Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«17 տարի է` չունենք ոլորտը կարգավորող համապատասխան օրենք»

«17 տարի է` չունենք ոլորտը կարգավորող համապատասխան օրենք»
04.10.2012 | 18:33

Վերջին տարիներին մշտապես խոսվում է քաղաքացիական հասարակության կայացման և քաղաքական-հասարակական գործընթացներում դրա դերի բարձրացման մասին, սակայն պարզվում է` այս ոլորտը համակարգող ոչ մի օրենք չկա: Մեզ հետ զրույցում «Հանուն ժողովրդավար Հայաստանի» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ իրենք արդեն նման օրինագիծ են մշակել, որն այս պահին քննարկումների փուլում է:

- Որքա՞ն եք կարևորում այսօր նման օրենքի ընդունումը:
-Հայաստանի Հանրապետությունն ու հայ հասարակությունը 1995 թ. ՀՀ Սահմանադրությամբ ամրագրել են պետության զարգացման ժողովրդավարական ուղին, որը ենթադրում է կայուն և զարգացած քաղաքացիական հասարակության ստեղծում: Քաղաքացիական իշխանության հիմնական սուբյեկտը, անշուշտ, պետությունն է, սակայն ժողովրդավարական ռեժիմ որդեգրած երկրներում քաղաքացիական հասարակությունն էլ բավական ուժեղ և ազդեցիկ գործոն է, որի հետ պետությունը չի կարող հաշվի չնստել: Հենց քաղաքացիական հասարակության կառույցներն են, որ իրենց կազմակերպչական, կարգավորող-ինտեգրատիվ, վերահսկողական և այլ գործառույթներով կարող են կայուն գրավական դառնալ ժողովրդավարական հասարակության զարգացման համար: ՈՒստի պետություն - հասարակություն - անհատ եռամիասնության փոխհարաբերություններում անհրաժեշտ է ապահովել հակակշիռների գործուն մեխանիզմներ և դրանք ամրագրել օրենսդրությամբ, հակառակ պարագայում ստացվում է, որ 17 տարի շարունակ մենք կառուցում ենք քաղաքացիական հասարակություն, սակայն մինչ օրս չունենք ոլորտը կարգավորող համապատասխան օրենք կամ հայեցակարգ:
-Ձեր նախաձեռնության առաջնայնությունները որո՞նք են:
-Ծրագիրը, որն իրականացնում է «Հանուն ժողովրդավար Հայաստանի» հասարակական կազմակերպությունը, նպատակ ունի համապատասխան օրինագծի և քաղաքացիական հասարակության զարգացման մասին հայեցակարգի մշակման միջոցով կանոնակարգել ոլորտը: «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության մասին» օրենքի նախագծի կարգավորման առարկա են համարվում քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարգավիճակը, միմյանց միջև փոխհարաբերությունները, պետություն-քաղաքացիական հասարակության ինստիտուտներ փոխհարաբերությունները, պետության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մեխանիզմները և այլն:
-Ո՞ր երկրների փորձով եք առաջնորդվել:
-Օրինագիծը նախապատրաստելիս ուսումնասիրվել, որոշ դեպքերում նաև օգտագործվել են ԱՊՀ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Էստոնիայի ոլորտին վերաբերող իրավական ակտերի դրույթները: Աշխարհի զարգացած բոլոր երկրները, որոնք կարող են համարել, որ ունեն կայացած քաղաքացիական հասարակություն, արդեն իսկ ունեն համանուն գործող օրենք, շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծ կամ հայեցակարգ:
-Հայաստանյան քաղաքական-հասարակական ուժերը մասնակցե՞լ են քննարկումներին:
-Օրինագիծն ուղարկվել է ԱԺ խմբակցություններին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, ԱԺ պատգամավորներին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեությունը կոորդինացնող միջազգային կառույցներին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, հասարակական կազմակերպություններից ակնկալելով շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը` նախագիծը բարելավելու, կատարելագործելու ուղղությամբ: Ամեն դեպքում, ակնկալում ենք ստանալ քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների առաջարկություններն ու դիտողությունները, իհարկե, կկազմակերպվեն նաև համապատասխան քննարկումներ:
-Ինչպիսի՞ ընթացք կունենա օրինագիծը:
-Կարծում եմ` մեզ կհաջողվի նախագիծը շրջանառության մեջ դնել Ազգային ժողովում: Այդ ուղղությամբ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան: Ես կարևորում եմ օրենքի ընդունումը, որովհետև ցանկացած ոլորտ կայանալու և զարգանալու համար պետք է կանոնակարգված լինի օրենքով, հստակ սահմանված պետք է լինեն փոխգործակցող կողմերից յուրաքանչյուրի լիազորություններն ու պարտականությունները, փոխգործակցման մեխանիզմները: Օրինագիծը կնպաստի նաև երկրում վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, պաշտոնների չարաշահումների կրճատմանը, անհատի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ