Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չինովնիկը, համայնքի ղեկավարը պիտի հասկանան, որ խան կամ կոլխոզի նախագահ չեն»

«Չինովնիկը, համայնքի ղեկավարը պիտի հասկանան, որ խան կամ կոլխոզի նախագահ չեն»
10.10.2012 | 14:50

«Եթե ցանկություն չկա լավ քայլը տեսնելու, տարբեր պատճառաբանություններ կարող են ներկայացնել: Ցանկացած դրական քայլ դատապարտված է, եթե դու չես հավատում դրա իսկությանն ու մաքրությանը: Հավատի համար պատասխանատու են բոլորը` և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ` անդրադառնալով վերջին շրջանում իշխանական համակարգում կոռուպցիոն երևույթների բացահայտմանը:

-Սերժ Սարգսյանը բոլոր խորհրդակցությունների, մեր կոլեգիալ նիստերի ժամանակ մշտապես բարձրաձայնել է այդ ցավոտ խնդիրները` հստակ սահմանազատում կատարելով` այլևս անթույլատրելի է ցանկացած արարք, որը մեր պետության, ժողովրդի հանդեպ ոտնձգություն կլինի,- շարունակեց պարոն Սահակյանը:- Բոլորը պետք է սթափվեն: Չինովնիկը, համայնքի ղեկավարը պիտի հասկանան, որ խան կամ կոլխոզի նախագահ չեն, այլ ղեկավար, որը պետք է ժողովրդի դարդուցավով ապրի: Եթե չկարողացանք բեկումնային փոփոխություններ մտցնել հենց համայնքապետերի մտածողության մեջ, վաղն այդտեղ ևս խոշոր խնդիրներ կունենանք:
-Սակայն այնպես է ստացվում, որ մեղավորի «աթոռին» նստում են միայն տվյալ ոլորտը ղեկավարող անձինք, ասել է` միայն նրա՞նք են կոռուպցիայի իրական պատասխանատուները: Ինչո՞ւ ավելի «հեռուն» չենք գնում:
-Եթե որևէ ոլորտ տրված է մի չինովնիկի, նա պատասխանատու է դրա համար: Ե՛վ լավը, և՛ վատը վերագրվում են նրան: Եթե ոլորտը ձախողվել է, իհարկե, դա եղել է վատ կառավարման արդյունք: ՈՒ ժամանակն է, որ յուրաքանչյուր չինովնիկ իր ուսերին զգա պատասխանատվության բեռը: Երբ բոլորը հասկանան, որ սոցիալական դիրք ունենալը, նախ և առաջ, պարտականություն է, ոչ թե առավելություն, ամեն ինչ նորմալ կլինի:
-«Պատասխանատուների» տոկոսն իշխող կուսակցությունում և կառավարման համակարգում որքա՞ն է:
- Կարծում եմ` տոկոսն աստիճանաբար կբարձրանա: Չեմ վարանում նաև պատասխանատու կառույցների անուններ նշելուց, որտեղ բարեփոխումներն արդյունավետ իրականացվում են` արդարադատության, կրթության և գիտության նախարարություններ, զինդատախազություն, Երևանի քաղաքապետարան, պետգույքի կառավարում: Եթե չինովնիկը, պատգամավորը, չկարողանան հին մտածողությունից ձերբազատվել, առաջընթացի ակնկալիքներ չպետք է ունենալ:
-Անդրադառնանք մասնավոր կոռուպցիայի դեպքին` «Վարդան Օսկանյան» օպերացիային: Սա շատերը համարում են քաղաքական պատվեր: ՀՀԿ-ին պե՞տք էր այդ պատվերը:
-Կոչ կանեի բոլորին, որ Օսկանյանի հետ կատարվածը դիտեն զուտ իրավական հարթության մեջ, որովհետև կա խնդիր, ֆինանսների որոշակի տեղաշարժ, որտեղ օրենքի տառը պահպանված չէ: Եթե երկրում բարեգործություն ես անում, այն պիտի լինի մեր օրենսդրությանը համապատասխան: Քաղաքական հարթության մեջ այս հարցը մի դիտարկեք, ասել է` քաղաքական պատվեր գոյություն չունի: Այստեղ ոչ մեկը դատավորի դեր չի կարող ստանձնել: Գործի ավարտից հետո միայն կարող ենք քաղաքական գնահատական տալ: Ինչո՞ւ ենք ավելորդ քաղաքականացնում, հակված եմ կարծելու` ինչ-որ խնդիր կա՞: Եկեք իրավական հարթությունում լուծումներ գտնենք:
-Այն տեսակետը, թե նախագահական ընտրություններին ընդառաջ Օսկանյանին, որպես հավանական թեկնածուի, չեզոքացնելու խնդիր կա, չե՞ք ընդունում:
-Օսկանյանը ճիշտ էր. ոչ թե բաժակի մեջ է փոթորիկը, այլ մատնոցի: Անկեղծ պիտի լինել, եթե վերլուծենք վերջին երկու ընտրությունները` խորհրդարանական և ՏԻՄ, ՀՀԿ-ն դոմինանտ է: Սա հայելի է, չի կարող այնպես լինել, որ ունենալով բացարձակ մեծամասնություն, նախագահական ընտրություններում խնդիրներ լինեն:
-ՀՀԿ-ն մրցակցությունից չի՞ վախենում:
-Մենք միշտ կողմ ենք առողջ մրցակցությանը և կարևորում ենք այն, որովհետև այդ պարագայում վեր են հանվում խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն կարող ես չնկատել: Մենք մեզ անպարտելի երբեք չենք համարել, պարզապես ճիշտ մարտավարություն ու ռազմավարություն ենք ընտրել:
-Ռոբերտ Քոչարյանի` Օսկանյանի առնչությամբ հայտարարությունում Գալուստ Սահակյանն այնտեղ Քոչարյանին «չտեսավ»: Դուք տեսա՞ք:
-Չէի ցանկանա որևէ կերպ ոտնահարել պետական ինստիտուտները: Ընդամենը պիտի նշեմ, որ այս ամենը նաև ԱԺ-ի գործառույթի մեջ է մտնում: Կարծում եմ` պիտի սպասել գործի ավարտին, հետո միայն քաղաքական գնահատականներ տալ:
-Կարծես թե օրինաչափություն է դառնում` Հայաստանի արտգործնախարարներին մշտապես նույն մեղադրանքն է ներկայացվում: Սա երկրի վարկանիշի վրա չի՞ ազդում:
-Ոչ միայն վարկանիշի, այլև պետության անվտանգության խնդիր կա: Պարզապես պետք է հետագա գործողությունների մեջ փոքր-ինչ զգուշավորություն ցուցաբերել:
-Այդուհանդերձ, հիշյալ գործընթացները տեղավորվում են նախընտրակա՞ն շրջանակներում:
-Չեմ կարծում: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանի են սպասում, օրինակ, ԲՀԿ-ն սեփական թեկնածուո՞վ է հանդես գալիս, թե՞ ոչ։
-Դուք ի՞նչ եք կարծում:
-Ես չեմ կարող ԲՀԿ-ի փոխարեն որոշել: Այսօր մեզ համար լավ ու ընկալելի է, եթե մեր ներկա և նախկին կոալիցիոն գործընկերները, իրենց գաղափարները զետեղելով մեր ծրագրի մեջ, միասին մասնակցեն ընտրությունների: Միևնույն ժամանակ պատրաստ ենք պայքարելու, եթե կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք կարծում են, թե հաջողություններ կունենան:
-Տեղեկություններ կան, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել: Նա Սերժ Սարգսյանին լո՞ւրջ մրցակից է:
-Մենք ցանկացած թեկնածուի լուրջ ենք վերաբերվում: Նույնիսկ նրանց, ում քաղաքական թիմը տեղավորվում է ընդամենը մեկ երթուղային տաքսու մեջ: Նախագահական ընտրություններին մենք շա՜տ լուրջ ենք վերաբերվում:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ