Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գորիլլայի մեծ բանանը (հեքիաթախառն պատմություն)

Գորիլլայի մեծ բանանը (հեքիաթախառն պատմություն)
19.10.2012 | 12:39

«...Կարևորը ոչ թե համակարգի թույլ տված սխալն է, այլ արձագանքն այդ սխալին»։


Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ,
«Ով հաղթեց Վրաստանում»

Հ. Գ. -Իսկ ո՞վ հաղթեց Վրաստանում։
Սահմանադրությունը։


«Գորիլլա։ Մարդանման կապիկների ընտանիքի ամենախոշոր կապիկը։ Հասուն արուի հասակը մինչև 175 սմ է, ձեռքերի բացվածքը` 260 սմ, քաշը` 135-180 կգ։ ՈՒղեղի տուփի ծավալը 500-600 խսմ է, ուղեղը կազմությամբ մոտ է մարդու ուղեղին։
Ոչնչացման վտանգի պատճառով ներկայումս գորիլլայի որսն արգելված է» (Հայկական սովետական հանրագիտարան)։
Գորիլլաներ համայն աշխարհի, ծնկաչոք հայցում եմ ձեր ներողամտությունը ներքոնշյալ անասնակերպերի հետ համեմատելու համար։ Պատվարժան պրիմատներ, ընտրությունս կանգ առավ ձեզ վրա, զի ինձ հուզեց ձեր ձեռքերի բացվածքի և ուղեղատուփի ծավալի ներդաշնակությունը։

Այո՜։ Սկսեցինք վայրի կապիտալիզմից, հասանք վայրագ բարեփոխումներին։ Հրաշալի տրամաբանական շարունակություն։ («Ախորժակը ուտելիս է բացվում», ենթադրել են ֆրանսիացիները, հաստատում ենք անկախական հայերս)։
Եվ ահա մի շարք դիտարկումներ։ Անկախ պետականության առաջին քսան տարիները տեղապտույտի տարիներ էին։ (Լինենք անկեղծ, բացառությամբ Արցախի փառահեղ գոյության, մյուս հարցերում թոզ ենք փչում հայոց պատմության աչքերին)։ Այսինքն, ծնվեցինք բարով-խերով, հասակ առանք, ծառայեցինք բանակում ու կրկին հայտնվեցինք մեր կյանքի սեռահասուն փուլում։

Օպերայամերձ հրապարակի և Սայաթ-Նովա փողոցի հատման կետում հսկա գովազդային ցուցանակը զօրուգիշեր մայրաքաղաք Երևանի գովքն է անում, կանաչ օազիսներ, գունագեղ շատրվաններ և մայրաքաղաքի ղեկապետերը` սիգաճեմ, հպարտ և հրեղեն հայացքներն ուղղած հորիզոնին։ Այնտեղ, որտեղ դեռ մի պուտ կապույտ երկինք է մնացել, որը պիտի լրացվի գորիլլայակերպ երկնաքերներով։
ՈՒ եթե երկրում սահմանադրությունն է գերակա օրենքը, ուրեմն Բաղրամյան փողոցի սկզբնամասում հակընդդեմ մի վահանակ տեղակայենք։ Վահանակը թող զօրուգիշեր ներկայացնի քաղաքամոր բացթողումները։ Ասենք, զուգարանների բացակայությունը։ Կամ գեղաշեն շենքերի տանիքների զանգվածային բռնաբարումները։ Գուցե թե Փարաջանովի տուն-թանգարանից վար կառուցվող բազմահարկը, թերևս կանաչ տարածքների նահանջը մոխրագույն բետոնի առջև։ Այ սա կլինի և՛ ժողովրդավարական զուռնի-տրնգի, և՛ դեմոկրատական բոզբաշ։ Այո՜։

«Մեկ ազգ, կազմակերպությունների դաշինքը» թռուցիկների ամենազոր ուժով հանրային կարծիք է ձևավորում։ Թռուցիկներն ամենուր են, շուլալում են սյուները, փարվում պատերին։ Մի բան է անհասկանալի. ինչո՞ւ դրանք չեն կախվում լվացքի պարաններից։ Զի դրանց քարոզչությանն անծանոթ տնային տնտեսուհիներն ու բակային բոմժերը լիուբոլ կըմբոշխնեն հրաշունչ այս գիրը. «Լևոն, հեռացիր, Հայաստանը փորձադաշտ չէ»։ Գրերը գրավում են։ Զորօրինակ, պահանջում են չմոռանալ դառն անցյալը։ (Սա, թերևս, ենթադրում է նախընտրական օրերին քացի տալ Լևոնի ջատագովներին, շեմից վանել Եհովայի վկաներին)։ Սկզբունքորեն համաձայնվելով «Մեկ ազգի» քարոզչական ռմբահարության հետ, այնուամենայնիվ, հարց եմ ուզում տալ։ Ավելի ստույգ` հարցեր։ Լևոնը միայնա՞կ է հեռանալու, թե՞ հետն է առնելու հանրապետության գաղտնիքները։ Եթե նա, այսուհանդերձ, հեռանում է, «Հայաստան-փորձադաշտում» ո՞վ է նրան փոխարինելու։ Այնուհետև, եթե անցյալը դառն է, ներկան ինչպիսին է, արդյո՞ք քաղցր։ Թե «դառն ու անուշ»։ Իսկ Եհովայի վկա-վհուկները մի՞թե ավելի վտանգավոր են երրորդ հանրապետության ներկայի ու ապագայի համար, ասենք, կյանքի 6-րդ տասնամյակը մարող և յոթերորդ կուստոմսը մարսող քաղաքական դուրսպրծուկներից։ Էնպես որ, սիրելի «Մեկ ազգ», միակնանի մի եղեք ներկա վարդագույն օրերը քննելիս ու զննելիս։ Այո՜։

Այո՜, բարեկամներ, յոթերորդ զգայարանովս զգում եմ, որ հատնում է ձեր շողշողուն համբերությունը։ Գործի ենք անցնում։ Եվ ահավասիկ երրորդ հանրապետությունը սեռահասուն, այսինքն, վաղ պատանեկան հասակում պահողների մասին մի քանի «դառն ու անուշ» կենացներ։ Ոչ, վրիպեցիք, անգիններս, վրիպեց անգամ ազնվազարմ ընթերցողներիցս թերևս ամենազարմանահրաշը` Դանիելը Երաժիշտ։ Զի թևերի 2,60 սմ բացվածք և ուղեղի 550 խսմ ծավալ ունեցողները բնավ օլիգարխները չեն, ոչ էլ նրանց թիկնազորի բազկապինդ-տկարամիտ անդամները։ Այո՜, այո, կռահեցիք իսկույն, դրանք (գորիլլայակերպերը հայոց) չինովնիկներն են, նորանկախության գլխավոր տզրուկներն ու գլխակեր բոռերը։ Եվ ահավասիկ, դրսում հոգիդ պարուրող շռնդալից աշո՞ւն է, թե՞ ոսկորներիդ հերն անիծող քամոտ վաղ գարուն, քաղաքական իշխանությունն ազատականների ձեռքո՞ւմ է, թե՞ արմատականների կրնկի տակ, տարածաշրջանում խռովահույզ իրավիճա՞կ է, թե՞ պայմանական անդորր, սրանք կանգուն են, աննկուն և աննահանջ։ Ավելի ստույգ` նվաճողական։ Այո, սրանց ուղեղի ծավալը կենսաբանորեն շատ ավելի է գորիլլաներից, թևերի բացվածքը` ավելի քիչ։ Սա կենսաբանորեն։ Գործնականում կլանում են հնարավորը։ Ծառայողական ութ ժամերին։ Երբեմն էլ կուլ են տալիս անհնարինը։ Սա արդեն ընդմիջման պահերին։ Ինչպե՞ս։ Էսպես։ Օլիգարխի, ենթաօլիգարխի, սրանց մերձավորների ու վերջիններիս հպատակների կամային, ենթագիտակցական, ընթացակարգային և բնազդական բոլոր հակումների ու նկրտումների առաջ կանաչ լույս են վառում գորիլլայակերպերը։ Ընդ որում, բնավ չշրջանցելով օրենքն ու կարգը։ Ոչ, օրենքն ու կարգը հենց նրանք են ծնում, գուրգուրում, հետո էլ շրջանցում մեծագույն ճարպկությամբ։ Պատասխանը միարժեք է. մշտարթուն բարգավաճ գոյություն, օսլայած շապիկ-վարտիք, անուշաբույր քարտուղարուհի և պերճաշուք ծառայողական (քարտուղարուհու, բույրով)։
Այս տեսականու կարկառուն ներկայացուցիչներից մեկին հաճախ էի հանդիպում Հանրապետության հրապարակը հատելիս։ Դուրս էր սահում ԱԳՆ վեհանձն դռներից ու մինչև շողափայլ ծառայողականի դուռը մաստակը որոճում ցուցադրական հանդիսավորությամբ։ Ի տես ապշահար անցորդների։ Սույն գորիլլայակերպը թևերի բացվածքով, անշուշտ, Հանրապետության հրապարակն էր գրկել` Կառավարական տնով և այս տան ժամացույցով ներառյալ։ Գորիլլայակերպն այսօր էլ թամբին է։ ՈՒ տաքուկ-բուրումնավետ մի առանձնասենյակ է զբաղեցնում և թքած ունի` տարածաշրջանում անդո՞րր է, թե՞ գերլարվածություն, իշխանության գլուխ կարմիրնե՞րն են, թե՞ դարչնագույնները, երկրում ահագնացող արտագա՞ղթ է, թե՞ հուսադրող ներգաղթ։

Գորիլլայակերպը դեմ է ցանկացած առաջընթացի և ուղիղ ճանապարհի։ Նրանն իր բանանն է, ոսկեշող, կենսալից ու թարմ։ Գորիլլաներն ինչպե՞ս են լուսաբացը դիմավորում։ Ճիշտ եք, խոխոջուն հորանջով` ջունգլիով մեկ։ Այնուհետև ոջլաթափման երանելի րոպեներն են։ Հետո բուն կյանքը։ Ի՞նչն է իմաստ հաղորդում գորիլլայի գոյությանը. ո՞րն է նրա տիեզերական առաքելությունը։ Դարձյալ խփեցիք ճիշտ իննյակին։ Գորիլլայի առաքելությունը ջունգլիների խրախճանքում ներդաշնակություն ապահովելն է։ Այսինքն, նա արթուն-զվարթուն հսկում է սահմանագիծը, որից այն կողմ բնաշխարհի քաոսն է։ Իսկ ե՞րբ է քաոսը հաղթում։ Երբ բնաշխարհը նվաճում է կենդանական աշխարհի կենսադաշտերը։ Էնպես որ, գորիլլաներն օրվա ընթացքում մեծ քանակությամբ պտուղ ու թուփ են ճաշակում, պահպանում ներդաշնակությունը։ Այ, հենց սրա համար է թևերի բացվածքը։ Զի նստած վիճակում էլ նա պետք է կլանի կանաչ զանգվածը։ Բնականաբար, այս ամենի համար 500-600 խսմ ուղեղազանգվածը բոլ-հերիք է։ Այո՜։

Արդեն (ուս ուսի և կրունկ կրնկի) նշել ենք և նշմամբ հաստատել մեր համերաշխությունն առ այն, որ երրորդ հանրապետության անցողիկ զինվորին դեմ-հանդիման երեքգլխանի դևն է կքանստել։ Նախ` օլիգարխիատը։ Այնուհետև` գեներալիտետը։ Ի վերջո, գորիլլայակերպերի դասը (մեր նշման մեջ` չինովնիկական գլխադասը)։ Սակայն թվաբանական եռամատ կոմբինացիայով փոխատեղում կատարենք և գորիլլայակերպերին մղենք առաջին հորիզոնական։ Ինչո՞ւ։ Շատ պարզ։ Մենք ի՞նչ պահանջ պիտի ունենանք օլիգարխներից։ Որ ազգի, պետության, սերնդի անարգման ճանապարհով այս մի բուռ հողում ֆինանսական լեռնաշղթաներ ձեռք բերելուց հետո պիտի այգինե՞ր կերտեն հանուն ազգի, պետության, սերնդի ապագայի։ Ո՛չ։ Անհնար է։ (Աշխարհն է այսպիսին, ինչ կարող ենք անել)։
Գեներալիտետից ի՞նչ պահանջել։ Որ նախկին զինընկերոջն այսօր վերաբերվի, ինչպես վերաբերվում էր խրամատներո՞ւմ։ Անհնար է, զի դուրս է վերը նշված սահմաններից։ (Լավագույն դեպքում զինընկերոջ գամփռը կարող է զուգավորվել գեներալական պուդելի հետ)։ Իսկ ահա չինովնիկական գլխացավից պահանջներ իսկապես ունենք։ Զի հենց նրանք են հրահրել։ ՈՒ հենց նրանք են, որ բյուջե են ձևավորում մեկ նպատակով. բյուջեն ծառայեցնել սեփական ինքնապահպանմանը, պտղակալմանը, շարունակմանը։ Օրենսդրորեն ահավասիկ ապահովված է անհնարինը։ Նախ այրվում է պետական մի շենք։ Հետո վաճառվում ազգային-պետական մեկ այլ շենք, ԱԳՆ-ն։ Գորիլլայակերպերը, հավատացեք, արդեն իսկ ձեռքի տակ ունեն Ազգային օպերայի, Մատենադարանի, Ազգային պատկերասրահի, Թումանյանի թանգարանի և այլնի ձեռքբերման հավաստագրերը։ Օլիգարխիատի և գեներալիտետի պատվերը կա։ Սպասենք նոր հրդեհների։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Հանրապետության անարգման վտանգները հաշվի առնելով` առաջարկում եմ գորիլլայակերպերի որսաշրջանը համարել բացված։ Զի ազատ-անկախ-ժողովրդավարական-շուկայական Հայաստանում 2,5 անգամ ավելի չինովնիկ կա, քան անազատ-ոչ անկախ-տոտալիտար-պարտոկրատ ՀԽՍՀ-ում։ Ցավոք, որսը խորհրդանշական է։ Արմատական աքացիներով և ժողովրդավարական դմբուզներով նրանց հեռացնում ենք գրասենյակներից, դուրս մղում ուղեգորգերից։ Առայժմ թող համալրեն գործազուրկների բանակը և կյանքը վայելեն իրենց ձեռամբ ու մտոք ձևավորված բյուջեի թերմացքով։

Դիտվել է՝ 3417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ