Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ժամանակի ընթացքում նյութի կանաչելն օրինաչափ է. գնացեք Եվրոպա և կտեսնեք նման բազմաթիվ արձաններ»

«Ժամանակի ընթացքում նյութի կանաչելն օրինաչափ է. գնացեք Եվրոպա և կտեսնեք նման բազմաթիվ արձաններ»
19.10.2012 | 12:21

Մայրաքաղաքում արձանների մաքրման և վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում, մինչդեռ, օրինակ, Խաչատուր Աբովյանի, Սասունցի Դավթի արձաններն օրեցօր ավելի են ճերմակում։ Սրամտում են, թե ժողովրդի «դարդը» նրանց հանգիստ չի տալիս, իսկ մենք էլ կասենք` պատկան կառույցները ժամանակին և պատշաճ կերպով իրենց աշխատանքը չեն իրականացնում։ Հուշարձանների պահպանումը գտնվում է մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչության հսկողության տակ։ Հետաքրքրական է, որ երբ փորձեցինք նրանցից տեղեկանալ, թե ինչ է արվում մայրաքաղաքի արձանների պահպանման ուղղությամբ, նրանք տեղեկացրին, թե արձաններն իրենց հսկողության տակ չեն և պատկանում են Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ո՞ւմ հսկողության տակ են արձանները, և եթե դրանք մշակույթի նախարարության ենթակայության տակ են, ապա ինչո՞ւ նախարարությունը մեր հարցը փոխանցում է քաղաքապետարանին «с больной головы на здоровую» սկզբունքով։

-Գոյություն ունի հուշարձանների պահպանման հաստատված ցանկ, որով հստակեցված է, թե որ կառույցները կամ արձաններն են գտնվում Երևանի քաղաքապետարանի, որոնք` մշակույթի նախարարության պատասխանատվության տակ։ Մեր պատասխանատվության տակ եղած արձանների զգալի հատվածը պարբերաբար վերանորոգվում և վերականգնվում է։ Վերջերս մաքրվեցին Տորք Անգեղի և Հայկի արձանները։ Գործընթացը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի ջանքերով։ Արձան վերականգնելը հեշտ չէ, քանի որ շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ հեղինակի համաձայնությունը, մասնակցությունը կամ իր ժառանգի թույլտվությունը։ Ընդունում եմ, որ այն ուշադրությունը, որ կա մեր քանդակների նկատմամբ, բավարար չէ, բայց և առկա են մի շարք երևույթներ, որոնք գովասանքի են ենթակա։ Չէ՞ որ այսօր մեր քանդակների զգալի հատվածը երեկոյան ժամերին լուսավորված է, մի բան, որ տարիներ առաջ չկար։ ՈՒշ երեկոյան մարդիկ հնարավորություն ունեն լուսանկարվելու քանդակի կողքին։ Արդյոք սա վերաբերմունք չէ՞։
-Վերաբերմունք է, սակայն գիշերն արձանի մոտ լուսանկարվողը (Գրիբոյեդովի արձանը դարդից սպիտակել է) ցերեկը տեսնում է դրա նյութի մաշվածությունը, որը գցում է քանդակի էսթետիկական և մշակութային արժեքը։ Մինչդեռ այլ երկրներում առաջին հերթին պահպանման աշխատանք է տարվում, ինչը չի նկատվում մեզանում։ Օրինակ, Սասունցի Դավթի արձանի ձիու հետևի մասը սպիտակել է, այդպես էլ կքայքայվի-կգնա, հետո էլ կասենք, հեղինակի կամ ժառանգի թույլտվությունն է պետք արձանը վերանորոգելու համար։ Հենց այս խնդիրների համար եմ ուզում հստակեցնել. այս արձանները ո՞ւմ հսկողության տակ են` ձե՞ր, թե՞ մշակույթի նախարարության։
-Մշակույթի նախարարության։
-Այդ դեպքում ինչո՞ւ է նախարարությունը հարցս փոխանցում ձեր կառույցին։
-ՈՒրեմն նա տեղյակ չէ իր գործերից։
-Իմ շահը մայրաքաղաքի ընդհանուր տեսքն է, և դրա համար ուզում եմ հասկանալ, եթե մայրաքաղաքի արձանների զգալի մասը մշակույթի նախարարության հսկողության տակ է, ի՞նչ քայլեր եք կատարում նախարարության հետ համատեղ այդ արձանների վերականգնման և պահպանման համար։
-Քիչ առաջ նշեցի արձանների մաքրման գործընթացը, մի՞թե դա արված գործ չէ։
-Տորք Անգեղի և Հայկի արձանները երևի թե ձեր պատասխանատվության տակ են, դրա համար էլ արել եք։
-Դժվար է միանշանակ ասել։ Գուցե և այդ արձանների խնամքը մեր գործառույթի մեջ չէ, բայց այնուհանդերձ, աշխատանքը տարվել է, բացի այդ, հոկտեմբերի 14-ին քաղաքի շատ արձաններ լվացվեցին։
-Արդյոք ժամանակը չէ՞, որ քաղաքապետարանը մշակույթի նախարարությանը հստակ առաջարկ ներկայացնի արձանների պահպանման աշխատանքների ապահովման վերաբերյալ, քանի որ մաշված-փչացած արձանները գցում են քաղաքի ընդհանուր տեսքը և քանդակագործի վարկանիշը։ Նաև վնասում են Հայաստանի վարկանիշը. զբոսաշրջիկը գալիս և տեսնում է մեր վերաբերմունքն արվեստի նկատմամբ։
-Որպեսզի քաղաքի ընդհանուր տեսքը չփչանա, Երևանի քաղաքապետարանը պարբերաբար արձանների մաքրման և վերականգնման աշխատանք է իրականացնում։ Մի նուրբ մասնագիտական խնդիր կա, որը կուզեի ներկայացնել։ Կան բրոնզե արձաններ, որոնք, չգիտես ինչու և չգիտես ով, որոշվել է, որ պետք է պրտել։ Այնինչ, ժամանակի ընթացքում նյութի կանաչելն օրինաչափ է. գնացեք Եվրոպա և կտեսնեք նման բազմաթիվ արձաններ։ Մեր նույն Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանները հենց մի քիչ կանաչում են, սկսում են պրտել, Ձեզ թվում է դա ճի՞շտ է։
-Ինձ ոչ թե թվում է, այլ գիտեմ, որ նույն Եվրոպայում, ըստ սեզոնայնության, հատուկ նյութերով արձանները պատում են, որ տաքից-սառից դրանք չփչանան։
-Չեմ կարծում, որ Երևանում տաքից, ցրտից որևէ արձան փչացած կամ անուշադրության մատնված լինի։ Ես գոնե նման բան չգիտեմ։
-Որքա՞ն գումար է տարեկան հատկացվում արձանների պահպանության համար, բնականաբար, նկատի ունեմ այն արձանները, որոնք քաղաքապետարանի հսկողության տակ են։
-Այդպիսի բան բյուջեով նախատեսված չէ։
-Այդ դեպքում ի՞նչ միջոցներով եք աշխատանքներ իրականացնում։
-Համայնքային միջոցներով։
-Այս տարի որքա՞ն գումար է ուղղվել արձանների մաքրմանը։
-Այդ հարցին ավելի հստակ կարող է պատասխանել քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը։


Զրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ