Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ну говори же, Мко!»

«Ну говори же, Мко!»
02.11.2012 | 11:31

Մեկ-մեկ մտածում ես, որ իսկապես «մասոնական դավադրություն» է. հերիք չէ տարածաշրջանի համար էս նեղ օրերին Հայաստանը խրվել է նախագահական ընտրությունների անդուր հորձանուտի մեջ, հետն էլ` խաղի այնպիսի մի մակարդակ է, որ բանականության որևէ շրջանակում չի տեղավորվում: ՈՒ լավ է, որ էս մասոններն ու իրենց «դավադրությունների տեսությունը» կան, թե չէ ո՞ւմ էինք «ապավինելու», որպես մեր ախմախության վերջին հանգրվան:
Կոելյոն էլ էնտեղ է ասում. ինչ եղել է երկրորդ անգամ, էլի կլինի:
Իսկ մեզանում 2004-ին եղել է «ապրիլի 12»: Հետո էլ մարտի 1: Ո՞վ գիտի` ի՞նչ կլինի 2013-ին: Տարածաշրջանում ստատուս քվոն կարող է վայրկյանների ընթացքում փոխվել: Նույն արագությամբ Հայաստանին պարտադրելով նոր դասավորություն: Ինչին ակնհայտորեն պատրաստ չենք: Այսպես շարունակվելու դեպքում երբեք չենք լինի: Հետո, իհարկե, կապավինենք հայի հետին խելքին` ասելով` ով հայ ժողովուրդ, քո փրկությունը… և այլն: Սակայն ունենք այն, ինչ ունենք:
Այսօ՛ր. երկրի «հիմնադիր» նախագահը գլուխ չի հանում իր մի քանի հոգանոց ՀԱԿ-ությունից: Այնքան չի հանում, որ իր խոնարհումն է արտահայտում Հայաստանի թիվ մեկ օլիգարխին: Երևի «ելնելով» տարածաշրջանային ապագա զարգացումներում Հայաստանին սպառնացող մարտահրավերների ահագնությունից:
Երկրորդ նախագահը նույնիսկ դա էլ չի անում. նրա ներքին փոթորիկը չի հանդարտվում. իր ծնած օլիգարխը տիեզերքին, Տարաս Բուլբային ընդդեմ նոր փիլիսոփայություն է գծում. «Դու ինձ ծնել ես, ես քեզ կսպանեմ»: Իսկապես, դժվար դեպքերից է:
Երկրի պատասխանատուներից թիվ մեկն սպասում է, թե ինչ է, ի վերջո, ասելու իր իսկ խաղերից գլուխ չհանող, սեփական խնամուն վարչապետ կարգելուց զատ «տարածաշրջանային» այլ հոգս չունեցող հարգարժան օլիգարխը: Չի հարցնում` «Յո՞ երթաս, այ Գագիկ», թույլ է տալիս նրան գնալ Երուսաղեմ` խաչվելու (ասում են, բացի հայտնի ֆիլմից` Նիժնի Տագիլում նկարահանված, ևս չորս քրեական գործեր լալիս են սույն մասով): Թողնում է, որ ԲՀԿ-ն բացապարզի իր քաղաքական անհեթեթությունների ողջ սպիրալը, որովհետև մեծ հաշվով ԲՀԿ-ի սատարել-չսատարելուց շատ բան չի փոխվելու իր կյանքում. բացի մի թեթև գլխացավանքից:
Երկրի երկրորդ դեմքը չի համբերում առաջին դեմքի այս «համբերումից», արտերկրից մեսիջներ է հղում իր երկրին, որ հոպար չունի, դրա համար էլ վարչապետ չի կարողանում դառնալ:
Որպես նրա ասածի հաստատում` ԲՀԿ-ն «կանյաչնիում» փակ ռեժիմով նիստ է անում. իբր թե հոխորտում, որ «կոշտ, ավելի կոշտ, ամենակոշտ», մի խոսքով` կոշտուկավոր պայքար-պայքարն է մղելու մինչև վերջ:
Էլ չերկարացնենք, «մասոնական դավադրություն» է: ՈՒ` վերջ: Չէ, մի բան էլ ու նոր` վերջ. սույն օլիգարխիկ պերսոնը, «կանյաչնի» հասնելուց առաջ, նույնքան ջանադրաբար, խրոխտ ու խիստ անդավաճան «մտել» է նախագահական, ասել. «Նախագահ ջան, ջա՜ն-ջա՜ն-ջա՜ն, սատարում եմ` ուժեղ քեզ, էդ գործը մինչև ամսվա վերջ անում ենք»:
Փաստորեն, գործ ունենք աշխարհում, քաղաքականության և քաղաքագիտության մեջ քիչ հայտնի դրսևորման` ոչ թե մարդու անձի երկվության, այլ եռվության հետ:
Ցավում ենք, բայց ոչնչով օգնել չենք կարող:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ