ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Քեզ չասացի՞. եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»

«Քեզ չասացի՞. եթե հավատաս,  Աստծո փառքը կտեսնես»
23.10.2012 | 11:30

Ինչպես նկատել են մեր ընթերցողները, սրբերին հաճախ ենք անդրադառնում «Իրատես de facto»-ի էջերում։ Եվ դա անհրաժեշտ է, քանի որ ում հետ հաճախ շփվում ես, նրան էլ նմանվում ես։ Նույնիսկ սուրբ հայրերից մեկն ասել է. «Մեզանից առաջ, նախկին քրիստոնյաները հարատև պահք էին պահում, անդադար աղոթք անում, իսկ մենք նրանց կեսի չափ էլ չենք անում, բայց մեզանից հետո, վերջին օրերում կգան քրիստոնյաներ, որոնք մեր կեսի չափ էլ չեն անի, բայց մինչև վերջ համբերելով, կփրկվեն ու մեծ կհամարվեն Աստծո մոտ, որովհետև իրենց առջև բարի օրինակ չտեսնելով, բայց բարին իմանալով և դրան հետևելով ու բարին ամուր բռնելով, հաղթեցին չարին»։ ՈՒրեմն բարի օրինակը մեզ կօգնի չհուսահատվելու այս չար ժամանակներում։

Մեր օրերում հաճախ ենք լսում տարբեր սրբերի մասին, որոնք Աստծուց հրաշագործության ու բժշկության շնորհ են ստացել, ու նրանց բարեխոսություններով բազումներն են բժշկվել։ Օրինակ, երանելի Մատրոնա Մոսկվացին, ազգությամբ հույն Նեկտարիոսը և այլք։ Հայորդիներիս համար ամենավառ օրինակը, իհարկե, Գրիգոր Նարեկացի սուրբն է, որի «Մատյան ողբերգության» աղոթամատյանի բժշկարար զորությանը ոչ ոք չի կասկածում։ Նույնիսկ աշխարհի տարբեր երկրներում արդեն գոյություն ունեն «Նարեկաբուժության» կենտրոններ։ Երբ Տերը կամենա, այս մասին առավել մանրամասն կգրենք, բայց հիմա խոսքը մեկ այլ սրբի` հրաշագործ սուրբ Շարբելի մասին է։
Սրբերից յուրաքանչյուրի վարքն ինքնին մի հրաշապատում է, բայց այս մեկի միջոցով կատարված հրաշքների ու բժշկությունների «քանակն ու որակը» գերազանց են շատերի արածից, այդ պատճառով էլ սուրբ Շարբելը համարվում է Քրիստոսի եկեղեցու քսաներորդ դարի ամենաբեղմնավոր սուրբը, քանի որ նրա բարեխոսությամբ կատարվող հրաշագործությունների ու բժշկությունների թիվն արդեն անցել է քսան հազարից, և դրանք շարունակվում են ցայսօր։ Հրաշագործությունների նման առատություն դարեր ի վեր չի հիշվում ոչ մի սրբի վարքաբանության մեջ։
Այս սրբի մասին վաղուց էի կցկտուր տեղեկություններ լսել, թե, իբր, կա մեկը, որի միայն պատկերի միջոցով բազմաթիվ հրաշագործություններ ու բժշկություններ են կատարվում։ Ընդամենն այսքանը։ Դրանից հետո, տարիներ անց, երբ Մոսկվա էի մեկնել գործով, սովորությանս համաձայն գրախանութներ էի հաճախում, որ հոգևոր գրականության նորություններին ծանոթանամ։ Փնտրտուքի ժամանակ տեսա մի գիրք՝ վրան պատկառելի արտաքինով մի ծեր վանականի պատկեր, իսկ երբ կարդացի վերնագիրը՝ «Սուրբ Շարբել», իսկույն հասկացա, որ վաղուց լսածս սրբի մասին է գիրքը։ Իհարկե, անմիջապես գնեցի և հենց մետրոյում կլանված կարդում էի այդ զարմանալի մարդու մասին ու հիանում այն գործերով, որ Աստված նրա միջոցով կատարել և կատարում է նաև մեր օրերում։
Տեղեկացա, որ նա լիբանանցի արաբ է և մարոնիտ քրիստոնյա։ Որպես տեղեկություն ասենք, որ մարոնիտները (հայրապետ Մարոնի անունից) նախկինում ասորական, այժմ լիովին արաբացած քրիստոնեական եկեղեցու անդամներ են։ Մեծ մասամբ գտնվում են Սիրիայում և Լիբանանում։ 1182 թ. իրենց պատրիարքի՝ Մարոնի, ու մի քանի եպիսկոպոսների որոշմամբ միացել են Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Թեև հետևում են կաթոլիկական դավանանքին, բայց պահպանել են իրենց նախկին ավանդական եկեղեցու մի քանի սովորություններ. օրինակ, ի տարբերություն կաթոլիկների, մարոնիտները կարող են ամուսնանալ, մորուք պահել և այլն։
Երևան վերադառնալուց հետո, շատ չանցած, հիվանդացա ու սաստիկ գլխացավով անկողին ընկա։ Իմացածս բնական դեղամիջոցներն արդյունք չէին տալիս։ Չեմ հիշում հիվանդությանս որ օրն էր, հանկարծ հիշեցի սուրբ Շարբելի գիրքը։ Իսկույն ձեռքս առա և սկսեցի կարդալ որպես հիվանդ, որը հմուտ բժշկի կարիք ունի։ Տկարությանս պատճառով հաճախակի ընդհատումներով էի կարդում։ Եվ ծանոթանալով բազմաթիվ վկայություններին՝ շատ բժշկվածների նման ես էլ օգտագործեցի գրքում հատուկ այդ նպատակի համար զետեղված սրբի գունավոր պատկերը։ Ասեմ, որ նման ձևով բժշկության ժամանակակից հոգևոր գրականության մեջ դեռ չէի հանդիպել։ Այդ պատճառով սկզբում թերահավատությամբ նկարը դրեցի ճակատիս ու սրբիչով ծածկելով՝ աչքերս փակեցի. միաժամանակ աղոթում էի, որ Աստված օգնության ձեռք մեկնի Իր օրհնյալ սրբի միջոցով։ ՈՒ այդ ժամանակ հիշեցի, որ դեռ քրիստոնեության արշալույսին, երբ Տիրոջ փրկության Ավետարանը սկսել էր տարածվել Հայաստան աշխարհում, Տերը նախ Եդեսիա՝ Աբգար թագավորին էր ուղարկել Իր սրբալույս Դեմքի անձեռակերտ պատկերը՝ որպես բժշկություն և մխիթարություն հոդատապի խիստ ցավերից տառապող մեր հավատավոր արքային։ Իսկ հետագայում Բարդուղիմեոս առաքյալը Աստվածածնի ննջումից հետո նրա պատկերը Երուսաղեմից բերել է Հայաստան, վանք շինել ու այնտեղ դրել պատկերը, որի միջոցով մեծամեծ հրաշքներ ու բժշկություններ են կատարվել մեր երկրում։ Ներսես Մեծ կաթողիկոսն այդ վայրում նույնիսկ հիվանդանոց կառուցել տվեց, որ անբուժելի ախտեր ունեցողները գան և Տիրամոր հրաշագործ պատկերի միջոցով բժշկվեն իրենց ցավերից։ Այդ միտքն ինձ օգնեց ազատվելու իմ մեջ եղած թերահավատությունից. աղոթքով խնդրեցի սուրբ Շարբելին, որ Տիրոջից իրեն տրված շնորհով ինձ էլ բժշկի ցավից։ Դրանից հետո, հիվանդությունից ու անքնությունից հյուծված և տառապած, առաջին անգամ քնեցի հանգիստ ու անխռով։ Երբ առավոտյան արթնացա, մի պահ ձեռքս տարա ճակատիս, զգացի, որ սրբի նկարն ընկել էր, բայց ցավն էլ էր անհետացել. առաջին փորձառությունը հրաշալի արդյունք ունեցավ։ Ապաքինվելուց հետո ծանոթներիս պատմում էի նրա մասին ու տալիս էի գիրքը, որ իրենք էլ կարդան և, ըստ իրենց ունեցած հավատի, բժշկվեն։ Հաջորդ վկայությունը կապված է մի եղբոր զարմուհու հետ, որը, չգիտես ինչ պատճառով, տառապում էր հոգեկան խանգարումով։ Բժիշկներն ու զանազան հանգստացնող դեղամիջոցներն այլևս ի զորու չէին օգնելու նրան։ Եվ երբ այդ եղբայրը սուրբ Շարբելի մասին ռուսերեն գիրքը փոխանցում է զարմուհու քրոջը, նա նույնպես կարդալով, հավատում է սրբի բարեխոսությանն ու Տիրոջ ամենակարող զորությանը։ Այնուհետև որոշում է քրոջ լուսանկարը դնել այդ գրքի մեջ և խնդրել սուրբ Շարբելին, որ օգնի հիվանդին։ Այդ նույն օրը, գիշերվա ուշ ժամին, հիվանդ քույրը զանգահարում է և խիստ բարկացած հանդիմանում քրոջը՝ սպառնալով խզել կապերը նրա հետ։ Այստեղ զարմանալին նախ այն է, որ լուսանկարի մասին ոչ ոք չգիտեր, բացի այն գրքի մեջ դնողից. երկրորդ զարմանահրաշ բանն այն եղավ, որ դրանից հետո հիվանդը, հետզհետե խաղաղվելով, իսպառ ազատվեց հիստերիայից ու սկսեց եկեղեցի հաճախել, սուրբ պատարագներին մասնակցելով ու հաղորդություն ընդունելով, բժշկվեց իր հիվանդությունից։
Քանի որ Մոսկվայից բերածս գիրքն ընդամենը մեկն էր և ռուսերեն, շատերին էր անհասանելի մնում։ Մտքումս կար դրանից ծաղկաքաղ անելով՝ հայերեն մի գրքույկ գրել սրբի մասին, բայց մտադրությունս այդպես էլ մի քանի տարի մնաց որպես հերթական չիրականացված ձգտում։ Այդ ժամանակամիջոցում Աստծո օգնությամբ հրատարակության պատրաստեցի բուժման վերաբերյալ մի ուրիշ գրքույկ՝ «Բան բժշկության» վերնագրով, որն ավետարանական ընթերցումներով, սաղմոսներով ու Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի միջոցով կատարվող բժշկությունների մասին է։ Բայց քանի որ մեզ սիրող Հայրը տարբեր միջոցներ է գործադրում Իրեն հուսացողներին օգնելու համար, ահա կամոքն Աստծո (որովհետև հոգևոր ոլորտում պատահականություն չի լինում) 2005 թ. մի քանի հոգով Հայաստանից ուխտի գնացինք Լիբանան։ Եղանք այն վայրերում, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր Իր երկրային կյանքի օրերին ավետարանել Աստծո թագավորությունը, և տեսանք ու լսեցինք բաներ, որոնք ավելի հաստատեցին ու զորացրին մեր հավատը։
Հետդարձի տոմսը նախապես Երևանում էինք գնել, բայց այնպես դասավորվեց, որ պետք է ևս չորս օր մնայինք Բեյրութում։ Իհարկե, առաջիկա կիրակին գնացինք Անթիլիասի Հայոց կաթողիկոսարան, մեր հայրենակիցների հետ մասնակցեցինք սուրբ Պատարագին։ Գլխավոր եկեղեցու կողքին Հայոց եղեռնի զոհերի հիշատակին կառուցված մատուռում տեսանք Դեր Զորի անապատում նահատակվածների մասունքներն ու խոնարհվեցինք դրանց առաջ, աղոթեցինք նրանց հոգիների խաղաղության համար։ Ապա հարցրինք, թե ինչպես կարելի է այցելել սուրբ Շարբելի սրբավայրը։ Մեզ ասացին, որ այն բավական հեռու է, և այնտեղ ոչ մի ավտոբուս չի գնում, իսկ մեքենա վարձելու դեպքում շատ մեծ գին կպահանջեն մեզնից։ Այդպես էլ մեր երազանքը կմնար չիրականացած, եթե սուրբ Շարբելը չօգներ մեզ։ Շատ չանցած ծանոթներիցս մեկն ասաց, որ իր ընկերը սեփական տաքսի ունի և պատրաստ է մեզ, որպես հայերի, մատչելի գնով այդ սրբավայրը տանելու։ ՈՒրախացած իսկույն համաձայնեցինք և մյուս օրը պայմանավորված ժամին ուղևորվեցինք այնտեղ։ Քանի հեռանում էինք Բեյրութի աղմկոտ ու ճնշող իրականությունից (որովհետև դեռ նախկին պատերազմից շատ փլատակներ էին մնացել, ու քաղաքը նոր¬նոր սկսել էր ազատ շունչ քաշել), այնքան օդը դառնում էր զրնգուն ու զուլալ, քանզի Լիբանանն էլ մեր երկրի նման լեռնային է։ Երբ հասանք սուրբ Շարբելի վանքը՝ Աննայա, բոլորս իսկույն զգացինք այն առանձնահատուկ հոգեհարազատությունը, որ տածում ես սրբավայրերի հանդեպ, և սրտի անըմբռնելի ուրախություն։
Սովորական օր էր, այցելուները՝ սակավ։ ՈՒ լավ էր, որ այդպես էր, որովհետև տոնական օրերին մարդկային եռուզեռը երբեմն խանգարում է հոգևոր ներամփոփմանը։ Վանքի մուտքի դիմաց՝ մի փոքրիկ բլրի վրա, Աստվածաշնչի լիբանանյան հայտնի սաղարթախիտ ու հաստաբուն մայրու տակ սուրբ Տիրամոր մարդահասակ արձանն էր կանգնած, որը կարծես ողջունում էր այստեղ ուխտի եկած իր զավակներին։ Իսկ վանքի տարածքը շատ գեղեցիկ էր, ամեն ծառ ու թուփ՝ մեծ սիրով խնամված։ Եկեղեցական կառույցները նույնպես գեղեցկաշեն էին ու շրջակա բնությանը ներդաշնակ։ Հենց վանքի բակում՝ մի քանի աստիճան ունեցող պատվանդանի վրա ևս մի արձան կար կանգնած, բայց սա արդեն սուրբ Շարբելն էր՝ աջ ձեռքը վեր պարզած, քահանայական օրհնանքի դիրքում, իսկ մյուս ձեռքում Ավետարանն էր՝ վրան խաչ։ Հատուկենտ ուխտավորները, կանգնած սրբի արձանի մոտ, ջերմեռանդորեն աղոթում էին՝ հայցելով Տիրոջ ծառայի բարեխոսությունը։ Չէ՞ որ շատերն են լսել, թե ինչե՜ր կարող է անել այս զարմանալի սուրբը մի երկնառաք աղոթքով։
Ապա խմբով մտանք գլխավոր սրահ, որտեղ տարբեր սրբապատկերներ կային, բայց սուրբ Շարբելի գեղեցիկ ու մեծադիր նկարն իսկույն իր կողմը գրավեց բոլորիս։ Ճիշտ այդ պահին եկեղեցու սպասավորները պատրաստվում էին սուրբ Պատարագ մատուցելու, քանի որ, ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների, կաթոլիկականն ամեն օր է սուրբ Պատարագ անում։ Մենք էլ ուրախությամբ մասնակցեցինք ուխտավորների հետ, որոնք արաբերեն քաղցրալուր երգերով ու աղոթքներով ձայնակցում էին քահանային։ Հետո նկատեցի, որ սուրբ Շարբելի նկարի տակ սև ու թանձր մորուքով մի երիտասարդ վանական էր կանգնել և ինքնամոռաց աղոթում էր։ Մտովի համեմատելով՝ ասես մի պահ տակավին երիտասարդ սուրբ Շարբելին տեսա, երբ ինքն էլ չգիտեր, թե քանի՜ քանիսին պիտի օգներ, բժշկեր և Աստծուն մոտեցներ։
Պատարագի ժամանակ դահլիճի հետնամասում խաչքար հիշեցնող մարմարե մի խաչաքանդակ տեսա, որի այդտեղ գտնվելու իմաստը չէի հասկանում։ Բայց երբ վերաբերումի պահը եկավ, այդ երիտասարդը մոտեցավ դրան. պարզվեց, որ շրջանաձև խաչազարդ դռնակ է։ Բացելով այն՝ նա միջից հանեց հացն ու գինին, որոնք պատարագիչ քահանայի աղոթքներով պետք է վերածվեին մեր Տիրոջ Մարմնի և Արյան։ Խորհրդաշատ է այդ պահը, քանզի խաչելությունից հետո մահկանացուներս հաղորդ եղանք անմահության խորհրդին։ Իսկ մեր ազգն այդ մեծախորհուրդ իրականությունն ամենամնայուն ձևով՝ ծաղկած խաչքարերի միջոցով՝ որպես անբառ Ավետարան, դարեդար փոխանցել է եկող¬անցնող սերունդներին, նույնիսկ մարմնապես մեզ նվաճած թշնամի ազգերին, որոնք իրենց բիրտ ուժով տիրեցին մեր երկրին, բայց խաչի վրա Քրիստոսի զոհաբերությամբ մաքրված ու վերածնված հայի հոգին մնաց ազատ ու ճախրուն։ Ապացույցն այսօրվա խաղաղությունն ու անկախությունը վայելող Հայաստանն է, միայն թե այդ բարիքն ի չարը չգործադրենք, այլ ապրենք աղոթքով, ապաշխարությամբ ու Աստծո պատվիրաններով։
Ինչո՞ւ գրեցի այս. նրա՛ համար, որ նայելով այսօրվա Լիբանանին՝ զգուշանանք, քանզի լինելով Հայաստանից գրեթե երեք անգամ փոքր և ունենալով ծով ու բազմաթիվ սրբատեղեր ու այլ բարիքներ, եղբայրասպան կռիվներից արյունաքամ է եղել, որովհետև բարգավաճելով հպարտացել էր և ընկել հեշտասիրության և այլ մեղքերի մեջ։ (Հիշում եմ, երբ Լիբանանի բարգավաճ տարիներին այնտեղից եկած հյուր ունեցանք, մեր կոմունիստական «համեստ» ապրելակերպով ռամիկ գյուղացու էինք նմանվում, երբ նա, հայաստանյան ամեն ինչը փնովելով, միայն հաճույքով մեր շամպայնն էր խմում, բայց մի քանի տարի անց նրանք մեր հացը գաթայի տեղ կուզեին ուտել)։
Սուրբ Պատարագով զորանալուց հետո սկսեցինք շրջել մյուս սրահներում և դիտել ու լսել բաներ, որոնք անընդհատ զարմանք էին պատճառում մեզ։ Տպավորիչ էր հատկապես այն սրահը, որտեղ ասես անվերջ ձգվող պատի ողջ երկայնքով փայտյա պահարաններում ցուցադրված էին աշխարհի համարյա բոլոր ծայրերից, նույնիսկ հեռավոր Վիետնամից ու Աֆրիկայից այստեղ ուղարկված տասնյակ երկրների դրոշմանիշերով ու կնիքներով հաստատված հազարավոր նամակների ծրարներ (հետո իմացանք, որ 98 երկրներից են ստացվել նամակները. իսկ այժմ արդեն 99, որովհետև այս գրքից ևս ուղարկեցի¤։ Այդ երկրներից շատերը մեզ անծանոթ էին, թեև աշխարհագրական քարտեզին բոլորս էլ քիչ թե շատ ծանոթ ենք։ Դրանք պատմում էին սուրբ Շարբելի միջոցով իրենց բժշկվելու և կատարված հրաշքների մասին։ Իսկ նամակների ստվար մասն այստեղ էր ուղարկվել հիվանդների լուսանկարներով հանդերձ, որպեսզի դրվեին սրբի գերեզմանին և բժշկություն խնդրեին նրանից։ Նմանօրինակ բան տեսել եմ Երուսաղեմում, որտեղ հատուկ այդ նպատակի համար փոստում հաստիքային աշխատող է առանձնացված, որն էլ Սուրբ երկիր ուղարկված խնդրանք ¬ նամակները տանում է և խցկում Լացի պատի լայն ճեղքերի մեջ։
Երբ Հռոմի պապ Հովհաննես¬Պողոս Երկրորդը 2000 թ. այցելեց Սուրբ երկիր, առաջին հերթին Լացի պատ գնաց, որը մնացել է դեռ Սողոմոն թագավորի կառուցած Աստծո տաճարի պարսպից։ Աղոթելուց հետո նա մի գրություն հանեց և դրեց դարերի վկա այդ հսկա քարերի արանքում։ Այդպիսի բանի ականատես եղա նաև մեր բոլորի մայր սուրբ Աստվածածնի գերեզման այցելածս ժամանակ. ժայռի փորվածքը լեցուն էր նամակ¬խնդրանքներով, ինչպես նաև տարբեր պետությունների թղթադրամ¬նվիրատվություններով։ Այնպես որ սրբերի բարեխոսությանը դիմելու գրավոր ձևն այնքան էլ խորթ չէ եկեղեցուն։ Իսկ թե ինչպես է նամակը «հասնում» Հասցեատիրոջը, դա արդեն մեր խելքի բանը չէ։
Չգիտեմ, այստեղ կայի՞ն Հայաստանից ուղարկված նամակներ, որովհետև անհնար էր բոլոր հասցեները կարդալ։ Քիչ այն կողմ ապակեպատ մի պահարան էլ կար, որտեղ շարված էին սուրբ Շարբելի մասին տարբեր լեզուներով գրված տասնյակ գրքեր։ Հայերենով դեռևս չկար, բայց մի քանի տարի անց, այս մեղավոր հեղինակի շարադրած գրքույկը լրացրեց տարալեզու գրքերի այդ շարքը։
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ