Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Սուրբ խաչի հերթական հաղթանակը (ֆոտոշարք)

Սուրբ խաչի հերթական հաղթանակը (ֆոտոշարք)
29.10.2012 | 16:21

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայ առաքելական եկեղեցին տոնեց սուրբ Խաչի այս տարվա վերջին՝ հինգերորդ տոնը, որ կոչվում է Գյուտ Խաչի։ Այն նվիրված է Հիսուսի Խաչը գտնելուն, որը դեռևս առաջին դարում թաքցրել էին հրեաները, քանի որ Տիրոջ Խաչի միջոցով բազմաթիվ հրաշքներ էին լինում։ Այդ առիթով սուրբ Էջմիածնի մայր տաճարում կատարվող սուրբ Պատարագի ժամանակ վեհարանի պահոցից ժողովրդի օրհնության համար դուրս բերվեց Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։

Բայց հիմա մի նոր խաչգյուտի մասին, այն էլ կատարված մեր օրերում։ Բանն այն է, որ Սուրբ Խաչի տոնի առթիվ հայ ժողովուրդը իր ամենամեծ նվերը ստացավ, որ կարող էր երբևէ երազել։ Ապարանի լեռնավայրերից մեկում, վեհորեն ու հաղթական վեր է խոյացել Տիրոջ Խաչի մեծաշուք կառույցը։ Այն իսկապես մեծաշուք է ու խիստ ազդեցիկ, թե՛ իր վեհապանծ տեսքով, թե՛ իր խորհրդաբանական իմաստով։ Չորս բազալտե մի քանի մետրանոց հիմնախաչերի վրա կանգնած է 1711 մետաղյա, սնամեջ խաչերից բաղկացած քառաթև ու հոյակերտ խաչը, որի ընդհանուր բարձրությունը երեսուներեք մետր է։ Իսկ խորհրդաբանությունն այս է. 1711¬ը համապատասխանում է հայոց պետության 301 թ. քրիստոնեության ընդունման տարիների թվին մինչ այսօր, և ընդ որում ամեն տարի այդ խաչի վրա ավելացվելու է ևս մեկը, մինչև Հիսուսի երկրորդ գալուստը, երբ երկնքում կերևա Տիրոջ նշանը՝ Լուսավոր ու հաղթական Խաչը, որ մեզ հայտնի է Սուրբ Գրքից, իսկ երեսուներեքը, ինչպես գիտենք, Հիսուսի տարիքին համապատասխան թիվն է, երբ Նա հոժարեց Խաչի մահը հանձն առնել մարդկության փրկության համար։ Նաև ասենք, որ կանգնեցված խաչի հորիզոնական մասը քառաթև կառուցվածք ունի, և որտեղից էլ նայես, միշտ խաչի տեսքը պահպանվում է։ Բազալտե հիմնախաչերի ներքևի մասում կան մոմավառության փոքրիկ խորաններ։ Իսկ սնամեջ՝ խողովակ խաչերը, ըստ ճարտարապետի մտահղացման, Ապարանի լեռներից փչող հուժկու քամիների ժամանակ է պետք է երգեհոնի դեր տանեն ու յուրովի երկնային երաժշտությամբ փառաբանեն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Ավելացնենք նաև, որ խաչի ստորոտում այժմ մեծ թափով կառուցվում է եռախաչ գմբեթով մի գեղեցիկ խորան, որը նախատեսված է բացօթյա պատարագների համար։ Այն բաց դաշտում է, բնության գրկում, որտեղ արդեն եղևնիներ ու վարդեր են տնկվել։ Գլխավոր մայրուղուց դեպի խաչը տանող ճանապարհն ասֆալտապատ է ու բարեկարգ։ Մի խոսքով, երևում է, որ այս հրաշալի մտահղացման հեղինակներն ու բարերարները Տիրոջ սուրբ Խաչի ջերմեռանդ երկրպագուներն են, ու թող խաչյալ Տեր Հիսուս Քրիստոսն էլ օրհնի իրենց այդ մեծ ու սքանչելի նվերի համար, ու համայն հայոց ազգին, որ Տիրոջ հաղթական Խաչի հանդեպ մեծ պատիվը իրենց սրտերում հավատով ու սիրով կրեն։
Որպես լրացում այս ամենի, նաև նշենք, որ մի քանի ամիս առաջ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում կանգնեցվեցին Ջուղայի բարբարոսաբար ոչնչացված խաչքարերի նույնանման պատճեն-խաչքարերը, որոնք հավատավոր ու նախանձախնդիր հայորդիների յուրովի պատասխանն էին թրքալամուկ բարբարոսների արարքին. դո՛ւք, որ միայն քանդել գիտեք, մենք` ավելի լավը կառուցել։
Մենք էլ ավարտենք մեր խաչազգեաց սուրբ հայրերի աղոթքով.
Թագավոր խաղաղության, մեր անձերի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոս Աստված մեր, պարսպած պահիր Քո ժողովրդին Հայոց սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ, փրկի՛ր երևացող ու աներևույթ թշնամուց և արժանի արա գոհությամբ Քեզ փառավորելու՝ Հոր, Սուրբ Հոգու հետ, այժմ և հավիտյան, ամեն։
Խաչ քո եղիցի մեզ ապավեն, տեր Հիսուս Քրիստոս, յորժամ երեվիս փառոք Հօր ընդ ամպս լուսավորս. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ