Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բոլորին ամենից առաջ մտահոգողը զինվորի առողջությունն է»

«Բոլորին ամենից առաջ մտահոգողը  զինվորի առողջությունն է»
05.10.2012 | 12:22

«Իրատես de facto»-ի հյուրն է Բերդ քաղաքի հոսպիտալի պետ ԷԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նրա հետ մեր հանդիպումը կայացել է իր ղեկավարած հաստատությունում: Զրույցն սկսելուց առաջ ստիպված էինք մի փոքր սպասել, մինչև նա կավարտեր իրեն դիմած ծերունու բուժզննումը: Մեզ համար անսպասելի էր զինվորական հոսպիտալում տեսնել քաղաքացիական պացիենտի, սակայն զրույցի ընթացքում տեղեկացանք, որ հոսպիտալը բուժսպասարկում է իրականացնում ոչ միայն զինվորականների շրջանում: Քանի որ Բերդում ընտրվել էր նոր քաղաքապետ` ի դեմս ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Մանուչարյանի, մենք խնդրեցինք հոսպիտալի պետին նաև այս առթիվ հայտնել իր նկատառումները:

«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՀԱՍԱՆԵԼԻ ԼԻՆԵՍ ՔՈ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ»
-Պարոն Գրիգորյան, Ձեր ղեկավարած հոսպիտալում բուժսպասարկում է տրամադրվում միայն Բերդի տարածաշրջանո՞ւմ ծառայող զինվորականներին, թե՞ այլ զինվորական տեղամասերում ծառայողները ևս կարող են դիմել Ձեզ:
-Մենք հիմնականում զբաղվում ենք երկու զինվորական գնդի բուժսպասարկմամբ: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` հոսպիտալը սպասարկում է նաև տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը: Ըստ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության` քաղաքացիական բնակչությանը հատկացվում են հոսպիտալի բուժսպասարկման հնարավորությունները` 10 տոկոսի սահմաններում:
-Այո՛, ես արդեն նկատեցի, որ Դուք սպասարկում էիք տեղացի մի ծերունու: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի խնդիրներով են Ձեզ դիմում հիվանդները: Ինչպիսի՞ հիվանդությունների ախտորոշման և բուժման հնարավորություններ ունի հոսպիտալը: Վիրահատական միջամտություններ իրականացնելու պայմաններ ունե՞ք այստեղ:
-Հոսպիտալում վերջին չորս-հինգ տարում մոտավորապես հինգ հազարից ավելի վիրահատություն է կատարվել: Վիրահատվողների երեսուն տոկոսը քաղաքացիական անձինք են: Վիրահատություններն ընդգրկում են շատ մեծ ծավալներ` սկսած ստամոքսի մասնահատումից մինչև թեթև վիրաբուժական միջամտություններ: Հոսպիտալը համալրված է բարձրակարգ մասնագետներով, հագեցած է լավագույն բուժսարքավորումներով:
-Այդ հագեցվածությունը պայմանավորված է պաշտպանության նախարարության տրամադրած միջոցներո՞վ, թե՞ կան նաև այլ աղբյուրներ:
-Անհատ բարերարների կողմից ներդրումներ երբևիցե չեն իրականացվել, քանի որ սա ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկ է, և նախարարությունն է հոգում բոլոր խնդիրները: Մասնագետներն այստեղ գալիս են աշխատելու պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետից` որոշ բուժհիմնարկություններում համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո: Ես ինքս էլ, մինչև այստեղ գալը, աշխատել եմ Երևանում` ուռուցքաբանության ինստիտուտում, ՆԳՆ հոսպիտալում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
-Առավել հաճախ ի՞նչ գանգատներով են այս հաստատությանը դիմում զինվորականները:
-Տարբեր աստիճանների հիվանդացության դեպքեր են լինում զինվորականների շրջանում: Սահմանամերձ գոտում ենք գտնվում, սահմանը պահող ամենամեծ տարածքն է սա: Բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ լարված է իրավիճակը սահմանում: Ամեն ամիս էլ լինում են միջադեպեր, մեզ դիմում են ականապայթյունային, հրազենային վնասվածքներ ունեցող զինվորներ: Պատահում են կոտրվածքների, տարբեր տեսակի տրավմաների դեպքեր: Բնական է, որ լինում են նաև վիրաբուժական հիվանդությունների սրացումներ:
-Բնականաբար, առավել ծանր հիվանդությունների դեպքում Դուք ստիպված եք լինում դիմել մայրաքաղաքային կլինիկաների օժանդակությանը: Ի՞նչ հաճախականությամբ է դա արվում:
-Որպես կանոն` հոսպիտալն ինքն է հոգում իրեն դիմած հիվանդների առողջական խնդիրները: Բայց, այո՛, եթե առկա է նեղ մասնագիտական միջամտության անհրաժեշտություն, որը չի կարող իրականացնել հոսպիտալը, ապա դիմում ենք մայրաքաղաքի օգնությանը: Դա անում ենք նաև այն դեպքերում, երբ հիվանդին հարկավոր է երկարաժամկետ հոսպիտալացում: Մենք ունենք հրաման, համաձայն որի` իրավունք ունենք հիվանդին սպասարկելու երեսուն օրվա ընթացքում: Եթե հիվանդության բուժման, հիվանդի վերջնական ապաքինման համար հարկավոր է լինում երեսուն օրից ավելի ժամանակ, մենք հիվանդներին տեղափոխում ենք Երևան: Այս դեպքերում առաջնորդվում ենք կամ նախարարին ուղղված դիմումներով, կամ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ:
-Ձեր հոսպիտալում հենց այս պահին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն իրականացնում է ստուգումներ: Ի՞նչ է հետաքրքրում հանձնաժողովին, ի՞նչ մտահոգություններով են սովորաբար գալիս ձեզ մոտ:
-Բոլորին ամենից առաջ մտահոգողը զինվորի առողջությունն է: Ցանկացած զինվոր, որ մեզ դիմում է որևէ գանգատով, պիտի ստանա իր խնդրի լուծումը: Մի բան, որ մենք աշխատում ենք անել մեր հնարավորությունների սահմաններում:
-Եղե՞լ են դեպքեր, երբ նախնական բուժզննում անցած և բանակ զորակոչված զինվորը դիմել է հոսպիտալ, և պարզվել է, որ նա ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնց դեպքում չի կարող անցնել պարտադիր զինծառայություն:
-Մենք նման լիազորություններ չունենք: Զբաղվում ենք կոնկրետ բուժական գործունեությամբ: Զինվորի` ծառայությանը պիտանի լինել-չլինելու հարցը լուծում է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը: Իսկ եթե ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, մենք դրանք ներկայացնում ենք ռազմաբժշկական վարչություն, վարչությունից հրահանգ ենք ստանում հիվանդին կենտրոնական հոսպիտալ տեղափոխելու մասին, կենտրոնական հոսպիտալում էլ զինվորը բուժզննում է անցնում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, և կայացվում է համապատասխան որոշում:
-Սպայական անձնակազմի անդամնե՞րն ինչ հաճախականությամբ են ձեզ դիմում: Ի՞նչ վիճակում է մեր սպաների առողջությունը:
-Երբ ես խոսում եմ զինվորականներին սպասարկելու մասին, նկատի ունեմ բոլորին, ամբողջ գունդը` թե՛ ժամկետային զինծառայողներին, թե՛ ենթասպաներին, թե՛ սպաներին, թե՛ նաև նրանց ընտանիքի անդամներին: Բոլորն էլ մեզ մոտ ստանում են համապատասխան բուժօգնություն: Հենց այս պահին մեր հոսպիտալում բուժման կուրս է անցնում զինվորականների ընտանիքների անդամներից չորս-հինգ հոգի:
-Դուք Ձեզ դիմող զինվորների անմիջական հրամանատարը չեք: Մարդ եք, որի հետ կարող են նաև անկեղծանալ, նրա առաջ հոգին բացել: Այս իմաստով ի՞նչ բնութագիր կտաք հայ զինվորին: Գաղտնիք չէ, որ զինվորներից շատերը խնդիրներ են ունենում ծառայության ընթացքում: Որպես բժիշկ` ի՞նչ կասեք հայ զինվորի հոգեկան վիճակի մասին:
-Կարծում եմ, որ մեր հոսպիտալում բավական առողջ մթնոլորտ է տիրում: Սա ասելով` նկատի ունեմ ոչ միայն ժամկետային զինվորներին, այլև սպայական անձնակազմին: Ճիշտ եք, այստեղ զինծառայողներն անկեղծանում են, բացում իրենց հոգիները, խոսում պրոբլեմներից: Հավատացնում եմ, որ այն ամենը, ինչը մեր հնարավորությունների սահմաններում է, մենք անում ենք նրանց համար: Եթե որևէ հարցում ի վիճակի ենք օգտակար լինելու զինվորականին, չենք զլանում:
-Իսկ ընկճվածության, ճնշվածության նշաններ հաճա՞խ եք նկատում նրանց մոտ:
-Բոլորին միանշանակ բնութագրել չես կարող: Լինում են նաև Ձեր նշած դեպքերը: Բայց ընդհանուր առմամբ, տիրում է առողջ մթնոլորտ:
-Ի՞նչ է նշանակում Երևանում աշխատած, մայրաքաղաքային կյանքը վայելած մարդու համար ապրելը և աշխատելը սահմանամերձ գոտում:
-Ես Բերդում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, շատ լավ բարեկամներ: Բանակը դարձել է ինձ հարազատ: Պարտքի, պատասխանատվության զգացումը երբևիցե թույլ չի տալիս, որ ես հեռանամ Շամշադինից: Այստեղ այլ է ծառայությունը: Սա երևանյան իրականություն չէ: Այստեղ միշտ պետք է պատրաստ լինես, միշտ պետք է հասանելի լինես քո կարիքն ունեցող մարդկանց: Գիշերվա ու ցերեկվա միջև տարբերություն չկա, միշտ պետք է աշխատանքային վիճակում լինես: Լինել թե՛ հրամանատար, թե՛ վիրահատող բժիշկ հեշտ բան չէ: Դա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ենթադրում: Առավել ևս, որ հոսպիտալ է դիմում նաև տեղի ժողովուրդը` մոտ 19-20 հազարի հասնող բնակչություն: Բացի Շամշադինի ժողովրդից, մեզ դիմում են նաև ամբողջ մարզից` ներառյալ Վանաձորը, Իջևանը, անգամ Երևանը:
-Ձեր հոսպիտալի հարևանությամբ գտնվում է Բերդի քաղաքային հիվանդանոցը: Մի՞թե այնտեղ չի իրականացվում բավարար բուժսպասարկում, որ այդքան ծանրաբեռնված է ձեր առօրյան:
-Դուք ասացիք: Քաղաքային հիվանդանոց ընդհանրապես չեն դիմում: Բոլոր հիվանդները գերադասում են գալ հոսպիտալ:
-Քանի՞ հոգուց է բաղկացած ձեր անձնակազմը:
-Բժիշկներս տասը հոգի ենք: ՈՒնենք երկու վիրաբույժ, մաշկավեներոլոգ, այլ մասնագետներ: Թերապևտ չունենք, բայց դիմում ենք մեր քաղաքացիական բժիշկ ընկերներին, եթե ի հայտ է գալիս թերապևտի միջամտության անհրաժեշտություն:
-Չե՞ք դիմել բժշկական համալսարան թերապևտի խնդիրը լուծելու նպատակով:
-Դա բժշկական համալսարանի խնդիրը չէ, դրանով զբաղվում է ռազմաբժշկական վարչությունը: Ռազմաբժշկական վարչությունում կոնկրետ այդ կադրերի հետ կապված սղություն կա: Իսկ եթե մենք տեղում չենք կարողանում հարցերը լուծել, Երևանից մեզ մոտ գործուղում են համապատասխան մասնագետի: Դա պարբերական բնույթ է կրում: Եթե, օրինակ, ունենք ինֆեկցիոն հիվանդությունների բռնկում, անպայման հոսպիտալ է գործուղվում ինֆեկցիոնիստ:
-Ձեր բժիշկները տեղացինե՞ր են:
-Ո՛չ: Հայաստանի տարբեր մարզերից են, նշանակումով են այստեղ աշխատում:
-Տեխնիկական անձնակազմն ինչպե՞ս է ընտրված:
-Նրանք հիմնականում տեղացիներ են:
-Փաստորեն, հոսպիտալն ինչ-որ տեղ նաև աշխատատեղերի հա՞րց է լուծում սահմանամերձ Բերդում:
-Միանշանակ: 40-ից ավելի աշխատող ունենք:
-Ի՞նչ աշխատավարձ են ստանում մարդիկ: Հայաստանյան սիմվոլիկ աշխատավարձերո՞վ են վարձատրվում, թե՞ իսկապես ստանում են այնպիսի գումար, որով կարելի է հոգալ գոնե միջին կենսամակարդակի ապահովման խնդիր:
-Ամեն ամիս ժամանակին քարտերով ստանում են դրույքաչափով իրենց հասանելիք աշխատավարձը: ՈՒրիշ առողջապահական հիմնարկների հետ համեմատած` մեր աշխատավարձերն ավելի բարձր են:
-Ո՞ր տարիքային խմբերին եք սպասարկում, միայն մեծահասակների՞ն:
-Ո՛չ: Սկսած երեք տարեկան հասակից մինչև անենածերերն սպասարկվում են մեզ մոտ: Դա ՀՀ վարչապետի կողմից հաստատված, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգ է, որին մենք հետևում ենք:

«ՔԱՂԱՔԱՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ ԻՄ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆ»
-Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք այստեղ` Բերդի հոսպիտալում:
-Արդեն տասը տարի է, որ այս հոսպիտալում եմ:
-Ի՞նչն է Ձեզ բերել Բերդ: Արմատներով այստեղի՞ց եք:
-Այո՛: Հայրական կողմս արմատներով այստեղից է:
-Ձեր ընտանիքն է՞լ է այստեղ ապրում:
-Այո՛: Հենց առաջին օրից ընտանիքս ինձ հետ տեղափոխվել է Բերդ: Մենք ապրում ենք իմ հորական տանը, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին: Ինձ բազմիցս ասել են, թե Շամշադինը քարտեզից դուրս երկիր է: ՈՒ ես բազմիցս ասել եմ. «Տե՛ր Աստված, թող Շամշադինը միշտ քարտեզից դուրս մնա»: Բանն այն է, որ այստեղ մարդկային հարաբերություններն իդեալական են: Ցանկացած պահի, ցանկացած տեղում ես զգում եմ, թե ինչ մեծ հեղինակություն եմ վայելում մարդկանց շրջանում` իբրև բժիշկ: Դա Երևանում չես տեսնի: Բարոյահոգեբանական վիճակը գերագույն մակարդակում է գտնվում: Հայաստանի ոչ մի անկյունում նման բան չես գտնի: Ես ծնվել ու մեծացել եմ Երևանում, բայց երկու ժամ չեմ կարողանում այնտեղ մնալ, կարոտում եմ Բերդին, այստեղի ժողովրդին: Մարդուն երջանիկ լինելու համար ի՞նչ է պետք. գեղեցիկ ընտանիք, որ ես ունեմ, իմ կողքին է, սիրած աշխատանք, որով զբաղվում եմ, և տան ու աշխատանքի մեջ ընկած հասարակությունը, որից ավելի լավին չեմ հանդիպել որևէ այլ տեղում:
-Աշխարհում կատարվող իրադարձություններն ինչքանո՞վ են անդրադառնում Բերդի իրականության վրա:
-Մի մոլորակի, մի երկրի բնակիչ ենք, և մեզ վրա, իհարկե, անդրադառնում է այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում: Բայց մենք աշխատում ենք հնարավորինս հանգիստ արձագանքել աշխարհի անցուդարձերին, որովհետև մեր գործն այստեղ ավելի լարված է: Եթե մայրաքաղաքում երբեմն-երբեմն են ցնցումները, մենք այստեղ ամեն օր ենք ցնցման, վտանգի մեջ: Սահմանում հնչող յուրաքանչյուր կրակոց մարդու հոգեկան աշխարհը տակնուվրա է անում: Բայց մենք ունենք մեր մխիթարության, հանգստության գործոնները: Միայն մեր բնությունը բավական է, որ երբեք չերազենք շվեյցարիաների, աշխարհի գեղատեսիլ անկյունների մասին: Այն վայելքները, որ կարելի է ապրել մեր անտառներում, մեր գետափերին, ուրիշ ոչ մի տեղ չես գտնի: Իհարկե, կցանկանայի, որ բարեփոխումներ լինեին քաղաքում, կառուցվեին մանկական խաղահրապարակներ, ստեղծվեին հանգստի գոտիներ, պուրակներ, կազմակերպվեին մասսայական միջոցառումներ, բարեկարգվեին ճանապարհները, ստեղծվեին աշխատատեղեր: Բժշկին կերակրողը ժողովուրդն է: Եթե ժողովուրդը լավ ապրի, լավ կապրի նաև բժիշկը: Ազգի աղետն սկսվում է սահմանամերձ գոտիների դատարկվելուց: Եթե բնակչության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն, մարդիկ չեն լքի իրենց բնակավայրը: Սա համազգային խնդիր է:
-Բերդում վերջերս կայացան քաղաքապետի ընտրություններ: Գո՞հ եք արդյունքից:
-Բանակը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց ես ունեմ իմ անձնական կողմնորոշումը: Ընտրությունների արդյունքում քաղաքապետ է դարձել իմ նախընտրած թեկնածուն` Հարություն Մանուչարյանը: Վստահ եմ, որ իմ նշած ցանկալի բարեփոխումները կարճ ժամանակում իրականություն կդառնան մեր քաղաքում: Մինչև քաղաքապետ դառնալն էլ Մանուչարյանը շատ գործեր է արել Բերդի համար, կասկածից վեր է, որ ավելին կանի հիմա:


Զրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ
Բերդ-Երևան

Դիտվել է՝ 5927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ