Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փոփոխությունների հնարավորությունը շատ ավելի իրատեսական է, քան ճահճացած վիճակի պահպանումը»

«Փոփոխությունների հնարավորությունը շատ ավելի իրատեսական է, քան ճահճացած վիճակի պահպանումը»
01.11.2012 | 15:59

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Անցյալ շաբաթ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին միմյանց ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ձեր կարծիքով` այդ հանդիպումը խաղաղության ապահովմա՞ն խնդիր էր լուծում, թե՞ հնարավոր են ռեալ քայլեր հակամարտության հաղթահարման ճանապարհին:
-Եթե առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ընտրություններ չլինեին, այս իրավիճակը Ղարաբաղի հարցում ես կհամարեի ծայրահեղ վտանգավոր: Բայց նույնիսկ ընտրությունների պարագայում շատ կարևոր եմ համարում հանդիպումների փաստը: Բանակցությունների բացառումը կամ դադարեցումը պատերազմի նախադուռն է: Մենք պատերազմով որևէ բան ապացուցելու խնդիր չունենք, ինչ պետք էր ապացուցել ժամանակին ապացուցվել է: Եվ հիանալի է ապացուցվել: Մեզ պետք է պատերազմի ժամանակ ունեցած առավելությունները քաղաքական-բանակցային դաշտում դարձնել նյութական, ինչը Ղարաբաղի ժողովրդի անկախության իրավունքի ճանաչումն է:
-Զինադադարի կնքումից մինչև այսօր դա չի հաջողվում:
-Այո, բայց բանակցությունների ընթացքն ապահովել է խաղաղություն, բանակցությունները ընթացքը հնարավորություն է տվել կայացնելու, ամրապնդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ պատերազմում հաղթանակով հնարավոր դարձավ ստեղծել:
-Նախարարների հանդիպումից հետո տարածված տեղեկատվության մեջ հայկական աղբյուրները նշում էին, որ կողմերը դրսևորել են բանակցությունները շարունակելու և հարցի խաղաղ լուծման քաղաքական կամք, ռուսական լրատվամիջոցները հավելում էին, որ քննարկվել են ստատուս քվոյի փոփոխության հարցեր, ի՞նչ կարող է դա նշանակել:
-Իհարկե, կարելի է տարբեր տեսակետներ ներկայացնել, վերլուծությունների տարբերակներ, բայց որևէ տարբերակ ընդամենը ջուր է լցնելու հակառակորդի ջրաղացին: Ճշմարտությունը գիտի այն անձը, ով բանակցում է, և չունենալով ամբողջական լրատվություն կողմերի տեսակետների, եռանախագահողների մեկնաբանությունների մասին, որևէ եզրակացություն գտնում եմ անհիմն ու անտեղի: Ռուսական լրատվամիջոցների հրապարակումը համարում եմ մտահոգիչ, որովհետև ակնհայտորեն նման փուլերում ռուսները հակված են իրենց պետության համար առավելագույն շահեկան դիրքեր ստանալուն: Հայաստանում նրանք իրենց համարում են ամենակարող և կարծում են, որ մենք ամեն առավոտ պիտի աղոթենք իրենց համար, Ադրբեջանից ստանալիքներ ունեն և պիտի փորձեն ստանալ` կոմպրոմիսի գնալով, ու Ղարաբաղի հարցը ամենահարմարն է այդ քննարկումների առանցքում:
-Չե՞ք կարծում, որ Ղարաբաղի հարցը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, հիմա էլ հետին պլան է մղվել:
-Ընտրություններից հետո է Ղարաբաղի հարցը դառնում գործոն, նախագահի թեկնածուները ընտրությունների ժամանակ խուսափում են Ղարաբաղի հարցով խոսելուց: Այդ հարցերի պատասխաններն ունեն արտաքին քաղաքական որոշակի ազդակներ, և աշխատում է «Մի խոսիր, որ չվնասես» սկզբունքը: Ես համոզված եմ, որ այդ խնդիրը կարող է լուծել միայն ժողովրդի իրական քվեն ունեցող նախագահը, որ ժողովրդի վստահության ռեսուրսով է գնում բանակցությունների և այդ բանակցություններում առաջ եկած խնդիրները կարող է ազատ ներկայացնել իր ժողովրդին, մեկնաբանել իր մոտեցումը և ժողովրդից լիազորություն ստանալ այդ ճանապարհով լուծելու խնդիրը: «Նախ` ժողովրդավարություն, հետո` Ղարաբաղի հարցի լուծում» մոտեցումը առավել մեծ ընկալում է գտնում թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև իրենք էլ գիտեն, որ փոխզիջումային լուծումը ցավոտ լուծում է, կողմերից որևէ մեկի հաղթանակը չլինելով` չպիտի լինի նաև պարտությունը, և միայն հասարակական ընկալում ունեցող ու հասարակության մեջ հեղինակություն վայելող իշխանությունը կարող է նման հարցը լուծել:
-Լավ, իսկ ի՞նչ են անում հիմա «Հանրապետություն» կուսակցությունը և Արամ Սարգսյանը:
-Իր գործը` փորձում է հնարավորինս շատ շփումներ ունենալ ժողովրդի հետ և իր տեսակետներով ցույց տալ, թե ինչը ինչով պիտի փոխվի: Իսկ փոփոխությունը ոչ թե և ոչ միայն անհատների մեջ պետք է լինի, այլև համակարգային, այնպես, ինչպես Շևարդնաձեից հետո փոխվեց մեր հարևան Վրաստանում, կամ ԽՍՀՄ փլուզումից հետո` Մերձբալթյան հանրապետություններում: Հակառակ դեպքում ընտրություններին կարող են մասնակցել միայն այն ուժերը, ովքեր բարեգործական հիմնադրամներ, պաշտոններ ու փող ունեն: Եվ` ըստ առաջարկածի էլ բաժանվում են քվեները: Պաշտոնը ավելի շատ է, քան տրակտորը: Տրակտորն ավելի մեծ է, քան հեռախոսը, հետևաբար ԲՀԿ-ի ձայներն ավելի քիչ կլինեն, քան ՀՀԿ-ինը, բայց ավելի շատ, քան ՕԵԿ-ինը:
-Իսկ Ձեր թվարկած ուժերը փոփոխություններ չե՞ն ուզում:
-Իհարկե, ուզում են, հակառակ դեպքում հյուրանոցներ չէին գնի Մերձբալթիկաներում կամ մեծ գումարներ չէին դնի ԱՄՆ-ի շինարարական բիզնեսում: ՈՒղղակի պաշտոնն ու եկամուտը պահելով` փոխվելը իրենց չի հաջողվում:
-Քաղաքական էլիտայի փոփոխության խնդի՞ր եք դնում:
-Խնդիրը միայն քաղաքական էլիտայի փոփոխությունը չէ, ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չէ, քաղաքականությամբ զբաղվելն ընդհանրապես չի կարող ինքնանպատակ լինել: Պիտի ունենաս ծրագրեր, ծրագրերդ իրականացնելու մեխանիզմների հստակ պատկերացում, ճիշտ ձևակերպված հարցեր և հասարակության հետ շփումներով գտնես այդ հարցերի ճիշտ պատասխանները: Այսօր հասարակության մեջ ամենաձևակերպված հարցը մեկն է` ընտրություններով այս երկրում իշխանափոխություն հնարավոր չէ:
-Չե՞ք կարծում, որ ժողովուրդը պասիվացել է նաև այն պատճառով, որ ընդդիմությունը հարթակից, հիմա նաև խորհրդարանական խոսափողով` ասում է, որ իշխանությունը վատն է, սխալ է, կողոպտիչ է, բայց չի ներկայացնում ծրագիր, թե ինքն ինչպես է տեսնում վատը լավ, սխալը ճիշտ դարձնելու, կողոպուտը դադարեցնելու հնարավորությունը:
-Ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, բայց վերջին շրջանում իմ ունեցած հանդիպումները վկայում են, որ երբ խոսում ես` ինչպիսին պիտի լինի մեր հայրենիքը, ինչ պետք է արվի, որ երկիրը երկիր դառնա, ունկնդիրներդ կոմունիստական ժամանակների ժողովականների են հիշեցնում և սկսում են հորանջել, իսկ երբ խոսում ես իշխանափոխության մասին, ակտիվանում են: Գործնականում հասարակությունը չի հավատում որևէ ծրագրի իրականություն դառնալուն` առանց գործող դեմքերի փոփոխության:
-Դուք փոփոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Այո, վերջին 20-25 տարում մենք այնպիսի փոփոխությունների ականատես եղանք` սկսած ԽՍՀՄ փլուզումից մինչև Սադամ Հուսեյն, Հոսնի Մուբարաք ու Մուամար Քադաֆի, որ փոփոխությունների հնարավորությունը շատ ավելի իրատեսական է, քան ճահճացած վիճակի պահպանումը:
-Իսկ մեր պարագայում ժողովուրդն ի՞նչ պետք է անի:
-Ժողովուրդը, մենք էլ նրա հետ, պիտի թույլ չտանք, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մեր փոխարեն որոշեն, թե ով պետք է լինի երկրի նախագահ և ով` կառավարության անդամ: Ընդհանրապես դա կարող է իրականություն դառնալ` առաջին` հասարակական լայն զանգվածների ճնշմամբ, այնպես, ինչպես Վրաստանում և ՈՒկրաինայում, և երկրորդ` իշխանական բուրգի փլուզմամբ, որը հեղաշրջում չէ ու համակարգային փոփոխություն է բերում, եթե հրապարակում կա հավաքված ու պայքարող ժողովուրդ: Իսկ դրա համար մենք պետք է վերականգնենք ժողովրդի հավատը և ընտրությունը իշխանություն-իշխանություն դաշտից տեղափոխենք իշխանություն-ընդդիմություն դաշտ:
-Դուք հավատում եք, որ ժողովուրդը նորից կհավատա՞ ընդդիմությանը:
-Ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ուզում է լուծված տեսնել նորմալ կյանքի ապահովման իր խնդիրները, և եթե դա չի անում իշխանությունը, բնականաբար, ձևավորվում է այն ընդդիմությունը, որ պիտի դա անի և արդեն միմյանց հավատալ-չհավատալու հարց չի առաջանում: Համատեղ քայլերի անհրաժեշտությունն է միաձուլում ժողովրդին ու ընդդիմությանը, ընդհանրական դարձնում թե՛ հավատը, թե՛ հավատարմությունը, թե՛ կամքը, թե՛ մարտավարական խնդիրների լուծման տարբերակների ընտրությունը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ