Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ է «վրացական երազանքի» նորօրյա իրականացնողը

Ո՞վ է «վրացական երազանքի» նորօրյա իրականացնողը
05.11.2012 | 13:58

Օրերս կայացավ Վրաստանի նոր խորհրդարանի նիստը, որը հաստատեց նոր կառավարության կազմը և զերծ չմնաց սկանդալներից: Սակայն մենք կցանկանայինք ոչ թե տեղի ունեցած իրադարձությունը մանրամասնել, այլ փոքր-ինչ հետահայաց անդրադառնալ վրացական վերջին շրջանի իրադարձություններին, որոնց շուրջ եղած հարցականները դեռ իրենց պատասխանները չեն ստացել, և թերևս ստիպում են վերանայել այդ երկրի շուրջ մեզանում ձևավորված որոշ գնահատականներ:
Ստացվեց այնպես, որ մեր անկախության ողջ ժամանակահատվածում Վրաստանը մեզ համար կամա թե ակամա վերածվեց զուգահեռների ու համեմատությունների, իսկ վերջին տարիներին էլ` ակնածանքի օբյեկտի: Հաշվի առնելով պատմական, քաղաքական ու աշխարհագրական ընդհանրությունները, համաձայնվենք, որ դա տրամաբանական էլ էր. ուրիշ ո՞ւմ հետ պիտի համեմատվեինք` մեզ հետ ընդհանուր ոչինչ չունեցող Լյուքսեմբուրգի՞, թե՞ Թաիլանդի:
Երբ առաջին ազգընտիր նախագահ Գամսախուրդիան իր արկածախնդիր քաղաքականությամբ Վրաստանը կանգնեցրեց քաղաքացիական պատերազմի շեմին, մեր պետական քարոզչական մեքենան դա հաջողությամբ դարձրեց իր համար յուրովի դրոշակ, որպես հակակշիռ բերելով մեր քաղաքական կայունությունը և ցնցումներից զերծ մնալու իրողությունը:
Երբ երկրի ղեկը ստանձնած խորհրդային նոմենկլատուրշչիկ Շևարդնաձեն երկրում հաստատեց համատարած կոռուպցիայի ու բեսպրեդելի մթնոլորտը, ինչը նաև մեր մաշկի վրա զգում էինք հայաստանցիներս (թեկուզ հիշենք այն պարզ իրողությունը, որ ցանկացած հայաստանյան համարանիշով մեքենա վրաց ГАИ-շնիկների համար «կթու կովի» էր վերածվում), երբ նրա իշխանության օրոք Վրաստանը կարծես մեզնից փոխ առավ էներգետիկ ճգնաժամի ողջ «հմայքները», արդյունքում այդ տարիների մեր տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներն էլ (ճիշտ է` հիմնականում էլիտար շինարարության հաշվին) նորից դրոշակ դարձրած` մեր աչքն էին «մտցնում», իսկ վրացիներին էլ` ստիպում ակնածանքով նայել մեր կողմը:
Հետո եկավ «վարդերի» հեղափոխությունը, և իրավիճակը գլխիվայր շրջվեց: Արդեն մենք սկսեցինք ամեն անգամ Վրաստանում գտնվելով զգալ ժամանակի հետ խորացող տարբերությունը` ոչ հօգուտ մեզ: Վրաստանում իրականացվող բարեփոխումներն այնքան էին ակնհայտ (գոնե մեզ` իրական բարեփոխումների այդքան կարոտ հայերիս համար), որ դրանց մասին Հայաստանում խոսում էր ոչ միայն ընդդիմությունը, այլև մեր երկիրը վարդագույն ներկայացնելուն միտված իշխանության (քանի որ, ըստ իրենց, այդ գույնը մեզ պարգևողն իրենք էին) որոշ ներկայացուցիչներ:
Եվ հանկարծ (չգիտես` այս բառը չակերտների մեջ վերցնես, թե ոչ) այդ օրինակելի երկիր Վրաստանում բավական անհասկանալի իշխանափոխություն է տեղի ունենում: Ի՞նչ է մեզ մնում անելու, եթե ոչ տարակուսել մի շարք հարցադրումների շուրջ:
Այդ ինչո՞վ կարողացավ վրացիներին այդպես գայթակղել միլիարդատեր, քաղաքականության մեջ դեռ իր տեղը չգտած ու ասելիքը չասած Իվանիշվիլին:
Ինչո՞վ Սաակաշվիլին իր քաղաքականությամբ վրացական երազանք չէր, որ վրացիներին էլ դեռ մի նոր «վրացական երազանք» էր պետք: Կամ գուցե մենք մեր երկրի ճահճացած վիճակից ելնելով չափից ավելի գերագնահատո՞ւմ էինք Վրաստանում տեղի ունեցող փոփոխությունները, և դրանք իրականում բոլորովին այնպիսին չէին, ինչպիսին երևում էին մեր աչքին:
Ինչո՞վ բացատրել Սաակաշվիլու` իր պարտությունը նման վեհանձնորեն ընդունելու քայլը. նման կեցվածքը կարող էր բնորոշ լինել սկանդինավյան ղեկավարին, սակայն ոչ կովկասյան:
Ո՞վ է «վրացական երազանքի» նորօրյա իրականացնողը` ռուսական էքսպանսիայի սուբյե՞կտ: Ստացվում է, որ ռուսներին հաջողվել է Վրաստանում անել նույն բանը, ինչ մի քանի տարի առաջ արեցին ՈՒկրաինայո՞ւմ, իրենց համար «անհարմար» Յուշչենկոյին փոխարինելով «իրենց տղա» Յանուկովիչո՞վ: Սակայն, հաշվի առնելով վրացիների ավանդական ռուսամերժությունը, դժվար թե կատարվածում Կրեմլի «հոտ» գա:
Այդ դեպքում ստացվում է, որ Իվանիշվիլու երևան գալու մեջ ռուսական հետք փնտրելը հենց ռուսների PR կամպանիա՞ է, դրանից իրենց համար բխող բոլոր հիպոթետիկ քաղաքական դիվիդենդներով։
Եվ ամենակարևոր հարցը. ի՞նչ զարգացում կստանան հայ-վրացական հարաբերությունները այս իշխանափոխությունից հետո, եթե հաշվի առնենք Իվանիշվիլու թույլ տված (ազգային երանգներ պարունակող) որոշ արտահայտություններ, ինչպես նաև նրա թիմում որոշ նախկին շևարդնաձեականների առկայությունը:


Լևոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ