Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն գույնի ալիևներին լկտիացնողը մենք ենք եղել, միայն մենք

Ամեն գույնի ալիևներին  լկտիացնողը մենք ենք եղել, միայն մենք
09.10.2012 | 12:39

Չնայած Ալիևի հերթական խուժանության դեմ մեր նախագահի ու պետական կառույցների կտրուկ արձագանքին, չնայած հզոր Արևմուտքի համատարած դատապարտումներին, որոնք գործնական հետևանքներ չեն ուղենշում, պետք է արձանագրել, որ Իլհամ օղլին հերթական անգամ մեր քաղաքական և ոչ միայն քաղաքական էլիտային նալեց և դեմ արեց արևին, որ փայլփլեն: Ամեն գույնի ալիևներին լկտիացնողը մենք ենք եղել, միայն մենք: Մարդն առաջ է տանում իրենց ազգային-պետական քաղաքականությունը՝ կանգ չառնելով որևէ նողկալի ու զազրելի միջոցի առաջ և հասնում նպատակին: Հիշենք ՄԱԿ-ում կատարված քվեարկությունը, որի արդյունքում մենք մխիթարվեցինք նրանով, որ մի քանի մեծ տերություն չքվեարկեց նրանց օգտին: Երեկ նրանք Սումգայիթից ու Բաքվից մինչև Գանձակ ու Ղազախ, մինչև Շաքի ու Ժդանով ցեղասպանություն իրականացրին մեր նկատմամբ, մեզ զրկեցին մեր հազարամյակների հայրենիքից, այսօր աշխարհն են դղրդացնում իրենց իսկ ջարդի զոհ դարձած Խոջալուի փախստականներին որպես մեր կողմից կատարված ցեղասպանություն, ու ցրում աշխարհով մեկ:

Իսկ մեր կողմի՞ց: Բացի մեր կարգի մի շարք մերժված քաղաքացիների տեղ չհասնող ճիչերից, մեր պետական-քաղաքական շրջանակներից ո՞ր մեկն է հանդես եկել ազերթուրքական սանձարձակ ու լկտի շահարկումների դեմ, ե՞րբ և ինչպե՞ս են ազերթուրքերի իրական դեմքը ներկայացրել աշխարհին: Ընդհակառակը, սկսած արցախյան շարժման ու ազատամարտի օրերից՝ մեր քաղաքական էլիտա կոչվածը հանդես է եկել որպես ազերթուրքական քաղաքականության պոչ:
Հիշենք, թե ինչպես իշխանության հասնելուց 10 օր հետո ԼՏՊ-ն հայտարարեց, թե Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ նրա կամքին հակառակ անկախություն հռչակած Արցախի ղեկավարն էլ սպանվեց սեփական բնակարանում: Հիշենք, թե ԼՏՊ-ից գաղտնի Շուշին ազատագրելուց հետո Արցախ հասած Բաբկեն Արարքցյանի խումբն ինչպես քանդուքարափ արեց կռվող ֆիդայական ջոկատների միասնությունը՝ ճանապարհ բացելով ազերի հրոսակների առաջ, իսկ ԼՏՊ-ն էլ պահանջում էր չկռվել հաղթականորեն առաջ շարժվող հրոսակների դեմ՝ թուրքին նվիրելով Շահումյանն ու Մարտակերտի մեծ մասը:
Արձանագրենք նաև հետևյալը. երբ մեր զավակներն ազատագրեցին ցարերի հիմնադրած Կարյագինո անունով գաղթօջախը՝ նենգափոխված Ֆիզուլի անունով, այդ տարածքներ խցկված ազերիներն այնքան նամուս ունեցան, որ ինքնակամ լքեցին իրենց չպատկանող տարածքները՝ Կարյագինոյի, Հորադիզի փեշերից մինչև Ժդանովի շրջանը ներառյալ: Մեր զավակները հետախուզական նպատակով հասան Ժդանով, երեք օր հանգստացան այնտեղ, բայց վերադասի կարգադրությամբ նրանց հետ դարձրին և սահման գծեցին Մարտունի ավանի փեշերով, Կուրոպատկինոյի սովխոզի այգիների մի մասն էլ թողնելով թշնամուն: Չնայած այդ ամենին՝ ճակատագրական գոտեմարտում ժողովուրդը հաղթեց նաև իշխանության տեր իր «էլիտային»` ԼՏՊ-ի գլխավորությամբ: Այդ դեռ պատերազմի թոհուբոհի ժամանակ:
Իսկ հետագայո՞ւմ: Մեր զավակներն իրենց կյանքի գնով ոչ միայն վերջնական կործանումից փրկեցին Արցախ աշխարհի մեկ երրորդը, այլև իրենց վզին փաթաթված պատերազմի ժամանակ կարողացան նաև Արցախից զավթած որոշ հողակտորներ ազատագրել թշնամուց: Արդեն 18 տարի է անցել զինադադար կոչվող խաբկանքից: Այս ամբողջ ժամանակ մեր քաղաքական էլիտան ներկայացնողների մի մասը դեռևս գետինը ճանկռոտում է, որպեսզի կարողանա ազատագրվածը թշնամուն տալու միջոցներ գտնել:
Մենք հրապարակային հարց ենք տալիս այդ տվողներին: Ցարը նվաճեց նաև Արցախը, իր գաղութատիրական նպատակներից ելնելով Արցախում ստեղծեց մի շարք ռուսական գաղթօջախներ, որոնց թվում նաև Կարյագինոն: Լենինն այն նվիրեց ազերիներին, որոնցից էլ մեր զավակներն ազատագրեցին մեր հողակտորը: Հիմա դուք ո՞ր մեկին եք տալիս Դիզակի այդ հողակտորը` ռուսի՞ն, թե՞ թուրքին: Միգուցե փոխարենն ուրի՞շ բան տաք և հանգիստ թողնեք մեր հողն ու հայրենիքը:
Ոչ պակաս ցավալի վիճակում հայտնվեցինք քարոզչական պատերազմի դաշտում: Այստեղ ևս հակառակորդը վաղուց և հիմնովին էր նախապատրաստվել, իրականությունը գլխիվայր շրջելու, նենգափոխումների հարցում ունեցել է զորավոր ուսուցիչներ: Դեռևս 1935 թ. Ստալինը պահանջեց քոչվոր այդ ցեղախմբի համար պատմություն ու մշակույթ ստեղծել՝ անձամբ տալով առաջին օրինակը՝ պարսից դասական բանաստեղծ Նիզամուն «դարձնելով» ազերթուրք բանաստեղծ: Ստալինի պահանջով Հայոց Արևելից կողմանց, որ նույնն է թե Հայոց Աղվանից աշխարհի պատմությունը մեր պատմաբանները սկուտեղի վրա դրած նվիրեցին «եղբայր» հարևանին: Ճիշտ է, նրանք բավական ուշացումով գլխի ընկան այդ նվերի արժեքը, բայց գլխի ընկնելուց հետո մի մոլեգին թափով սկսեցին կողոպտել այն ամենը, ինչ ստեղծել էր մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում: Նրանք իրենցը հռչակեցին մեր պատմությունը, մեր նյութական ու հոգևոր մշակույթը, մեր պատմական ու մտավոր գործիչներին, այնքան առաջադիմեցին, որ ներկա Հայաստանի տարածքն էլ իրենցը դարձրին և, անհայրենիք ու թափառական հայերիս խղճալով՝ իրենց հինավուրց Էրիվանը մեզ նվիրեցին, որ անհետք չկորչենք:
Իսկ թե այդ հաղթարշավի ողջ ընթացքում ինչ դիրք էին ընդունել և ինչ դիրքում են այսօր հայոց պատմաբանները, կդիտարկենք ըստ ժամանակահատվածների: Խորհրդային տարիների ողջ ընթացքում մեր պատմաբանները զբաղված են եղել Հայոց Աղվանից աշխարհի հայկականության հետքերը մաքրելով, որպեսզի «եղբայր» ադրբեջանցիները անհանգստանալու առիթ չունենան: Բավարարվենք մի քանի փաստերով: 12-րդ դարի պատմիչ Մատթեոս ՈՒռհայեցին իր «Ժամանակագրության» մեջ անդրադառնում է նաև հայոց գավառական թագավորություններին, որոնց շարքում նաև Կապանի հայոց թագավորությանը՝ Խաչմաս մայրաքաղաքով: Նա միաժամանակ ներկայացնում է Կապանի թագավորների ցանկը, արձանագրում, որ իր պատմությունը գրելու ժամանակ Դավիթ թագավորը դեռ ողջ է: ՈՒռհայեցու վկայությունների հետքերով Սարգիս եպիսկոպոս Ջալալյանը 1842 թ. հասնում է Խաչմաս, հոգևոր ծես կատարում Սենեքերիմ թագավորի գերեզմանաքարի մոտ ու արձանագրում այդ ամենը: 50 տարի հետո, 1892 թ., Մակար եպիսկոպոս Բարխուդարյանն է հասնում Խաչմաս, տեսնում թագավորի շիրմաքարն անհետացած, իսկ տեղը` մի փոս: Անգիտանալով կամ արհամարհելով անշրջանցելի այդ վկայությունները և չիմանալով, որ այդ Դարբանդ-Դերբենդը մեր նախաստեղծ Կապանն է` անվանափոխված տարբեր նվաճողների կողմից, Կապանի թագավորությունը «հերոսաբար» բերում տեղադրում են Սյունիքի Կապանում:
Չկարողանալով նման հեշտությամբ Արցախի հայության «հախից գալ», 1958 թ. հանդես են գալիս հատուկ հոդվածով և արձանագրում, թե իրենց կարծիքով 4-5-րդ դարերում Արցախի աղվանները արդեն հայացել էին՝ զենք դնելով ազերթուրք կեղծարարների ձեռքին, որ աշխարհով մեկ տարածեն, թե հայերը Ղարաբաղում բռնությամբ ազգափոխել են իրենց մի մասին: Ավելին: Դեռևս 1939 թ. հանդես է եկել Տ. Ի. Տեր-Գրիգորյան անունով մեկը Ղարաբաղի բարբառի առաջացման իր «տեսությամբ» և շրջանառության մեջ դրել. «Գերազանցապես եկեղեցու և հոգևորականության միջոցով Հայաստանն իրականացրել է իր քաղաքական ու կուլտուրական ազդեցությունը Ղարաբաղի վրա, և միայն հետագայում Հայաստանից արտաքսվածները սկսել են Ղարաբաղ մուծել հայոց լեզուն, որ տեղական զարգացման և գարգարահաբեթական լեզվի հետ միախառնվելու շնորհիվ վերջին հաշվով տվել է ժամանակակից ղարաբաղյան բարբառը, որով խոսում է ԼՂԻՄ-ի բնակչությունը»: Այդ «միայն հետագայում» արտահայտությամբ էլ Տեր-Գրիգորյանը նկատի ուներ արաբական տիրապետության ժամանակները, որ իբր այդ ժամանակներում հայերը Հայաստանից փախչում և թաքնվում էին Ղարաբաղում: Նա այդքանով դեռ չի բավարարվում: Ղարաբաղի բարբառը գարգարահաբեթական դարձնելուց հետո ավելացնում է նաև, թե «ադրբեջանական լեզուն ևս զարգացել է այդ նույն հաբեթական հիմքի վրա» (Բ. ՈՒլուբաբյան, «Դրվագներ հայոց արևելից կողմանց պատմության», 1981, էջ 60):
Մեզ անհայրենիք ու թափառական գնչու դարձրած Ֆարիդա Մամեդովան դեռևս անցած դարի 60-ականների վերջերին 18-րդ դարի Ղարաբաղի ազատագրական պայքարի մասին իր գրածներով ներկայացավ մեր ակադեմիայի պատմության ինստիտուտ և ստացավ պատմաբանի գիտական աստիճան: Բնութագրական է, որ մեր փառապանծ պատմաբաններից որևէ մեկը «չի նկատել» Ֆարիդայի պնդումը այն մասին, որ Դավիթ Բեկի զորքերի մեջ կային նաև հայ զինվորներ, և ծափահարությամբ է ընդունել նրա այդ «հայտնագործությունը»: Այսքանը դեռ խորհրդային տարիներին:
Միաժամանակ պետք է նշել, որ Ադրբեջան կեղծանունով շրջանառվող այդ տարածքի իրական պատմությունը հայ մտավորականի համար տաբու էր և գտնվում էր ՊԱԿ-ի աչալուրջ հսկողության տակ: Դեռևս 50-ականների վերջերին Ֆրունզիկ Պողոսյանը փորձեց գիտական դաշտ բերել 18-րդ դարի ազատագրական պայքարը Ղարաբաղում ու Զանգեզուրում, բայց նրա ընտրած թեման չհաստատեց ակադեմիայի պատմության ինստիտուտը, և նա թեկնածուական պաշտպանեց «Աստրախանի հայոց դատաստանագիրքը» անվտանգ թեմայով: Այնուամենայնիվ, նրան հաջողվել էր «Ղարաբաղի մելիքների իրավունքներն ու պարտականությունները» վերտառությամբ հոդված տպագրել «Բանբեր Երևանի արխիվների» հանդեսում: Հանդեսը հասավ Ստեփանակերտի միակ բաժանորդ Շահեն Մկրտչյանին՝ հոդվածը «բարեխղճորեն» կտրված-հանված: Միայն հոդվածի վերնագիրն էր մնացել ցանկում: Հիշենք, թե ինչպիսի արգելապատնեշների առաջ կանգնեցին Պարույր Սևակը, Ասատուր Մնացականյանն ու Մելիք-Օհանջանյանը, երբ փորձեցին հանդես գալ Բունիաթովի պատմաքաղաքական նենգափոխումների դեմ:
Արժանին պետք է մատուցել Ասատուր Մնացականյանին, որ իշխող մտայնության պայմաններում Աղվանից աշխարհի գրականությունը քննության առարկա դարձնելուն զուգահեռ շրջանառության մեջ դրեց նաև մի շարք անհերքելի փաստեր, որոնք հաստատում էին Աղվանից աշխարհի հայկականությունը, հայի հայրենիք լինելու փաստը: Դրան հետևեց Արցախի իրական պատմության վերականգնումը Բ. ՈՒլուբաբյանի ջանքերով: Երկու դեպքում էլ հեղինակները ներկայացնում էին հնագույն ու հին պատմության իրողությունները, նոր ժամանակներին չէին անդրադառնում և չէին էլ կարող:
Մինչև այսօր էլ Արևելյան Անդրկովկասի վերջին 300-ամյակի պատմությունը՝ սկսած Պետրոս Մեծից մինչև Բաքվի կոմունան, մինչև արցախյան վերջին ազատամարտը, բոլշևիկորեն խեղաթյուրված, գլխիվայր շրջված վիճակում է՝ անկախ նույնիսկ ազերթուրքերի նենգափոխումներից: Մինչև 300-ամյա այդ ժամանակահատվածի վայրիվերումները, իրական տեղաշարժերը ճշմարիտ գիտական դաշտ չբերվեն, մենք ազերթուրք կոչվողների դեմ քարոզչական պատերազմ մղել չենք կարող: Չպետք է մոռանալ, որ ցեղերի այդ խառնուրդի հետ առնչություններ ունեցանք 17-րդ դարի կեսերից սկսած, երբ Նադիր շահը նրանց Խորասանից բերեց մտցրեց Արաքսի ձախ ափը: Այո, նախորդ դարաշրջանների իրական պատմությամբ մենք կարող ենք պսակազերծել նրանց պատմաքաղաքական զառանցանքները, բայց Նադիր շահից հետո սկսվեց այդ ցեղերի դեմ պարտադրված հակամարտությունը, որի ճշմարիտ ընթացքի ցուցադրումն էլ կնպաստի մեր քարոզչական պատերազմի հաջողությանը:
Ահա թե ինչու մեր պետական-քաղաքական էլիտան որևէ իրական պատկերացում չունի վերջին 300-ամյակի անցուդարձերի վերաբերյալ, նրա համար այդ ոլորտը խամ ու խոպան է, և բերան բացելու գայթակղության դեպքում ընկնում են ողորմելի վիճակի մեջ: Ազգային ջոջ աղա Ա. Գեղամյանը ծավալուն հոդված է հրապարակում, որում «ապացուցում» է, թե Քարվաճառ-Քալբաջարը չպետք է վերադարձնել թշնամուն, որովհետև թուրքն այնտեղից թունավորելու է մեր ջրերը կամ ջրի հունը փոխելու է ու մեզ ծարավ կոտորի: Մի ուրիշն էլ Ստեփանակերտից ազդարարում է, թե Ղարաբաղի ջուրը վաճառելով` իրենք ջրախեղդ են անելու Բաքվի նավթը: Հայոց պատմաբանը շատ թե քիչ ճշմարիտ տեղեկություննե՞ր է տվել նրանց, որ նրանք էլ իմանան, թե ինչ են ասում կամ ինչ պետք է ասեն:
Ասենք, թե խորհրդային տարիներին անհնար էր պատմաքաղաքական ճշմարտությունների կողքով անցնելը, իսկ ի՞նչ ասենք վերջին տասնամյակների մասին, երբ մեր պատմաբանները դարձյալ շարունակում են նախորդների աղավաղումներն արտագրելով հաստափոր գրքեր ստեղծել և նեղություն չեն կրում բուն սկզբնաղբյուրներին ծանոթանալու: Գոնե ամաչեն ռուս մտավորականից, որն արդեն մատչելի դարձած, բայց երեկ յոթ կողպեքի տակ գտնվող փաստաթղթերի միջոցով ցույց տվեց, թե Լենինն ու Աթաթուրքը ինչ մարդակեր քաղաքականություն իրականացրին մեր ժողովրդի նկատմամբ:
Տարօրինակը, անհասկանալին ու անբացատրելին այն է, որ մեր պետական, պաշտոնական ու քաղաքական շրջանակները ոչ միայն պատկերացում չունեն իրենց հայրենիքում կատարված տեղաշարժերի մասին, այլև ամեն կերպ պատնեշ են կանգնեցնում նման փորձ կատարող շարքային մահկանացուների առաջ: Մենք տեղյակ ենք այդպիսի նվիրյալների կատարածներին, բայց կբավարարվենք այն ոդիսականով, որ բաժին է հասել մեզ:
Մեզ պարտադրված այս խախուտ ու երերուն զինադադարից շատ չանցած, քարոզչական պատերազմ սկսելու անհրաժեշտության գիտակցությամբ, անդրադարձանք վերջին 300-ամյակի անցուդարձին՝ «Երեքհարյուրամյա շարունակվող ցեղասպանությունը Արևելյան Անդրկովկասում և նրա հետևանքները» վերտառությամբ, որն ընդգրկում էր Պետրոս Մեծի Կովկասյան արշավանքից մինչև 1990 թ. Բաքվի աղետը: Ընդամենը 17 էջի սահմանում ի մի բերեցինք տեղի ունեցած ավերածությունները՝ անհրաժեշտ վիճակագրական տվյալներով, մատնացույց արեցինք, որ սուլթանական Թուրքիան Հայոց ցեղասպանության հիմքը դեռևս 1774 թ. է դրել՝ Շաքիի խանության հայերին ջարդով ու բռնությամբ մահմեդականացնելով: (Շաքիի սուննի մահմեդականները բռնի մահմեդականացված հայերի հետնորդներն են: 1916 թ. ցարական վիճակագրության համաձայն` նրանց թիվը 188523 էր): Ահա այդ կետից մինչև 1990 թ. հունվարն իրականացվել են հայերի կոտորած ու ցեղասպանություն:
Մենք ներկայացրինք միայն փաստական նյութը՝ ձեռնպահ մնալով նրանց գնահատականներ տալուց: Մտածում էինք, որ այդ փաստական նյութի հիմքով պետական փաստաթուղթ ստեղծելու պարագայում քաղաքական, դիվանագիտական կողմը կձևակերպեն վերին շրջանակներում: Աշխատանքը Երևանում Ղարաբաղի ներկայացուցիչ Պետրոսյանի միջոցով ուղարկեցինք Ստեփանակերտ: Կարճ ժամանակ հետո լսեցինք, որ մեզ նման մեկը դիմել է համանման առաջարկով ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանին, որը նրան պատասխանել է, թե 10 տարի մեզ գիրք պետք չէ…
Երբ 1999 թ. փետրվարին Հեյդար Ալիևն իրենց մտավորականներին հանձնարարեց ապացուցել, որ ներկայիս ՀՀ տարածքն էլ է Ադրբեջան, և կարճ ժամանակում այն դարձրին Արևմտյան Ադրբեջան, մենք ընդամենը 34 էջում խտացված, անշրջանցելի փաստարկումներով, նույնիսկ նախապատմական ժամանակների համար լեզվաբանական հիմնավորումով ներկայացրինք, որ Ադրբեջան կեղծանունով շրջանառվող տարածքը հայի բնական հայրենիքն է եղել սկսած այն հեռավոր ժամանակներից, երբ մեր ժողովուրդն առանձնացել է հնդեվրոպական հանրությունից որպես ինքնուրույն էթնիկական միավոր: Աշխատանքը ներկայացրինք ԱԳ նախարար պարոն Օսկանյանին, որը հետխորհրդային պաշտոնատարներից միակն է, որ բարեհաճել է նաև պատասխանել մեր դիմումին:
Մերժումը ստացանք այն պահին, երբ երկու երիտասարդ հաշվարկներ էին կատարում, թե ինչ- որ տեղ կազմակերպվելիք համերգի նվագողներին ինչքա՞ն պիտի վճարեն. հազա՞ր, թե՞ հազար հինգ հարյուր դոլար:
Մերժվելուց հետո հույս կապեցինք հայոց պահանջատիրության մոնոպոլիստ դաշնակցության հետ, ներկայացանք պարոն Կիրո Մանոյանին, խնդրեցինք ծանոթանալ աշխատանքին, իսկ հետո կհանդիպենք ու կորոշենք մեր անելիքը: Բայց նա զգացել էր, թե ինչ պիտի առաջարկեինք և խուսափեց երկրորդ հանդիպումից: Երկու ամիս թափած զուր ջանքերից հետո աշխատանքը մի երիտասարդ աղջկա ձեռքով մեզ վերադարձրին փողոցի մայթին:
Երբ Մինսկի խմբի համանախագահները վերջապես հրապարակ նետեցին Մադրիդյան սկզբունքներ անունով 6 պահանջները, ծանոթանալով դրանց՝ տեսանք, որ այդ պահանջներից յուրաքանչյուրն առանձին իրականացվելու դեպքում մենք զրկվում ենք մեր Ղարաբաղից: Ի՞նչ խաղաղարար ուժերի մասին կարող է խոսք լինել սաֆոնովյան մարդակեր խաղաղարարությունից հետո, երբ պետական զորքերով ու տանկերով ոչ միայն հայաթափեցին մարզից դուրս թողնված հինգ հայկական շրջանները, այլև մարզի մի պատկառելի մասը: Վերջին 300-ամյակում մեր բոլոր կորուստներն այդ խաղաղարարներն են իրականացրել՝ Զեյթունից մինչև Սասուն, Կարսից մինչև Բաքու:
Երեքհազարամյա հայոց Բաքվից բռնագաղթված հայերի մասին ոչ մի խոսք, իսկ 1954 թ. Իրանից ներմուծվածների վերադարձ: Ժամանակավոր կարգավիճակ, մինչև Ալիևի կրակած մեկ միլիոն «փախստականների» վերադարձ, ու նոր հանրաքվե: Միակ «մխիթարականը» մնում է դեպի ՀՀ մի արահետի բացման խոստում, որպեսզի հերթական ցեղասպանության դեպքում կարողանանք նաև փախչել: Այստեղ էլ մեջտեղ է ցցվում Սումգայիթի եռօրյա սպանդի ժամանակ Գորբաչովի երեք ժամով ուշանալը:
Անհերքելի ու անողոք փաստարկումներով ցույց տալով, թե պատմաքաղաքական ինչ ճշմարտություններ են գլխիվայր շրջում, գումարեցինք նաև Ալիևի դեմ գրածը՝ կրկնակի հիմնավորումով ցույց տալով իրողությունների իրական պատկերը: Միաժամանակ համառոտ մի բաց նամակով արձանագրեցինք, որ հրապարակ նետված պարտադրանքները ոչնչով չեն տարբերվում Բեռլինի վեհաժողովի որոշումներից, որտեղ հայերին վերաբերող 16-րդ հոդվածը շրջեցին ու դարձրին 61-րդ, որ իրենք նորովի արտագրություններ են կատարել բիսմարկներից ու սոլսբերիներից:
Գերագույն ջանքերի գնով (հիմնովին վկայում է մի բառ՝ թոշակառու ենք) թարգմանել տվինք ու տպագրեցինք աշխատանքը, բայց քանի որ այն սեփական հնարավորություններով տեղ հասցնել չէինք կարող, դիմեցինք ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին: Պարոնին բացատրեցինք, որ այս աշխատանքը պետական մակարդակով շրջանառության մեջ դնելու համար չէ, այն պետք է տարածվի որպես ազատ ու անկաշկանդ քաղաքացու բողոք: Միաժամանակ ներկայացրինք մեզ հայտնի ռուսական մտավորական ու քաղաքական գործիչների մի ցուցակ, որոնք մեր շահերը, այսինքն` ճշմարտությունն ու արդարությունը, մեզնից լավ են պաշտպանում: Խնդրեցինք, որ հանձնարարեն ՌԴ-ում մեր դիվանագետներին, որ Մոսկվայի մեր բազմահազար հայերից մեկի միջոցով՝ քաղաքական շրջանակների հետ կապ չունեցող մեկի, աշխատանքը ներկայացնեն գոնե մեր մատնանշած անձանց և այդ կարգի այն գործիչներին, որոնց իրենք լավ գիտեն: Պարոնը խոստացավ ծանոթանալ աշխատանքին և վերջնական պատասխանել: Բայց այդպես էլ չստացանք այդ «վերջնական պատասխանը»: Ինչքան էլ փորձել ենք նորից հանդիպել կամ իր պատասխանը գոնե հեռախոսով իմանալ, կամ «զբաղված» է եղել, կամ «քաղաքից բացակա»:
Միաժամանակ մադրիդյան սկզբունքների սպառնալիքները վերլուծության ենթարկեցինք նաև ներքին սպառման համար: Այստեղ արդեն մենք չէինք կարող աչքաթող անել մեր աններելի բացթողումներն ու սխալները, որոնք սնունդ են առնում պատմաքաղաքական իրողությունների նկատմամբ մեր անտեղյակությունից: Դրսից պարտադրվող պահանջներին գումարեցինք տարբեր առիթներով գրած մեր մի քանի հոդված, անդրադարձանք նաև ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վ. Աթանեսյանի վարքագծին: Բարձրակարգ այդ պաշտոնյան ի լուր աշխարհի գրում է, թե ինքն այնպես պետք է անի, որ կարողանա ապահովել «իմ ու զավակներիս հանդեպ թշնամի թուրքի գոնե հարգանքը»: Այդ դիրքերից նա հարվածի տակ է դնում մեր այն մտավորականներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարել են հանուն Ղարաբաղի, ունեն տարբեր լեզուներով հրապարակած բազում աշխատանքներ, իսկ ինքն էլ նրանց դեմ այնպես է պաշտպանում հակառակորդի շահերը, որ նույնիսկ Բաքվում կարող էին նախանձել նրան:
Այս ամենը մեկտեղելով`՝ մի ընկերոջ բարեգործությամբ հրապարակեցինք մի գրքույկ՝ «Հիշենք, վերլուծենք, դասեր քաղենք մեր պատմության արյունոտ էջերից» վերտառությամբ: Գրքույկն ուղարկեցինք ԼՂՀ բարձր ղեկավարությանն ու Ազգային ժողովի պատգամավորներին: Հաջորդ օրը պատգամավորների ձեռքից հետ վերցրին գրքերը, և չգտնվեց մեկը, որ ասի. «Մարդն առանց որևէ ակնկալության գիրք է ուղարկել մեզ, ինչո՞ւ եք մեր ձեռքից խլում այն»:
Արձանագրենք միայն, որ չհաշված միջնադարում կաթոլիկ եկեղեցականների կրակի ճարակ դարձրած գրքերը, մեր ապրած դարում գրքի նկատմամբ նման վերաբերմունք են հանդես բերել Հիտլերն ու Ստալինը՝ յոթ կողպեքի տակ թաքցնելով իրենց ոչ ձեռնտու գրքերը: Իսկ 21-րդ դարում մեր գրքույկն արժանացավ բանտարկվելու պատվին:
ՈՒշացումով, շատ ուշացումով, այնուամենայնիվ, մեր ձեռքն ընկան հրապարակումներ, որոնք ցուցադրում են, թե ինչպիսի սանձարձակությամբ են ազերթուրք մտավորական կոչվածները նենգափոխում ամեն մի ճշմարտություն, աշխարհը դղրդացնում հակահայկական զառանցանքներով, իսկ իրենց էլ ներկայացնում են որպես քաղաքակրթության հիմնադիրների, շումերական քաղաքակրթության ստեղծողների: Սահմաններ չճանաչող այդ լկտիությանը հակադարձեցինք իրար շաղկապված վեց դիտարկմամբ՝ սկսած այն կետից, երբ 1736 թ. Նադիր շահը Խորասանից նրանց քոչը բերեց ու անցկացրեց Արաքսի ձախ ափը: Անշրջանցելի պատմական փաստերով ու փաստաթղթերով ցույց տվեցինք նրանց անցած իրական ճանապարհը, թուրք մտավորական կոչվողների կողմից այդ ճանապարհի անլուր նենգափոխումները, որպեսզի աշխարհին ներկայացնենք նրանց իրական դիմանկարը: Բայց մինչ հիմա չենք կարողանում այն ներկայացնել ա՛խարհին, որովհետև չենք կարողանում թարգմանիչ ճարել:


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ