«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Մենք պետք է վեր կանգնենք պատմական դեպքերին զգացմունքային մոտեցումներից»

«Մենք պետք է վեր կանգնենք պատմական դեպքերին զգացմունքային մոտեցումներից»
15.10.2012 | 14:05

Հոկտեմբերի 10-ին լրացավ Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրման երեք տարին: Ի՞նչ ունենք փաստաթուղթը ստորագրելուց երեք տարի անց։ Այս հարցի շուրջ զրուցում ենք պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ։

-2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որ նախատեսում էին հայ-թուրքական հարաբերությունների վերականգնում առանց նախապայմանների,- նշում է Գ. ՄեԼքոնյանը։- Սակայն ինչպես ցույց տվեցին վերջին 3 տարիների իրադարձությունները, Թուրքիան չի հրաժարվում Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսելուց։ Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայում տեղի ունեցավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը, որտեղ Էրդողանը հստակ արտահայտեց կուսակցության և երկրի իշխանության դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ։ Այն կրկին կառուցված էր Հայաստանի հետ նախապայմաններով խոսելու ոճով։ Անհրաժեշտ է փաստել, որ եթե նախապայմաններով խոսելու հարկ լինի, առաջինը պետք է խոսենք մենք։ Մենք ենք, որ կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, մենք ենք, որ կորցրել ենք ավելի քան 1,5 միլիոն բնակչություն, Ցեղասպանության պատճառով հայության զգալի հատվածը սփյուռքում է ապրում։ Սրանք երիտթուրքերի քաղաքականության հետևանքներն են, որոնք անդրադարձան բոլոր հայերի վրա։
-Իսկ գուցե անհրաժեշտ է, որպեսզի մե՞նք էլ նախապայմաններով խոսենք։
-Նախապայմանների լեզուն դիվանագիտության մեջ այդքան էլ ընդունված տարբերակ չէ։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ եթե դու նախապայմաններով ես խոսում, պետք է կարողանաս դրանք հիմնավորել։ Թուրքիան Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրման պահից փորձեց ճնշումը Հայաստանի վրա ավելացնել՝ ասելով՝ ազատեք Ղարաբաղում որևէ շրջան, և մենք խորհրդարանում կհաստատենք արձանագրությունները և կբացենք հայ-թուրքական սահմանը, ինչի արդյունքում Հայաստանում կգրանցվի տնտեսության զգալի աճ։ Նույն մոտեցումը մենք չենք ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ։ Միջազգային հանրությունը խոսում է նախապայմանների անթույլատրելիության գործոնի մասին, ինչը թուրքական կողմը անտեսում է։ Դրա արդյունքը եղավ այն, որ 2010-ի ապրիլի 22-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվեց հայ-թուրքական արձանանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի ԱԺ-ում։ Հետաքրքիրն այն էր, որ Հայաստանը չհրաժարվեց իր ստորագրությունը հետ վերցնելուց, և ՀՀ նախագահը հստակ նշեց, որ ՀՀ-ն չի հրաժարվում իր ստորագրությունից, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված առանց նախապայմանների քաղաքականությունը դեռևս մեր օրակարգում է, այսինքն՝ մեզ համար կարևոր է։ Թուրքական կողմը, ի դեմս Էրդողանի, Գյուլի և Դավութօղլուի, հստակ հայտարարություններով է հանդես գալիս, որտեղ պահանջում և նշում է, որ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն Արցախի ազատագրված տարածքները վերադարձնելուց հետո։
-Սահմանը չբացելու պատճառը միայն դա՞ է։
-Խնդիրն այն չէ, որ Թուրքան հայ-թուրքական սահմանը չի բացում պարզապես Ադրբեջանի հետ բարեկամությունից դրդված։ Այստեղ կա թուրքերի համար ավելի կարևոր խնդիր. դա Արևմտյան Հայաստանի կամ, ինչպես իրենք են անվանում, Արևելյան Անատոլիայի շրջաններում քրդական գործոնի ուժեղացումն է։ Եվ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում առաջին հերթին պետք է զարգանան քրդաբնակ այդ շրջանները։ Բնականաբար, Թուրքիայի Հանրապետությունը չի կարող շահագրգռված լինել քրդաբնակ տարածքների զարգացմամբ։ Գիտենք, որ այնտեղ կա լուրջ հակաթուրքական շարժում. քրդերը պահանջում են ինքնավարություն, անկախացում։ Եվ թուրքերը որպես սահմանը չբացելու պատճառաբանություն բերում են իրենց կրտսեր եղբայր Ադրբեջանի գործոնը։
-Ի դեպ, արձանագրությունները հայկական որոշ շրջանակներ քննադատաբար ընդունեցին։
-Արձանագրությունները ոչ միանշանակ ընդունվեցին հատկապես սփյուռքում։ Պատճառն այն է, որ սփյուռքահայ յուրաքանչյուր ընտանիք Ցեղասպանության հետևանքների կրողն է։ Իսկ քանի որ մենք բավականին զգացմունքային ժողովուրդ ենք, պարզ էր, որ սփյուռքի արձագանքը եղավ ոչ միանշանակ։ Քաղաքականության մեջ կամ միջազգային հարաբերություններում մենք պետք է առաջնորդվենք ոչ թե զգացմունքներով, այլ սառը դատողությամբ։ Թուրքիան, փաստորեն, այսօր հզոր պետություն է, մեր հարևանն է, իսկ հարևաններին չենք ընտրել, նրանք ձևավորվել են պատմական որոշ գործընթացների պատճառով, անկախ նրանից դրանք մեզ համար ունեցել են դրական, թե բացասական հետևանքներ։ Հետևաբար, հարևանների հետ պետք է ձգտենք գոնե զրոյական խնդիրներ ունենալ։ Բացի այդ, հնչում էին կարծիքներ այն մասին, որ եթե Հայաստանը ստորագրում է արձանագրությունները, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դրվում է հարցականի տակ։ Իհարկե, այդպես չէր, և ի հակադրություն նման հայտարարություններ անողների, որոնք հիմնականում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, 2012-ի հունվարին Ֆրանսիայի Սենատում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը։ Այսօր արձանագրությունները սառեցված են, բայց ես համոզված եմ, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անպայման այս արձանագրություններին անդրադառնալու է, փորձելու է սա շահարկել, որպեսզի դիմակայի միջազգային ճնշմանը, որն աստիճանաբար ուժեղանալու է։ Այս հարցում պետք է շատ զգոն լինենք. եթե Թուրքիան փորձի արձանագրությունները որպես խայծ օգտագործել, մենք պետք է հրաժարվենք նաև մեր ստորագրությունից։ Իսկ Ղարաբաղի հարցով Թուրքիայի նախապայմաններն անլուրջ են ու անհիմն։
-Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով խոսում է գրեթե ամեն օր։ Օրերս հայտարարեց, որ Ստեփանակերտից Երևան թռիչքներ իրականացնելու դեպքում կփակի իր օդային տարածքը Հայաստանի համար։
-Հայաստանը նույնպես կարող է փակել իր օդային տարածքը, ասենք, Նախիջևան թռչող ինքնաթիռների համար։ Եվ Նախիջևանը՝ որպես անկլավ, որ առանց այն էլ գտնվում է շատ վատ վիճակում, կհայտնվի աղետի եզրին։ Այն, որ այսօր թուրքական դիվանագիտությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ նախապայմանների քաղաքականությունը, ցույց է տալիս մի բան. հայ-թուրքական արձանագրություններն այս պահի դրությամբ սառեցնելը ձեռնտու է մեզ համար, ավելին ասեմ՝ այս արձանագրությունների ստորագրմամբ մեր դիվանագիտությունը կարողացավ ցույց տալ միջազգային հանրությանը, որ իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման հիմնական կողմը Թուրքիան է, այլ ոչ թե մեր զգացմունքային ազգ լինելը։ Մենք պետք է վեր կանգնենք պատմական դեպքերին զգացմունքային մոտեցումներից և նայենք շատ գործնական։ Լինելով Ցեղասպանության ենթարկված ժողովուրդ՝ պետք է ուժ գտնենք մեր մեջ և մեր հակառակորդի հետ խոսենք որպես հավասարը հավասարի հետ։ Ինչու չէ, կարողանանք նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հարկ եղած դեպքում նաև որոշակի տարածաշրջանային ծրագրեր իրականացնել։ Սա այսօրվա հրամայականն է։
-Թուրք-սիրիական լարված հարաբերություններն ինչի՞ կարող են հանգեցնել։
-Թուրքիայի հարաբերությունները հարևանների նկատմամբ դարերով եղել են ագրեսիվ, նվաճողական, ցեղասպան։ Այսօր էլ այդ քաղաքականությունը շարունակվում է։ Այն մարդիկ, որ ասում են՝ թուրքերը, գնալով դեպի Եվրոպա, փոխվել են, չարաչար սխալվում են։ Այսօր Թուրքիան ունի հնարավորություն ևս մեկ տարածք նվաճելու Սիրիայից, փորձում է իրականացնել դա։ Համոզված եմ՝ եթե վաղը Հայաստանում լինի ներքաղաքական պառակտում, Թուրքիան փորձելու է օգտվել այդ իրավիճակից և ստիպելու է Հայաստանին գնալ ավելի մեծ զիջումների, ինչու չէ, նաև տարածքային։


Հարցազրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ