Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲՀԿ-ն փորձում է լայն ընդդիմադիր կոալիցիա ստեղծել, որին կարող են հարել ոչ միայն ՀԱԿ-ը, այլև ՀՅԴ-ն

ԲՀԿ-ն փորձում է լայն ընդդիմադիր  կոալիցիա ստեղծել, որին կարող են  հարել ոչ միայն ՀԱԿ-ը, այլև  ՀՅԴ-ն
06.11.2012 | 11:35

Հայաստանյան ընտրական գործընթացներն ունեն որոշակի առանձնահատկություններ: Անկախության շրջանի քաղաքական գործընթացներում իշխանության ձգտող քաղաքական միավորները մշտապես փորձել են հանդես գալ դաշնակիցների լայն ճամբարով` անկախ այն հանգամանքից, թե այդ դաշնակիցներն ինչպիսի գործառնական աջակցություն կարող են ցուցաբերել: Ժամանակակից գործընթացները ևս հեռու չեն այս տրամաբանությունից: Դեռևս «չկողմնորոշված» ԲՀԿ-ն, օրինակ, լավ հասկանալով, որ ՀԱԿ-ը կամ այլ ընդդիմադիր քաղաքական միավոր ի զորու չեն գործառնական տեսանկյունից արդյունավետ աջակցություն ապահովելու, այնուամենայնիվ, փորձում է լայն ընդդիմադիր կոալիցիա ստեղծել, որին կարող են հարել ոչ միայն ՀԱԿ-ը, այլև ՀՅԴ-ն: Ըստ էության, այս գործելաոճը տրամաբանված է նրանով, որ ԲՀԿ-ն փորձում է հասարակական կարծիք ստեղծել, թե իշխանության դեմ պայքարում ինքը միայնակ չէ, և կան բազմաթիվ այլ քաղաքական կազմակերպություններ, որոնք պատրաստ են ԲՀԿ-ի դրոշի ներքո ընդդիմադիր պայքար ծավալելու:
Ճիշտ է, 2013-ի նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, սակայն փորձագիտական հանրությունը չի կարող հստակորեն կանխատեսել, թե ինչպիսի ճամբարներ են ձևավորվելու, Հայաստանի քաղաքական դաշտում վխտացող կուսակցություններից որո՞նք են սատարելու իշխանությանը կամ ընդդիմությանը, և, ի վերջո, ո՞ր քաղաքական թեման է լինելու ընտրական գործընթացի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող բանավեճի հիմնական առարկան: Այս ամենը կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ձևաչափով ընդդիմությունը կմասնակցի ընտրություններին, և որ քաղաքական ուժը կհանդիսանա ընդդիմության հիմնական լոկոմոտիվը: Կարելի է ասել, որ ընդդիմությանը միավորելու հավակնություններ ունեցող և գործառնական ռեսուրսների տիրապետող ԲՀԿ-ն ցայսօր կողմնորոշման փուլում է, և ընդդիմության մասնակցությունը 2013-ի նախագահական ընտրությանը պայմանավորված է հենց ԲՀԿ-ի դիրքորոշմամբ և այն հարցով, թե ԲՀԿ-ն կսատարի՞ արդյոք նախագահ Սարգսյանին, թե՞ կնախընտրի սեփական թեկնածուով հանդես գալ:
Ինչևէ, 2013 թ. նախագահական ընտրությանը մասնակցելու հստակ ազդակ է տարածել միայն իշխող ՀՀԿ-ն, և այս պահի դրությամբ միայն նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրման հարցն է պարզ: Կարելի է ենթադրել, որ առաջիկայում բազմաթիվ քաղաքական և հասարակական-քաղաքական կազմակերպություններ հանդես կգան Սերժ Սարգսյանին 2013 թ. նախագահի ընտրությանը սատարելու մասին հայտարարություններով, սակայն դա տեղի կունենա միայն Սերժ Սարգսյանի` որպես նախագահի թեկնածու գրանցելուց հետո: Սա, իհարկե, հարցի ձևական կողմն է, որն ունի հասարակական կարծիք ստեղծելու և տպավորություն գործելու նպատակ: Միևնույն ժամանակ, արդեն իսկ ուրվագծվում է անչափ կարևոր հանգամանք` նախագահ Սարգսյանին սատարելու են նաև սփյուռքյան շրջանակները: Խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ տեղի ունեցած սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 125-ամյակի միջոցառմանը, որի ընթացքում Հայաստան-Սփյուռք կապող քաղաքական գլխավոր օղակներից մեկի` ՍԴՀԿ-ի ղեկավարությունը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:
ՈՒշագրավ է, որ իր ելույթում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը մասնավորապես նշել է. «Իբրև արտագաղթի հիմնական պատճառ` ՍԴՀԿ-ն դիտարկում է երկրում օլիգարխիայի առկայությունը: Ցավոք, դեռ կան մարդիկ, խմբավորումներ, որոնք իրենց օրենքից դուրս են համարում, ունեն տնտեսական մենաշնորհներ, կարծում են, թե իրենք անպատժելի են: Չնայած դրան, մենք այս առումով կարող ենք արձանագրել, որ կառավարությունը քաղաքական կամք է ցուցաբերել նրանց օրինականության դաշտ բերելու առումով, ինչը, սակայն, ըստ մեզ, բավարար չէ: Օլիգարխիայի գործողությունները, նրա ագրեսիվ պահվածքն են, որ Հայաստանի քաղաքացու մեջ առաջացնում են հիասթափություն ապագայի նկատմամբ: Օլիգարխի, նրա ավազակաբարո գործողությունների պատճառով շարքային քաղաքացին հասկանում է, որ պաշտպանված չէ, և հեռանում է Հայաստանից: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ` էվոլյուցիոն ճանապարհով, առանց ցնցումների»: Ստացվում է, որ սփյուռքյան շրջանակները ևս սկսում են արծարծել հայ օլիգարխների ամենաթողության հիմնահարցը` խնդիրը դիտարկելով որպես Հայաստանի զարգացման առջև ծառացած առաջնային խոչընդոտ: Լինենք անկեղծ. սփյուռքի տարբեր գաղթօջախներում հսկայական նյութական ռեսուրսներ կուտակած հայազգի գործարարները ցանկություն չունեն հաստատվելու հայրենիքում, քանզի հասկանում են, որ Հայաստանի գործարար միջավայրը խիստ անբարենպաստ է, և տնտեսական համակարգի մենաշնորհային բնույթը թույլ չի տա նրանց արդյունավետ բիզնես գործունեություն ծավալել:
Ի դեպ, Հայաստանում բազմիցս է խոսվել այն մասին, որ հանքահումքային ռեսուրսներով սակավ և տնտեսական շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի զարգացման հեռանկարում պետք է դիտարկել նաև սփյուռքի գործոնը: Միևնույն ժամանակ, անհնար է պատկերացնել, որ օլիգարխիկ տնտեսական համակարգի պայմաններում սփյուռքահայ գործարարը կտեղափոխվի հայրենիք կամ հայրենասիրական նկատառումներով գործարարությամբ կզբաղվի Հայաստանում` հիմնելով աշխատատեղեր և նպաստելով արտագաղթի կասեցմանը: Այս խնդիրը համակարգային լուծումներ է պահանջում, որին մենք կանդրադառնանք թերթի այլ համարներում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ՍԴՀԿ-ի 125-ամյակի միջոցառման շրջանակներում կուսակցության առաջնորդ Սեդրակ Աճեմյանի վերոհիշյալ հայտարարությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր էջ կարող է բացել: ՈՒշագրավ է նաև Աճեմյանի մեկ այլ հայտարարություն. «Քանի որ այս պահին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտոնապես տեղի չի ունեցել, ՍԴՀԿ-ն ձեռնպահ կմնա սատարման մասին հայտարարություններ անելուց, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի կառավարության գործողությունները լավատեսական հիմք են ներշնչում, ուստի հայտարարում եմ, որ այս առումով մենք ունենք որոշակի համակրանք»:
Փաստորեն, հայկական ավանդական 3 կուսակցություններից մեկն արդեն իսկ հայտարարում է, որ 2013 թ. նախագահական ընտրություններում աջակցելու է գործող իշխանությանը, և այս քայլի գաղափարախոսական բացատրությունը պայմանավորում է այն հանգամանքով, որ նախագահ և վարչապետ Սարգսյաններն արդյունավետ պայքար են ծավալել օլիգարխիայի դեմ և այդ գործընթացը շարունակելու են: Պետք է նշել, որ Հայաստան-Սփյուռք քաղաքական հարաբերություններում այս մոտեցումը զարգացման բավականին մեծ ներուժ ունի: Հնարավոր է, որ մոտ ապագայում սփյուռքյան շրջանակները Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների կառուցման ելակետային խնդիրների շարքում, բացի Հայոց ցեղասպանության և արցախյան հիմնախնդիրներից, ավելացնեն նաև Հայաստանի տնտեսական համակարգը բարեփոխելու և օլիգարխիկ համակարգից ազատվելու բաղադրիչը: Եվ, եթե ազգային հարցերը համատեղ` Հայաստան-Սփյուռք ջանքերով լուծելու համար ժամանակ է անհրաժեշտ, ապա տնտեսական համակարգը բարեփոխելու և օլիգարխիկ մենաշնորհներից ազատվելու գործը կարող է կարճ ժամանակ պահանջել և հանդիսանալ արդյունավետ գործունեության օրինակելի նախադեպ:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ