Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բումերանգի հովերը (քաղպարապմունք)

Բումերանգի հովերը (քաղպարապմունք)
12.10.2012 | 11:42

Երեք կոստյում սուրճ են խմում սենյակում։
Հեռուստացույցն է միացված, ծխախոտն է ծխում։
Երեք աթոռ ճռճռում են նրանց տակ։
Զվարճության ու վայելքի ժամերն են մխում։

ՈՒ մեկը գինուց է խոսում,
ՈՒ մեկը խոսում է փողոցից,
Երրորդը` կրծքեղ, կոնքեղ կանանցից։


Վահան ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, «Երեք կոստյում»

ՖԻԶԿՈՒԼՏ-ՈՂՋՈՒՅՆ
(առավոտ լուսո)
Ողջո՜ւյն բոցավառ մեր քաղաքական ընդդիմությանը։ Ընկեր Վահանին ողջույն ու տիկին Զարուհուն։
Արամ Մանուկյանին սրտալից ողջույն ու մի կիսաբերան բարլուս տիար Բագրատյանին։
Նաև դաշնակ ընկերներին այլևայլ` ողջույն բոցակեզ։ Բարգավաճ տիարքին (տիկնանցը հարկավ), ՀԱԿ-«Ժառանգություն» քաղաքական պինգ-պոնգի ժառանգներին` բարև, բարեողջույն, հուռռա՜։
(Ողջույնների այս աստղաբույլը մշակեցին և հրովարտակեցին «ԼԼ» գլխավոր նավավար Սեթը և նրա կողակից Սուսամբարը)։ Այժմ սթափվենք և բումերանգի վտանգն աչքի առաջ ծունկ ծնկի ի մի գանք «ԼԼ» կանաչագեղ մի թերակղզում, որը, ի դեպ, առայժմ չի հայտարարված հանրային գերակա շահ։
(Սուսամբարը սուրճն է ածում, Սեթը` կոնյակը կլկլացնում։ ՈՒխա՜յ)։

ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ
(օրը ճաշ դառավ)
Տիարք, տիկնայք և ընկերներ, նախ ըմբոշխնենք սույն մեջբերումը. «Խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ հավաստեց, որ ինքն ընդդիմադիր հայացքներ ունի, որ դեմ է գործող վարչակարգին ու նրա գործունեության բովանդակությանն ու ձևերին և համաձայն է, որ երկրում ոչինչ չփոխվի։ Նաև` լիովին հարմարավետ տեղավորվել է խաղի կանոնների մեջ ու առանձնապես այլընտրանքներ չի որոնում» («Մարդը պատրանքների և իրականության դեմ հանդիման», Անահիտ Ադամյան, «Իրատես de facto», թիվ 62)։ Այո՜։ Այսպիսով տեղավորվում ենք հարմարավետ ու տաքուկ, առավել ևս, որ ձմեռը երեք բլուրի հետևում չէ, գազն էլ կարող է սակագինը փոխել և դարձնել այն (131-ին ներողագիր) «սուկա-գին»։ Վկան` Պուտին Վլադիմիրի որդի Վոլոդյայի մկանունքի գովազդարշավը, իր իսկ 60-ամյակի կապակցությամբ։ Ի դեպ, այս տեսանկյունից էապես զիջում ենք մեր ռազմավարական դաշնակցին ու մշակութապատմական սանահորը։ (Եվ փա՜ռք Բարձրյալին, որ զիջում ենք)։ Ինչի է նման, մայր Ռուսիո կենսաբեր սևահողերը «վարի են գնում», կոռուպցիան զօր ու գիշեր քացի է տալիս կայսրության ստոծանուն, Վ. Վ.-ն աթլետիզմի մենապար է բռնում։ Որ ի՞նչ։ Սակայն սա թողնենք ռուս երգիծաբաններին։ Մեզ և ձեզ հենց էսօր ու էստեղ մի բան է պետք հասկանալ և գլխի գցել «տառապած ու փառապանծ» հայությանը։
Դուք շարունակ հանրության աչքն եք կամենում մտնել, սրտերը գրավել, հոգին բերանը բերել։ Հասկացեք վերջապես, երջանկությունից ժողովուրդը կարող է քունը կորցնել ու ախորժակը բացել։ Տիկին իմ չքնաղ, չգիտե՞ք, թե ով է երջանկացնում ժողովրդին։ Դուք, ընդդիմադիր փրկիչներդ։ Զի, երբ փարվում եք խոսափողին, ԱԺ-ից վեր ու վար մեղրի գետեր են հոսում, և մարդիկ հալվայի խրամատներում պպզած փորձում են կենդանի մնալ։ Զորօրինակ, արգո Ջհանգիրյանը։ Որպես քաղդերասան լրջորեն մրցակցում է ընկեր Վահանի հետ (բայց գերազանցել չի կարող, անհնար է) և հավասարվում մեծարգո Բագրատյանին։ Իսկը Գագիկ Արդարամիտ։ ՀՀ ողջ իրավապահ համակարգը նրա բերանով գլխիվայր շուռ է գալիս ու աստառը բացում մեր աչքի առաջ։ ՈՒ մենք (նաև դուք) տեսնում ենք, որ մետաքսափայլ պիջակի դարձերեսը (այսինքն` աստառը) հիշեցնում է փնթի խաշի սեղանի սփռոց։ Բայց չէ՞ որ իրավապահ այս խաշկերույթի գլխավոր դեմքերից մեկը հենց տիար Գ. Ջ.-ն էր, զորօրինակ, 1995-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քցել-բռնելու ժամանակ։ Հետո մեր դռանը չոքեց «Հոկտեմբերի 27-ը», ստոր մի խարան մեր անկախ ճակատին։
Լավ, արգո Ջ. Գ., եթե «ուչաստկովիի» մակարդակում մեր ճակատը չմաքրվեց, պարզենք Ձեր զինվորական աստիճանը` սերժա՞նտ, թե՞ ենթասպա։ (Հաշվի առնելով Ձեր իրավապահպան հուզիչ ճառերը, առաջարկում եմ համաձայնվել ֆելդֆեբելի կոչմանը)։
Այսպիսով, ծանր սոցիալական, մշակութագրական, գիտահոգեբանական և բարոյամտավոր բեռների տակ կքած հասարակությանն ի՞նչ եք առաջարկում։ Որ երես շրջի հանրապետականներից ու բռնի ձե՞ր փեշը։ Հանուն ինչի՞։ Մի՞թե պակաս գեղեցիկ և հուզիչ են ճառում ՀՀԿ քաղշեփորները։ Նրանք ճառում են, դուք` հակաճառում։ Բայց չէ՞ որ ժողովրդի հիշողության մեջ բավականին թարմ (մի քիչ էլ ցավոտ) են ձեր թողած հետքերն ու «խալխի ջանին» մնացած վերքերը։
Եվ տանջահար, բայց և այնպես տոկունության ռեկորդներ սահմանող հայ ժողովուրդը չի շփոթում «մուրն ու մրջուրը»։ Մուրը, կռահեցիք, թե ով է։ Մրջուրը, հուսամ, նույնպես։
Մի չքնաղ օր էր, Արագածոտնի մարզն ի խնամք հանձնվեց ՀՅԴ ներկայացուցչին։ Եվ ահա անուշ մի կում արեք ոսկեխունկ մեր կոնյակից, ձեռքներդ դրեք այնտեղ, որտեղ սովորաբար սիրտն է, և խոստովանեք. ինչո՞վ էր մարզպետ Հրայր Կարապետյան-ընկերը զանազանվում ոչ ընկեր, այսինքն` հանրապետական կամ ՕԵԿ-ական ղեկապետերից։ Այո, ճիշտ եք, «պարտբիլեթով»։ Երիցս արդարամիտ եք, խոստումներ շռայլելու ու դրանք շրջանցելու զուտ ընկերվարական ձևաչափով։ Է՞լ։ Էլ... ոչի՛նչ։

ԿԵՑՑԵՍ ՉԱՎԵՍ, ԱՂՔԱՏՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
(անվերջ վերջաբան)
Վենեսուելայում Չավեսն անկասելի է։ Զի երկիր է կառուցում հենց քեռի Սեմի գերզգայուն քթի տակ։ Սա օրինակ չէ՞ մեզ համար, հարգարժան ազգային ժողովական ընդդիմադիրներ։ Էն էլ ինչպիսի։ Լավ, ժամանակին ՀՀԿ-ի ջանքերով տապալվեց «Ազգայնացման մասին» օրենքի ընդունումը։ Զի այն խառնում էր ոմանց խաղաքարտերը։ Այժմ ինչո՞ւ չեք հակառակվում «Հանրապետականին» ու նրա «ջգրու» չեք ընդունում ազգային-պետական օրենքներ։ Նախ և առաջ գերակա մի օրենք, որով պետական, որ նույնն է, թե ազգային հարստություն կհամարվեն երկրի ընդերքը (ասել է թե` հանքերը), երկիր մտնող առաջին անհրաժեշտության մթերքը (շաքարավազը, կարագն ու ձեթը, դեղորայքն ու ծամոնը) և գլխավորը` ռազմավարական հրետանին` գազը։ Այն գազը, որը ձևավորել է ահռելի կապիտալ ԲՀԿ առաջնորդի համար։
Ահա ՀԱԿ-ը, երրորդ հանրապետության հանրահավաքների արհեստավարժ սադրիչը, հետո էլ համազգային ընդվզման պրոֆեսիոնալ սպանիչը։
Տիարք և տիկնայք, ապացուցեք, որ դուք էապես, բարոյապես և այլապես վազանցում եք ԱԺ կոալիցիային և «ԼԼ» ողջ ձայնախումբը կլինի ձերը` այսօր, վաղը և հուր-հավիտյան։
Ես մոռանում եմ ձեր վտանգները, դուք էլ փարատեք իմ տագնապները։ Այսինքն, պարտադրեք իշխանություններին բարեփոխումներ անել։ Ասենք, էսպես, առաջարկեք համապետական համալիր ծրագիր` ա) ինչպես արմատախիլ անել օլիգոպոլիկ համակարգը, բ) ինչպես հասարակության շլինքն ազատագրել չինովնիկական քրմապետությունից, գ) ինչ հնարքով բացահայտել «Մազութի գործը», այնուհետև թալանված գումարները վերադարձնել պետգանձարան, մեղավորներին էլ բարի ճանապարհ մաղթել դեպի պետկալանատներ։ Եվ ամեն բան կհասնի յուր տրամաբանական ավարտին։
Կոնյակն ըմպեցինք, սուրճը վերջացավ։ Հուսամ` հասկացաք, որ անհրաժեշտ է չհարմարվել խաղի կանոններին, չհամաձայնել, որ երկրում ոչինչ չփոխվի և այլն։ Եվ կվաստակեք ժողովրդի վստահությունն ու իմ սերը։ Առայժմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. - Շառլ Լուի դը Մոնտեսքյոն` Ֆրանսիայի նշանավոր իրավագետն ու փիլիսոփան, լուսավորիչն ու բարոնը, մի առիթով ասել է. «Ամենադաժան բռնակալությունն այն է, որը հանդես է գալիս օրինականության հովանու տակ և արդարության դրոշի ներքո»։
Թախանձում եմ, սույնն ականջի օղ արեք։ Եվ ընդունեք, որ քանի դեռ սոցիալական բնույթի ընդվզումներ չեք կազմակերպել, այսինքն` ժողովրդին չեք հանել փողոց ու հրապարակ, ասենք, հանուն տրանսպորտային քրեապետության վերացման, կենսաթոշակների եռապատկման կամ Սևանի սիգի վերածննդի, դուք ընկալվում եք, որպես, սա էլ ինքներդ որոշեք, թե ինչ եք ընկալվում։

Հ. Գ.-2 - Վերջերս անհանգիստ եմ։ Պատճա՞ռը։ Օսկանյանի փրկության 5 դրույթներն են։ Հայաստանի փրկության։ Ծանոթացա ուշի ուշով։ Եվ ահավասիկ եզրակացությունս. տիար Օսկանյանին, ի խորոց սրտի, մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ