Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մանրէները հաղթում են հակաբիոտիկներին

Մանրէները հաղթում են հակաբիոտիկներին
06.10.2012 | 22:26

Բժիշկները սկսել են ավելի ու ավելի շատ անհանգստանալ. վերջին տարիներին բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների նկատմամբ, նույնիսկ վերջին սերնդի։ Այս խնդիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է մարդկությանը սպառնացող վտանգներից մեկը։

Ժամանակին հակաբիոտիկների հայտնագործումը համարվում էր մեծ առաջընթաց, սակայն դրանց հայտնագործումից գրեթե անմիջապես հետո սկսեցին ի հայտ գալ միկրոբներ, որոնք ունակ էին հարմարվելու դեղամիջոցի ազդեցությանը։ ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ արդեն 10-20 տարի անց գործնականում գոյություն ունեցող բոլոր միկրոօրգանիզմները ձեռք կբերեն կայունություն հակաբիոտիկների նկատմամբ, քանի որ այս տեսակի դեղամիջոցների ստեղծման տեմպերը հետ են մնում նոր «սուպերբակտերիաների» ի հայտ գալու տեմպերից։ 21-րդ դարի սկզբից ի վեր ստեղծվել է ընդամենը 5 նոր հակաբիոտիկ։ Նշենք, որ մեկ դեղամիջոցի ստեղծման համար պահանջվում է մոտ 1,5 միլիարդ դոլար և ավելի քան 10 տարի ժամանակ։ Միաժամանակ տվյալները փաստում են, որ տարեկան գրանցվում է շուրջ 400 հազար վարակ, որոնցից շատերը կայունություն են ցուցաբերում հակաբիոտիկների նկատմամբ։
Համաճարակաբաններն այսօր արդեն զգուշացնում են, որ շատ շուտով մեզ սպառնալու է ճիշտ նույն իրավիճակը, ինչ ունեինք մինչ հակաբիոտիկների հայտնաբերումը, երբ մարդկությունն անզոր էր անգամ ամենաթույլ վարակի դեմ պայքարելու։ Այսօր արդեն 115 հակաբիոտիկներից 68-ը պրակտիկորեն չեն գործում։
Մեր զրուցակիցն է դեղագետ, Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի ասիստենտ ՄԱՐԹԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ։ Նա նշում է, որ հակաբիոտիկները կամ անտիբիոտիկները բնական կամ կիսասինթետիկ նյութեր են, որոնք ընկճում են բջիջների աճը կամ բերում են նրանց մահվան։ Հակաբիոտիկներն ունեն հակաբակտերիալ ազդեցություն ոչ միայն արտաքին օգտագործման ժամանակ, այլև կիրառելի են օրգանիզմի կենսաբանական միջավայրերում և կարող են ներմուծվել՝ պերօրալ, միջմկանային, ներերակային, ռեկտալ, վագինալ և այլ ճանապարհներով։ «Այսօր ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ողջ աշխարհում լայն տարածում ունեն հակաբիոտիկ դեղերը։ Սակայն պետք չէ մոռանալ դրանց կողմնակի, վնասակար ազդեցությունների մասին: Հակաբիոտիկ դեղերն ունեն ռեզիստենտականության հատկություն, որն է մանրէների կայունությունը այս կամ այն հակաբիոտիկի հանդեպ: Սա նշանակում է, որ միևնույն օրանիզմը նույն հակաբիոտիկի անընդհատ ընդունումից հետո չի տալու բուժիչ ազդեցություն, քանի որ օրգանիզմն արդեն ռեզիստենտ է լինելու այդ հակաբիոտիկի հանդեպ: Դրա համար ցանկացած դեպքում բուժումը սկսվում է թեթև հակաբիոտիկի քիչ դոզայով և աստիճանաբար է ավելացվում: Օրգանիզմի վրա բուժիչ ազդեցություն չունենալը կարող է լինել ռեզիստենտականության, սխալ նշանակման, սխալ դեղաչափի պատճառով: ՈՒստի հակաբիոտիկներ ընդունելիս պարտադիր անհրաժեշտ է դիմել բժշկի»,- նշում է Մարթա Սիմոնյանը:
Դեղագետը նշում է, որ տարեցտարի ստեղծվում եմ նոր հակաբիոտիկներ, ընդլայնվում է հակաբիոտիկների տեսականին, նոր սերնդի հակաբիոտիկներն են դառնում ճանաչված. «ՈՒղղակի անհրաժեշտ է հիշել, որ ցանկացած նոր դեղի ստեղծումը 20-30 տարի է տևում, մինչև վաճառքի դուրս բերելը: Թեպետ զարգացած աշխարհն ու բժշկությունն ուզում են ազատվել հակաբիոտիկներից, բայց և այդպես չեն գտնում համապատասխան փոխարինողներ»:
Մարթա Սիմոնյանը մտահոգիչ է համարում այն, որ Հայաստանի դեղատներում ազատ վաճառվում է ցանկացած անտիբիոտիկ։ «Ոչ մի զարգացած երկրում չեք գտնի դեղատուն, որտեղից կարող եք ազատ ձեռք բերել հակաբիոտիկ։ Հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրվող և հաշվառվող դեղեր են: Մեր նորանկախ հանրապետությունում վերացել է դեղատոմս հասկացությունը: Այն տրվում է միայն ուժեղ ազդող, թմրաբեր և թունավոր դեղերի համար: Բայց չէ՞ որ կան բազմաթիվ դեղաբանական խմբերին պատկանող դեղեր, որոնք ևս անհրաժեշտ է դեղատոմսով բաց թողնել: Սա նպաստում է մեր երկրում ինքնաբուժման գործընթացի զարգացմանը, որը ևս ցավալի երևույթ է: Դեղատան ցանկացած աշխատող կարող է իր գիտելիքների սահմաններում նշանակել հակաբիոտիկներ՝ հաշվի չառնելով բազմաթիվ հանգամանքներ, կամ հիվանդները, լսելով այս կամ այն դեղի մասին, որոշում են փորձարկել այն իրենց հիվանդությունները բուժելու համար: Հաճախ էլ ցանցած մրսածություն բուժելու կամ ջերմություն իջեցնելու համար ընդունում են հակաբիոտիկ: ՉԻ ԿԱՐԵԼԻ: Գրագիտության պակաս է: Սա հսկայական խնդիր է մեր երկրի համար: Կարծում եմ՝ անհրաժեշտ է մշակել որոշակի սխեմա հակաբիոտիկները միմիայն դեղատոմսով դուրս գրելու համար»,- նշում է մասնագետը։
Մարթա Սիմոնյանը նկատում է նաև, որ «հակաբիոտիկ» բառն առաջացել է anti-հակա, դեմ և bios-կյանք արմատներից: Այսինքն՝ սրանք դեղեր են կյանքի դեմ: Նրանց կողմնակի ազդեցությունները բազմաթիվ են: Կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա` ցան, քոր, այտուց, դիսբիոզ՝ ստամոքս-աղիքային տրակտի խանգարում, փորլուծություն, փորկապություն, սնկային հիվանդություններ, իմունիտետի ընկճում, ինչպես նաև արդեն իսկ նշված ռեզիստենտականության առկայություն:
ԱՀԿ-ն կոչ է արել գտնել հակաբիոտիկներին փոխարինող, ինչի ուղղությամբ աշխատում են աշխարհի գիտական լաբորատորիաները։ Հուսանք, որ գիտնականները հաջողության կհասնեն, հակառակ դեպքում անմենափոքր վարակն անգամ կարող է լրջագույն վտանգներ պարունակել։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ