքական գործիչներ, կարող են չլինել, իրավական գործընթացներ կան, որ պետք է կատարվեն:
-Ինչպիսի՞ն են հիմա ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները:
-Աշխատանքային։ Լինում են և՛ համագործակցություններ ու հակադրություններ, և՛ համաձայնություններ ու տարակարծություններ:
-Ինչքա՞ն է տևելու այլընտրանքային վիճակը ԲՀԿ-ում` Ձեր կարծիքով:
-Բնականաբար, ԲՀԿ-ի որոշելիքն է, թե քաղաքական ինչ դերակատարություն կստանձնեն և ինչ միջավայր կընտրեն: Քաղաքական գործընթացները յուրաքանչյուր կուսակցության համար որոշակի վարքաբանություն են թելադրում, ու եթե ԲՀԿ-ն որոշել է ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն լինել, գուցե դա ևս քաղաքականությանը մասնակցելու ձևաչափ է:
-Դատելով արտաքին գործերի նախարարի լոսանջելեսյան ելույթից` Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններ հնարավո՞ր են:
-Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն նախատեսվում, որովհետև այդ քաղաքականությունը լիովին արդարացնում է իրեն, և նախարար Նալբանդյանն էլ փոփոխության որևէ հիմք չի տվել իր ելույթով:
-Հայ-ռուսական հարաբերությունների համեմատությամբ հայ-ամերիկյան հարաբերություններին գերակայություն չի՞ տրվում:
-Հայ-ռուսական հարաբերությունները պատմականորեն, ռազմաքաղաքական կտրվածքով և ռազմավարական նշանակությամբ միշտ գերակայություն են ունեցել, բայց դա երբեք չի նշանակել, որ Հայաստանը կաշկանդված է եղել կամ կաշկանդված է լինելու իր արտաքին քաղաքականության մեջ: Դրա լավագույն ապացույցներից մեկն է, որ մենք վավերացրինք ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագիրը և շարունակում ենք աշխատել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, համապարփակ առևտրի գոտու բանակցությունների, ռեադմիսիայի համաձայնագրի և մուտքի արտոնագրի վերացման գործընթացի վրա: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյա պատմությունը միայն դրական դինամիկա է արձանագրել հասարակական-քաղաքական գրեթե բոլոր ոլորտներում և առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ:
-Հեռանկարում Հայաստանն անդամակցելո՞ւ է Եվրասիական միությանը:
-Օրակարգում նման խնդիր չկա, և ժամանակից շուտ ենթադրություններ անելը տեղին չէ ընդհանրապես: Մեզ համար ինտեգրումը կարևորագույն գործիք է, հնարավորություն, իսկ քաղաքականությունը հնարավորի արվեստն է` ինչքան շատ հնարավորություն, այնքան ակտիվ և արդյունավետ քաղաքականություն: ԵՄ-ն ասում է` «Ավելին ավելիի համար»: Եվրասիական միությունն իր նպատակների համաձայն` ձևավորվելու է տնտեսական սերտ ինտեգրման, փոխշահավետության ապահովման սկզբունքներով: Ավելի ինտեգրումից շահում են մեր բիզնեսը, հումանիտար ոլորտը, անվտանգությունը, հնարավորություններն ավելի բազմազան են դառնում, մեր աշխարհաքաղաքական դիրքը թելադրում է, որ մենք խելամիտ և հավասարակշռված քաղաքականություն վարենք: Մեր երկրի նախագահի ղեկավարությամբ` վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականությունն աչքի է ընկել իր արդյունավետությամբ և ապահովել է երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական մեծ կապիտալ:
-Հայ-թուրքական հարաբերություններում գնդակը դարձյա՞լ Թուրքիայի դաշտում է:
-Գնդակը Թուրքիայի դաշտում է, և գնդակին կարծես չեն էլ մոտենում, բայց դա դեռ չի նշանակում, որ գնդակն իրենց չի հետաքրքրում: Այդ գնդակից Թուրքիան ապագայում կախում է ունենալու:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ