Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. Պարոն Օսկանյանի և տիկին Զոհրաբյանի «անձնական կարծիքները» հաշիվ չեն

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ. Պարոն Օսկանյանի և տիկին Զոհրաբյանի «անձնական կարծիքները» հաշիվ չեն
31.10.2012 | 13:15

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, որ մինչ այդ ինքնությունը սաղմնավորվի ու բյուրեղանա, կարող է պարզվել, որ այն պետք է շատ արագ մոռանալ): Իհարկե, մինչ օրս «անձնական կարծիքի» շրջանակներում տրվել են տարատեսակ մեկնաբանություններ ու հիմնավորումներ, թե ինչպես է դա հնարավոր, բայց համաձայնեք, որ ժամանակ է անհրաժեշտ այս բարդ, համաշխարհային քաղաքագիտական մտքին ու պատմությանն անծանոթ նոր երևույթը մարսելու, մինչև վերջ հասկանալու կամ վերջնականապես չհասկանալու համար: Առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ, իհարկե, շատ ու շատ հարցեր կտրվեն, դրանց պատասխաններն էլ կհնչեն կամ չեն հնչի…
Բայց, մինչ այդ:
Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է, որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև? քննադատվում. խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով «Բարգավաճ Հայաստանը» փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, կուսակցությունը պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգային քաղաքականության հետևյալ առանցքային խնդիրների շուրջ:
1. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, երկկողմ ու բազմակողմ օրակարգային խնդիրների վերաբերյալ:
2. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԵՄ, Հայաստան-եվրոպական այլ կառույցներ հարաբերությունների վերաբերյալ:
3. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:
4. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
5. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
6. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:
7. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների վերաբերյալ:
8. Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, առկա կոնֆլիկտների, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:
Ահա, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ռազմաքաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցադրումների այն նվազագույն շարանը, որոնց վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետների հրապարակումը, եթե այդպիսիք արդեն կան, թույլ կտա փորձագիտական ու լրագրողական հանրություններին իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի հետ համեմատության ծիրում կշռել քաղաքական այլընտրանքայնության բարգավաճական իսկությունը: Իշխանությունների տեսակետներն այս հարցերի շուրջ հայտնի են բոլորին, շարադրված են և բազմիցս հնչեցվել են հանրապետության նախագահի և արտգործնախարարի կողմից:
Հ. Գ.- 1. Ավելորդ է ասել, որ իբրև շարադրված հարցերի պատասխան, հղումը ԲՀԿ-ի ծրագրին, ըստ էության, կնշանակի խուսափում շարադրված հարցերի վերաբերյալ սեփական տեսակետները ներկայացնելուց, քանզի այդ ծրագրերը 6 տարվա ընթացքում սկսել են Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտության ձևակերպմամբ, ընթանում են Եվրասիական միության անդամակցության անհրաժեշտության ամրագրումով, և միայն Աստված գիտի, թե ինչ ուղղությամբ կշարժվեն ապագայում:
Հ. Գ.- 2. Ինքնըստինքյան հասկանալի է, որ հարցադրումների այս շրջանակին համակարգված գրավոր պատասխանների ներկայացումը օգտակար կլինի նախ և առաջ իր` ԲՀԿ-ի համար, սեփական, թեկուզև անցումային ինքնության ձևավորումն արագացնելու տեսանկյունից: Բայց, համաձայնեք, սա այն դեպքը չէ, երբ պարոն Օսկանյանը կամ տիկին Զոհրաբյանը կարող են ներկայացնել իրենց «անձնական կարծիքները», նրանց «անձնական տեսակետներն» այս դեպքում, ինչպես ասում են, հաշիվ չեն»:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ