Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճշմարիտ քրիստոնյան ոչ թե մահանում կամ մեռնում է, այլ ննջում

Ճշմարիտ քրիստոնյան ոչ թե  մահանում կամ մեռնում է, այլ ննջում
16.10.2012 | 11:36

Մի քանի օր առաջ լրատվական միջոցները գրեցին, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։
Իսկ մենք կփորձենք այդ ամենին հոգևոր բնույթ հաղորդել, քանզի խոսքը մի հոգևոր անձի մասին է, ով 63 տարի անընդմեջ գտնվում էր Աստծո և Եկեղեցու ծառայության մեջ, որից 22 տարին՝ որպես Երուսաղեմի թվով 96-րդ պատրիարք, իսկ մինչ այդ 24 տարի` որպես Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ. պատկառելի թվեր և տարիներ մարդու կյանքի այս անցողիկ ժամանակներում։
Ըստ Ավետարանի` ճշմարիտ քրիստոնյան ոչ թե մահանում կամ մեռնում է, այլ ննջում, ինչը ենթադրում է նաև ոչ վերջնական վիճակ, այլ ապագայում զարթնելու, հարություն առնելու հույս։ Եվ սա հենց այնպես ասված խոսք չէ, այլ հաստատված Աստծո անսուտն խոսքով։ Երբ Ստեփանոս սարկավագին հրեաները քարկոծում էին, Ավետարանն այդ մասին գրեց այսպես. «Ստեփանոսը աղոթում էր և ասում. «Տե՛ր, սա մեղք մի համարիր դրանց»։ Եվ երբ այս ասաց, ննջեց» (Գործք 7.58)։
Եվ այսպես, հիրավի պատրիարք ննջեց, քանզի «պատրիարք» բառը միաժամանակ պատկառազդու նահապետ է նշանակում, մի մարդ, ով մոտ քառորդ դար Երուսաղեմում հայոց ազգին նահապետ ու առաջնորդ էր ներկայանում մնացած ազգերի ու երկրների առջև։ Իսկ որ դա չափազանց մեծ պատասխանատվություն է նշանակում, իսկապես այդպես է, քանզի խոսքն աշխարհի ամենապայթյունավտանգ ու կարևոր երկրի՝ Իսրայելի մասին է, որտեղ հատվում են երեք հայտնի կրոնները՝ Մովսիսական (հրեական), քրիստոնեական և մահմեդական։ Եվ այդ է պատճառը, որ հին Երուսաղեմը բաժանվում է չորս թաղամասերի. Հրեական, Արաբական, Քրիստոնեական և Հայկական։ ՈՒշադրություն դարձրի՞ք, որ այդ չորս թաղամասերից միայն երկուսն էին ներկայացնում իրենց երկրները. հրեականը և հայկականը։ ՈՒրեմն մեր փոքրիկ ազգը այդ սուրբ երկրում հենց իր անունով է ներկայանում մնացած ազգերին ի տես։
Ասվածի կարևորությունը շեշտելու համար մի փոքր պատմական էքսկուրս անենք։
Սուրբ Հակոբյանց մայրավանքը, որտեղ և հայոց պատրիարքությունն է գտնվում, մի փոքրիկ քաղաք է` պարսպապատված չորս կողմից, երեկոյան ժամը տասին փակվող ու առավոտյան վեցին բացվող, որտեղ բնակվում են վանականները և աշխարհականները` իրենց ընտանիքներով։ Մի խոսքով` քաղաք՝ քաղաքի մեջ, ուր միայն հրավերով է հնարավոր մուտք գործել, նույնիսկ քաղաքի ոստիկանությանը։
Քանի որ մոտ տասը տարի առաջ ինձ հրավիրել էին դասավանդելու Երուսաղեմի սուրբ Հակոբյանց մեր հայոց վարժարանում, բնական էր, որ ինձ հետաքրքրեր ամեն ինչ, որովհետև այնտեղ միտք հղացավ մի գիրք գրելու հայոց Երուսաղեմի մասին։ ՈՒ մի առիթով ինձ հաջողվեց թերթել այդ մեկդարյա գրառումները, որտեղից ապագա գրքիս համար քաղեցի հետևյալ հետաքրքիր տվյաները, որոնք, կարծում եմ, ընթերցողին էլ կհետաքրքրեն։
Մեր պատրիարքարանի հինավուրց դահլիճների պատերից մեզ են նայում հայոց Երուսաղեմի անխոնջ մշակների` պատրիարքների յուղաներկ կտավների վրա նկարված մեծադիր պատկերները: Քիչ հեռու՝ այս աշխարհի հզորների` կայսրերի, թագավորների, թագուհիների և զանազան բարերարների դիմանկարները, որոնք ժամանակին այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Երուսաղեմի հայոց վանքի հետո: Ահա դրանցից մեկի պատմությունը. «1867 թվականին հայոց Երուսաղեմի հոգևոր խորհուրդը, ընդառաջելով Անգլիայի Վիկտորիա թագուհու խնդրանքին, Եթովպիայի Թեոդորոս թագավորի մոտ որպես միջնորդ է ուղարկել երկու հայ վանականների, մի գերված անգլիացու ազատ արձակելու խնդրագրով: Իսահակ Բաբերդցի եպիսկոպոսի գլխավորությամբ երկուհոգանոց պատվիրակություն է գնում Եթովպիա ու երկու տարի այնտեղ ջանում այդ խնդրի բարեհաջող լուծման համար: Վիկտորիա թագուհին, բարձր գնահատելով հայերի այդ աջակցությունը, որպես հիշատակ Եսայի պատրիարքին է ուղարկում իր ամուսնու` Ալբերտ իշխանի և գահաժառանգ Էդուարդի մեծադիր նկարները, իսկ ճանապարհային և այլ ծախսերի համար որպես հատուցում` 1000 ոսկի»:
Իսկ եթե բացելու լինեք պատրիարքարանի դահլիճում դրված պատվավոր հյուրերի մատյանը, ապա չզարմանաք, երբ կարդաք ցարական ընտանիքի անդամների, անգլիացի իշխանազունների, Ֆրանսիայի դուքսերի, նույնիսկ Գերմանիայի Վիլհելմ կայսրի ու կայսրուհու ու այս աշխարհի այլ մեծերի, ինչպես նաև հայոց ազգի անվանիների անունները, որոնք, սուրբ Երուսաղեմ գալով, որպես հարգանքի տուրք՝ հարկ են համարել այցելել հայոց սուրբ Հակոբյանց աթոռ: Իսկ երբ իր թագավորությունը կորցրած Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն 1936 թ. վշտացած սրտով Երուսաղեմ է գալիս, երկու անգամ լինում է սուրբ Հակոբի վանքում, որտեղ հանդիպում է ունենում այն ժամանակվա պատրիարք Թորգոմ Գուշակյանի հետ: Երբ կայսրը խոնարհաբար ծնկի է գալիս Աստծո ծառայի` մեր պատրիարք հոր առջև, սա օրհնում է նրան և քաջալերանքով ասում. «Վեհափառ արքա՛, իմ ազգանունը Գուշակյան է. կանխագուշակում եմ, որ դուք պիտի վերստանաք ձեր գահը, և Ձեր ձեռքով խաղաղություն պիտի լինի Եթովպիայի ժողովրդի մեջ: Տիրոջը ապավինե՛ք, և Տերը պիտի Ձեր պաշտպանը լինի»: Դրանից հինգ տարի չանցած, 1941 թվականին, նա իսկապես վերստանում է իր գահը և, հիշելով հայոց պատրիարքի օրհնանքը, մեծ արտոնություններ է շնորհում Եթովպիայի հայ գաղութին:
Ահա այսպիսի չափազանց կարևոր պաշտոնում էր ծառայում Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը, այն էլ հովվական մեծ հմտությամբ ու իրեն վստահված հոգևոր հոտի հանդեպ հայրական խնամքով։
Հիշում եմ, երբ զատկական շաբաթվա հիշատակելի օրերին Երուսաղեմ էր շտապում աշխարհասփյուռ հայերի երամը, Հայոց վանքը կարծես մի մեծ Հայաստան էր դառնում, որտեղ թագավորի դերում Հայոց պատրիարքն էր լինում։ Իսկ երբ ավարտվում էին զատկական արարողությունները, բոլորը հավաքվում էին պատրիարքարանի հսկայական դահլիճում ու մեկառմեկ մոտենում էին պատրիարքական գահին բազմած Թորգոմ Մանուկյանի աջը համբուրելու և օրհնանքի հետ մեկտեղ ստանալու Հիսուսադրոշմ նշխարքը, որ ամբողջ տարվա ընթացքում հավաքվում էր ամենօրյա պատարագներից հետո։
Որպես վարժարանի նախկին սան, պատրիարքը շատ լավ էր հասկանում ներկայիս վարժարանի սաներին, որոնք մեծ ուշադրությամբ էին լսում հաճախ իրենց այցելող պատրիարք հորը, ով, բացի խրատներից ու օրհնանքից, նաև հայրական գորովանք էր փոխանցում տղաներին, որոնք ընտանիքներից ու ծնողներից հեռու դեռևս փաղաքշանքի կարիք ունեին։
Չնայած պատրիարքի մեծապաշտոն դիրքին, Թորգոմ Մանուկյանը իսկական վանականի նման էր ծառայում Երկնային Տիրոջը։ Նրա կերակուրը նույնն էր, ինչ մյուս վանականներինը, որ ճաշարանից իր աշխատասենյակն էին տանում խոհարարները։ Միակ տարբերությունը, թերևս, այն էր, որ իր ընկեր բժիշկը խորհուրդ էր տվել թեյի մեջ մի փոքր հայկական կոնյակ լցնել, որը նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին։ Ինչպես տեսանք, իսկապես հայոց հողի բուրումնավետ կոնյակը չափավորության մեջ իր դրական գործը արեց, և պատրիարքը ննջեց 93 տարեկան զառամյալ հասակում։ Իսկ որ նա իսկապես Աստծո ընտրյալն էր, ապացուցվեց նաև այն բանով, որ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա¬ի ննջումից հետո հենց Թորգոմ Մանուկյանին վստահվեց կաթողիկոսական տեղապահի պաշտոնը, մինչև նոր կաթողիկոս ընտրվեց։
Անցած կիրակի հայոց բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագից հետո հոգեհանգստյան արարողության կարգ կատարվեց Հայ եկեղեցու վաստակյալ սպասավորի հոգու խաղաղության համար։
Յիշատակ արդարոց օրհնյալ եղիցի. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 3599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ