Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եթե իրոք տնօրեններն են մեղավոր մեր կրթական համակարգի խնդիրների համար, կհամոզեմ, բոլորը կհեռանան դպրոցից

Եթե իրոք տնօրեններն են մեղավոր մեր կրթական համակարգի խնդիրների համար, կհամոզեմ, բոլորը կհեռանան դպրոցից
25.10.2012 | 20:05

Այլ պատճառ կա, բայց, չգիտես ինչու, այդ մասին ոչ ոք չի խոսում: Աշակերտները չեն սովորում, որովհետև համարում են, որ առանց գիտելիքի էլ հնարավոր է ապրել: Հետո պարզվում է, որ այդպես էլ կա: Նրանք չեն համարում, որ շատ գիտելիք ունենալու դեպքում կարող են ավելի լավ ապրել: Ով հասկանում է դա, լավ է սովորում: ՈՒ ոչ մի տնօրեն նրան չի կարող խանգարել: Աշխարհում պարտադիր կրթություն կա, և կա կրթություն սովորողի համար: Մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակության մի մասը որոշել է պարզապես գրագետ լինել` հաշվել և կարդալ իմանալով միայն: Մենք չպետք է հաշտվենք դրա հետ: Բայց չենք կարող չընդունել: Իսկ սովորողի համար ի՞նչ պայմաններ ենք մենք ստեղծում: Պահանջում ենք մեր երեխաներից` սովորել այն, ինչ մենք ենք կարծում, որ իրենց պետք է, նրանք էլ դա չեն սովորում, սովորում են այն, ինչ ուզում են մասնավոր դասուսույցների մոտ, և հենց այդ աշակերտներն էլ դառնում են բուհի լավագույն ուսանողը: Մի՞թե մենք դպրոցում չենք կարող սովորեցնել այն, ինչ նրանք սովորում են` հավաքվելով դասուսույցի տանը: Կարող ենք, բայց ուսպլանով չի թույլատրվում:

Հիմա ի՞նչ անի տնօրենը: Տնօրե՞նն է այդ ուսպլանը գրում: Տնօրե՞նն է որոշել, որ ուսուցիչը պետք է օրական 5 ժամ դաս ունենա ու այնպես հոգնի, որ հետը խոսել հնարավոր չլինի: Տնօրե՞նն է որոշել, որ դասարանում 35 աշակերտ լինի: Տնօրե՞նն է որոշել, որ ծրագրով ու դասագրքով 45 րոպեում պահանջվի սովորեցնել 3-4 թերթ պատմություն կամ անգլերեն: Տնօրենն ուզում է, որ իր դպրոցը որակ տա: Տնօրենն ուզում է, որ իր դպրոց աշակերտ գա, և ուսուցիչը ժամ ունենա: Տնօրենն ուզում է, որ բյուջեում փող մնա գազի համար, որ ձմռանը դպրոցը հնարավոր լինի տաքացնել: Տնօրենն ուզում է, որ կարգի բերեն կրթական համակարգը և իրենց հանգիստ թողնեն:
Եկեք լուծենք խնդիրները:
1. Դպրոցը պետք է ունենա գործադիր տնօրեն, ով զբաղվում է տնտեսությամբ և ֆինանսներով, ապահովում է ուսումնական միջավայրը և իրավունք չունի խառնվելու ուսումնական գործընթացին:
2. Դպրոցը պետք է ունենա տեսուչ, ով զբաղվում է միայն ուսումնական գործընթացով:
3. Դպրոցի ուսումնական պլանը պետք է դառնա ճկուն:
4. Առարկայական ծրագրերը պետք է բխեն հանրակրթության նպատակից և ոչ թե հեղինակի ամբիցիաներից:
5. Պետք է սահմանվի, թե ինչ է նշանակում ուսուցչի մեկ հաստիքը: Չի կարելի ասել, որ դա 22 ժամ ծանրաբեռնվածությունն է: ՈՒսուցչի աշխատանքը միայն ժամ պարապելը չէ: Նա դասից դուրս էլ շատ աշխատանք ունի անելու և դա պետք է դպրոցում անի, որովհետև այդ միջավայրը ավելի հարմար է և ավելի շատ ռեսուրսներ ունի:
6. Պետք է սահմանվի ծնողի պատասխանատվությունը, երբ նա չի նպաստում իր երեխայի ուսմանը և չի համագործակցում դպրոցի հետ: Աշխարհում նման մարդիկ վտանգում են անգամ իրենց վարկային կենսագրությունը, նրանց աշխատանքի չեն ընդունում, բանկում վարկ չեն տալիս և այլն: Մեզ մոտ ծնողը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Մենք պահանջում ենք դպրոցից, որ ապահովի 12-րդ դասարանցիների հաճախումները, բայց ծնողից նույն բանը չենք պահանջում: Ծնողը ոչ մի պատասխանատվություն չի կրում երեխային դպրոց չուղարկելով:
7. Պետք է վերացվեն հեռուստատեսությամբ հակադաստիարակչական հաղորդումները և ֆիլմերը, աննորմալ կենսակերպի պրոպագանդումը, բռնության և սպանության տեսարանների մասսայական ցուցադրումները եթերում և թերթերում:
8. Պետք է մշակվի սովորելու ազգային ռազմավարություն, և կրթությունը պետք է դիտարկվի որպես երկրի պաշտպանության, ազգի գոյատևման ռազմավարություն:
9. Պետք է բուհերից պահանջել որակյալ կրթություն: Մեզ բարձր կրթված ու շատ լավ պատրաստված ուսուցիչներ են անհրաժեշտ: Պետք է մանկավարժական բուհի շրջանավարտի որակը վերահսկվի ամենաբարձր մակարդակով:
Այս ամենից հետո մեր դպրոցները նույնիսկ առանց տնօրենի էլ յոլա կգնան, բոլորն ուզելու են ուսուցիչ աշխատել և տնօրեն գտնելը շատ դժվար է լինելու:
Ինչպես Ֆրունզիկը «Մենք ենք, մեր սարերը»-ում կասեր`«Հեյ, հեեեեեեեեեյ»։


Արտաշես ԹՈՐՈՍՅԱՆ
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ