«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հարձակումները բացահայտ չեն, կեղծ, ինչ-ինչ նկարների հետևում թաքնված օգտատերեր են»

«Հարձակումները բացահայտ չեն, կեղծ, ինչ-ինչ նկարների հետևում թաքնված օգտատերեր են»
04.11.2012 | 11:06

Facebook-ն ու ընդհանրապես համացանցը դարձել են քաղաքական փոխհրաձգությունների հարթակ։ Կոռեկտության սահմանը հաճախ այստեղ չի պահպանվում։ ՀՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ զրույցում փորձում ենք հասկանալ սոցիալական ցանցերի ազդեցության չափը քաղաքական գործընթացների վրա և քաղաքական քննարկումներն անձնական դաշտ տեղափոխելու դրդապատճառները։

-Պարոն Ավագյան, քաղաքականությունը վերջին շրջանում տեղափոխվել է վիրտուալ դաշտ։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։
-Իրականում քաղաքականությունը չի տեղափոխվել վիրտուալ դաշտ, պարզապես քաղաքականության մեջ օգտագործվում են վիրտուալ դաշտի հնարավորությունները։ Շատ բնական է, որ քաղաքական հայացքները, ծրագրերը, կողմնորոշումները կարող են դրսևորվել նաև սոցիալական ցանցերում։
-Քաղաքականության ոլորտում Facebook-յան ակտիվությունը նշանակո՞ւմ է արդյոք, որ սոցիալական այս ցանցի դերն աստիճանաբար բարձրանում է, և այն դառնում է ազդեցիկ գործոն ինչ-ինչ հարցեր լուծելու, տրամադրություններ ձևավորելու համար։
-Չեմ կարծում, թե Facebook-ը կամ Twitter-ը Հայաստանում դառնան այնպիսի մի գործիք, ինչպիսին այլ պետություններում էին, որտեղ նշված ցանցերը քաղաքական մեծ արձագանք գտան։ Չեմ փորձի նաև թերագնահատել դրանց հնարավորությունները, քանի որ այս ցանցերի միջոցով շատ մարդիկ կարողանում են կարծիքներ հնչեցնել, բանավիճել ազատ հարթակում։ Սակայն դա չի նշանակում, որ Facebook-ը կարող է փոխարինել Ազգային ժողովի ամբիոնին, քաղաքական բանավեճի բոլոր ավանդական հարթակներին։ Սա ուղղակի ավելի լայն հնարավորություն է նաև սկսնակ գործիչների կամ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են քաղաքականություն մուտք գործել։ Շատ երիտասարդներ կան, որ ճանաչում են ձեռք բերել հենց ֆեյսբուքի շնորհիվ, նույնիսկ քաղաքական գործիչներ, ովքեր ցանցային ակտիվությամբ աչքի են ընկել և իրենց ներկայանալիության խնդիրը լուծել համացանցի միջոցով։
-Նշեցիք, որ համացանցն ազատ կարծիք արտահայտելու վայր է։ Դուք Ձեզ ավելի ազատ զգում եք ԱԺ ամբիոնո՞ւմ, թե՞ համացանցում։
-Ինձ համար երբեք տարբերություն չի եղել՝ կարծիքս հնչեցնում եմ ԱԺ ամբիոնից՝ հայտարարությունների, ելույթների, հարցերի տեսքով, թե՞ համացանցում։ Եթե Դուք հետևել եք իմ աշխատաոճին, նկատած կլինեք, որ նույն սրությամբ ես հանդես եմ գալիս և՛ խորհրդարանում, և՛ համացանցում։ Պարզապես ԱԺ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ցանցային ակտիվությունը լրացուցիչ հնարավորություն է քաղաքական քննարկումների համար։
-Facebook-յան քննարկումներում հաճախ չափն անցնում են։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին։
-Սոցիալական ցանցը, մի կողմից, լայն հնարավորություն է, մյուս կողմից էլ` յուրաքանչյուր օգտատեր պետք է որոշակի պատասխանատվություն ունենա։ Քաղաքական գործընթացները, գործնական բանավեճը չպետք է տեղափոխվեն անձնական ոլորտ։ Որպես կանոն, հարցն անձնականացվում է, եթե դիմացինն այլևս ասելիք չի ունենում, բանավեճի մեջ մտնելու դիմացինի հնարավորությունները սահմանափակ են լինում, և մեկ-երկու նախադասությունից հետո սկսվում են վիրավորանքները։ Մեր կողմից նման գործելաոճն ընդունելի ու կիրառելի չէ։
-Երբեմն նաև Ձեզ են մեղադրում չափն անցնելու համար։
-Ես երբեք անձնական վիրավորանքների դաշտում չեմ գրում իմ կարծիքները։ Իմ հայտարարությունները նույնպես քաղաքական ձևակերպումների շրջանակում են։ Եթե որոշ մարդիկ դրանց մեջ իրենց են տեսնում, դա արդեն նրանց խնդիրն է։ Դուք չեք հիշի իմ կողմից հնչեցված որևէ անձնական վիրավորանք։
-Ձեր ամեն մի հայտարարություն, նույնիսկ անմեղ, շատ ագրեսիվ է ընդունվում սոցիալական ցանցում` ստանալով հակահարվածներ։ Պատճառը փորձե՞լ եք վերլուծել։
-Ինձ թվում է, լռեցնելու խնդիր են լուծում։ Այդ հարձակումները, որպես կանոն, բացահայտ չեն, դրանք կեղծ, ինչ-ինչ նկարների հետևում թաքնված օգտատերեր են։ Պարզունակ գործելաոճ է, մտածում են՝ այդպես կարող են լռեցնել կամ ինչ-որ հաղորդագրություն հասցնել՝ կաշկանդելով ինձ։
-Փաստորեն, դրանք Ձեզ ավելի են ոգևորում։
-Ոգևորելու խնդիր չկա։ Ես իմ գործը, աշխատանքի չափն ու ծավալը գիտեմ, ինձ համար դրանք շատ հստակ են, և փորձում եմ առավելագույնս լավ կատարել այդ աշխատանքը, անկախ նրանից՝ ինչ ձևակերպումներ կան իմ հայտարարությունների ու կարծիքների վերաբերյալ։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ