Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բոլորն էլ հստակ հասկանում են, որ առաջիկա նախագահական ընտրությունների առաջատարը ՀՀԿ և ՀՀ գործող նախագահն է»

«Բոլորն էլ հստակ հասկանում են, որ առաջիկա նախագահական ընտրությունների առաջատարը ՀՀԿ և ՀՀ գործող նախագահն է»
06.11.2012 | 11:14

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ:

-Ի՞նչ է կատարվում այժմ քաղաքական դաշտում` Ձեր գնահատականով:
-Թևակոխում ենք աշնան վերջին ամիսը, և այն գործիչները, ովքեր կանխատեսում էին քաղաքական թեժ աշուն, հուսախաբ եղան: Արմատական ընդդիմությունը, մուտք գործելով խորհրդարան, իր ամբոխահաճո ելույթները տեղափոխեց Ազգային ժողով և քաղաքական ամենաբարձր ամբիոնից է հնչեցնում հիմա իր ասելիքը. ինչ ասվել էր հանրահավաքների ժամանակ, կրկնվում է խորհրդարանում:
-Հրապարակի հարթակը և խորհրդարանական ամբիոնը չափազանց տարբեր են, օգտակար գործողության գործակիցը չի՞ ընկնում դեժավյուից:
-Համամիտ եմ, բայց ինչպե՞ս պիտի օգտագործեին խորհրդարանական ամբիոնը, լռեի՞ն ԱԺ-ում և գնային հանրահավաքներո՞ւմ իրենց ասելիքը ասեին, տրամաբանական չէր լինի:
-Խորհրդարանն օրենսդիր մարմին է, տրամաբանական է նաև օրենսդիր գործունեությունը:
-Իհարկե, ավելի կշահեն, եթե օրենսդիր աշխատանքով զբաղվեն և հանդես գան քաղաքական մեծամասնության համար ընկալելի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք ուղղված կլինեն որոշակի խնդիրների լուծման: Դա քաղաքական գործունեության ամենաարդյունավետ ճանապարհը կլինի։ Եթե պոպուլիստական, ամբոխահաճո ելույթները փոխարինվեն իրական աշխատանքով, որոշակի ժամանակ անց հանրությանը կկարողանան ներկայանալ իրենց գործով, այլ ոչ կործանարար քննադատությամբ, որը միայն քանդում է և նորը կառուցելու տեղ չի թողնում: Կա իրական քաղաքականություն հասկացությունը, յուրաքանչյուր քաղաքական ուժ իրեն հաշիվ է տալիս` ինչպիսի՞ն են իրողությունները, և ինչպե՞ս է ինքը իր հնարավորություններն ու ակնկալիքները տեղավորում այդ իրողությունների մեջ: Բոլորն էլ հստակ հասկանում են, որ առաջիկա նախագահական ընտրությունների առաջատարը ՀՀԿ և ՀՀ գործող նախագահն է, ուստի իրենց գործողություններն ավելի շատ միտված են 2013 թ. նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում իրենց տեղն ամրապնդելուն: Պատահական չէ, որ այս պահին ամենահստակը իր դիրքորոշումն արտահայտել է ՀՀԿ-ն` և՛ նախագահի թեկնածուի, և՛ նրա առաջադրման վերաբերյալ: Թեպետ առաջադրումը կարող էինք կատարել և մշտապես գործող մարմնի միջոցով: Մյուսները անորոշության դաշտում են գործում:
-Այդ անորոշությունը, Ձեր գնահատականով, քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե՞ տնտեսական:
-Զուտ քաղաքական, որովհետև շունչները պահած հետևում են, թե որն է լինելու ՀՀԿ-ի հաջորդ քայլը:
-Իսկ ի՞նչ պիտի անի ՀՀԿ-ն այսուհետ, անցնի հեծանիվ հնարելո՞ւ:
-Սպասում են, թե էլ ինչ կասի ՀՀԿ-ն ներքին, արտաքին քաղաքականության վերաբերյալ: Եթե նկատում եք` մեր ընդդիմախոսներն ավելի շատ հանդես են գալիս քննադատողի դիրքերից, բայց քննադատում են` նոր ոչինչ չառաջարկելով, իրենց հին մտքերը կրկնելով ու վերակրկնելով:
-Այսինքն` չունե՞ն ասելիք, թե՞ գործում է հին ավանդույթը` բոլորը սպասում են մեկի քայլին, որ հակաքայլեր անեն: Եթե ունես քո ծրագիրը, քո թեկնածուն, ներկայացրու, համեմատիր, բացատրիր, համոզիր. ինչո՞ւ ես պիտի առավելությունը քեզ տամ:
-Համամիտ եմ, բայց համաձայնեք, որ քայլ կատարելն ու պատասխանատվություն կրելը նաև համարձակության նշան են, շատ ավելի հեշտ է քննադատելը, քան իրական գործ անելը: Կա նաև սխալվելու վախը: Եթե դու չես կատարում քայլեր, կարող ես ասել, որ չես էլ սխալվել:
-Ձեր կարծիքով` ինչքա՞ն է տևելու ԲՀԿ-ի դանայան տակառ լցնելու գործընթացը:
-Նկատի ունեք անորոշությո՞ւնը: Ամեն ինչ իր տրամաբանական ավարտին կհասնի նախագահական ընտրություններով:
-Չե՞ք կարծում, որ այս հապաղումներն ընտրազանգված կորցնելու վտանգ ունեն իրենց մեջ:
-Դա, իհարկե, իրենց որոշելիքն է: Անորոշությունն իրենց գործողությունների հետևանքն է. եթե անցած տարվա փետրվարին ստորագրված հուշագրին հավատարիմ են, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չպիտի տային ԲՀԿ-ականների շուրթերով: Կուսակցությունից անկախ, նաև որոշակիորեն իրարամերժ տեսակետներ ներկայացնելով` տարբեր ԲՀԿ-ականներ խորացնում են խառնաշփոթ իրավիճակը, որը, այո, ընտրազանգվածը կորցնելու որոշակի վտանգ է պարունակում:
-Ներեք ոչ կուսակցականիս այս հարցը. ես, իրոք, չեմ հասկանում` կուսակցական կարգապահության և կուսակցական լայնախոհության սահմանները որո՞նք են: Մի կողմից` որևէ կուսակցական անկախ անհատ չէ և ազատ չէ իր տեսակետներն արտահայտելու մեջ, մյուս կողմից` կուսակցություն չի նշանակում տարակարծության արգելք: Սահմանագիծ կա՞:
-Ես կարծում եմ` յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշակի ազատության սահմաններ, անկասկած, պիտի ունենա, բայց այդ սահմանները չպիտի հակադրվեն կուսակցության գրավոր խոսքին: Այս դեպքում` հուշագիրը գործում է, և որևէ մեկը հուշագրից հրաժարվելու հայտարարություն չի արել: Թեպետ, հուշագրի ոգուն դեմ արտահայտությունների պակաս չենք զգացել: Այս գործելաոճն անհասկանալի է ինձ:
-Նույնքան և ավելի անհասկանալի կարող է լինել ընտրողին:
-Բացահայտորեն «Մեր խոսքը գործ է» կարգախոսը չի գործում: Դա ևս իր բացասական ազդեցությունը կունենա` վստահության ու ընտրազանգվածի կորստի առումով: Բայց այդ ճանապարհն իրենք են ընտրել ու անորոշությունն իրենք են ձևավորել:
-Իրո՞ք ԲՀԿ-ն իր փակուղային վիճակը պարտադրում է քաղաքական դաշտին, ինչպես գրում են վերլուծաբանները:
-Քաղաքական դաշտը պարտադրանք կամ հարկադրանք ընդհանրապես չի հանդուրժում: Հայաստանի Հանրապետությունն էլ այդ տեսակետից բացառություն չէ: ԲՀԿ-ն խորհրդարանական երկրորդ ուժը դարձավ` ընտրություններում բավականին բարձր արդյունքներ արձանագրելով: Իրենք հետագա քայլերով կամրապնդե՞ն այդ արդյունքները, թե՞ վարկանիշի, ապագային միտված տեսլականի կորուստ կունենան, ժամանակը ցույց կտա: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ամբողջ քաղաքական դաշտը կշահեն միայն, եթե այս երկու ուժերը գործեն համագործակցության դաշտում, միասնական պլատֆորմ ձևավորեն ընդհանրական տեսակետների հիման վրա:
-Ձեզ չի՞ թվում, որ ԲՀԿ-ն միասնական պլատֆորմին այդքան էլ դեմ չէ, բայց ուզում է ունենալ ավելին, քան ունի` իշխանության մեջ, տնտեսության: Արդյո՞ք խնդիրն ավելի տրիվիալ չէ, որքան էլ ուզում ենք քաղաքական հանդերձներ տալ:
-Իրոք, պետք չէ բարդացնել, խնդիրը շատ ավելի պարզ է: Բնականաբար, ցանկանում են, յուրաքանչյուրն է ցանկանում առավելագույնն ունենալ: Սակայն ցանկությունները պիտի բավարարվեն իրական քաղաքականության համատեքստում. չի կարող քաղաքական ավելի փոքր ուժն իր պայմանները թելադրել շատ ավելի հզոր ուժին:
-ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում ՀՀԿ-ն սպասելիք ունի՞:
-Կան սպասելիքներ, և պայմանավորված են իրական քաղաքականության հստակ ընկալմամբ, մնացած ժամանակը, կարծում եմ, մեր գործընկերներին կբերի այդ համոզման:
-Ինչպե՞ս կզարգանան ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները, ՀԱԿ-ը կկտրի՞ պորտալարը ԲՀԿ-ից:
-2008-ի և 2012-ի ՀԱԿ-ը քաղաքական տարբեր կշիռներ ունեցող միավորներ են: Նրանք իրենց գործողությունների հետևանքով են բազմապատիկ կորուստներ ունեցել: Մեկ հանդես են գալիս արմատական դիրքերից, մեկ իշխանության քաղաքականությունն են գովերգում, մեկ ռևերանսներ են անում ԲՀԿ-ին: Եթե առաջիկայում ականատես լինենք բացահայտ սիրո խոստովանության մեկ այլ քաղաքական ուժի, չպիտի զարմանանք: Դա բերում է ոչ միայն քաղաքական վարկանիշի կորստի, այլև ինքնաոչնչացման, ու կառույցի կազմալուծման ամենակարճ ճանապարհն է: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք տեսանք այդ ճաքերը: Եթե շարունակվի նման գործելաոճը, նախագահական ընտրություններից հետո կառույցն ընդհանրապես կփլուզվի:
-Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կառաջադրի՞ նախագահական ընտրություններում: Իր պատմական պրագմատիզմը նրան կմղի կառույցի կյանքը երկարացնելու կամ փրկելո՞ւ, թե՞ անձնական քաղաքական ճակատագրի մասին կմտածի. երկրորդ պարտությունն առանձնապես մեծ հաճույք չէ:
-Դժվարանում եմ ասել, թե որը կընտրի, ուղղակի քիչ ժամանակ է մնացել: ՀԱԿ-ի ղեկավարի գործունեության մեջ գերակշռում են կոնյունկտուրային քայլերը` մե՛կ իշխանությանը քննադատելը, մե՛կ սիրաշահելը, մե՛կ ԲՀԿ-ի նկատմամբ անվերապահ սերը, մե՛կ «Ժառանգության» նկատմամբ ռևերանսները, նախորդ նախագահական ընտրություններից առաջ էլ սիրախաղ էր ՕԵԿ-ի հետ, որին հետո ամենակոշտ քաղաքական գնահատականները տրվեցին:
-Դա քաղաքական ճկունության դրսևորում չէ՞:
-Ոչ, դա քաղաքական խաբկանք է, ի վերջո յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, թե դա ինչ է նշանակում` կոնյունկտուրայից ելնելով կարևորը զոհաբերվում է երկրորդականին:
-Երկրորդ նախագահը ռեալ փորձ կանի՞ ակտիվ քաղաքականություն վերադառնալու:
-Երկրորդ նախագահն այնքան խոհեմ, փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մենք մասնակցային առումով ակտիվ քաղաքականություն նրա վերադարձին ականատես չենք լինի:
-Ընտրությունները կարևոր, բայց անցողիկ են, կյանքը շարունակվում է, և տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական, համակարգային փոփոխությունների խնդիրները պիտի լուծվեն: Ով էլ ընտրվի նախագահ, երկրի կենսապահովման խնդիրը կա ու կա: Այդ կտրվածքով` ՀՀ հաջորդ նախագահն ի՞նչ խնդիրներ է ունենալու, շարունակելո՞ւ է բարեփոխումները, հայտարարված կուրսն ամրագրվելո՞ւ է ռեալ քայլերով: Առայժմ տեսնում ենք մտադրություններ, իսկ հետո՞:
-Ոչ միայն մտադրություններ: Տարբեր ոլորտներում առկա թերությունները, բացթողումները, սխալները վերջերս առավել սուր բարձրաձայնում են ՀՀԿ-ն ու հանրապետության նախագահը: Այլ կերպ լինել չէր էլ կարող, համոզված եղեք, որ և՛ ՀՀԿ-ն, և՛ ՀՀ նախագահը շատ լավ հասկանում են, որ սուր երևույթները շրջանցելով` մենք ապագա չենք կարող ունենալ: Դժվար է ասել` ինչքան կարող ենք դիմանալ, եթե այդ երևույթներն արմատախիլ չանենք: Իսկ արմատախիլ անելու համար նախ պիտի բարձրաձայնենք, որից հետո պիտի հանձնարարականներ տրվեն և ժամանակ` հանձնարարությունը կատարելու:
-Դուք վստա՞հ եք, որ խնդիրն անձերն են:
-Առանց համապատասխան կադրերի գործը տեղից չի շարժվի: Պիտի լինեն մարդիկ, որ պատրաստ են ստանձնելու և կատարելու որոշակի առաքելություն, նրանք ոչ միայն պիտի փոխեն վիճակը, այլև բոլորովին նոր մշակույթ ներդնեն, որպեսզի ընդհանրապես բացառվեն կոռուպցիայի, կաշառակերության, բյուջետային գումարների մսխման հնարավորությունները: Ե՛վ դատավորները, և՛ դատախազները, և՛ ուժային կառույցների ներկայացուցիչները պիտի առաջնորդվեն բացառապես օրենքի շահերով: Դա չպիտի ընկալվի իբրև նախընտրական կամպանիա, որոշակի ժամանակահատվածի քաղաքականություն: Այդ առումով շատ կարևոր են անձերը, բայց անհրաժեշտաբար պիտի համապատասխան մեխանիզմներ ստեղծվեն, որպեսզի անձի կարևորությունը նվազի: Միանշանակ պետք են համակարգային փոփոխություններ, նպատակներին և թիրախներին հասնելու համար մյուս ինստիտուտները ևս պիտի կայացնենք:
-Այսինքն` մեզ պետք են քաղաքական կամք, բանիմաց կադրեր։
-Կամքը կա, և դա հաստատվել է երկրի առաջին դեմքով, մնացածն ուղղակի ժամանակի խնդիր է: Երբ ասում ենք, որ գործող նախագահն առաջիկա ընտրությունների անվիճելի առաջատարն է, յուրաքանչյուրն իրեն պետք է հաշիվ տա, թե ինչ ունեինք 2008 թվականին և ինչ ունենք հիմա: ՈՒնեինք թշնամության ու անվստահության մթնոլորտ, երբ բոլորի նյարդերը գերլարված էին, դրան գումարվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, արտաքին քաղաքական մարտահրավերները` հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի հարց: Ներքաղաքական ու արտաքին քաղաքական մարտահրավերների պարագայում հանրապետության նախագահի աշխատանքի շնորհիվ մենք այսօր հաղթահարել ենք հասարակության երկփեղկվածությունը, անհանդուրժողականությունը, քաղաքական ուժերը առանց շտապողականության, հանգիստ պատրաստվում են նախագահական ընտրությունների: Տնտեսական ասպարեզում մեր անկումը պայմանավորված էր հիմնականում տնտեսության կառուցվածքով, երբ շարժիչ ուժը շինարարությունն էր: Արտաքին քաղաքական ասպարեզում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը 2008-ի Հայաստանից միանգամայն տարբեր երկիր է, այսօր ՀՀ-ն ընկալվում է մեր գործընկերների կողմից որպես կանխատեսելի երկիր, որի խոսքը և գործը չեն տարբերվում, մեր հաղթաթղթերը բավականին ամուր են և՛ Ղարաբաղի հարցի առումով, և՛ Ցեղասպանության ճանաչման, և՛ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, յուրաքանչյուր հայի համար ամենևին էլ շարքային հարց չէ, թե 2015-ին ով պիտի լինի հանրապետության նախագահը, ի՞նչ քայլեր կձեռնարկվեն, որպեսզի աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրի քաղաքացու համար հարցականներ չմնան 1915-ին կատարված ոճրագործության առնչությամբ:
-Կարծում եք` Թուրքիան այնքան քաղաքական կամք ու բարոյական ուժ կունենա, որ 100-ամյակի առթիվ կճանաչի՞ Ցեղասպանությունը:
-Ես պատրանքներ չունեմ, որ 2-3 տարում այդքան արմատական փոփոխություններ կլինեն, բայց վստահ եմ, որ տարելիցի առնչությամբ նոր ու բավականին լուրջ ալիք կբարձրանա Թուրքիայում: Միևնույն է, վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, և մեր քայլերը պիտի դրան միտված լինեն: Շատ կարևոր է, երբ աշխարհը ճանաչում է, բայց մեր վերջնական նպատակը Թուրքիայի ճանաչումն է, հարևան երկու պետությունների հարաբերություններում չպիտի նման բարդ հարցերը հարատևեն:


Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ