«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Այս Արեգակի տակ ոչ անկախ երկրներ, ոչ անկախ մամուլ, ոչ անկախ խոսք գոյություն չունեն»

«Այս Արեգակի տակ ոչ անկախ երկրներ, ոչ անկախ մամուլ, ոչ անկախ խոսք գոյություն չունեն»
15.10.2012 | 18:22

Նախագահահական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, սակայն ներքաղաքական զարգացումների թեժություն դեռ չի նկատվում: Մեր զրուցակիցը` ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, սակայն, այս մտքի հետ համաձայն չէ` պնդելով, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

-Զորօրինակ նախագահի հանդիպումը կառավարության անդամների հետ,- նշեց պարոն Եղիազարյանը:- Ես էլ զարմանում եմ` ինչի՞ վրա է զարմացել Սերժ Սարգսյանը: Պարզ չէ՞ր, որ մեր տնտեսությունն անդունդ է գլորվում: Հաջորդը` Վարդան Օսկանյանի հետ կապված խայտառակ պատմությունը: Ի՞նչ է, Օսկանյա՞նն էր այն մարդը, որ քրեական գործով պիտի ԱԺ մտնեին` նրան անձեռնմխելիությունից զրկելու: Ընդհանրապես անձեռնմխելիությունից զրկելու ինստիտուտը Հայաստանում ծիծաղելի կարգավիճակ ունի: Չկա այդպիսի ինստիտուտ: Ինչ որոշի բացարձակ մեծամասնությունը, այն կլինի, ինչ անձեռնմխելիության մասին է խոսքը:
-Ինչո՞ւ եք Օսկանյանի գործը կապում նախագահի ընտրությունների հետ, մի՞թե նա կարող է Սերժ Սարգսյանի համար լուրջ մրցակից լինել:
-Ցանկացած գումարի, որ հանրապետություն մտնում է, ուշի ուշով հետևում են: Այս ԱԺ ընտրությունները, որ մեծամասնությունն ապահովեց ՀՀԿ-ն, եղավ գումարով, չէ՞, միմիայն գումարով: Ձայնը գնեցին տասը հազար դրամով: Հիմա կարող է այդ փորձը օգտագործվել, դրա համար էլ նման գումարներին հետամուտ են լինում: Սա առաջին քայլն էր, շոուն դեռ շարունակվելու է:
-Ի՞նչ ավարտ կունենա «շոուն»:
-Վարդան Օսկանյանին չեն համարձակվի ձերբակալել, որովհետև վերջին տասը տարում ԱՄՆ-ի դեսպանատունը միակ խելոք միտքն է արտահայտել: Համաձայն եմ դեսպանի հետ, որ պաշտպանում է Օսկանյանին:
-Բայց ինչո՞ւ է ԱՄՆ-ը «ընտրողաբար» պաշտպանում, միշտ չէ, որ այդպիսի ջանասիրություն է ցուցաբերում:
-Մեզ` 135 հոգուս, հանիրավի բանտերը լցրին, ու դեսպանության աչքի առաջ ամեն ինչ կատարվեց, իրենք շատ լավ գիտեին` ովքեր էին մարդասպանները, բայց ոչ մի ծպտուն չհանեցին: Դե, տասը տարվա ընթացքում մի խելոք բան պիտի ասեին, ասացին, էլի: Այս համատեքստում կարելի է դիտել նաև Խաչիկյանի պատմությունը, ինչն իսկապես խայտառակություն է: «Սեփական» Խաչիկյանին հանձնելուց հետո ՀՀԿ-ականներն ասում են` տեսեք, մեզ համար նույնն է` Խաչիկյան, թե Օսկանյան: Բայց նման համեմատությունն ուղղակի ծիծաղելի է: Եթե Խաչիկյանը գրպանել է 58 հազար մեռած հոգու թոշակ, դեռ երկուսուկես տարի էլ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում քյաբաբ է «զխտկվել», Օսկանյանը նման բաներ չի արել:
-Օսկանյանին էլ համարում են մարտի 1-ի պատասխանատուներից մեկը:
-Ինքս, իհարկե, տուժել եմ այս իշխանություններից, հանիրավի, բայց մարտի 1-ի առնչությամբ չէի ցանկանա Օսկանյանի անունն ընդհանրապես տալ: Նա ո՛չ կազմակերպիչն է եղել, ո՛չ էլ իրականացնողը:
-Այս հարցում Ձեր և մյուս կոնգրեսականների կարծիքը տարբերվում է:
-Ես իմ տեսակետն եմ հայտնում:
-Լավ, անցնենք ընդդիմության գործողություններին: Ինչո՞ւ, ՀԱԿ-ը դեռևս չի խոսում նախագահի սեփական թեկնածուի մասին:
-ՈՒշ լինի, նուշ լինի:
-Նուշ կլինի՞:
-Նուշ պարտադիր կլինի:
-Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ թեկնածությունը:
-Կարծում եմ` այո:
-Եթե առաջադրի, քաղաքական հաշվարկների առումով` ճի՞շտ կլինի:
-Միանշանակ:
-Նախորդ անգամվա փորձը հաշվի չե՞ք ուզում առնել:
-Այսինքն` էլի «թմրամոլներ», կաշառքի բաժանում, հանցավոր խմբերով ընտրությունների անցկացո՞ւմ:
-Չէ՛։ Էլի նախագահի, քաղաքապետի ընտրությունների անհաջող արդյունք:
-Իմ հույսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը պիտի հասկանա, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ:
-Այս անգամ այդ գիտակցությունը կհաղթի՞:
-Դժվարանում եմ ասել: Հայը 700 տարի ստրկացվել է: Միգուցե մեր գենետիկ շղթայի մեջ ինչ-որ բան է պահպանվել:
-ԲՀԿ-ի թեկնածուի պաշտպանության հարցում որպես միասնական թեկնածու ի՞նչ տեսակետ ունեք:
-Ես կպաշտպանեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:
-Բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ում նախագահի այլ թեկնածու չե՞ք տեսնում:
-Ո՛չ:
-Անդրադառնանք նաև ՀԱՊԿ-ի արձանագրություններին ՀԱԿ խմբակցության քվեարկությանը: Քննադատության թիրախում էր Ձեր ատենապետը` Լյուդմիլա Սարգսյանը: Ինչո՞ւ այդպիսի տարակարծություն եղավ:
-Տարակարծություն կլինի, մենք սոցիալիստ ենք, կան ազատականներ: Եթե ՀԱԿ-ում մի բան համախմբում է, դա գործող իշխանության հանդեպ ընդդիմությունն է: Սա մեզ միավորում է, իսկ տարբեր հարցերի շուրջ ունենք տարբեր պատասխաններ:
-Չե՞ք ընդունում այն տեսակետը, որ ռուսամետություն դրսևորվեց:
-Ոչ, դրսևորվեց ՀՀ-ի հանդեպ զգոնություն և ուշադրություն: Արևելքում ունենալով Ադրբեջանի պես ստոր հարևան, Արևմուտքում` թուրքի պես ապիկար, չենք կարող առանց ՀԱՊԿ-ի հույսը դնել ԱՄՆ-ի վրա: Տասը տարի տեսնում ենք` պրեսկոտներով ինչ ընտրություններ են անցկացնում: Եթե ընտրություններն են այսպես կեղծում, վաղը մեզ կպաշտպանե՞ն, դա բացառված է:
-Ասել է` Հայաստանի պետականության, ինքնիշխանության հանդեպ դա վտանգ չէ՞:
-Դուք կարո՞ղ եք մի պետություն վկայակոչել, որը տարբեր պայմանագրերով կապված չէ ուրիշի հետ: ԱՄՆ-ի պես երկիրը նման կապեր ունի, եվրոպական ցանկացած երկիր ՆԱՏՕ-ի անդամ է: Նույն Գերմանիան ինքնիշխանությունը կորցրե՞լ է, որ ՆԱՏՕ-ի անդամ է, կամ Նիդերլանդները: Իհարկե` ոչ: Էդ ինչո՞ւ, երբ խոսում ենք ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, ոչ մեկն ինքնիշխանության մասին չի խոսում, իսկ ՀԱՊԿ-ի քվեարկության վրա բոլորը սկսում են ապշել, թե ինչպես կարող ենք սուր ճոճել մեր ինքնավարության վրա: Այս արեգակի տակ ո՛չ անկախ երկրներ, ո՛չ անկախ մամուլ, ո՛չ անկախ խոսք գոյություն չունեն:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ