Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կկարողանա՞ կառավարությունը պայքարել բժշկական հզոր մաֆիայի դեմ

Կկարողանա՞ կառավարությունը պայքարել բժշկական հզոր մաֆիայի դեմ
11.10.2012 | 19:56

Ախտաբանաանատոմիական ծառայությունը բժշկության կարևորագույն ճյուղերից է։ Հայաստանում, սակայն, պաթանատոմիան հիմնականում դիտվում է զուտ հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների շրջանակում։ Շատերի մեջ այն ասոցացվում է միայն հերձման հետ։ Հայաստանում այս ոլորտը երկար ժամանակ անհասկանալի կարգավիճակում էր, և գոնե մինչև վերջերս չէր կանոնակարգվում որևէ կերպ։

Խորհրդային տարիներին ախտաբանաանատոմիական ծառայությունը պետական կարգավիճակ ունեցող մարմին էր և ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում, բացառությամբ Հայաստանի և ասիական հանրապետությունների, կլինիկաներից անկախ էր։ Վերջին տարիներին, սակայն, հիվանդանոցների սեփականաշնորհումից հետո յուրաքանչյուր կլինիկա ունի իր սեփական ախտաբանաանատոմիական ծառայությունը։ Շատ երկրներում այս ծառայությունն անկախ է ոչ միայն հիվանդանոցներից, այլև ընդհանրապես առողջապահական համակարգից։ Բանն այն է, որ ախտաբանաանատոմիական ծառայությունն է հենց այն օղակը, որ որոշում է հիվանդի ախտորոշման և բուժման արդյունավետությունը, հայտնաբերում է մահվան պատճառները և վերահսկում բուժական-ախտորոշիչ միջամտությունների որակը։ Բացի այդ, այս ծառայության շնորհիվ միայն կարող ենք ստանալ մահացության պատճառների մասին ճշգրիտ վիճակագրական տվյալներ։ Մի խոսքով, սա մի ոլորտ է, որ բացահայտում է հիվանդի բուժման արդյունավետությունը և վեր հանում մահվան իրական պատճառները, այդ թվում նաև՝ բժշկական սխալները։
Բնականաբար, համակարգի կանոնակարգումը շատերին ձեռք չի տա, առաջին հերթին՝ հիվանդանոցների սեփականատերերին, ղեկավարությանը և որոշ բժիշկների։ Եվ հարց է առաջանում՝ հիվանդանոցների ենթակայությամբ գործող ախտաբանաանատոմիական ծառայությունները որքա՞ն օբյեկտիվ ու արդյունավետ կլինեն։ Պարզ է, որ մեր իրականության մեջ գրեթե ոչ մի հիվանդանոց իր կամ իր բժշկի դեմ չի գնա, և շատ հիվանդների սխալ բուժման կամ մահվան իրական պատճառներն այդպես էլ կպարտակվեն, ու ոչ ոք տեղյակ չի լինի այդ մասին։
Սեպտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց երկու փաստաթուղթ («Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատելու մասին որոշումները), որոնք փորձում են ինչ-որ կերպ կանոնակարգել բարձիթողի վիճակում գտնվող այս համակարգը։ Իհարկե, գովելի է, որ 21-ամյա անկախությունից հետո առողջապահության նախարարությունը վերջապես ուշադրություն դարձրեց բժշկության այս ճյուղին, սակայն ընդունված որոշումները, մասնագետների կարծիքով, լրացման կարիք ունեն։ Մասնավորապես, ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկում սահմանվում է ընդամենը 5 հետազոտություն (բիոպսիոն, ցիտոլոգիական, ընկերքի հետազոտություններ, ախտաբանաանատոմիական հերձում և ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտություն), մինչդեռ այս ցանկը ընդլայնման կարիք ունի։
Ընդունված փաստաթղթի մեջ նշվում է, որ ախտաբանաանատոմիական փորձաքննության հիմնական նպատակն ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրումն ու վերջնական ախտորոշման հաստատումն է։ Սակայն որքա՞ն է տրամաբանական, որ նույն կլինիկայում կատարվի վերջնական ախտորոշումը։ Հարց է առաջանում՝ ախտաբանաանատոմիական փորձաքննության և կլինիկական վերջնական ախտորոշման միջև տարամիտում լինելու դեպքում կլինիկայի ղեկավարն արդյո՞ք շահագրգռված կլինի այդ տարամիտումը ցույց տալու։ Ի վերջո, այդ տարամիտումները հարվածում են առաջին հերթին հիվանդանոցի և բժիշկների հեղինակությանը։ Եվ ոչ մի կլինիկայի ղեկավար չի ընդունի, որ հիվանդի մահվան կամ սխալ բուժման պատճառն իր բուժհաստատությունն է։ Նշենք, որ, որպես կանոն, տարամիտումները 20-30 տոկոսի սահմաններում են, համենայն դեպս, դա են խոստովանում որոշ մասնագետներ։
Կառավարությունը կատարել է առաջին քայլը՝ ընդունելով նշված երկու որոշումները, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել նաև հետագա գործողությունները, որպեսզի առողջապահական համակարգն իրականում պաշտպանի ոչ թե, այսպես կոչված, բժշկական մաֆիայի, այլ բնակչության շահերը։ Կկարողանա՞ գործադիր իշխանությունը պայքարել բժշկական հզոր մաֆիայի դեմ, որին ձեռք չեն տալիս կայացած, իրոք, անկախ կարգավիճակ ունեցող ախտաբանաանատոմիական ծառայության գոյությունն ու սեփական սխալների բացահայտումը, ցույց կտա ապագան։ Սակայն հաշվի առնելով, որ մեզանում պետությունը հաճախ սերտաճած է լինում տարատեսակ մաֆիաների հետ, խիստ թերահավատությամբ ենք վերաբերվում այս հարցին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ