Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

X ագարակի լեգենդը

X ագարակի լեգենդը
05.10.2012 | 12:03

...Գուժեցի՛ն, նրանք խուժեցին
Երկիր-ներսից ու դրսից,
վերից ու վարից
Խրվելով` նախ
գյուղ, ապա և քաղաք,
օդ շպրտեցին շուն ու աքաղաղ:


Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ,
«Սպասելով գեղեցկուհի խոզարածին»

ԿՈԼԽՈԶԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ
(բացատրական բառարան)
Մի կանաչ ագարակ X լեռնային գյուղում։ Ագարակում իշխում է անասնաֆերման, որի կարմիր կղմինդրով շարված տանիքը հիանալի ներդաշնակում է կոլխոզի պարծանք Հենրիետա կովի և կոլխոզի պատուհաս մանտյոր Հենդոյի փողկապի գույնին։
Մայիսմեկյան պայծառ առավոտ է։ Ֆերմայի վարիչ ընկեր Շապուհիկը կիթն ազդարարում է ավարտված (սուլում է երեք մատով, պարզ է, ո՛չ ոտքի) և շարում է դույլերը։ Բորդո դույլի սերը նախագահ Վռամինն է, կանաչը կիսրար է Շապուհիկի և ֆելդշեր-անասնաբույժ Գերասիմի միջև։ Պարզ է, մոխրագույն դույլի սերը բաժանում են ավանգարդ-կթվորուհիներ Օֆոն, Վարդիշաղը և Փառիկը։
Կաթնատար մեքենան բեռնում է պատվազրկված կաթը և բռնում քաղաքի ճամփան։
(Հուշեմ` հիշեք, վարորդ Սուքիասը էս աշխարհի վերջին հարիֆը չէ։ Կաթնատար տակառի ներսում մի հաստակող պարան է կապել։ Նման պարաններով այսօր էլ մանչերն ու աղջիկները ֆիզկուլտդահլիճում դեպի առաստաղ են մագլցում։ Որ ի՞նչ)։
Ի դեպ, կաթնատարների վարքը շատերին էր շշմեցնում։ Անգամ հարթ ասֆալտի վրա մեքենան շորորում էր, «քոնթի գալիս»։ Որ ի՞նչ։ Քիչ համբերություն, կիրազեկվեք։
Սուքիասը գործարան մտնելուց առաջ ներխուժում էր սեփական բակ ու հանդիսավոր դուրս քաշում պարանը։ Խնոցու վերածված կաթնատարի ժաժքերից պարանի վրա հավաքվում էր 2-3 կգ անարատ ու անուշահամ կարագ։ Կաթը, այսպիսով, պատվազրկվեց երկրորդ անգամ։ Հետո, արդեն կաթի գործարանում կենսատու հեղուկը երրորդ անգամ էր բռնաբարվում և նմանվում երեք անգամ կարմիր խնձորով ամուսնացած կավատի։ Գաստրոնոմներում կաթը դժգույն էր և վանող։ Փոխարենը կարիք չկար շշերը լվանալու. պատվազրկված կաթը հետքեր չէր թողնում։ Այո՜։


ԹԵՐԽԱՇ ՄՏՔԵՐ
(կեսարյան հատում)
Հոմոսովետիկուսները (այսինքն` ՀԽՍՀ բնակիչները) անվերջ անարատ սննդի կարոտ էին։ Թե՛ կրկեսի հարևանությամբ վաճառվող կիսաառասպելական «պեռաշկին», թե՛ պոնչիկանոցի նշանավոր պոնչիկը բազմակի պատվազրկված էին։ Այսպես էր հացի, մսամթերքի, շապիկա-վարտիքի և այլնի պարագայում։ Տարաբախտ հոմոսովետիկուսներ։ Շատերն այդպես էլ գլխի չընկան, որ Սևանի ավազանի արգասաբեր արոտներից սնված կովերն անզուգական կաթ էին արտադրում, որից պատրաստվում էր «Շվեյցարական» և «Հոլանդական» տեսակի պանիր, որակով գերազանցող բուն շվեյցարական և հոլանդական պանիրը։ Պատահական չէ, որ ողջ տեսականին ուղևորվում էր Կրեմլ։
Գարեջրի սիրահարներս տարին մեկ անգամ բուն հայկական ոսկեծփուն խմիչքն էինք ճաշակում, երբ Մոսկվայից (Կրեմլի հանձնարարականներով զինված) ժամանում էր խստաբարո հանձնաժողովը, ստուգելու հայոց երեքհազարամյա գարեջրի ներկա որակը։ Երանելի՜ օրեր։ Հավատացեք, որ կուսական վիճակում սպառողին հասած լցնովի մեր գարեջուրը, ո՛չ, ոչ թե չէր զիջում, այլ գերազանցում էր գերմանական և ժիգուլևյան, չեխական ու լատվիական գարեջրերին։ Այո՜։

Գուցե գաստրոնոմիական այս տառապանքն էր պատճառը, որ ներկա քաղվերլուծաբաններն ու տնտեսական տեսաբանները (ովքեր ուսանող էին նշյալ տարիներին) պարբերաբար հանդես են գալիս թերխաշ առաջարկություններով։ Զորօրինակ, քանի տարի է` համոզում են, որ երկու ամիս երեք օրից հայտնվելու ենք տնտեսական կոլապսում, այսինքն` անդնդի (ո՞ր անդնդի) եզրին։ Վերջերս ուղղակի չափն անցան և առաջարկում են փրկիչ-շոգեքարշ, որը մեր տնտեսությունն ականջներից բռնած կքաշի կոլապսի անդնդից, կոռուպցիան կճղի սահմանը, ատկատները կանդամագրվեն մարքսիստական կուսակցությանը և այլն։ Ասվածը, ինչ խոսք, վերաբերում է «էգ կովերի» գյուտարարին, ում վարչապետության օրոք էր, որ դեղնակտուց բյուրոկրատիան սերմանեց կոռուպցիայի տեխնոլոգիան և ատկատների տեսությունը։ Դա «վիզ պետք էր», զի օլիգարխիայի առաջին ծծկերներ էին ոտքի կանգնում` գլուխներն արևի երես հանելու։ Եվ, ահավասիկ, հանրապետության տնտեսությունը դիվոտեց ու փառակալեց։
ՈՒսանողական կյանքի չարքաշ սնունդն էր մեղավոր։ Խայտառակություն է, տղաները, դեռ զգալով ուսանողական բուֆետի երշիկի և բանվորական ճաշարանի բորշչի այրոցը ստամոքսում, անցնում էին (իհարկե, պատահաբար), զորօրինակ, «Արարատ» ռեստորանի խոհանոցով և ակամա ըմբոշխնում փուռը տված գառան և տապակած կաքավների դրախտային բուրմունքը։ Փառաբանե՞ն նրանց։ Բնավ։ Զի մեզ համոզում են զօր ու գիշեր, թե հնարավոր է խրատով դարձի բերել գանձագողին, քարոզով էլ` որսաբոզին։ Այո՜։ Պատվազրկված սնունդը տարիների ընթացքում ավերել է նրանց ներաշխարհը։

ՍԵՎ ԴԵՎԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
(շարունակություն)
Երբ Սեդրակիչը հայտարարեց, թե «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», տրամվայները (իբր թե պատահաբար) գծերից դուրս ընկան, ԱԺ ճաշարանի գլխավոր շերեփն ինքնորոշվեց և սկսեց ցիտել Հայրիկյանին։ Իր հերթին խափանվեց հյուրանոցներից մեկի գլխավոր վերելակը, որով մառան էին իջնում Եվրոպայի համասեռամոլների աջ փոքրամասնության անդամները։ (Հետաքննությունը հիմնավորեց, որ վերելակը նենգադուլ էր հայտարարել և որոշել էր փոխադրել միայն տեղական աղանդավորներին)։
«Իմ կուսակցությունը ժողովուրդն է», վսեմ է, ազնիվ, թեկուզ և քիչումիչ էլ` դարչնագույն։ Ի՜նչ իմանայինք պարզամիտներս, որ կամային այս պետայրը մեզ (հոգու խորքում) վերաբերվում է` ինչպես շամանն է վերաբերվում յուր բացատի էսկիմոսներին։
Նրա կուսակցությունն օլիգարխն էր, թև-թիկունքը` դե, հասկանալի է, թե ով։ Սկսեցինք կոլխոզով, հիշենք նաև խորհրդային վեհաշունչ կարգախոսներից մեկը. «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել»։ Այսպիսով, Շմայս, Ծաղիկ, Նեմեց, Լֆիկ, Ալրաղաց, Գռզո, Ճոյտ, Լեդի։ (Ինչպիսի զուռնի-տրնգի ասես )։ Նաև Խուճուճ Էդո։ Ինչո՞ւ չէ` Կոմբիկորմի Վլադ։ Թերևս Թալան-տորգի Մայիս։ Ի վերջո՜, չէ, այս անունն անձեռնմխելի է, զի սույն գերագույն օլիգարխը յուր պատվական մականունը լսելիս ուղղակի դիվոտում է ու թափով բարեգործական ճաշարան «երթուղի բացում»։ Բայց այս մասին դեռ փիքր կանենք, բավ է, ինքս էլ եմ ակամա դիվոտում, գրողն ինձ տանի (ասենք, Լևոն Անանյանը հրավիրի յուր պատվարժան առանձնասենյակ հոնի օղի ըմպելու), բուն խնդիրը չմոռանամ։
Այսպիսով, նրանց գործը` ազգային-պետական ունեցվածքի անձնավորում։ Այսինքն` թվաբանական չորս գործողության լիակատար իմացությունը թույլ է տալիս միլիոնը գրպանել և 1 %-ը մուծել որպես պետական տուրք, 1 %-ի կեսն էլ որպես բարեգործություն։ Ինչպիսի՜ ստոր սխրագործություն, «ջեբկիրական» ինչպիսի՜ հայտնագործություն։ Իսկ այս շերտը, որը մականունակիրների համեմատությամբ գրագետ է անհամեմատ։ Այո՜, այո՜, օսլայած օձիքավորների շերտն է, չինովնիկական մեր գլխադասը, երկիր կառուցելու կատաղի թշնամին։ Կարողությամբ չեն զիջում գեներալական օլիգոպոլիային։ Սակայն շատ ավելի պաշտպանունակ են։ Զի նրանց թև-թիկունք են հանրապետությունը պարտքերի տակ ծնկի բերած վարկային հիմնադրամները, աղանդավորական կենտրոնները և այլևայլ հրեշապատումները։ Սրանք երկկենցաղ են։ Այստեղ ծառայում են հանրությանը։ Ազատություն են ստանում (այլ կերպ ասած` սանձարձակվում են) մոլորակի մամռակալած խաղատներում և բորդելներում։ Հնարամիտ են գրպանահատային անկեղծությամբ։ Չէ, սրանք թվաբանությունը վաղուց են մարսել և բարձրագույն մաթեմատիկայի բնագավառում հրաշալի մի հայտնագործության հեղինակ են, հայտագրում են մեկ բնակարան, կես ամառանոց և երկու հեծանիվ, սակայն զավակները սովորում են Օքսֆորդում։ Այո՜։

ՎԵՐՋՆԱԽԱՂ
(ուղերձ թուլամիտ-թուլայամիտներին)
Այսպիսով, նախ մեր հոգեմտակերպից զանց առնենք թերխաշությունն ու թուլամիտ-թուլայամտությունը։ Զանց առնենք միայն վիրահատությամբ։ Քանզի թերխաշները մեզ զօրուգիշեր համոզում են, որ հնարավոր է ստահակին ահռելի հնարավորություններ տալ, թողնել, որ երկրի ներսում կառուցի սեփական պետությունը և անձնուրաց ծառայի` երկրին, ժողովրդին, ապագային։ Այսինքն, հնարավոր ենք համարում աղավնիների և բորենիների խաղաղ գոյակցությունը մի տանիքի տակ։
Եվ ահա ազգովին (օլիգոպոլիան և չինովնիկական վերադասը չհաշված) պարտվում ենք մրցախաղի ամենածանր պարտիայում, որ մեզ է առաջադրել պատմությունը հայոց, կորցնում ենք իրական պետականությունը, իսկական ժողովրդավարությունը։ Տանուլ ենք տալիս անկախությունը։
Տանուլ ենք տալիս, երբ այս մի բուռ բնակչության շախմատային ընտրանին աշխարհի և օլիմպիական գործող չեմպիոնն է։ Սա հերթական Ավարայրն ու Սարդարապատը չէ՞։
Եվ ահա խամաճիկների այս զավեշտախաղում խաղը շահում են (առայժմ շահում են) օլիգարխները, գեներալներն ու չինովնիկները։
Տառաճանաչները խորհրդարանում օրենքներ են ծնում, ողբա՜մ զքեզ, երրորդ հանրապետություն։
Գեներալի ու զինվորի ապրուստի միջև անդունդ է, մթին և անբարո, ողբա՜մ զքեզ, Երկիր Նաիրի։
Չինովնիկական գլխադասի համար Հայաստան աշխարհը նույնացված է սեփական սեղանի, փողկապի և նստուկի հետ, ողբամ զքեզ, գալիք սերունդ։
Այսպիսով, գլխավորը` մեր անցողիկ զինվորը պիտի հատի սահմանը։
Դիվազրկում ենք դևերին` ազգայնացնելով նրանց մենաշնորհները, դղյակները, շոգենավերն ու բարեգործությունը։
Եվ տնամերձեր ենք հատկացնում X ագարակում։
Թող քավեն մեղքերը երկնքի և երկրի առջև։
Զորօրինակ, փայտից կրակ ստանան, ոչխար պահեն ու ցորեն ցանեն։ Իրիկնահացին էլ սերտեն ՀԱՅՈՑ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ։
Հուռռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Մեծն Հաննիբալ Բարկան, երևելի զորավարը, քաղաքացին ու պետայրը Հռոմը համարում էր Տիեզերքի չարիքը և Կարթագենի բարգավաճման խոչընդոտը։ ՈՒ ի՜նչ ցնծագին էր Հաննիբալ Համիլկարովիչի անցումն Իտալիայով։ Նա հռոմեացիներին ծնկի բերեց Տրեբիա և Տիկինոս գետերի ափին, հետո էլ Տրազիմենուս լճի ափին։ (Ի՜նչ զորավոր թալիսման էր Տ տառը Հ.-ի կյանքում)։ Սակայն աշխարհակուլ Հռոմին թիկունք կանգնեց, ձեր կարծիքով, ո՞վ. Նեմե՞ցը, Շմա՞յսը, թե՞ Ճոյտը։ Բնավ։ Նրան սատարեց Կարթագենի գերհագեցած օլիգարխիատը։
Ք. ծ. ա. 195-ին Բարկա Հաննիբալն ամորձատեց կարթագենական օլիգարխիան։ ՈՒ գիտե՞ք ինչու։ Զի օլիգարխիայի համար, լինի այն կարթագենական, չուկչիական, թե նորհայկական, ՀԱՅՐԵՆԻՔ ասվածը նույնացված է շոգեբաղնիքի, հարճերի և հացահատիկի պլանտացիաների հետ։
Արդ, ինչ ցուցանե առակս։ Չմոռանանք մեր Հռոմները, Բաքուն, Իսթամբուլը, Թիֆլիսն ու Մոսկովը։

Դիտվել է՝ 3712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ