Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Քեզ չասացի՞. եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես» (շարունակություն)

«Քեզ չասացի՞. եթե հավատաս,  Աստծո փառքը կտեսնես» (շարունակություն)
30.10.2012 | 12:09

(սկիզբը` այստեղ)

ԼՈՐԱ ՍՏԵՖԱՆ. Լորան՝ Անտուան Ստեֆանի կինը, ապրում էր Լիբանանում։ Լինելով երիտասարդ ամուսիններ՝ նրանք ուզում էին երեխա ունենալ, բայց ապարդյուն։ Միասին եղան հայտնի բժիշկների մոտ, օգտագործեցին ամենաթանկ դեղամիջոցները, բայց անօգուտ. երեխա այդպես էլ չէին ունենում։ Անտուանն արդեն հույսը կտրել էր, թե երբևէ երեխա կունենան, բայց կինը՝ Լորան, համառորեն շարունակում էր աղոթել ու խնդրել սուրբ Աստվածածնին ու սուրբ Շարբելին, որ օգնեն իրենց։ Եվ վերջապես այդ աղոթքները լսելի եղան, ու նա հղիացավ։ Ամուսնու և մոտիկ հարազատների ուրախությանը չափ չկար, բայց ինչպես ասվում է, երջանկության կողքին էլ է դժբախտությունը քայլում։ Հերթական բժշկական զննումից հետո հանկարծ հայտնաբերվեց, որ կինը չարորակ ուռուցք, պարզ ասած, արգանդի քաղցկեղ ունի։ Դա եղավ հղիության վեցերորդ ամսում։ Կայացավ հմուտ մասնագետների խորհրդակցությունը (կոնսիլիումը), որից հետո երիտասարդ ամուսինների առջև մի բարդագույն խնդիր դրվեց. փրկել կա՛մ մոր, կա՛մ երեխայի կյանքը. երրորդ տարբերակ չկար։ Ամուսինը հուսահատությունից ցնորվում էր, բայց կինը զարմանալի խիզախություն դրսևորեց։ Նա ամուսնուն ու բոլոր հարազատներին հայտարարեց. «Թեև տարիներս շատ չեն, բայց և այնպես ապրել եմ Աստծո ստեղծած աշխարհում, իսկ իմ զավակը լույս աշխարհ էլ չի եկել։ Պետք է անպայման ծնեմ, իսկ մնացածը թողնում եմ Աստծուն. ինչպես կամենա Տերը, թող այդպես լինի»։ Երիտասարդ կինն անդրդվելի էր իր վճռի մեջ։ Շուտով կեսարյան հատումով ծնվեց երկար սպասված զավակը՝ առողջ ու թմբլիկ մի տղա։ Դրանից հետո սկսեցին շարունակել ընդհատված բուժումը։ Երբ մանչուկի չորս ամիսը լրացավ, Անտուանի ընտանիքը որոշեց այցելել Աննայա՝ սուրբ Շարբելի գերեզմանին, և շնորհակալություն հայտնել Աստծո նվերի՝ իրենց թանկագին երեխայի համար։ Եվ երբ հասան վանք, նախ մասնակցեցին սուրբ Պատարագի արարողությանը, որից հետո դուրս գալով եկեղեցու բակ՝ ցանկացան լուսանկարվել Շարբելի արձանի մոտ։ Հայրը երեխային գրկած մոտեցավ արձանին, որ կողքին նկարվի, իսկ Լորան՝ կինը, աչքին մոտեցրեց ֆոտոապարատը։ Հանկարծ անբացատրելի մի հրաշք տեղի ունեցավ. չորսամսյա երեխան, դուրս պրծնելով հոր գրկից և օդում թռչելով ու հասնելով Շարբելի արձանին, պինդ գրկեց նրա պարանոցը։ Մինչ ծնողներն ապշած ու քարացած նայում էին, երեխան նույն ձևով հայտնվեց այս անգամ մոր գրկում (ներքևում վանքի մուտքի առջևում սբ. Շարբելի այդ արձանի լուսանկարն է)։ Բոլոր ներկաները, տեսնելով այդ հրաշքը, ապշահար էին եղել, իսկ մայրն ու հայրը լաց էին լինում ուրախությունից՝ դրանում տեսնելով Աստծո բարեհաճությունն իրենց ընտանիքի հանդեպ։ Եվ իսկապես այդպես էր՝ քանի որ բժշկական հերթական զննության ժամանակ բոլորի համար անսպասելիորեն պարզվեց, որ Լորան հրաշքով ազատվել է չարորակ ուռուցքից։
ԲԱՆԱԿԻ ՍՊԱ ՌԱՅՄՈՆ ՆԱԴԵՌԱ. Լիբանանի բանակի նախկին սպա Ռայմոն Նադեռան, պայքարելով իր հայրենիքի ազատագրման համար, ծառայությունից հետո գնաց Ֆրանսիա սովորելու և դարձավ ատոմային էներգետիկայի մասնագետ։ Նա պատմեց հետևյալը. «Այդ բանն ինձ պատահեց 1994-ի նոյեմբերի 10-ին։ Մանուկ հասակից լինելով քրիստոնյա, երբեմն այցելում էի Աննայա՝ աղոթելու սուրբ Շարբելի գերեզմանի առաջ։ Ձմռան սկզբին որոշեցի վերջին անգամ այցելել այդ սրբավայրը, քանի որ հետո երթևեկությունն անհնար էր դառնում առատ ձյան պատճառով։ Վանքում շատ քիչ մարդ կար, նրանք էլ շուտով գնացին։ Մնացի մենակ այն փոքրիկ խցում, որտեղ երկար տարիներ աղոթել ու ճգնել էր Շարբել վանականը։ Մտորելիս հասկացա, որ ես այստեղ սրբի օգնությամբ եմ հայտնվել, որովհետև մինչև կոկորդս խրված էի աշխատանքի մեջ։
Աղոթելիս զգացի, որ խցում մենակ չեմ։ Նայեցի շուրջս՝ ոչ մի կենդանի շունչ։ Միայն խորանից սուրբ Շարբելի պատկերն էր նայում իմ շվարած դեմքին։ Հետո մեջս անհաղթահարելի մղում առաջացավ՝ անտեսանելի այդ մեկի հետ հաղորդակցվելու, և սկսեցի ջերմեռանդորեն աղոթել։ Հանկարծ խուցը լուսավորվեց ճերմակ-երկնագույն աննկարագրելի լույսով, որն ինձ վախեցրեց։ Ես ոչինչ չէի տեսնում, բայց հստակորեն զգում և հասկանում էի, որ հետս տարօրինակ բան է կատարվում։
Հետո ինչ-որ մեկը բավական զգալի կերպով սեղմեց արմունկիցս վերև։ Ես ուժգին այրոց զգացի այդ տեղում, բայց դիմացա, նույնիսկ թևիս չնայեցի, որովհետև տարօրինակ հոգեվիճակում էի գտնվում։ Ձայն չէր հնչում, բայց ես հստակորեն լսում էի. «Ռայմոն, դու ճիշտ չես ապրում, եկեղեցում հազվադեպ ես լինում ու քիչ ես աղոթում։ Մտածիր ասածներիս մասին. ինքդ սթափվի՛ր և նման ընթացքից հետ պահիր շրջապատիդ մարդկանց»։ Այդ վայրկյանին ես ամեն բան չէ, որ հասկացա։ Իսկ երբ խցում դադարեց այդ տարօրինակ լուսավորությունը, նորից կիսախավար տիրեց. միայն մոմերի լույսն էր վետվետում։ Իսկ երբ նայեցի թևիս, զարմացած բացականչեցի. այնտեղ հստակորեն տպված էին ինչ-որ մեկի հինգ մատների հետքերը։ Դրանք փոքր-ինչ արյունոտ էին, իսկ տեղը շարունակում էր թեթևակի կսկծալ։ Այդ պահին սկսեցի վերհիշել սուրբ Շարբելի ասածները։ Ես նրան չտեսա, բայց էլ ո՞վ կարող էր լինել նրանից բացի, որի բարեխոսությանը ես միշտ ապավինել եմ կյանքիս ընթացքում։
Բեյրութ վերադառնալուց հետո աշխատանքի չգնացի, այլ իմ ծանոթ բժշկի հետ հեռախոսով պայմանավորվելով՝ գնացի մոտը։ Ոչինչ չթաքցնելով՝ ամեն բան պատմեցի նրան։ Նա, առանց հապաղելու, իր գործընկերներին՝ վիրաբույժին, քիմլաբորատորիայի վարիչին ու թերապևտին իր մոտ հրավիրեց։ ՈՒ սկսվեց մղձավանջը. անվերջ քննում, զննում, շոշափում էին ինձ, անդադար հարցեր էին տալիս դեպքի մանրամասների վերաբերյալ։ Ատոմային էներգետիկայի բնագավառի մեր բժիշկները հմուտ են իրենց գործում։ Երբ ամեն մեկն իր զննումները կատարեց, խորհրդակցություն հրավիրեցին ու բոլորը միակարծիք հայտարարեցին. «Եղած հետքերը հաստատ քիմիական այրվածք չեն, նմանապես և ջերմային չեն։ Այրվածքը, անկասկած, գերբնական ծագում ունի»։ Ավելացնեմ, որ ինձ զննել ու քննել են ոչ միայն Լիբանանում, այլև Ֆրանսիայում, Եգիպտոսում և Սիրիայում։
Միայն հինգերորդ օրը այրվածքի հետքերն սկսեցին չորանալ ու ցավերն էլ դադարեցին։ Ես դրանից այնքան էլ չուրախացա՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևում հոգևոր կողմ կա պահված, ինչի մասին էլ սկսեցի լրջորեն մտածել։ Եվ այն եզրակացությանը հանգեցի, որ սուրբ Շարբելը միանգամայն ճիշտ է. իմ հոգևոր սխալ ընթացքը շտկման կարիք ունի։ Քանի որ կլանված լինելով իմ մասնագիտական գործերով՝ սկսել էի, ունայնությանը տրված, մոռանալ Աստծուն։ Հարկավոր էր հիմնովին փոխել կյանքի հանդեպ ունեցածս դիրքը։ Եվ շուտով, ի զարմանս իմ գործընկերների, ես հրաժարվեցի ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատելուց և սկսեցի հոգևոր կյանքիս առավել շատ ուշադրություն դարձնել։ Հաճախակի այցելում էի վանքեր, մասնակցում էի կիրակնօրյա պատարագներին, ջերմեռանդորեն աղոթում էի։ Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ ոչ միայն ես հոգու խաղաղություն ստացա, այլև իմ շրջապատի մարդիկ, որոնք, լսելով իմ այս վկայությունը, իրենց կյանքն էլ փոխեցին և ավելի լուրջ ուշադրություն դարձրին իրենց հոգուն։
Ի դեպ, երբ ես սկսում եմ մոռանալ ինձ պատահած հրաշքի մասին, իսկույն թևիս այն նույն տեղում հայտնվում են սրբի ձեռքի հստակորեն ընդգծված ու ցավոտ հետքերը»։

ԲԵՅՐՈՒԹՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԶԱՐՄԱՆՔԸ
«Մի անգամ ինձ շտապ կանչեցին Սալիմ էլ Հաշըմ անունով հիվանդ շեյխի մոտ, որը մեր երկրում բավական հայտնի մարդ էր։ Ես այցելեցի նրա ապարանքը, քննեցի անշարժ ու անգիտակից պառկած հիվանդին։ Նա արդեն մահամերձ էր, զարկերակը մի կերպ էր շոշափվում, սրտի բաբախը հազիվ լսելի էր, իսկ դեմքի գույնը մահամերձի էր։ Շեյխի անձնական բժշկի միջոցով շտապ անհրաժեշտ միջոցներ ձեռք առա։ Նա այդ ընթացքում ինձ հայտնեց հիվանդի մասին հետևյալ տեղեկությունները. շեյխը 73 տարեկան էր, ուներ ստամոքսի խոց, որը նախկինում արյունահոսել էր մի քանի անգամ, այս անգամ խոցը բացվելիս մոտ մեկ լիտր արյուն էր կորցրել։ Իմ ներկայության ժամանակ հիվանդն այդ արյան մակարդված զանգվածը երեք անգամ հետ տվեց։ Վայրկյան առ վայրկյան նրա դրությունն ավելի էր վատթարանում։ Քանի որ նա հայտնի մարդ էր, ես ճիշտ համարեցի կառավարության անդամներից իր մոտիկներին տեղեկացնել այդ վիճակի մասին, որովհետև փրկության ոչ մի ելք չէի տեսնում։ Շուտով շեյխի ապարանքում հայտնվեցին երեք բժիշկներ, որոնք հմուտ մասնագետներ էին։ Միասին նորից սկսեցինք հիվանդին այդ ճգնաժամային վիճակից հանելու փորձեր անել, բայց շուտով չորսս էլ համոզվեցինք, որ մեր ջանքերն անօգուտ են. մահն անխուսափելի էր։ Պրոֆեսոր Մորեբան ասաց, որ մահամերձին միայն Աստված կարող է ոտքի հանել. հիվանդին մնացել է ապրելու կես ժամ, ոչ ավելի։ Եվ իսկապես, կես ժամ չանցած, հիվանդի սիրտը դադարեց աշխատելուց։ Հայտնի սրտաբան դոկտոր Շամին ևս հաստատեց, որ շեյխի սիրտը կանգ է առել. հիվանդը մեռած է։ Ես սենյակում մնացի մենակ։ Այդ պահին ներս մտավ աղջիկս՝ Լինդան, որն եկել էր ինձ օգնելու։
-Պարոն շեյխը մահացավ, ¬ տխուր ասացի ես, ¬ հիվանդությունը սրվել էր, և այլևս հնարավոր չէր ոչինչ անել։ Իսկ դու ո՞ւր էիր այսքան ժամանակ։
Նա, ինձ ոչինչ չպատասխանելով, մոտեցավ հիվանդին ու սկսեց վրան հոտավետ խունկ ծխել (որը, ինչպես հետո իմացա, բերված էր սուրբ Շարբելի վանքից)՝ մոտեցնելով այն շեյխի քթին, կարծես թե նա ի վիճակի էր շնչելու։ Հետո ինչ-որ բան հանեց ու դրեց մեռածի կրծքին։
Ի պատասխան իմ հարցական հայացքի՝ Լինդան ասաց.
-Սա մի փոքրիկ մասունք է սուրբ Շարբելից։
Այդ պահին սենյակ մտավ պարոն Անտուան Զախրը՝ շեյխի ընտանեկան բժիշկը։ Եվ ինչ-որ բանի մասին Լինդայի հետ խորհրդակցելուց հետո, թափանցիկ հեղուկով լի մի սրվակ հանեց պայուսակից։
-Այդ ի՞նչ եք մտածել,- հետաքրքրվեցի ես,- ավելի լավ է միասին շեյխի մահվան պաշտոնական արձանագրությունը կազմենք։
-Հայրիկ, արի մի քիչ էլ սպասենք, - անսպասելիորեն ընդդիմացավ աղջիկս։
-Ինչի՞ն սպասենք, - զարմացած հարցրի ես։
Լինդան ու դոկտոր Զախրը նորից իրար հետ խորհրդավոր հայացքներ փոխանակեցին, որից հետո Զախրը վճռականորեն մոտեցավ մահացածի մարմնին։
-Սա օրհնված ջուր է Աննայայի վանքից. վանահայրը խորհուրդ տվեց։
ՈՒ շեյխի անձնական բժիշկը, աղոթելով սուրբ Շարբելին, այդ ջրից միջմկանային ներարկում կատարեց մեռածի մարմնի մեջ։ Ես այդ պահին նույնիսկ աչքերս փակեցի նման անսովոր տեսարանից։
Եվ քիչ անց բոլորիս սարսափած հայացքների առաջ «մեռելը» հանկարծ թույլ, համարյա աննկատ շարժում արեց ձեռքով, իսկ տասը րոպե անց աչքերը բացեց ու զարմացած հայացքով մեզ նայեց։ Ապա նորից աչքերը փակեց, բայց այս անգամ քնեց. և մեր ապշած հայացքների դեմ հանդարտ բարձրանում - իջնում էր նրա կուրծքը։
Առավոտյան, կեսօրին մոտ, շեյխն արթնացավ։ ՈՒ այդ օրվանից նրա առողջությունն սկսեց արագորեն բարելավվել»։
Դոկտոր Ե. Օնաիսսի, ք. Բեյրութ, Լիբանան
Որպես վերջաբան այս զարմանահրաշ բժշկությունների, ասենք, որ Հայաստանում նույնպես եղել են բժշկության մի քանի դեպքեր, որոնցից մեկի ժամանակ հիվանդին օգնություն ցուցաբերելու համար սուրբ Շարբելի հետ այցելել էր Գրիգոր Լուսավորիչ մեր սուրբ հայրապետը, ի նշան այն բանի, որ երկնքում եկեղեցիների դավանաբանական բաժանումներ չկան, այլ բոլորը Քրիստոսի սիրով միացած եղբայրներ են։
Սուրբ Շարբելի օգնությանը դիմելու համար առաջարկում ենք աղոթքի այս տարբերակը.
ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՏԵՐ, ՈՐ ԱՐՏՈՆԵԼ ԵՍ
ՔՈ ՍՈՒՐԲ ԾԱՌԱ ՇԱՐԲԵԼԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ
ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾԵԼՈՒ
ԵՎ ՔՈ ԱՆԲԱՎ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ,
ԳԹԱ ԵՎ ԻՆՁ, ՈՐ ԲԱԺՆԵԿԻՑ ԼԻՆԵՄ
ԱՅԴ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ.
ՕԳՆԻ՜Ր ՏԵՐ, ՈՐ ՍՈՒՐԲ ՇԱՐԲԵԼԻ
ՄԻՋՈՑՈՎ ԵՍ ԷԼ ԱՌՈՂՋԱՆԱՄ.
ՓԱ՜ՌՔ ՔԵԶ, ՄԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐ. ամեն։
(Կարող ենք աղոթել ու խնդրել նաև այլ անձանց բժշկության, օգնության և զանազան կարիքների համար)
Այս աղոթքից հետո խորհուրդ է տրվում երեք անգամ անշտապ ասել «Հայր մեր»¬ը։ Ապա համբերենք ու հուսանք, և մեզ կտրվի ըստ մեր հավատի, քանզի Աստված ողորմած է ու մարդասեր։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ.- Եթե մեր հարգելի ընթերցողներից որևէ մեկն օգտվի սուրբ Շարբելի բարեխոսությունից և բժշկություն ստանա, խնդրում ենք գրել մեզ «Իրատես de facto»-ի հասցեով։ Հարմարության դեպքում թերթի էջերում սիրով կզետեղենք այդ վկայությունները։

Դիտվել է՝ 4884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ