«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ամենամեծամիտ քաղաքացին է, ինչը հանրապետության ղեկավար լինելու «արժանիք» չէ»

«Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ամենամեծամիտ  քաղաքացին է, ինչը հանրապետության ղեկավար լինելու «արժանիք» չէ»
23.10.2012 | 12:59

«Աշխատանքները բնականոն հունով առաջ կգնան, բայց, բնականաբար, դրանք բազմակի կակտիվանան: Այսօր հանգիստ մթնոլորտ է, շտապողականություն չի ցուցաբերվում, աստիճանաբար բոլորն էլ հասկանում են, որ ամպագոռգոռ հայտարարություններով, իրավիճակը լարելով արդյունքի չեն հասնի: Այսօր գործող նախագահը, ըստ էության, մրցակցությունից դուրս է»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ` անդրադառնալով նախագահական առաջիկա ընտրություններին:

-Ի՞նչ ասել է մրցակցությունից դուրս, այսինքն` քաղաքական դաշտում հավասարազոր մրցակից չկա՞:
-Ոչ թե դաշտում լուրջ մրցակիցներ կան կամ չկան, այլ պիտի տեսնել` մարդն ինչ ուղի է անցել: Այս ծանրագույն տարիներին և՛ արտաքին, և՛ ներքին բնագավառներում ինչ ձեռքբերումներ ունեցանք ու, ի վերջո, ինչպիսին էինք հինգ տարի առաջ ու ինչպիսին` հիմա: Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, ունի իր խոսքը, դիրքը, վարկանիշը: Սրանում ամենամեծ դերակատարություն ունեցել է հենց գործող նախագահը: Հաշվի առնենք նաև, թե ինչ ծանրագույն տարիներ բաժին ընկան նախագահին իր պաշտոնավարման ժամանակահատվածում` ֆինանսատնտեսական ճգնաժամ, երկփեղկված հասարակություն, արտաքին քաղաքական մարտահրավերներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններ: Քիչ թե շատ տրամաբանող մարդը, այս ամենը վերլուծելով, արդեն իր համար որոշում կայացրել է ապագա նախագահի ընտրության հարցում:
-Նշեցիք, որ երկրի ղեկավարը կենսագրություն ունի, այսօր հավանական թեկնածուներից են Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը… Նրանք կենսագրություն, անցած ճանապարհ չունե՞ն:
-Բոլոր քաղաքական գործիչներն էլ անցած ճանապարհ ունեն, երբեմն փայլուն կենսագրություն: Սակայն հաշվի պիտի առնել, թե նրանց գործունեության արդյունքում ինչպիսի արդյունքներ ենք ունեցել: Այս տեսակետից ևս գործող նախագահը մրցակցությունից դուրս է: Նշված քաղաքական գործիչների հանդեպ տածելով հարգանք, որպես մեր պետականության մեջ դերակատարություն ունեցող անձանց, պիտի փաստել նաև, թե նրանց գործունեության արդյունքում ինչ բացթողումներ ու սխալներ ենք ունեցել: Րաֆֆի Հովհաննիսյանին կդասեի երազող հայրենասերների թվին, ինչը պետական հարցերը կարգավորելու առումով այնքան էլ ցանկալի «արժանիք» չէ: Իսկ առաջին նախագահի գործունեությունը բոլորս տեսել ենք, որի առողջ քննադատության պակաս չունենք: Կարող ենք բազմաթիվ թերություններ մատնանշել, սակայն ինձ համար ամենաանընդունելին միակը, անսխալականը լինելու ձգտումն է, որն անընդհատ չարաշահվում է: Կարծում եմ` Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ամենամեծամիտ քաղաքացին է, ինչը ևս հանրապետության ղեկավար լինելու «արժանիք» չէ:
-Խոսակցություններ կան նաև Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին:
-Մեծ հարգանքով վերաբերվելով նաև ԲՀԿ-ի առաջնորդին, չէի ցանկանա թեկնածուների համատեքստում համեմատության մեջ դնել հանրապետության նախագահին և Գագիկ Ծառուկյանին, այսինքն, երկուսին կշեռքի նույն նժարին չպետք է դնել:
-Այսօր քաղաքական օրակարգի հիմնական ինտրիգն այն է, թե ԲՀԿ-ն կսատարի՞ ՀՀԿ թեկնածուին: ՀՀԿ-ականները ի՞նչ սպասելիքներ ունեն:
-ԲՀԿ-ի կարգախոսն այս տարիներին երբեք չի փոխվել` մեր խոսքը գործ է: Եթե բանավոր խոսքի դեպքում է դա ընդունելի, գրավոր խոսքի դեպքում` առավել ևս: Կարծում եմ` նրանց ստորագրած կոալիցիոն հուշագիրը ևս գրավոր խոսք է: Եթե իրոք նրանց խոսքը գործ է, ապա պիտի հավատարիմ լինել ստորագրված խոսքին: Սակայն վերջին շրջանում այդ կուսակցության ներկայացուցիչների կողմից եղել են խուսափողական պատասխաններ, ինչը նշանակում է, խոսքի ու գործի միջև կարող են տարբերություններ լինել: Ինչևէ: Դա ԲՀԿ-ի որոշելիքն է, որ սակայն եթե այդպիսի ճանապարհ որդեգրեցին, ընտրություններից հետո որոշակի կորուստներ կունենան:
-Ասել է` ֆինանսակա՞ն, կապիտալի՞ կորուստներ:
-Նախագահի ընտրություններին մասնակցելը ենթադրում է որոշակի ֆինանսական ռեսուրսների օգտագործում, ինչի կորուստ անպայման կլինի, բայց որ քաղաքական վարկանիշի ու կապիտալի կորուստ կունենան, դրանում կասկած չունեմ: Իհարկե, նախագահի ընտրությունը բազմավեկտոր պայքար է, բայց որ ասվում է մի բան, արվում լրիվ այլ բան, մեծ հիասթափությունների տեղիք է տալիս այն ընտրազանգվածի շրջանում, ովքեր իրենց ձայն են տվել: Ժամանակը ցույց կտա, թե ինչ որոշում կկայացնեն:
-Իսկ ՀՀԿ-ն ժամանակ տվե՞լ է ԲՀԿ-ին կողմնորոշվելու համար:
-Ի՞նչ ժամանակի մասին է խոսքը, առանձին քաղաքական ուժեր են, իրենք են իրենց քայլերը պլանավորում ու իրենք պիտի որոշեն` ինչ մարտավարություն որդեգրեն առաջիկայում: Բոլոր այն խոսակցությունները, թե ՀՀԿ-ն ճնշում է, ժամանակ է տվել, ո՛չ ՀՀԿ-ին են պետք, ո՛չ էլ, առավել ևս, ԲՀԿ-ին: Այս քաղաքական ուժերը, ըստ իս, ապագային միտված որոշակի արդյունքներ ապահովելու գործում պիտի համագործակցեն:
-ԲՀԿ-ն, «Օսկանյան» օպերացիայի շրջանակներում, շարունակում է պնդել, թե իրենց հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այդուամենայնիվ, ոչ մեկը չի համարձակվում կոնկրետ հասցեատիրոջ անունը տալ: Արդյոք ՀՀԿ-ն այդքան համառորեն հետապնդո՞ւմ է ԲՀԿ-ին:
-Նախ, իրենց պիտի ուղղել հարցը, թե ինչու անուններ չեն նշում: Հետո էլ ինչ հիմքով են նման արտահայտություններ անում: Կոնկրետ Օսկանյանի հետ կապված պիտի միայն նկատել, որ քննություն է ընթանում, ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: Խոսել ինչ-ինչ հետապնդման մասին անիմաստ է: Արդարադատության համակարգը պիտի մոբիլիզացնի իր ուժերը, որ պատվով դուրս գա այս իրավիճակից: Արդարադատությունը պիտի հաղթանակի ու իր վերջնական խոսքն ասի: Պիտի փորձենք ոչ թե անձին, այլ երևույթին գնահատական տալ: Շատ հեշտ է անձնական դաշտում քաղաքականացնել ողջ գործընթացը` իրավական բաղկացուցիչը դուրս շպրտելով:
-Դուք սոցիոլոգիական հարցումներին հավատո՞ւմ եք:
-Նայած ինչ բնույթի են, եթե քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, հավատում եմ:
-Խոսքը քաղաքական հարցումների մասին է: Վերջերս Ահարոն Ադիբեկյանի հարցումները մշտապես նույն «բովանդակությունն» ունեն: Օրերս հերթական հարցումներից պարզվեց, որ հասարակության 90 տոկոսը համակրում է Գագիկ Ծառուկյանին, իսկ Դուք ասում եք` Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է:
-Առաջին անգամ չէ, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներն առնվազն տարակուսանք են առաջացնում ու վիճարկելի են: Նախ պիտի հասկանալ` ինչ տրամաբանությամբ է անցկացվել: Եթե դա արվել է ԲՀԿ-ի համակիրների շրջանում, ապա դա այն է, ինչ ասում եք: Ոչ մեկը չի հերքում, որ բազմաթիվ խնդիրներ ունենք, և երկրի գլուխը մշտապես քննադատության թիրախում է: Բնական է, որ գործիչը, որը չի նույնացվում պետության առջև ծառացած խնդիրների հետ, այլ բարեգործությամբ է զբաղվում, առավելություն ունի, որովհետև խնդիրներից դուրս է ներկայացվում: Բավական է քաղաքական ռեալ դաշտ տեղափոխել այդ մարդուն, և նա կունենա այդ համակրանքի բազմապատիկ կորուստ: Ի վերջո, պիտի հասկանալ, որ երբ քննադատությունների սլաքն ուղղվում է կառավարությանը, մոռանում են մի շատ կարևոր բան. չէ՞ որ այդ իշխանությունները, տնտեսական քաղաքականություն վարողներն են նպաստել, որ այդ բարերարն իր բարեգործական գործունեությունն իրականացնի: Այսինքն, ստանա շահույթ և դրանով բարեգործություն իրականացնի: Ինչքան էլ քննադատում են կառավարությանը, հստակ է. նրանք թույլ են տվել, որ գումարներ վաստակեն և դրանք բարեգործական նպատակներով օգտագործեն: Երբ այս ամենը քաղաքական դաշտ տեղափոխվի, և իրերն իրենց անուններով նշվեն, այդ դրական ֆոնին կփոխարինի իրական ֆոնը:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ