«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պարոն Անդրեասյան, Աստված պահի քո կոռումպացված համակարգը

Պարոն Անդրեասյան, Աստված պահի քո կոռումպացված համակարգը
10.10.2012 | 14:47

Արջուկները (ժողովրդական լեզվով` բոռբոռները) և Անդրեասյանի կոռումպացված համակարգը կերան 45 կգ յոնջայի («առվույտ» բառը գրվելիքի համար շատ քաղաքավարի է) սերմը։

Տարին, ինչպես Հ1-ի «Հայլուր» ծրագրով փաստում է գյուղնախարար Ս. Կարապետյանը, արգասաբեր էր, հատկապես, երբ դեղձի մեկ կիլոգրամը մթերվում էր համարյա շան մսի գնով` 50 դրամ: Դա, ինչ խոսք, այլ թեմա է, մեր այսօրվա քննարկելիքը գյուղացին է, հողը և այդ հողի վրա ամառվա կիզիչ արևի տակ քրքրվելով աճեցրած բերքն է, որը կարիք ունի հաճախ ջրվելու, բայց . . . պատկերացնել կարելի է, թե բարկ արևի տակ` 50-60 աստիճանի պայմաններում, քանի օրը մեկ պիտի ջրվեն պոմիդորը, բադրիջանը, կաղամբը, յոնջան: Ինչո՞ւ եմ հատկապես ընդգծում յոնջան, որովհետև տարիներ շարունակ, եթե մեկին ցանկանում էին վիրավորել, ասում էին` հո յոնջա չե՞ս։ Որովհետև այդ որակով խոտի գինը երբեք չէր անցնում մեկ հակը 400 կամ 500 դրամից (այդ գումարի մեջ ներառվում էր նաև 100 դրամ արժեցող հակավորման գինը): Այս տարի մեկ հակ յոնջայի գինը ամռան կեսին տվեց ու անցավ 1400 դրամի սահմանը: Տեղին է նշել. եթե 500-դրամանոց մեկ հակի քաշը երբեմն անցնում էր 22 կիլոգրամը, իսկ 1400 դրամ արժեցող մեկ հակի քաշը չի անցնում 14 կգ-ից։ Ասել է` մեկ կիլոգրամ յոնջայի գինը, ոչ ավել, ոչ պակաս, 100 դրամ է: Ճիշտ է, այդ մասով մեր հարգելի գյուղնախարարը Հ1-ի լուրերով չի պարծենում, համ էլ դա ինչ կարևոր է, հո «Արտֆուդը» յոնջա չի՞ մթերում: Այսօր Արարատյան դաշտի անասնապահները ստիպված են յոնջայի փոխարեն խոտ գնել լեռնային գոտիներից: Օրինակ, ես իմ անասունների համար 1000 հակ խոտ եմ գնել Սիսիանից, վճարելով, ոչ ավել, ոչ պակաս, մեկ միլիոն դրամ: Ինչո՞ւ: Այ այստեղ պիտի հարցն ուղղենք ջրային պետական կոմիտեի նախագահ պարոն Անդրեասյանին: Որպեսզի խոսքը լինի առարկայական, նշեմ, որ 0,5 հեկտար առվույտի տարածքը հնձել եմ ընդամենը երկու անգամ, սովորական չորսի փոխարեն: Իսկ այս բարենպաստ տարում պիտի հնձեի առնվազն հինգ անգամ և ամեն անգամ` 60 հակից ոչ պակաս: Կոնկրետ փաստեմ, որ այդ 0,5 հա հողակտորը, որը պատկանում է Ռուսաստանում բնակվող Էդ. Դավթյանին, վերջին անգամ հնձել եմ սեպտեմբերի 5-ին, և չջրվելու պատճառով առվույտն արմատից չի բարձրացել: Մինչդեռ այսօր` հոկտեմբերի 5-ին (սույն հրապարակումը պատրաստելու օրը), ես այն կհնձեի և կստանայի առնվազն 50 հակ մաքուր յոնջա: Նույնն է վիճակը նաև մնացած 4 հեկտար ջրովի խնձորանոցի, դամբուլանոցի, դեղձանոցի: Այդ չորս հեկտարից 100 հակ խոտ չեմ ստացել: Մինչդեռ անցած տարիներին ես նշված հողակտորներից հավաքում էի առնվազն 800-900 հակ խոտ, իսկ այս տարի դրա կեսն էլ չեմ հավաքել: Ելնելով ստեղծված վիճակից, վարեցի 1,3 հեկտար հող (որից 0,4-ն իմն է), տափեցի, շարքացանով հանեցի ակոսները և սեպտեմբերի 5-ին գյուղատնտեսության փոխնախարարի օգնությամբ ճարած 45 կգ յոնջայի սերմը հանձնեցի հողին: Սպասեցի, թե երբ կտան ջուրը: Իսկ այն տվեցին սեպտեմբերի 16-ին, գյուղապետիս սեպտեմբերյան արձակուրդի 7 օրը ծախսեցի յոնջայի արտը ջրելու վրա: Ասածս խոսքերի ճշմարտացիությունը կարող են հաստատել «Ազատ» ՋՕԸ-ի աշխատակիցներ Տիգրանն ու Վարուժանը: 7 օրում չկարողացա ջրել յոնջան: Ջրի հոսքը ժամը մեկ կտրվում էր արտի վրայից: Սնուցող շլյուզից մինչև ցանքը մոտ 1,5 կմ է: Շլյուզի փակումը կամ խցանումը, կամ ջրատարում ջրի մակարդակի իջեցումը, կամ ընդհանրապես ջուր չլինելը բերեցին նրան, որ յոթ օրում ես չկարողացա ջրել այդ 1,3 հա յոնջան: Արդյունքում յոնջան մի տեղ ծլեց, որտեղ խոնավությունը նորմալ էր, մի տեղ նեխեց, որովհետև գլխամասում գերխոնավություն էր շատ ջրվելու պատճառով, մի տեղ գուցե բոռբոռը (արջուկը) կերավ (ամբողջ արտում չէի կարող թույն շաղ տալ չջրված լինելու պատճառով), չեմ կարող ասել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ գոնե տեղ-տեղ ծլած յոնջան հինգ օր հետո պիտի նորից ջրվեր, բայց սեպտեմբերի 22-ից ջուրը կտրեցին և տվեցին միայն հոկտեմբերի 6-ին: Փաստորեն, 15 օր ջուր չկար, իսկ արևը դրսում վառում էր ու վառում: Փաստորեն, իմ ծախսած մոտ 300 հազար դրամ գումարը կերան բոռբոռները և կոռումպացված Անդրեասյանի համակարգը: Որպեսզի ոչ մեկին չթվա, թե ես հենց էնպես, օգտվելով երկրում վերջերս կատարված մի շարք կոռուպցիոն բացահայտումներից (որի արդյունքում պետական բյուջեին պատճառվել է միլիարդների վնաս), փորձում եմ կրակել այդ համակարգի ազնիվ կառավարչի վրա։ Հիշեցնեմ, որ անցած տարի ես մեղադրել էի պարոն Անդրեասյանին և ցույց տվել կոռուպցիայի դրսևորումները մեր գյուղում: Եվ ի՞նչ, արդյունքում պարոն Անդրեասյանի կողմից հանձնաժողով եկավ գյուղ և գյուղապետի կաբինետում հանձնաժողովական Մովսիսյանը հարցրեց բոլորի ներկայությամբ. «Իսկ դու վճարե՞լ ես քո հողերի ջրի վարձը»: Երբ ցույց տվեցի նրան 240 հազար մուծած գումարի չեկերը և հիմնավորեցի, որ այդ մուծածից 60 հազարը լափել են ջրպետները, նրանք հեռացան, բայց խոստացած վերադարձն այդպես էլ չկայացավ: Ինձ համար չկայացան նաև Արտաշատի քննչական բաժնում պատրաստվող նյութերը, որովհետև անհասկանալի մնաց, թե ինչու կիսատ մնացած բացատրությունս քննիչն այդպես էլ անավարտ թողեց, և ոչ էլ իմացա, թե պետությանը միլիոնների վնաս պատճառած գումարների որ մասը վերականգնվեց լափողների կողմից, և ոչ էլ իմացա, թե դատախազական հսկողությանը հասու եղա՞ն, թե՞ ոչ մամուլում բարձրացված հարցերը: Հավանաբար, նրանց հասու կլինի, եթե նախագահի վերահսկողության ծառայությունը մի օր մտնի այդ կառույց և պարզի, որ մինչ այդ մի քանի կառույցներում ստուգված և պետությանը միլիարդների վնաս պատճառած և հայտնաբերված գումարները միասին վերցրած ողորմելի գումար կերևան ջրային պետական կոմիտեում հայտնաբերվելիք գումարների նկատմամբ: Ես չեմ կարող ասել, թե այսօր որքան է այգեստանցի ջրօգտագործողների պարտքը (չունեմ տվյալներ, եթե պարոն Անդրեասյանը ինձ տրամադրի անցած տարվա Այգեստան գյուղի ջրի հասույթը, խոստանում եմ օգնել նրան, եթե, իհարկե, նա անցած տարվա նման անտարբերությամբ չի անցնի փաստերի կողմից): Այս տարվա իմ պարտքի մասին կասեմ, որ փետրվարին 240 հազար դրամ ծախսել եմ (գնել եմ այդքան գումարի դիզվառելիք) Մխչյանի ջրանցքից ներքին սնվող բոլոր մայր առուները (տրակտորը տվել է «Ազատ» ՋՕԸ-ի ղեկավարությունը) մաքրելու համար, որպեսզի նվազեցնեմ ջրի կորուստը: Բայց այստեղ թող թույլ տրվի հարցնել, ես արդյոք այդքան գումարի ջուր օգտագործե՞լ եմ, թե՞ ոչ: Կասեմ` ոչ, սակայն չի բացառված, որ իմ հողակտորների վրա գրած լինեն ահռելի չափի ջուր: Ինչպես մեկ տարի առաջ, դարձյալ պատահաբար հայտնաբերեցի, որ եղբորս աղջկա 0,5 հա հողի վրա գրված է 35 հ. խորանարդ մետր ջուր: Ինչո՞ւ եմ դա նշում, որովհետև, թե որքան ջուր է գրված ջրօգտագործողի վրա, ինքը չգիտի, բայց պետությանը խաբելու լավ եղանակ է դա: Պետությունը գիտի, որ այդքան ջրի գումար իրեն պարտք են: Եվ հոսում են տարիները, գումարները չեն գանձվում: Մեկ էլ մի գեղեցիկ օր, կամ ՋՕԸ-ի անունն է փոխվում, կամ մեկ այլ հնարքով գումարները դուրս են գրվում: Եվ ջրամատակարարման համակարգը տարիներ շարունակ բարոյապես, ֆիզիկապես մաշվելով փչանում է, շարքից դուրս է գալիս, և արդյունքում տառապում է ջուրօգտագործողը: Ջուր անելը կոռումպացված համակարգի պատճառով հաճույքից վերածվել է տառապանքի:
Մեր գյուղի դաշտերում արդեն որերորդ տարին է` երկրորդ բերք չեն ստանում: Ինչո՞ւ: Գուցե հարցի պատասխանն ակնկալենք պարոն Անդրեասյանից: Բայց մինչ ակնկալիքն ասեմ, որ արջուկները և կոռումպացված Անդրեասյանի համակարգը սեպտեմբեր ամսին կերան 70 հազար դրամ արժողությամբ 45 կգ յոնջայի սերմը: Ասեմ, որ իմ օրինակը եզակի չէ: Տեղին է նաև հարցնել, թե անցած տարիներին միլիոններ յուրացրած ջրպետն ի՞նչ հնարքով դարձավ տեղամասի պետ:
Կուզեի վերջացնել մեծ պոետի խոսքերով` փոքր-ինչ փոխած.
-Պարոն Անդրեասյան, Աստված պահի քո կոռումպացված համակարգը: Ո՞նց էր համը յոնջայի սերմի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Չուզեցի գրել Սևանից բաց թողնված ջրի քանակի, գնի և մի շարք այլ հարցերի մասին: Չուզեցի գրել նաև, թե ձկնարդյունաբերության համար տարեկան արտահանվող 1,2 միլիարդ խորանարդ մետր ջուրն ինչու է այդքան էժան (մեկ խմ-ն` 0,02 դրամ) ծախվում գերշահույթ ստացողներին, ո՞ւր է գնում այդ ջուրը, ո՞ր երկրի դաշտերն է ջրում: Բայց մի բան հաստատ պիտի գրեմ, որ բնապահպանության, ձեր և գյուղնախարարությունները Հայաստանում պիտի վերացվեն և ստեղծվի մեկ նախարարություն, որի արդյունքում արտահանվող այդ 1,2 միլիարդ ջուրը տեր կունենա և կբարձրանա դեպի Արարատյան դաշտի նախալեռնային գոտին: Մեր հողը ոսկի է, քարի վրա անգամ ծառ է աճում, որովհետև արևը շատ է, միայն ջուր տուր: Այդ սուպերնախարարը պիտի լինի երկրի ճակատագրով ապրող մեկը: Հասկանալի պատճառով Դուք այդ թվում չեք կարող լինել:

Դիտվել է՝ 4503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ