«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Քեզ չասացի՞. եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես» (շարունակություն)

«Քեզ չասացի՞. եթե հավատաս,  Աստծո փառքը կտեսնես» (շարունակություն)
26.10.2012 | 11:38

(սկիզբը` նախորդ համարում)

Միջանցքի ձախ մասում կար մի փոքր սենյակ, որտեղ ցուցադրվել էին տարբեր չափսի ու ձևի անթացուպեր, անդամալույծների քայլելու համար նախատեսված օժանդակ հարմարանքներ և հնությունից արդեն ծռմռված օրթոպեդիկ կոշիկներ։ Դրանք էլ այս սրբավայրում Տիրոջ զորությամբ բժշկվածներին են պատկանել, որոնք այլևս պետք չեն եկել, քանի որ Աստծո կամքով ու սուրբ Շարբելի բարեխոսությամբ քայլել են առանց դրանց։ Նման բան տարիներ առաջ տեսել եմ Ֆրանսիայի Լուրդի Տիրամոր անունով սրբավայրի մասին պատմող մի ֆիլմում, որտեղ անդամալույծների հարյուրավոր սայլակներ ու հենակներ էին ցուցադրվում, առանց որոնց մարդիկ իրենց ոտքով հետ էին գնացել՝ բժշկվելով սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ։
Մեկ ուրիշ ապակեպատ պահարանում ցուցադրվում էին մարդու մարմնի՝ արծաթից ու ոսկուց պատրաստված թիթեղյա անդամներ։ Սրանք պատվիրել էին այն մարդիկ, որոնց այդ մասերը բժշկվել են սրբի բարեխոսությամբ։ Դիտելով այդ բոլորը՝ խոստովանում եմ, որ իմ մեջ հարց էր առաջանում, թե ինչպե՛ս կարող են այդքան բժշկություններ լինել մի մարդու միջոցով։ Բայց Տիրոջ խոսքը հիշեցնում էր. «Քեզ չասացի՞. եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես» (Հովհ. 11.40)։
Թող Աստված բժշկի մեր թերահավատությունը, որ առանց երկմտելու, մանկան պարզ հավատով վստահենք ամենակարող Տիրոջը։
Դրանից քիչ հեռու կար ևս մի պահարան, որտեղ վանական Շարբելի հագուստներն էին, պատարագչի ասեղնագործ զգեստը և սրբի անձնական օգտագործման մի քանի աղքատիկ իր։ Աշխարհի հիրավի մեծագույն սրբերից մեկը հետին աղքատի նման է անցկացրել կյանքի բոլոր օրերը՝ իր ամբողջ հարստությունը հավատով ու հնազանդությամբ երկինք տեղափոխելով։
Քանի որ մենք հատուկ ուղեցույց (գիդ) չունեինք, շրջում էինք՝ ուր պատահեր։ Միգուցե դա ավելի լավ էր, որովհետև անշտապ ու հանգամանորեն ուսումնասիրում էինք բոլոր սրահները՝ առաջնորդվելով հոգով և աղոթքներով։ Հերթական սրահներից մեկում մի ծառայողի տեսանք, որը բոլոր ուխտավորներին փոքրիկ նվիրափաթեթ էր տալիս, որի մեջ մի պտղունց խունկ էր և մի պստլիկ սրվակով օրհնված յուղ՝ հավատավորների մարմնական և հոգևոր տկարությունների բժշկության համար։ Չէ՞ որ, ըստ Հակոբոս առաքյալի խոսքի՝ հիվանդներին նաև յուղով օծելով են բժշկել, ինչը հնուց կիրառվում է թե՛ կաթոլիկ, թե՛ ուղղափառ եկեղեցիներում։ Իսկ մեզանում՝ Հայաստանում, մնացել է Քառասուն մանուկների տոնի ժամանակ օրհնված ձեթով բժշկվելու ավանդույթը։ Այդ թանկագին նվերները ստանալիս հոգևոր «ագահություն» դրսևորեցինք և ավելին խնդրեցինք. սիրահոժար տվեցին՝ զգալով, որ դրա անհրաժեշտությունն ունենք։ Այնուհետև միջանցքով առաջ շարժվելով՝ տեսանք մի ապակեպատ սենյակ, որտեղ մարդկանց բնական հասակաչափ մոմեղեն արձաններ կային, որոնք սուրբ Շարբելի մանկության տարիների մի դրվագ էին պատկերում. աղքատիկ սեղանի շուրջ նստած էին խորթ հայրը, մայրը, ապագա սուրբը՝ մանուկ Յուսեֆը, իր երկու եղբայրների ու քրոջ հետ։
Վերջապես բուն կառույցից դուրս գալով՝ մտանք մի ընդարձակ բակ։ Այնտեղից ճանապարհ կար դեպի կից շինություն, որի նշանակությունը չէինք կռահում։ Երբ դռնից ներս մտանք, ներքնապես զգացի, որ այս տեղն առանձնահատուկ է մնացածից։ Եվ իսկապես այդպես էր, քանի որ գեղեցիկ վանդակաճաղերով մեկուսացված մասում գտնվում էր սուրբ Շարբելի տապանը, որն ամփոփված էր փայտյա արկղի մեջ՝ վրան յոթ քանդակված խաչեր։
Դիմացը լիքը թղթադրամներ էին շաղ տված. ուխտավորների նվիրատվություններն էին վանքի պահպանման ու այլ կարիքների համար, որովհետև աշխարհի չորս ծագերից այստեղ հազարավոր մարդիկ են գալիս, որոնցից ոմանց հարկ է լինում երբեմն խնամել ու կերակրել։
Կամարաձև, թունելանման նեղ ու երկար սրահում ցերեկային լույսը նվազ էր, քանի որ եղած պատուհանները ցածրիկ ու նեղլիկ էին և գունավոր ապակենկարներով (վիտրաժներով) պատած։ Դա մի յուրօրինակ դամբարան էր. կոպիտ քարերով շարված պատերի վրայի ձեթի ճրագները մեղմորեն լուսավորում էին տիրող կիսախավարը, սրահի մեջտեղում, գերեզմանի դիմաց սուրբ սեղանն էր՝ վրան խաչ՝ այստեղ կատարվող պատարագների համար։ Դիմացը փայտե նստարաններ էին շարված, որոնք այստեղ եկող ուխտավորների համար էին, երբ նրանք ժամերով նստած աղոթում են՝ միաժամանակ ըմբոշխնելով սիրելի սրբի խաղաղարար ու բժշկարար ներկայությունը։ Ինչե՜ր, ինչե՜ր ասես չեն տեսել այս սրահի պատերը, երբ մարդկանց աղոթքներով երկինքն է բացվել և Աստծո մշտնջենավոր զորությամբ մտքից վեր հրաշքներ են կատարվել։
Մենք էլ, հնարավորինս երկար մնալով այստեղ, աղոթեցինք յուրաքանչյուրս ըստ մեր կարիքների, չմոռանալով նաև մեզնից աղոթք խնդրողներին։ Աղոթեցինք հայ ժողովրդի համար ևս, որ նրա մեջ արթնանա մեր հավատավոր նախնիների հոգին։

Ասենք, որ աշխարհի տարբեր երկրներում, նաև այստեղ՝ Լիբանանում, գոյություն ունեն մասնագետների հանձնախմբեր, որոնք հավաքում են սուրբ Շարբելի կատարած հրաշագործությունների փաստագրված և վկաների, եթե հնարավոր է՝ նաև բժիշկների, հաստատած տեղեկությունները։ Ասում են, որ հրաշագործությունների թիվն արդեն անցել է քսան հազարից. պատկառելի մի թիվ, որի համար էլ Շարբելին համարում են անցած դարի «ամենաբեղմնավոր» սուրբը։ Այս բանը մեզ կօգնի առավել մեծ հավատով կարդալու այս հոդվածում զետեղված վկայություններից մի քանիսը։
Ասում են՝ փաստերը համառ են։ ՈՒրեմն հիմա կպատմենք Տիրոջ զորությամբ կատարված բժշկության դեպքերի մասին, որոնք մեզ կօգնեն առավել լրջությամբ խորհելու մեզ շրջապատող հոգևոր ու անտեսանելի իրողությունների շուրջ։
ԼԻԲԱՆԱՆՑԻ ՆՈՒՀԱՏԸ. Լիբանանում 12 երեխաների մայր է ապրում, որը հրաշքով բժշկվել է իր հիվանդությունից, ինչի մասին գրել են աշխարհի շատ երկրներում։ Ահա անձամբ նրա վկայությունը. «Այդ օրն իմ կյանքի ամենադժբախտ օրն էր, և ոչ միայն իմ, այլև իմ ընտանիքի։ 1993 թ. հունվարի 9-ին, մի ցուրտ օր, անսպասելիորեն մարմնիս ձախ կողմը կաթվածահար եղավ։ Վախեցած հարազատներս իսկույն ինձ սուրբ Մարտինի հոսպիտալը տարան։ Բժիշկներն ինձ ուշադիր քննեցին, և ժամանակ չկորցնելով, սկսեցին բուժումը։ Առանց քննելու էլ հարազատներս հասկացան, որ վիճակս անհույս է` կաթվածահարություն էր։ Դա ես ևս հասկացա, երբ ինձ չբուժած ուղարկեցին տուն, այսինքն՝ մեռնելու։ Մինչ ես հոսպիտալում էի, մեծ տղաս՝ Սահադը, գնում է Աննայա՝ սուրբ Շարբելի վանք, որը մեզնից շատ հեռու չէ։ Այնտեղ ջերմեռանդորեն աղոթում է ինձ համար և հետը բերում սրբի գերեզմանում օրհնված յուղից ու մի բուռ հող՝ սրբի շիրմավայրից։ Հիշում եմ, երբ առաջին անգամ աղջիկս սկսեց այդ յուղով մարմինս շփել, ձեռքերիս ու ոտքերիս ծայրերին թույլ ծակծկոցներ զգացի։ Դա ինձ մի փոքր սփոփեց, որովհետև մինչ այդ դրանք անզգա էին։
Տասն օր անց ինձ հոսպիտալից դուրս գրեցին։ Ամբողջ օրը մի կետի նայելով՝ ես անշարժ պառկած էի անկողնուս մեջ։ Ամուսինս էր ինձ գրկած տանում բաղնիք ու զուգարան, իսկ երեխաներս գդալով կերակրում էին ինձ։ Համարյա ոչինչ չէի ուտում, քանի որ ինքներդ եք հասկանում իմ անտանելի վիճակը։ Անցավ երեք օր։ Գիշերը զարմանալի երազ տեսա` իբր բարձրանում եմ Աննայայի վանքի լայն աստիճաններով ու մասնակցում սուրբ Պատարագին, որը Շարբելն էր մատուցում։ Չորրորդ օրվա գիշերը, ավելի ճիշտ 1993 թ. հունվարի 22-ին, հանկարծ ամբողջ աջ կողմս ու գլուխս սկսեցին սաստիկ ցավել։ Մտածեցի, որ մահս եկավ ու սկսեցի ջերմեռանդորեն աղոթել՝ մտովի դիմելով ամենասուրբ Մարիամ կույսին ու սուրբ Շարբելին. «Ասեք, ես ի՞նչ վատ բան եմ արել։ Ո՞ր մեղքիս համար եմ կրում այս տառապանքները։ Ծնել ու դաստիարակել եմ 12 երեխա՝ ամեն օր տքնաջան աշխատելով, իսկ ազատ ժամերս տրամադրել եմ աղոթքների։ Ես ոչինչ չեմ պարտադրում ձեզ,- մտովի ասացի ես,- բայց եթե կարող եք բժշկել ինձ, ապա բժշկեք, իսկ եթե ոչ, առեք իմ հոգին. ես ամեն ինչի համաձայն եմ...»։
Ցերեկը, երբ ամուսինս ու երեխաներս ինձ թողել էին, որ հանգստանամ, կիսարթուն վիճակում տեսա, թե ինչպես սենյակի տարածությունը լույսի մի ճառագայթ ճեղքեց, որից հետո երկու վանականներ երևացին, որոնց դեմքերը կարծես ինձ ծանոթ էին։ Բայց և այնպես չկարողացա հստակ տեսնել, քանի որ նրանցից նույնպես վառ լույս էր ճառագում։
Վանականներից մեկը մոտեցավ ինձ, մի փոքր բարձրացրեց պարանոցս ու ասաց. «Ես կազատեմ քեզ հիվանդությունիցդ»։ Սաստիկ անհանգստացած հարցրի նրան. «Հա՛յր իմ, ինչպե՞ս ես ուզում ինձ օգնել, երբ նույնիսկ բժիշկներն ինձ մերժեցին վիրահատել»։ «Ես ինքս եմ քեզ վիրահատելու»,- պատասխանեց վանականը, որից առավել պայծառ լույս էր ճառագում։
Աչքս ընկավ կողքիս սեղանիկի վրայի՝ ինձ շատ սիրելի Տիրամոր արձանիկին, ու ես աղաչեցի. «Սուրբ Կույս, խղճա ինձ, այս վանականները ինչպե՞ս են ինձ վիրահատելու։ Մի՞թե դա հնարավոր է առանց անզգայացման»։ Եվ հանկարծ արձանիկն ինքն իրեն շարժվեց և կարծես իմ ու վանականների միջև կանգնեց։ Ես դա բացարձակ հստակությամբ տեսա։
Մի վայրկյան անց ես սուրբ Շարբելի մատների հպումից, որին ճանաչեցի ավելի մոտիկից տեսնելով, սարսափելի ցավ զգացի։ Կարծես նա իմ պարանոցը պատառոտում էր ինչ¬որ բան անելով։ Երբ այդ գաղտնախորհուրդ վիրահատությունն ավարտվեց, ինձ մոտեցավ երկրորդ վանականը, մեջքիս տակ դրեց բարձս ու, բաժակը ձեռքը վերցնելով, ասաց ինձ. «Ահա ջուրը, խմի՛ր»։ «Հայր իմ, մի՞թե չգիտես, որ ես կաթվածահար եմ ու ծղոտով եմ խմում»։ «Մենք քեզ բժշկել ենք, Նուհատ, խմի՛ր։ Դու կխմես, կուտես ու կքայլես...»։
Ես լրիվ արթնացա։ Պարզվեց, որ իսկապես նստած եմ իմ մահճակալում, իսկ մոտս բաժակով ջուր է դրված։ Ձեռքս մեկնեցի, վերցրի բաժակը և մի կում արեցի։ Ջուրն ազատորեն հոսեց իմ բժշկված կոկորդով։ Տիրամոր արձանիկը, ինչպես որ նկատեցի, դարձյալ իր սովորական տեղում էր։ Կարգին բան չհասկանալով և պարանոցիս մասում խիստ մրմռոց զգալով՝ ձեռքս ինքնաբերաբար մեկնեցի դեպի այդ կողմը և գլխի ընկա, որ ձեռքս առաջվա պես կարողանում եմ ազատ շարժել։ Մի՞թե հրաշք էր կատարվել ինձ հետ։ Այդ պահին չէի հավատում, որ բժշկվել եմ։ Նորից կամացուկ ձախ ձեռքս շարժեցի, հետո ձախ ոտքս։ Բժշկվա՛ծ էի։ ՈՒզում էի ուրախությունից ճչալ ու հարազատներիս կանչել, բայց կամքի ուժով ինձ զսպեցի. հարկավոր էր նորից ստուգել։ Գուցե ձեռքս ու ոտքս ընդամենը մի քանի վայրկյան են ինձ հնազանդվել։ ՈՒ շա՜տ զգուշությամբ վեր կացա տեղիցս, ապա շատ զգույշ ծնկի իջա սուրբ Աստվածածնի ու սուրբ Շարբելի պատկերների առջև և արցունքով ու ջերմեռանդությամբ շնորհակալություն հայտնեցի իմ հանդեպ տածած իրենց ողորմության համար։ Աղոթելով ես ավելի խոր էի ըմբռնում, որ իսկապես հետս հրաշք է կատարվել։
ՈՒ չգիտես ինչու՝ ուզեցի անպայման լոգարան հասնել ու ինձ հայելու մեջ նայել։ Քիչ անց պատերից բռնելով՝ իմ ոտքով հասա լոգարան, նայեցի պատից կախված հայելուն ու վախեցած ընկրկեցի. վզիս աջ ու ձախ կողմերում տեսա նոր փակված, դեռ արյունոտ սպիներ, ամեն մեկը՝ մոտ 12 սմ երկարությամբ. սուրբ Շարբելի ձեռքով կատարված վիրահատության հետքերն էին։
Գիտե՞ք, երբ ցավը կտրվում է, սկզբում չենք հավատում և մեզ անվստահ ենք զգում, մանավանդ, երբ բժիշկները մեզնից ձեռք քաշած են լինում։ Լոգարանում մոտ մեկ ժամ նստած մտածում էի. «Քանի որ Աստված է բժշկել, ուրեմն վստահում եմ Իր կամքին»։ Եվ այս անգամ վճռականորեն վեր կացա և ուզում էի նորից անկողինս գնալ, որ առավոտյան բոլորին հայտարարեմ բժշկվելուս մասին, բայց քայլերս ուղղվեցին դեպի ամուսնուս սենյակը։ Զգուշությամբ բացեցի դուռն ու լույսը վառեցի.
-Ո՞վ է նա, որ քաղցր քուն է մտել ու իր կնոջը չի դիմավորում։
Ամուսինս աչքերը բացեց ու, իհարկե, ոչինչ չհասկանալով՝ նույնիսկ ուզում էր մյուս կողքի վրա շրջվել, որ քնի՝ կարծելով, թե ինձ երազում է տեսնում։ Բայց հետո կտրուկ վեր կենալով՝ նստեց տեղում։
-Նուհատ, դու ինչո՞ւ ես վեր կացել։ Բժիշկները չէ՞ որ քեզ արգելել են վեր կենալ։ Կընկնես ու ավելի վատ կլինի։
-Ավելի վատ չի լինի,- ուրախ պատասխանեցի ես՝ նորից երկու քայլ անելով դեպի նա։- Տեսնո՞ւմ ես, ես քայլում եմ։
-Բացատրիր, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում։ Ես քնա՞ծ եմ, թե՞ արթուն։
-Ես իմ ոտքով եմ եկել այստեղ,- վճռականորեն ասացի ես,- այժմ նորից կարող եմ քայլել, ոտքերս ու ձեռքերս շարժել ազատորեն։ Չե՞ս լսում, թե ինչպես եմ ազատ խոսում։
-Ների՛ր ինձ, Տեր Աստված,- բացականչեց ամուսինս՝ կասկածանքով վեր կենալով և իմ կողմը գալով։- Մի՞թե այդ դու ես՝ ողջ ու առողջ։ Աչքիս չեմ հավատում, դու քայլո՞ւմ ես։
-Ինչպես տեսնում ես։ ՈՒ մի՛ անհանգստացիր, դու զգայապատրանքի (հալյուցինացիայի) մեջ չես. ինձ բժշկել են։
-Ինչպե՞ս թե բժշկել են։ Ո՞վ կարող էր այդ անել։ Չէ՞ որ լավագույն բժիշկները հիվանդանոցում...,- ու մի պահ սթափվելով՝ կանգ առավ՝ չվերջացնելով խոսքը։
-Փա՜ռք ԱՍՏԾՈՒՆ, ես նորից առողջ եմ, ինձ բժշկել է սուրբ Շարբելը։
Ամուսինս, լսելով այդ, ապշեց։ Ինձ մի պահ դրի նրա տեղը. միգուցե սիրտս կանգ առներ նման բան տեսնելուց։ Կնոջը մի քանի ժամ առաջ թողնել անդամալույծ, անշարժ վիճակում, որին ծղոտի անցքով էին ջուր տալիս, իսկ նա հանկարծ միանգամայն առողջացած՝ իր ոտքով եկել հասել է այստեղ։
Վերջապես նա ուշքի եկավ ու անբացատրելի ուրախությամբ մոտ եկավ ու գրկեց ինձ։
Վաղ առավոտյան ամուսնուս ու տղայիս հետ, իհարկե, առաջին հերթին գնացի Աննայա՝ սբ. Շարբելի վանքը՝ ի սրտե շնորհակալություն հայտնելու նրան ու փա՜ռք տալու ամենակարող Աստծուն Իր մեծ հրաշքի համար»։
(Հետագայում, մի այցելության ժամանակ Նուհատը Տիրոջից իմացել է, որ սբ. Շարբելի հետ վիրահատություն անող վանականը եղել է սբ. Մարոնը, որի անունով էլ կոչվել է մարոնիտների քրիստոնեական ուղղությունը)։


(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4781

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ