«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Անհնար է, որ որևէ գյուղացի գա հասնի այստեղ, և ես նրան չընդունեմ»

«Անհնար է, որ որևէ գյուղացի գա հասնի այստեղ, և ես նրան չընդունեմ»
18.10.2012 | 14:59

Բերքառատ տարին ենթադրում է նաև առատ մթերումներ, սակայն այդ հատվածում լուրջ դժգոհություններ եղան հատկապես դեղձի մթերման հետ կապված։ Որպեսզի վերացական չհնչի խնդիրը, նշենք, որ, օրինակ, Արարատի մարզի Գետազատ գյուղում դեղձի այգիներն այս տարի կոտրատվում էին բերքի ծանրությունից։ Սակայն գյուղացիները դժգոհում էին, որ իրենց բերքը չեն մթերում։ Նույն պատկերն էր նաև Հայաստանի այլ վայրերում։ Ինչի՞ց առաջացավ մթերումների խնդիրը, և ի՞նչ է անում գյուղնախարարությունը խնդրի լուծման համար։ Սա կարևոր հարց է, քանի որ հանրապետությունում այժմ էլ սկսված է խաղողի մթերումը։ Հիշյալ հարցերի շուրջ է զրույցը գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։

-Առաջին հերթին պետք է նշեմ, որ տարին բերքառատ է հատկապես պտղի առումով։ Եթե մենք այն վերածենք թվերի, ապա 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի դեղձի բերքը 19 %-ով ավելի է եղել, իսկ ծիրանինը` 59 %-ով։ Պտղի ընդհանուր ծավալները հոկտեմբերի 15-ի դրությամբ աճել են 26 %-ով։ Կանխատեսում ենք, որ մինչ տարվա վերջ պտղի ծավալը կկազմի մոտ 280-290 հազար տոննա։ Նշեմ, որ 2011-ին այն եղել է 239 հազար տոննա։ Ինչ վերաբերում է մթերումներին, ապա իսկապես դեղձի առումով որոշ խնդիրներ առաջացան։ Կազմակերպություններից երկուսը, որ պարտավորվել էին դեղձ մթերել, ուշացումով մթերեցին։ Օրինակ, անցած տարի Տավուշի մարզում դեղձի մթերում գրեթե չեղավ` բերքի սակավության պատճառով։ Այս տարի մարզը բերքառատ էր, սակայն բերքի որակը բարձր չէր։ Այդ առումով որոշակի խնդիրներ ևս առաջացան մթերող ընկերությունների կողմից, սակայն մեկ շաբաթում դրանք լուծվեցին, և մթերման աշխատանքները հունի մեջ ընկան։ Ինչ վերաբերում է Արարատի մարզի Գետազատ գյուղի դեղձի մթերումներին, ապա այստեղ ևս խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գյուղացին բերքը տեսակավորեց` բարձրորակն արտահանեց, միջին որակովը վաճառեց շուկայում և միայն մթերող կազմակերպություններին առաջարկեց այն, ինչ մնացել էր։ Նշեմ, որ տարվա սկզբից մթերող ընկերությունների հետ մի քանի անգամ խորհրդակցություն էինք կազմակերպել, լսել նրանց պահանջները և կանխատեսումները, ձեռք էր բերվել պայմանավորվածություն մթերվող գնի շուրջ։ Մեր քաղաքականությունն է մթերումներից առաջ ճշգրտել մեր անելիքները մթերող ընկերությունների հետ։ Օրինակ, ծիրանի մթերման գործընթացը շատ սահուն անցավ` նորմալ գնով մթերվեց, խնդիրներ չեղան, արտահանման ծավալները ևս մեծ էին։ Եթե 2011-ին արտահանվել էր 6960 տոննա, ապա այս տարի արտահանվել է 12630 տոննա ծիրան։ Ամբողջ Հայաստանում մթերման գործընթացն այս պահին նորմալ ընթանում է։
-Գյուղացին տեսակավորում է իր մթերքը և վերջում մնացորդն առաջարկում վերամշակող գործարանին։ Որովհետև գյուղացին նախընտրում է լավորակը վաճառել իր եկամուտներն ապահովելու համար։
-Ճիշտ եք, գյուղացին առաջին հերթին պետք է մտածի իր եկամտաբերության մասին։ Ոչ ոք դա չի կարող վիճարկել, սակայն մթերող ընկերություններն էլ իրենց արտադրության որակի մասին մտածելով նախընտրում են ձեռք բերել համեմատաբար որակյալ մթերք, ինչի համար սահմանված են հստակ չափանիշներ։ Այժմ հանրապետությունում ընթանում են խաղողի մթերումներ, և այս դեպքում ևս մթերման են հանձնում և՛ շատ բարձր, և՛ շատ ցածրորակ խաղող։ Այն խաղողը, որը բոլորովին պիտանի չէ արտադրության համար, բնականաբար, չի կարող մթերվել։ Սակայն այն, որ քիչ թե շատ մի բան դուրս կգա, վերամշակող ընկերությունները, հարգելով գյուղացու աշխատանքը, ինչպես նաև գյուղնախարարության հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, մթերում են։
-Պարոն նախարար, Դուք ասացիք, որ երկու ընկերություններ ուշացրել են դեղձ մթերելու գործընթացը։ Ո՞ր ընկերություններն են դրանք, ի՞նչն է, որ խնդիր է առաջացրել և ինչո՞ւ են նրանք խախտել նախարարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը։
-Պայմանավորվածություն խախտողները «Բորոդինո» և «Բյուրակն» մթերող կազմակերպություններն են, որոնք իրենց մերժումը հիմնավորեցին իրացման խնդրով։ Դրանից հետո մենք նրանց հետ հանդիպեցինք, բացատրեցինք իրավիճակը` եթե գործարանը կա, ապա պետք է աշխատի։ Գուցե մարդկանց որոշ հատված մեր այս քայլը չարդարացնի, մտածելով, որ միջամտում ենք մասնավոր բիզնեսին։ Բայց հիշեցնեմ, որ մենք գյուղացու շահն ենք պաշտպանում։ Նա իր բերքը հո չի՞ թափելու։ Նկատեմ, որ այդ երկու կազմակերպություններն էլ արդեն մթերումներ են իրականացնում։
-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ այս պահին մթերումներին առնչվող խնդիրներ չկան։
-Պաշտոնապես հայտարարում եմ` Հայաստանում գործող գինու 42 գործարանները խաղող են մթերում, և ոչ մի դժգոհություն չկա։ Ես միշտ ասել եմ, եթե խնդիր կա, ապա դրա շուրջ չպետք է վերացական խոսենք, գնանք, տեղում ուսումնասիրենք և լուծում տանք։ Այս պահին ոչ մի խոչընդոտ չկա, խաղողը մթերվում է, վճարումները ժամանակին կատարվում են։
-Այսինքն, մեր այս զրույցից հետո, եթե խոսեմ գյուղացիների հետ, նրանք խաղողի մթերման հետ կապված...
-Գիտե՞ք ինչ, գյուղացիները կդժգոհեն և կասեն, որ մթերման գինը ցածր է։ Բայց պետք է այն դիտարկել տարիների կտրվածքով։ Օրինակ, 2010-ին 1 կգ խաղողը մթերվում էր 100 դրամով, 20011-ին գինը 10 դրամով բարձրացավ, 2012-ին այն 130-140 դրամ է։
-Դեղձն ի՞նչ գնով է մթերվել։
-50-60 դրամով։
-Լավ։ Գյուղացին դեղձն աճեցնելու համար խոշոր վարկեր է վերցնում, լուրջ գումարներ վճարում պարարտանյութի, ջրի, հողի համար։ Այնուհետև, վերամշակող ընկերությունը, ասենք, նույն դեղձը մթերում է 50-60 դրամով, բայց երբ վերամշակողն արդեն իր պատրաստի արտադրանքը վաճառում է շուկայում, դրա գինը մի քանի անգամ գերազանցում է ներմուծվող գնին։ Գիտեմ, Դուք այն կհիմնավորեք ընկերության կողմից ծախսված էլեկտրաէներգիայի, գազի գնով։ Բայց, կարծում եմ, որ այս դեպքում գյուղացին ավելի շատ գումար է ծախսում։
-Չմոռանանք, որ գյուղացու եկամուտը միայն մթերումներից չի ձևավորվում։ Ինչպես վերևում նշեցի, հիմա էլ կկրկնեմ` յուրաքանչյուր սեզոնի առաջին բերքը ոչ թե մթերվում, այլ բարձր գնով գյուղացին վաճառում է շուկայում։ Օրինակ, լոլիկը սեզոնի սկզբում շուկայում վաճառվում է 500-600 դրամով, այնուհետև գինն աստիճանաբար նվազում է, մթերման սեզոնը սկսվում է, երբ տվյալ մթերքի գինը շուկայում շատ ցածր է։ Սրան զուգահեռ չպետք է մոռանանք, որ վերամշակող ընկերությունները ևս պետք է կարողանան աշխատել` իրացնել իրենց արտադրանքը։ Վերամշակող ձեռնարկությունները, չհաշված կոնյակ արտադրողներին, 10 %-ից ավելի շահույթ չեն ունենում։ Եթե խոսում ենք մթերման գներից, եկեք այն դիտարկենք համեմատության մեջ։ Արդեն նշեցի, որ տարեցտարի մթերման գները բարձրանում են։ Մենք փորձում ենք պաշտպանել գյուղացու շահերը` պայմանավորվածություն ձեռք բերելով վերամշակող ընկերությունների հետ։ Իսկ եթե մեր մթերման գները համեմատենք միջազգային շուկայում գործող մթերման գների հետ, ապա մեզանում այն ավելի բարձր է։ Միջազգային շուկայում, օրինակ, լոլիկի մթերման գինը 20 դրամից ավելի չէ։ Իսկ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում այլ մոտեցում է կիրառվում. որոշ գյուղական տնտեսություններ արտադրում են միայն սեղանի սորտեր, մյուսները` տեխնիկական, որոնք նախատեսված են միայն մթերման համար։ Մենք նման բան չունենք։ Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ մթերող բոլոր ընկերությունները արտադրողի, այսինքն` գյուղացու հետ աշխատեն պայմանագրային եղանակով, որ երկուստեք պաշտպանված լինեն կողմերի շահերը, իսկ գյուղացին երաշխավորված լինի, որ իր արտադրած ամբողջ բերքը իրացնելու է փոխշահավետ գնով։
-Համաձայն եմ, բայց եթե միջազգային ցուցանիշներով ենք խոսում, ապա եկեք համեմատենք նաև դրսի գյուղացու վիճակը Հայաստանի գյուղացու հետ։
-Իսկ ո՞վ է ասում, թե մեր գյուղացու վիճակը շատ լավ է։ Ես նման բան չեմ ասում, ուղղակի նշում եմ` որոշակի դրական տեղաշարժեր ունենք ոլորտում։ Մասնավորապես, իրականացնում ենք գյուղացուն աջակցելու ծրագրեր։ Սակայն չեմ ժխտում, ավելին, ասում եմ, որ ունենք շատ չլուծված խնդիրներ։ Եթե Դուք հիմա ինձ հինգ քննադատական խնդիր ներկայացնեք, ես դրանց վրա ևս հինգը կարող եմ ավելացնել։ Այնպես չէ, որ ես միայն լավի մասին եմ նշում, վատի մասին էլ եմ ասում և ընդգծում, որ խնդիրներ ունենք, որոնց լուծումները փորձում ենք գտնել։ Այսօր մենք գյուղացու աշխատանքը պետք է գնահատենք։ Այն ձեռքբերումները, որ այսօր մենք ունենք ոլորտում, ոչ թե իմ, այլ գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունք են։
-Դուք ասացիք, որ վերամշակող ձեռնարկությունների միջին շահույթները մեծ չեն։ Իսկ գյուղացու միջին շահույթը որքա՞ն է։
-Կախված է նրանից, թե ինչ է արտադրում։ Եթե վերցնենք ապրանքի ինքնարժեքը, ապա շահույթ կա։ Շահութաբերությունը կարող է բարձր լինել` 40-50 %, սակայն շահույթի ծավալը շատ փոքր է, քանի որ հողակտորները փոքր են, դրա համար էլ գյուղացին դժգոհում է։ Այստեղ արդեն առաջանում է նոր խնդիր, կտրված մանր հողակտորները մեր ամենացավոտ հարցն է, ես առաջին օրից ասում եմ, մեր ապագան հողերի միացման կոնսոլիդացիայի և կոոպերացիայի ստեղծումն է, որն արդեն հռչակել ենք որպես գերակա խնդիր։
-Գյուղատնտեսության զարգացումը մեծապես պայմանավորված է նաև ոռոգման ջրի անխափան մատակարարմամբ։ Գիտեմ, որ ոռոգումը ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգման հարցն է, սակայն ի՞նչ է արվում ձեր կողմից (այդ կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում), որ սեզոնին ոռոգման խնդիրներ չառաջանան։ Օրինակ, Արարատի մարզի Հայանիստ գյուղն ընդհանրապես ոռոգման ջուր չունի։
-Ոռոգման ջրի խնդիր կա, և մենք ջրային տնտեսության կոմիտեի հետ փորձում ենք այն լուծել։ Օրինակ, վերջերս Պռոշյան գյուղից մի խումբ բնակիչներ եկել էին նախարարություն այդ նույն խնդրով և նշում էին, որ իրենք դիմել են ջրային տնտեսության կոմիտեին, սակայն իրենց խնդիրը չի լուծվել։ Նշված կոմիտեի ղեկավարի հետ մենք խնդիրը կարգավորեցինք։ Այսինքն, ով մեզ դիմում է, մենք փորձում եք հարցը լուծել։ Հայանիստից դժգոհություն չենք ստացել։
-Հայանիստ գյուղի բնակիչները պնդում են, որ Ձեր տեղակալը եղել է գյուղում, և երբ գյուղացիները գանգատվել են, որ ջուր չի եղել, և ցորենը չի աճել (մինչդեռ ցորենի սերմացուն վերցրել են նախարարությունից), Ձեր տեղակալն ասել է` ջուր չունեիք, ցորեն չցանեիք։
-Բացառում եմ, որ նման բան իմ որևէ տեղակալն ասած լինի։ Անտրամաբանական է, եթե գյուղացին ցորեն է վերցրել, պետք է ցանի, ուղղակի պետք էր ջրի հարցը լուծել։
-Հիմա հարցը լուծված չէ, և Հայանիստը ոռոգման ջրի խնդիր ունի։ Գուցե նրա բնակիչները չեն եկել նախարարություն, բայց որ խնդիրը կա, փաստ է։
-Բայց եթե խնդիրը չներկայացնեն, մենք որտեղի՞ց իմանանք։ 915 համայնք կա և 340 հազար գյուղացիական տնտեսություն, բոլորին մեկ առ մեկ չենք կարող հարցնել` ինչ խնդիր ունեք։ Թեև ինչ-որ չափով այդպես էլ անում ենք։ Մեկ տարի ութ ամսվա մեջ անձամբ այցելել եմ 800 համայնք, որոշ համայնքներում 3-4 անգամ եմ եղել։ Նախարարությունում գործում է շուրջօրյա շտապօգնության ծառայություն, և բոլոր խնդիրները կարելի է զանգով ներկայացնել այս ծառայությանը։
-Հիմա ես Ձեզ տեղեկացնում եմ` Հայանիստ գյուղը ոռոգման ջուր չունի, ցանած ցորենն էլ չորանում է։
-Մենք այս հարցը կուսումնասիրենք և կաշխատենք արագ լուծում տալ։
-Հնարավոր է։ Ես պնդում եմ, որ այդ գյուղը ջուր չունի։
-Անպայման կհանձնարարեմ, որ խնդիրն ուսումնասիրեն, և լուծում տրվի հարցին։ Հավատացնում եմ նաև, անհնար է, որ որևէ գյուղացի գա հասնի այստեղ, ես նրան չընդունեմ։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3373

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ