USD485.09
EUR554.26
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Սերգո Կարապետյանը՝ Արմավիրի մարզում նոր գործարանի բացման մասին

Սերգո Կարապետյանը՝ Արմավիրի մարզում նոր գործարանի բացման մասին
06.10.2012 | 11:51

Ըստ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` Արմավիրի մարզում նոր գործարանի բացումը մեծ նշանակություն կունենա հանրապետության գինեգործության հետագա զարգացման համար:


Արմավիրի մարզում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել տարեկան 300.000 լիտր արտադրական հզորությամբ` «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) գինու գործարանի բացման պաշտոնական արարողությունը, որտեղ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ ներկա է եղել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կարևորելով գինու նոր գործարանի բացումն ու գինեգործության զարգացումը Հայաստանում, գյուղատնտեսության նախարարը նշել է, որ,Արմավիրի մարզում նոր գինեգործարանի բացումը շատ մեծ նշանակություն է ունենալու հանրապետության գինեգործության հետագա զարգացման համար:
«Առաջինը, որ նոր մշակույթ է մտնում գինեգործության ոլորտ, քանի որ անցյալ տարի, երբ միջազգային բոլոր մրցանակաբաշխություններում համտեսեցինք փորձնական նմուշները, այս գործարանի դեռ նախնական արտադրած գինին համարվեց լավագույը, ինչն իր որակով չի զիջում ֆրանսիական գինիներին: Այն նոր լիցք է հաղորդելու և գինեգործության ոլորտում առողջ մրցունակության հիմք է դառնալու: Հայաստանը դեռևս չօգտագործված մեծ ռեսուրսներ ունի, իսկ այդ առումով սա նորություն է մեր երկրի համար: Գինեգործության համար առայժմ հումք է ծառայելու գործարանի սեփական այգու բերքը: Հետագայում հնարավոր է նաև մթերվի»- ասել է նախարարը:
Գինեգետ Միշել Ռոլանը ողջունելով Հայաստանում գինու նոր գործարանի բացումը, վստահեցրել է, որ վերջինիս արտադրանքը կլինի ամենաօրիգինալ գինին աշխարհում: «Գինու արտադրման մեթոդները կախարդական մեթոդներ են, որոնք ես չեմ կարող հրապարակել: Գինու արտադրությունը 6000 տարի առաջ եղել է Հայաստանում, բայց այդ ավանդույթը վերացել է: Պետք է, որ այդ ավանդույթը վերադառնա և կվերադառնա, մենք էլ լավ գինի կարտադրենք: Իսկ ես գիտեմ` դա ինչպես պետք է անել»,-հավաստիացրել է Միշել Ռոլանը:
Նշենք, որ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփականություն հանդիացող Բաղրամյան և Արևադաշտ գյուղերին հարող նորակառույց գործարանն առաջիկա տարիներին գինու արտադրության ծավալները նախատեսել է հասցնել մինչև 1 մլն լիտրի: Գործարանը, որի կառուցման առաջին փուլում ներդրվել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար, հագեցած է իտալական և ֆրանսիական ժամանակակից սարքավորումներով: Արտադրվելիք 3 տեսակի` կարմիր, սպիտակ և կարմիր հնեցված գինիների թորման համար օգտագործվեն խաղողի հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական սորտեր, ինչը վերահսկվելու է աշխարհի լավագույն գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի և հայ գինեգործների կողմից:
Հավելենք նաև, որ «Տիեռաս դե Արմենիան» լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություներից մեկը, նաև ներմուծում է խաղողի այգիների ստեղծման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի, ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao