Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժամանակները փոխվում են, տրամաբանությունը` ոչ»

«Ժամանակները փոխվում են, տրամաբանությունը` ոչ»
08.10.2012 | 19:52

«Իրատես de facto»-ի հյուրն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Հայաստանի ներքաղաքական կյանքում, Ձեր գնահատմամբ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
-Ներքաղաքական կյանք, որպես այդպիսին, Հայաստանում չկա, որովհետև քաղաքական սուբյեկտների կյանքը Հայաստանում քաղաքական չէ, ավելի ճիշտ է գնահատել, թե քաղաքականության մեջ եղած ուժերն իրենց ինչպես կպահեն: Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեկն է` Հայաստանը կկարողանա՞ հաղթահարել այս իրավիճակն առանց պետականությունը կորցնելու:
-Դուք այդքան վտանգավո՞ր եք համարում իրավիճակը:
-Եթե արտաքին քաղաքական խնդիրներն էլ հավելենք, իրավիճակը սկսում է օրհասական դառնալ: Մեր շրջապատում ձևավորվում է հրե օղակ, որն ուժեղ հարվածներ է հասցնում մեր սփյուռքի գաղութներին, ինչպես արդեն կանխատեսել էինք: Խառը վիճակ է ստեղծվում Վրաստանում` անհասկանալի փոփոխություններից հետո: Ռամիլ Սաֆարովի օպերացիան ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործվելու է որպես հարավկովկասյան անկայունության ստեղծման գործիք: Ներքաղաքական կյանքում ՀՀԿ-ն ամբողջությամբ չի կարողանում տիրապետել իրավիճակին, ինչքան էլ մեծամասնություն է, և ոչ այն պատճառով, որ ուրիշ ուժեր ավելի ուժեղ են: Ոչ, օբյեկտիվորեն Հայաստանում ստեղծված իրավիճակն ընդդիմադիր է այսօրվա իշխանությանը: Աստիճանաբար իրավիճակը դառնում է արմատական ընդդիմադիր` աճում են արտագաղթի տեմպերը, տնտեսական վիճակն այնպիսին է, որ արդեն վարչապետը նախարարներին է պատասխանատու համարում իրենց ոլորտի ձեռնարկությունների հարկային պարտականությունների կատարման համար: ՈՒրեմն ինչքան փող չկա, որ բյուջեի մուտքերը փորձում են այդպես ապահովել: Բոլոր ծախսատար ճյուղերում, ուր բյուջեից փող է մտնում, Սերժ Սարգսյանը փորձում է խնայողության ու վարչարարության միջոցով իրավիճակը շտկել նախագահական ընտրություններին հասնելու համար: Արտաքին ու ներքին այս վիճակին գումարվում է անհասկանալի քաղաքական դաշտը, որի զարգացումները տրամաբանության չեն տրվում, որովհետև քաղաքական դաշտը չի շարժվում գաղափարներով և ծրագրերով, այլ պրագմատիկ փոփոխության ցանկությամբ` կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող Սերժ Սարգսյանի փոխարեն գալ իշխանության: Եվ ոչ մի առաջարկ, թե ինչ է լինելու հետո: Այսօրվա ներքաղաքական օրակարգի ամենակարևոր երկու հարցերը` անհրաժեշտ է իրավիճակի օբյեկտիվ քննարկում և հասարակական դեգրադացիայի կասեցում:
-Այո, բայց քննարկումներով ինչքա՞ն կարելի է զբաղվել, քայլեր անելու ժամանակը չէ՞:
-Քննարկման գլխավոր թեման պիտի լինի` Հայաստանը միայնակ կարո՞ղ է դուրս գալ ֆինանսատնտեսական այս վիճակից: Պրագմատիկ դաշտում պետք է տեսնել, թե որտեղ է երկրի շահը: Կեղծ հայրենասիրական դրսևորումների հնարավորություններն արդեն սպառվել են: Ես համոզված եմ, որ Հայաստանն այս իրավիճակից միայնակ դուրս գալ չի կարող, ուրեմն մեզ պետք է քննարկում` ինչպես դուրս գալ: Մինչև այժմ մենք ի՞նչ ենք քննարկել: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ինչպես են իրար վերաբերվո՞ւմ: Մենք պետք է դուրս գանք հատվածական շահերից: ՀՀԿ-ի ներկայացուցիչը երբեք չի ասի` ՀՀԿ-ի սխալը որն է, ԲՀԿ-ի ներկայացուցիչը երբեք չի ասի ԲՀԿ-ի սխալը որն է, «Նոր ժամանակների» ներկայացուցիչը կասի ամեն ինչ, որովհետև օբյեկտիվ է գնահատում, առաջին նախագահի շրջապատը երբեք չի ասի` ի՞նչ սխալներ են եղել ու ի՞նչն է ճիշտ եղել, երկրորդ նախագահի շրջապատը երբեք չի ասի` որտե՞ղ էր երկրորդ նախագահը սխալվել, նույնը` երրորդ նախագահի դեպքում: Հատվածականությունը խանգարում է բոլորիս: Էլեկտրոնային լրատվամիջոցները, որ առավել մեծ ներգործություն ունեն հասարակության վրա, 99 տոկոսով գտնվում են Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի հեծանի տակ, լրատվամիջոցների 99 տոկոսը գտնվում է երեք նախագահների ազդեցության տակ: Այդ պայմաններում օբյեկտիվ քննարկում հնարավոր է միայն մեկ պարագայում` Հայաստանի քաղաքական դաշտը վերջապես պետք է հասկանա, որ ամեն ինչ քանդվում է, և` հենց իր գլխին, այլապես չի գա քննարկման, որովհետև քննարկման հետևանքը որոշումներ կայացնելը պետք է լինի: Ցավոտ որոշումներ: Աշխարհաքաղաքական ճեղքման ուղղություն որոնելու: Հայաստանի ներքին քաղաքական կառուցվածքի փոփոխությունների: Տնտեսական քաղաքական համակարգերի նույնացման 21-րդ դարի համաշխարհային տնտեսության հետ...
-Ես հասկացա, որ մենք ելք չունենք:
-Ինչո՞ւ, դեգրադացիան միշտ էլ մի կետում կանգ է առնում:
-Ելքը անելքությունի՞ց է ծնվում:
-Հակադրամիասնության պայքարի մասին գիտեք, չէ՞: Միշտ էլ այդպես է լինում, դեգրադացիան, ի վերջո, այնքան այդ խմբին կիջեցնի, որ դուրս կմղի:
-Իսկ ժամանա՞կը տանուլ տալը: Հայաստանին հավերժությո՞ւն են տվել:
-Հայկական պատմության մեջ նվազագույնը 20 անցք է եղել, երբ նույն բառերն են հնչել` երկրի վերջը եկել է, բայց Հայաստանը մնում է և առաջ է գնում: Ժամանակ կորցնելը վատ է, բայց դա արդեն մետաֆիզիկա է և մեզնից կախված չէ:
-Ձեզ չի՞ թվում, որ պարբերաբար Հայաստանի հասարակական-քաղաքական քննարկումների առանցքում հայտնվում են հարցեր, որոնք ընդամենը հասարակական կարծիքը զբաղեցնելու նպատակ ունեն` ստվերելով կենսական հարցերը:
-Սցենարիստները ճիշտ են հաշվարկել հասարակության հոգեբանական կոդը, մենք բամբասել շատ ենք սիրում: Հայաստանում կարող է ամենակարևոր քննարկման թեմա դառնալ` որևէ օլիգարխ այդ օրը Հայաստանո՞ւմ էր, թե՞ ոչ: Ինչո՞ւ էր Հայաստանում և ինչո՞ւ Հայաստանում չէր: Օդակայանում գնալիս ո՞ւմ ի՞նչ ասաց, նայե՞ց, ժպտա՞ց, հետ գա` ի՞նչ կանի: Եթե Հայաստանի կարևորագույն խնդիրները սրանք են, ինչի՞ մասին է խոսքը: Դեգրադացիոն հասարակությունները կա՛մ ամբողջությամբ վերանում են, կա՛մ ի հայտ է գալիս մարդկանց խումբ, որը որոշումներ է կայացնում և իրագործում: Եթե իշխանության մեջ կան մտածող մարդիկ, թող ուսումնասիրեն Կուբայի օրինակը:
-Եվ ի՞նչ կտա մեզ Կուբան:
-Բատիստայի ժամանակվա դեգրադացիան ի հայտ բերեց Ֆիդել Կաստրոյին: Այլ տարբերակ չկա: Կամ հասարակությունը պիտի վերանա (արտաքին ներխուժման հետևանք` կգրավվի տարածքը և ազգային էթնիկ գործոնը կդադարի գոյություն ունենալուց), կամ իր փրկությունը իր մեջ է լինելու` աշխարհի պատմությունն ուրիշ օրինակ չգիտի: Դիտարկեք բոլոր ֆեոդալական հասարակությունների ներքին ապստամբությունները, մասոնական լոժաների գաղափարախոսությունը, դեպի կապիտալը տանելու խմբավորումների ստեղծումը` յակոբինյաններից սկսած: Ժամանակները փոխվում են, տրամաբանությունը` ոչ:
-Ինչո՞վ եք բացատրում, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելուն և ազատ արձակելուն հետևած միջազգային արձագանքներում չկար որևէ կոնկրետություն` դատապարտում էին, հիշատակում էին ինչ-ինչ արժեքներ, անգամ ԵԽ-ն արժանի չհամարեց բանաձև ընդունել հավարտ քննարկման, աշխարհը չի՞ ընկալում` ինչ է կատարվում:
-Ռամիլ Սաֆարովի օպերացիան մեկ երկրի մեկ այլ երկրի հետ կատարված գործարք չէ: Սիրիայի պատերազմը, ի վերջո, ո՞ւմ է օգուտ: 40 սցենար կարելի է բերել` 40 հակասցենարով: Բայց հստակ է, որ Սիրիայի պատերազմն այն ուժերի համար է, ովքեր քաոս են ուզում: Ռամիլ Սաֆարով օպերացիայի սցենարիստը և կատարողը ովքե՞ր էին` երկրնե՞ր, անհատնե՞ր, թե՞ ինչ-որ համաշխարհային ուժեր, որ քաոսի մեջ են ուզում ներքաշել Հարավային Կովկասը և, ի վերջո, այդ ամենը կապել Իրանի հետ: Ի՞նչ էր լինելու Ռամիլ Սաֆարով օպերացիայից հետո: Սկսենք խորքից: Մոտավորապես տարի ու կես առաջ Իլհամ Ալիևը տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցի բիզնեսմեններից դրամահավաք էր սկսել որոշակի նպատակով: Այն ժամանակ պարզ չէր, թե այդ նպատակը որն է: Զե՞նք գնելը, որովհետև առնչվում էր Ռուսաստանի, Դաղստանի, Իրանի ադրբեջանցիների հետ: Ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսել էին մեծաթիվ մարդկանց ադրբեջանական բանակում վեցամսյա ծառայություն անցնելու համար հավաքագրելու գործընթացներ: Եթե այս երկու փաստերը այն ժամանակ համադրեինք, ստացվում էր, որ Ադրբեջանը գումարները զինված ուժերի համար է ծախսելու: Բայց դրամահավաքը շատ հետաքրքիր էթնիկ տարածում ուներ, հասկացվում էր, որ պայմանավորվածությունն արդեն կա, փողն է պակասում:
-Էթնիկ տարածումն ընդգրկում էր այլազգիների՞ն:
-Դրամահավաքին մասնակցում էին ոչ միայն ադրբեջանցիներ, այլև ադրբեջանաբնակ հրեաներ, որոնց բիզնեսը շատ ավելի մեծ տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում: Ռամիլ Սաֆարով օպերացիան Ալիևի վրա անձնապես արժեցել է գումարային 850 միլիոն եվրո, բացի դրանից, Հունգարիային խոստացվել է մեկուկես միլիարդ դոլարի ներդրում, որը դեռ չի կատարվել:
-Մի գիշերային մարդասպանի համար շատ բարձր գին է, ո՞րն էր օպերացիայի բուն նպատակը:
-Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո սցենարիստները, ովքեր միանշանակ արևմտյան գործընթացի մեջ են, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի ճանաչում, և Ադրբեջանը բարոյական իրավունք էր ստանում պատերազմ սկսելու: Պատերազմը լինելու էր կարճ, բայց հիմք էր տալու տարածաշրջան խաղաղարարներ մտցնելու և իրանական խնդրի ակտիվացման: Սերժ Սարգսյանը չգնաց այդ խաղին, քաղաքական թեմայից նա մտավ դիվանագիտական դեմարշի դաշտ, ինչն ընդունված է աշխարհի բոլոր երկրներում: Հունգարիայի երեք տարբեր գերատեսչություններ նամակներով զգուշացրել են վարչապետ Օրբանին, որ Սաֆարովն արտահանձնումից անմիջապես հետո ազատ է արձակվելու և խնդիրներ են առաջանալու:
-Այսինքն` Ռամիլ Սաֆարով օպերացիան իր բուն նպատակին չծառայեց:
-Հայերն իմաստուն ազգ են և շատ ճիշտ են կողմնորոշվում:
-Լավ, իսկ սցենարիստնե՞րը:
-Նրանց անունները կարելի է տալ, երբ մենք նրանց հետ պայքարին պատրաստ կլինենք, առայժմ մեզ պետք է խույս տալ այդ ուժերի հետ առճակատումից և նրանց լարած որոգայթներից:
-Ձախողված օպերացիան շարունակվեց Թուրքիա-Սիրիա կոնֆլիկտո՞վ:
-Ոչ, սիրիական և մյուս կոնֆլիկտները, որ մեր աչքի առաջ զարգանում են, ավելի շատ կապ ունեն մահմեդական աշխարհի առաջատարի ճշտման հետ: Կամ պիտի լինի սուննիների Թուրքիան, որովհետև Սաուդյան Արաբիան այդ դերը չի կատարում, կամ շիաների Իրանը: Այդ խնդիրների մեջ համաշխարհային տարբեր ուժեր փորձում են իրենց պատկերացումներն առաջ մղել, բայց քանի որ այդ ուժերից մեկը տիրապետում է ամենամեծ կապիտալին և իր նպատակը համաշխարհային քաոսի միջոցով իր սկզբունքները տարածելն է, ամեն ինչ ծառայեցնում է այդ նպատակին: Ի վերջո, մահմեդական աշխարհում պիտի գտնվի այն դրոշակակիր երկիրը, որի միջոցով քրիստոնյա, բուդդայական աշխարհները կարողանան առաջընթաց ձևավորել: Թուրքիայում, Անգլիայում ու Ֆրանսիայում ծվարած և Ֆրանսիայից եկած այաթոլա Հոմեյնին 1979-ին ստեղծեց իրավիճակ, որի հետ աշխարհը ստիպված էր հաշվի նստել` համաձայն էր, համաձայն չէր: Ռացիոնալ իրավիճակը` այդ ուժերը անպայման պիտի լուծեն Իրանի խնդիրը, և դա ոչ մի կապ չունի միջուկային զենքի հետ: Եթե նկատել եք, ամեն անգամ խոսվում է միջուկային զենքի մասին, բայց ոչ մի երկրում էլ չեն գտնում: ՈՒրեմն` պատրվակ է, չէ՞: Միանշանակ է Քրդստանի ստեղծումը: Եվ այդ ամենը հանգեցնելու է աշխարհաքաղաքական այլ իրավիճակի Հայաստանի համար, այսինքն` կան գործընթացներ, որոնց վրա ազդելու լծակներ մենք չունենք, բայց խնդիր ունենք ներքին դիմադրողականությունը մեծացնելու:
-Մենք ոչ մի փորձ չենք անում ներքին դիմադրողականությունը մեծացնելու ճանապարհով գնալու համար:
-Կգնանք, երբ այլևս գնալու տեղ չենք ունենա:
-Մեր և վրացիների տարբերությունը ո՞րն է, որ նրանք իրենց ճանապարհը գնում են առանց փակուղիների մեջ մտնելու:
-Դուք այդպե՞ս եք կարծում: Սպասենք զարգացումների ընթացքին: Վրաստանում քաղաքական գործընթացներ են, որոնց ընթացքում արձանագրվել է ընդդիմության հաղթանակը: Սաակաշվիլուն պարզապես հանձնեցին, որովհետև նրա ժամանակը վերջանում էր: Եվ տեղը չէր էլ երևում` 2013-ից հետո պիտի փորձեր վարչապե՞տ դառնալ: Դա նշանակում էր ժողովրդավարության բոլոր սկզբունքներից նահանջ: Նա այն նախագահը չէ, որ թոշակառու դառնա: Որպես քաղաքական գիծ` Սաակաշվիլու քաղաքականությունը մեծավ մասամբ հենված էր Վանո Մերաբիշվիլու ներքին գործերի նախարարությունում կատարած բարեփոխումների, իրավիճակի տիրապետման, գերազանց հակահետախուզության վրա: Վրաստանում շատ մեծ դերակատարություն ունի կրիմինալը, որ Վանո Մերաբիշվիլու բարեփոխումներով ամբողջությամբ դուրս էր բերվել երկրից: Կտիրապետե՞ն իրավիճակին առանց Վանոյի, թե՞ իրավիճակը կդառնա շատ հեղհեղուկ, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, հազիվ թե ընդդիմությունն այդպես շեշտակի հաղթեր, եթե ժողովուրդը լավ ապրեր, նշանակում է` Սաակաշվիլու բոլոր ջանքերը համատեղած` սոցիալական խնդիրները Վրաստանում չեն լուծված: Բիզնես իրավիճակը լավ է, կոռուպցիան չի խեղդում երկիրը, բայց փողը, մեկ է, չի հերիքում, և եթե չլինեին ամերիկյան ներարկումները, վիճակը շատ ավելի վատ կլիներ:
-Հնարավո՞ր է, որ վրացական երազանքը ռուսական երանգներ ստանա:
-Իվանիշվիլին ասում է` Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով գնանք ՆԱՏՕ, ես չգիտեմ` ինչպես է նա պատկերացնում այդ ընթացքը:
-Իսկ գուցե սկսվի ընդդիմության տրոհումից, որովհետև միավորող գաղափարը Սաակաշվիլուն հաղթելն էր, հաղթեցին, ու հիմա պիտի պարզեն` իրենք ո՞վ են, ի՞նչ պիտի անեն: Ինչ անելու տարբերակները տրոհման հիանալի խթան են, որ կարող են տարածաշրջանում իրավիճակ փոխել:
-Հարավային Կովկասը մտնում է քաոսի շրջան, և Վրաստանն ունենալու է իր ներդրումը: Քաոսից դուրս գալու մեկ ճանապարհ կա` քաղաքականության մեջ հստակ ծրագրեր, գաղափարներ, հասարակության հետ հստակ քննարկված ուղղություն ունենալ:
-Կղզիներ չկա՞ն տաք ջրերում, որտեղ քաոսը դեռ չի հասել:
-Կան, բայց արդեն գնված են: Ամերիկյան տարբեր կազմակերպություններ ժամանակի մեջ պատվիրել են ազգային պետությունների էլիտաների երկրից դուրս բերված փողերի հաշվարկ: Հրապարակվեց 30 տրիլիոն դոլար թիվը: Եվրոպացի փորձագետները համաձայն են, որ այդ թիվը 2,5 անգամ նվազեցված է: Պատկերացնո՞ւմ եք օֆշորային հնարավորությունների էներգետիկան:
-Ոչ, բայց կղզի ուզում եմ:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 9957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ