Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ում մտածելու շատ բան ունեն

ԲՀԿ-ում մտածելու  շատ բան ունեն
05.10.2012 | 12:34

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի «գործը» վերածվել է վերջին օրերի հայաստանյան քաղաքական գործընթացների կարևորագույն խնդրի: ԲՀԿ-ն և Հայաստանի իշխանություններին ընդդիմադիր այլ ուժեր պնդում են, որ փողերի լվացման օսկանյանական արկածախնդրությունը ոչ թե իրավական խնդիր է, որում պաշտոնաթող դիվանագետ Օսկանյանն ունի մեղքի իր բաժինը, այլ քաղաքական պատվեր է, որն ուղղված է ԲՀԿ-ի դեմ: Նշենք, որ, անկախ իրավական խնդիրներից, Օսկանյանի գործն ունի նաև կարևորագույն քաղաքական բաղադրիչ, քանզի օրինախախտման դեպքը վերածվեց ոչ միայն երկրի ամենաազդեցիկ կուսակցությունների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ ներքաղաքական «շիլաշփոթի», այլև միջազգային ատյաններում Հայաստանի վարկանիշը կասկածի տակ դնելու վտանգ առաջացրեց:

ՈՒշագրավ է, որ Վարդան Օսկանյանն ու նրա համախոհները ջանք ու եռանդ չեն խնայում ապացուցելու համար, որ դատախազության մեղադրանքն անհիմն է: Միևնույն ժամանակ հարց է առաջանում. ինչպե՞ս կարող է Հայաստանի իշխանությունը, տեղի տալով դատախազության «անհիմն» մեղադրանքներին, հալածել Օսկանյանին, ի՞նչ է տալիս դա Սերժ Սարգսյանի իշխանությանը, արդյո՞ք ՀՀ նախկին արտաքին գործերի նախարարն այնքան վտանգավոր է իշխող ՀՀԿ-ի համար, որ վերջինս փորձում է նախագահական ընտրությունների նախաշեմին մեկուսացնել նրան` դրանով իսկ իրեն դնելով ծանր իրադրության մեջ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում: Ասել կուզե` «գործ կարելու» հարցում իշխանությանը մեղադրելուց առաջ պետք է նաև հասկանալ այն պարզ իրողությունը, որ իշխանությունը ևս հաշվարկում է իր քայլերը, դրական ու բացասական արձագանքներն ու հնարավոր հետևանքները:
Ինչևէ, Օսկանյանի «գործի» իրավական կողմը թողնենք իրավապահներին և փորձենք հասկանալ այս պատմության քաղաքական բաղադրիչները, մանավանդ որ թեմայի առնչությամբ տեսակետ հայտնեց նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ էության, նախագահական ընտրություններին ընդառաջ հստակորեն ընդգծվեցին Սերժ Սարգսյանի և նրան ընդդիմացող քաղաքական ուժերի բաժանարար գծերը, որոշ քաղաքական գործիչներ էլ դիմակազերծվեցին: Ամենաբարդ իրադրության մեջ հայտնվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը չմասնակցեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի քննարկմանն ու դրան հաջորդած քվեարկությանը (իր քայլերը պատճառաբանելով անհետաձգելի արտասահմանյան այցով): Ի դեպ, այս երևույթը չի կարող տրամաբանական ու արդարացված համարվել, քանզի Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է ԲՀԿ նախագահը, նա քաղաքական գործիչ է և ոչ պետական այր, ով անհետաձգելի արտասահմանյան այցեր կարող էր ունենալ: Եթե Ծառուկյանն ամենավճռական պահերին անհետաձգելի արտասահմանյան «բիզնես լանչեր» է ունենում, դա նշանակում է, որ քաղաքականությունը նրա տեղը չէ, մանավանդ որ կուսակցությունն ու նրա «թիկունքում եղած կես միլիոն ձայները» սրտի տրոփով հետևում էին իրադարձությունների զարգացմանը և ակնկալում Ծառուկյանի խոսքը:
Ստացվեց այնպես, որ չմասնակցելով ԱԺ-ում ԲՀԿ առանցքային դերակատարներից Վարդան Օսկանյանի «գործի» քննարկմանը` Գագիկ Ծառուկյանը լրջագույն հարվածի տակ դրեց իր իսկ անձնական հեղինակությունը: Սա կարող է վկայել այն մասին, որ ժամանակին հանրապետական որոշ պատգամավորներ ԲՀԿ-ին ճիշտ գնահատականներ էին տալիս` այն անվանելով «փչած փուչիկ»: Ծառուկյանի «հզոր ու աննահանջ» կերպարը ստեղծվել է երկար տարիների աշխատանքի, լուրջ ֆինանսական միջոցների ներդրման ճանապարհով, և Օսկանյանի «գործին» հեռվից հետևելը ծայրահեղ բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ԲՀԿ-ականների և նրանց համախոհների վրա, այլև իշխող հանրապետականին ընդդիմացող զանգվածների վրա, քանզի զանգվածները հարգում են և կարող են գնալ միայն ուժեղ և աննահանջ ընդդիմադիր թեկնածուի հետևից, իսկ Ծառուկյանը, «մեկնելով արտասահման», հուսախաբ արեց նրանց:
Պետք է նշել, որ ԲՀԿ անդամներն իրենց տեսակով շատ չեն տարբերվում հանրապետականներից և հիմնականում այն մարդիկ են, ովքեր չեն կարողացել իրենց տեղը գտնել ՀՀԿ շարքերում` փորձելով այլընտրանքային ճանապարհով հայտնվել իշխանական բուրգում: Նաև այս համատեքստում է, որ Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը վտանգվում է, քանզի իշխանության կերակրամաններին հնարավորինս մոտ ձգտող խավը սկսում է գիտակցել, որ Ծառուկյանն այն գործիչը չէ, ով կարող է հագուրդ տալ իրենց ցանկություններին: Եվ եթե հաշվի ենք առնում այս փաստը, որն ակնհայտ է դարձնում ՀՀԿ-ԲՀԿ վերջնական բաժանումը, ապա առավել քան տագնապալի է դառնում Ծառուկյանի վիճակը, քանզի նրա հավաքագրած գործիչները, ամենայն հավանականությամբ, կլքեն կուսակցության շարքերը` այդպես էլ չկարողանալով տեղավորվել իշխանական բուրգում կամ օգտվել «տենդերներից»:
ՈՒշագրավ է նաև այն փաստը, որ շուտով ԱԺ-ում սկսվելու են պետական բյուջեի մասին օրենքի քննարկումները, և այս շիկացած իրավիճակում ԲՀԿ-ն պետք է դիրքորոշում հայտնի` կո՞ղմ է արդյոք կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին, թե՞ ոչ: Չմոռանանք, որ տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն «քլնգում է» կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուստի և բավականին ուշագրավ զարգացումներ են սպասվում: Եթե ԲՀԿ-ն կողմ քվեարկի վարչապետ Սարգսյանի ներկայացրած բյուջեին, ապա ոչ միայն կենցաղային մակարդակում կկորցնի իր դեմքը, այլև ստիպված կլինի մոռանալ ընդդիմությանը միավորելու և առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀԿ հիմնական մրցակիցը դառնալու հավակնությունները: Մյուս կողմից, եթե դեմ քվեարկի Տիգրան Սարգսյանի ներկայացրած բյուջեի նախագծին, ապա ստիպված կլինի հրաժարվել նախագահական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության մասը կազմելու մտադրություններից, իսկ դա արդեն ԲՀԿ-ի ներքին հիերարխիայում միջին և բարձր տեղեր զբաղեցնող կուսակցականների սրտով չէ:
Ստացվում է, որ ԲՀԿ-ն կանգնած է «ֆուկային» այնպիսի իրավիճակի առջև, երբ վտանգավոր են բոլոր քայլերը` առաջ, հետ գնալը կամ տեղում մնալը: Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Գագիկ Ծառուկյանի և նրա թիկունքում կանգնած մարդկանց վրա, քանզի ժամանակին չեն կարողացել ճիշտ հաշվարկներ կատարել և քաղաքական վերդասավորումներում իրենց տեղը գտնել: Ընդհանրապես, քաղաքականության բնագավառում ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել: Մայիսյան խորհրդարանական ընտրություններում սպասվածից ավելի շատ ձայներ հավաքած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցայսօր էլ չի կարողանում դուրս գալ էյֆորիկ վիճակից և ճշգրիտ գնահատականներ տալ ստեղծված իրադրությանը և հենց այդ պատճառով էլ ճակատագրական պահին թողնում է իր կուսակցին ու «անհետաձգելի այցեր կազմակերպում»: ԲՀԿ-ի շուրջ ստեղծված այս ոչ նախանձելի իրադրության պատճառներից ամենակարևորը, թերևս, նախագահ Սերժ Սարգսյանի «խաղային հնարավորությունները» թերագնահատելն էր, ինչի արդյունքում այսօր ԲՀԿ-ի ծանր հրետանի և արևմտամետ գործչի համբավ ունեցող Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացմանը մասնակցելու մեջ, և եթե այդ մեղադրանքը դատարանում ապացուցվի, ապա Վարդան Օսկանյանի հեղինակությունն Արևմուտքում կհավասարվի զրոյի, քանզի եվրատլանտիստների համար փողերի լվացումն ու ահաբեկչությունը համահավասար երևույթներ են: ՈՒստի և ԲՀԿ-ում մտածելու շատ բան ունեն։


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ