Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱԿ-ի նախկին ընտրազանգվածը հիասթափված էր Տեր-Պետրոսյանից և սփոփվեց ծառուկյանաօսկանյանական դեմագոգիայով

ՀԱԿ-ի նախկին ընտրազանգվածը  հիասթափված էր Տեր-Պետրոսյանից և սփոփվեց  ծառուկյանաօսկանյանական դեմագոգիայով
09.10.2012 | 12:47

Հայաստանի քաղաքական իրականությունը շատ կարևոր մի նրբերանգ ունի. ազգաբնակչությունն ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելու հնարավորությունը տեսնում է միայն նախագահի ընտրության ժամանակ` առանձնապես չկարևորելով ՏԻՄ և ԱԺ ընտրությունները: Ըստ էության, նախագահի ընտրության խնդիրը մեր երկրի քաղաքական օրակարգի կարևորագույն հարցն է, և հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ փորձում է լավագույնս դրսևորել իր կարողությունները նախագահի ընտրության ժամանակաշրջանում: Այդ հավակնությունները դրսևորվում են սեփական թեկնածուով հանդես գալու կամ այլ թեկնածուի սատարելու և դրանով քաղաքական միավորներ ձեռք բերելու ճանապարհով:
2013-ի փետրվարին կայանալու է ՀՀ նախագահի ընտրությունը: Այս պահի դրությամբ միայն իշխանության թեկնածուն` նախագահ Սերժ Սարգսյանն է պատրաստվում մասնակցելու և ստանձնելու երկրի կառավարման ղեկը հետագա 5 տարիների ընթացքում: Բնականաբար, կլինեն նաև այլ թեկնածուներ, սակայն քաղաքական ինտրիգի գլխավոր բաղկացուցիչը այն է, թե Սերժ Սարգսյանի պոտենցիալ մրցակիցները որքան են ունակ իրական մրցակցություն ստեղծելու, լարվածություն առաջացնելու և դրա արդյունքում քաղաքական իրավիճակը սրելու:
Նախորդ 5 տարում շատ ջրեր են հոսել, և նախկին ընդդիմադիրներն այսօր ակնհայտորեն զիջել են իրենց դիրքերը` հայտնվելով քաղաքական տկարության և մոռացության սպառնալիքի ճիրաններում: Արդեն իսկ պարզ է, որ նախագահի ընտրությանը մասնակցելու կամ մեկ այլ ընդդիմադիր թեկնածուի աջակցելու ձևաչափով հանդես է գալու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չունի իշխանության համար գլխացավանքի վերածվելու ներուժ: Ցայսօր կողմնորոշված չեն նաև ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և երբեմնի արմատական ընդդիմություն ՀԱԿ-ը, չնայած, ուրվագծվում է նրանց մասնակցության ձևաչափն ընդդիմադիր դիրքերից:
Կարծես քաղաքական ուժերը սկսել են չվիճարկել այն փաստը, որ Սերժ Սարգսյանի համար իրական մրցակից կարող է հանդիսանալ միայն ԲՀԿ թեկնածուն կամ այն ընդդիմադիր թեկնածուն, ում կսատարի ԲՀԿ-ն, մինչդեռ ստեղծման պահից Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն ընդդիմադիր գործունեություն չի ծավալել և չի անցել արմատական ընդդիմության վերածվելու փորձաշրջանը: Ինչ-որ տեղ դժվար է պատկերացնել Ծառուկյանին թիվ մեկ ընդդիմադիրի դերում, քանզի «բողոքող» ընտրազանգվածի միջուկը կազմում են սոցիալապես ծայրահեղ անապահով խավերը, որոնք չեն գնա օլիգարխի հետևից: Հնարավոր է նաև տարբերակ, երբ այդ ընտրազանգվածը քվեարկի Ծառուկյանի օգտին` Սերժ Սարգսյանի «ինադու», որպես այլընտրանք գործող իշխանությանը, սակայն Ծառուկյանի պարագայում մենք չենք կարող տեսնել այն պատկերը, ինչն առկա էր 2008-ի ընտրությունների շրջանում, երբ մի ստվար զանգված մինչև վերջ կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիկունքին: Անկասկած, իշխանությունը «ձեռքերը ծալած չի նստելու» և բացատրական աշխատանք է ծավալելու` ցցուն դարձնելու համար Ծառուկյանի իրական կերպարը:
Ինչևէ, քաղաքական տարօրինակությունների դասին է պատկանում այն իրավիճակը, երբ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ուժերն ու նրանց ընտրազանգվածը մեծ մասամբ հրաժարվել են պրոֆեսիոնալ հեղափոխական, արմատական ընդդիմության փորձաշրջանն անցած Լևոն Տեր-Պետրոսյանից: Այս իրավիճակի միակ մեղավորը, անկասկած, հենց ՀՀ առաջին նախագահն է, ով ամեն ինչ արեց քաղաքական լուսանցքից դուրս մնալու համար: Հիշենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը պարտվեց ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածու Սերժ Սարգսյանին, ում անուղղակի կերպով աջակցում էին նաև ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Անկեղծության համար նշենք, որ ճիշտ աշխատանքի պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր իր շուրջը համախմբել թե՛ «Ժառանգությանը», թե՛ ՀՅԴ-ին, թե՛ ԲՀԿ-ին` դրանով իսկ 2013 թ. նախագահական ընտրություններին համալրելով իր ընտրազանգվածն ու մեծացնելով հաղթելու հավանականությունը:
Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակ գործընթացը. ՀԱԿ-ը մեծ մասամբ վերածվեց ԲՀԿ-ի կցորդի և ջրի երեսին մնալու համար ստիպված է իր քայլերը որոշակի առումով համաձայնեցնել ԲՀԿ-ի հետ: Ի դեպ, վերլուծաբանների զգալի մասը մշտապես քննարկել է այն հարցը, թե ինչպես քաղաքական հետագիծ ունեցող և իշխանափոխության իրական հնարավորության տեր, պրոֆեսիոնալ հեղափոխական Տեր-Պետրոսյանն իր հավակնությունները բավարարեց ընդամենը մի քանի մերձավորի խորհրդարան անցկացնելով:
Եվ այսպես. ի՞նչն էր Լևոն Տեր-Պետրոսյանի գահավիժման պատճառը: Նախ նշենք, որ հայկական ընտրազանգվածը ժամանակ առ ժամանակ «քաղաքական սիրուհի» փոխելու բնավորություն ունի, և եթե առաջնորդը պարտվում է ու կորցնում պայքարի ցանկությունը և ունակությունը, ապա այդ ընտրազանգվածը հրաժարվում է նրանից և սպասում նոր առաջնորդի ի հայտ գալուն: Այդպես է եղել 1996-ին, 1998-ին, 2003-ին և 2008-ին, և այս գործընթացը շարունակվում է նաև մեր օրերում: Սա, իհարկե, օբյեկտիվ պատճառներից է:
Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում առկա են նաև բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ և գործած սխալներ: Այդ սխալներից առաջինը, թերևս, իշխանության հետ անհեռանկարային երկխոսության ծավալումն էր, ինչի արդյունքում առաջին նախագահը կորցրեց իր հետևորդների զգալի մասը: Ցայսօր էլ անհասկանալի են ՀԱԿ-ի առաջնորդի քայլերը. ի՞նչ է նշանակում երկխոսություն սկսել իշխանության հետ` միևնույն ժամանակ պահանջ դնելով հանձնել իշխանությունը: Ո՞ր երկրի իշխանությունը կգնա նման քայլի, ո՞ր միամիտ գործիչը կհանձնի իշխանությունը, երբ դրա համար առանձնապես լուրջ պատճառներ չկան: Երկրորդ կարևորագույն սխալը, որ գործեց առաջին նախագահը, ԲՀԿ-ի հետ «գործ բռնելն էր», ինչի պատճառով ՀԱԿ-ից հեռացավ առանց այդ էլ սակավաթիվ նվիրյալների զգալի հատվածը:
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեր քաղաքականությամբ զբաղվել արմատական ընդդիմության ոճով: Եթե Տեր-Պետրոսյանը չնահանջեր իր դիրքերից, ապա 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը կունենար ոչ թե 7 տոկոս ձայն, այլ կլիներ ԲՀԿ-ի կարգավիճակում, քանզի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական ընտրությունների օրը ԲՀԿ-ին ձայն տվողների մեծամասնությունը ՀԱԿ նախկին ընտրազանգվածն էր, որը հիասթափված էր Լևոն Տեր-Պետրոսյանից և սփոփվեց ծառուկյանաօսկանյանական դեմագոգիայով:
Ինչևէ, գահավիժած Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի փետրվարին ստիպված կլինի ականատես լինելու մի իրավիճակի, երբ ընդդիմությանը միավորած ԲՀԿ թեկնածուն պարտվում է Սերժ Սարգսյանին և գնում տուն հանգստանալու, քանզի ԲՀԿ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի, չունի արմատական ընդդիմության դերակատարում ստանձնելու այն ներուժը, որը ստանձնել էր Տեր-Պետրոսյանի թիմը սկսած 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից: Այժմ առաջին նախագահին մնում է հետևել, թե ինչպես են իր իսկ համախմբած մարդիկ միմյանց կոկորդ կրծում և փորձում իրենց տաք տեղը գտնել այլ կուսակցությունների գերիշխանության ներքո:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ