Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախարարը հասկացրեց, որ ոլորտն ունի իր մասնագիտական նրբությունները

Նախարարը հասկացրեց, որ ոլորտն ունի իր մասնագիտական նրբությունները
11.10.2012 | 18:13

ՊԵԿ-ը և տնտեսական մրցակցության հանձնաժողովը հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանեցին։ Դեղորայքի շուկայում ուսումնասիրության արդյունքում խախտում թույլ տված 100 բուժհիմնարկների ցանկում հայտնված շատ բժշկական կենտրոնների ղեկավարներ փաստում են, թե իրենց անհիմն են ընդգրկել «սև ցուցակի» մեջ։ Գուցե և այդպես է։ Հոկտեմբերի 11-ին առողջապահության նախարարությունում վարչապետի անցկացրած քննարկումից հետո Ֆանարջյանի անվան և «Նորք» բժշկական կենտրոնների ղեկավարները մոտեցան տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին իրենց հակափաստարկներով` պայմանավորվելով հետագայում հանդիպել։ Իսկապես, անհասկանալի է, թե ինչպես 100 բուժհաստատություններ միանգամից անպարկեշտ դարձան այն դեպքում, երբ 100-ի մեջ շատերը մասնավոր բուժհիմնարկներ են, որոնք պարտավորված չեն գնումներ կատարելու «Գնումների մասին» օրենքի շրջանակներում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշված քննարկմանը քարտ բլանշ տվեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին վճռական գործելու համար։ Սպասվածին հակառակ, այս քննարկմանն հերթական որևէ պաշտոնյա «փուռը» չտրվեց։ Վարչապետը բուժհիմնարկների ղեկավարներին հորդորեց ստվերից հանել աշխատավարձերը, զգուշացրեց, որ այն բուժհիմնարկները, որոնք կհայտնվեն ռիսկային գոտում, կզրկվեն ոչ միայն պետպատվերից, այլև լիցենզիայից, և արձանագրեց` այնպես չանել, որ հայտնվեն հարկ թաքցնողների ցանկում, որպեսզի պետությունը ստիպված չլինի կիրառել համապատասխան հոդված։ Նկատենք, որ այս անգամ իր խոսքերում վարչապետն ավելի զուսպ էր, սակայն իրենց ներկայացրած ուսումնասիրություններով (որոնց հետ համաձայն չէին շատ բուժհիմնարկների ղեկավարներ) ավելի ակտիվ էին ՊԵԿ-ը, տնտեսական մրցակցության հանձնաժողովը և ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը։ Քանի որ նրանց ներկայացրած թվերը մեկ շաբաթից ավելի շրջանառվում են մամուլում, մենք կփորձենք քննարկմանը մոտենալ այլ տեսանկյունից։
Հետաքրքրական է, որ բացահայտումներ են արվում առողջապահության ոլորտում, այն դեպքում, երբ 2007-ից սկսած առողջապահության նախարարությունը կառավարությանը ներկայացնում է իր հաշվետվությունը (այն ներառում է ոլորտի եկամուտներն ու ծախսերը), որը մինչև 2012-ի օգոստոսը դրական է գնահատվել։ Ստացվում է, որ պետպատվերի և դեղորայքի շուկայում առկա խնդիրներն ի հայտ եկան զարմանալիորեն վերջին մեկ ամսում։ Հաջորդ հարցը, ինչը նույնքան կարևոր է, վերը նշված վերահսկող կառույցների կողմից «սև ցուցակի» կազմումն է, ինչն առողջապահական հիմնարկներում շատ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես, թե ինչու են իրենք հայտնվել այդ ցուցակում, երբ դրա հիմքերը չկան։ Այլ կերպ ասած, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ոլորտի թերությունների մասին, վերահսկիչ կառույցները ձեռքերը շփեցին և ջանք չխնայելով ու թացը չորի հետ խառնելով` փորձեցին վեր հանել ոլորտի ստվերը, այդպիսով արջի ծառայություն մատուցելով ՀՀ նախագահին, քանի որ նկարած թվերը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում են ժողովրդի, իսկ տվյալ դեպքում, առողջապահության աշխատողների մեծ բանակի դժգոհությունը։ Իսկ ինչո՞ւ բուժհաստատությունների ղեկավարներն իրենց անհամաձայնությունը վարչապետին չներկայացրին։ Որովհետև դրա հնարավորությունը չեղավ, քանի որ խոսեցին միայն «մեղադրող» կողմերը։ Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` բուժհիմնարկների ղեկավարները հնարավորություն չեն ունեցել խոսելու նաև, երբ լրագրողները դուրս հրավիրվեցին, և սկսվեց քննարկման երկրորդ հատվածը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկրորդ մասում լրագրողների ականջից հեռու խնդիր չի քննարկվել։
Նկատենք, այս քննարկմանը հրավիրված էին մայրաքաղաքի գրեթե բոլոր խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարները։ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը բուժհիմնարկներին հորդորեց հարկերի ինքնահայտարարագրում անել, որի խոսքը թվերի լեզվով ավելի պատկերավոր փորձեց ներկայացնել նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը։ Հետաքրքիր է, որ, ըստ նրա, առողջապահության ոլորտում հարկերը համընթաց չեն տնտեսական աճի հետ։ Այս հիմնավորումը, մեղմ ասած, առաջացրեց լրագրողների քմծիծաղը։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչ տնտեսական աճի մասին է խոսքը, երբ այն աճում է միայն պետական վիճակագրական ծառայության թվերով, որի հետ ոչ մի առնչություն չունի իրականությունը։ Այս առումով, բոլորովին էլ պատահական չէ, որ առողջապահական ոլորտի հարկերի աճ չի նկատվում։ Տնտեսության հետընթացի, գործազրկության մակարդակի բարձրացման և գնաճի պարագայում նկատվում է հիվանդների դիմելության նվազում։ Ինչևէ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նույնպես կրկնեց այն, ինչի մասին խոսել էր անցած շաբաթ։
Մեկ ժամից ավելի տևած քննարկմանը նկատվում էր բժշկական կենտրոնների ղեկավարների լարվածությունը` սպասում էին առողջապահության նախարարի խոսքին. արդյոք նա կպաշտպանի՞ ոլորտը, թե՞ թույլ կտա, որ տեղին-անտեղի ոտնատակ տրվի։ «Շնորհակալություն ոլորտի նկատմամբ նման ուշադրության համար»,- ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և վարչապետին ներկայացրեց նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքները։ Նա փաստեց, որ 2012-ի հոկտեմբերին վճարումներն ավելացել են 29 տոկոսով։ Նախարարը միևնույն ժամանակ նկատեց, որ համավճարների, պետպատվերի խնդիրները միակողմանի չպետք է դիտարկել, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել, որ կան բուժհիմնարկներ, որտեղ 80-85 տոկոսը վճարովի բուժծառայություն է մատուցում, կան նաև այնպիսիք, որոնք 100 տոկոսով պետպատվերի շրջանակում են աշխատում։ Այլ կերպ ասած, նախարարը հասկացրեց, որ ոլորտն ունի իր մասնագիտական նրբությունները, և թացը չորի հետ խառնելը ճիշտ չէ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ