Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի՛ տրտնջա, այլ հույս ունեցիր

Մի՛ տրտնջա, այլ հույս ունեցիր
08.11.2012 | 15:45

«Տերը, ում սիրում է` խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է» (Եբր.գ 12:6)

Ապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մեր շուրջը մարդիկ կամա թե ակամա բողոքում են ու դժգոհում դժվարություններից և նեղություններից: Այո՛, կարելի է ասել նույնիսկ Ամերիկայի նման հզոր երկրում ծանր, տնտեսական դժվարին ժամանակում ենք ապրում: Ժողովրդական հայտնի ասացվածք կա. «Աստված ցավը, նեղությունը, դժվարությունը քարին տվեց, չտարավ, բայց մարդը` դիմացավ»:

Երբ մարդը նեղության մեջ է, նրա վիճակն ավելի ծանրանում է դարձնում անընդհատ դժգոհելուց ու տրտնջալուց: Եկեղեցու հայրերից մեկն այսպես է ասում. «Սատանան միշտ կանգնում է մեր առաջ բաց բերանով, որ եթե Աստծուն անարգող, հայհոյող ու տրտունջ պարունակող բառ գցես, այն բռնելով նորից կգա, բայց եթե միշտ գոհություն մատուցես Աստծուն, քաղցի կմատնես նրան և կստիպես փախչել»: «Չե՞ս կարող լռել,- խորհուրդ է տալիս Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- ասա, բայց ոչ հայհոյանք, այլ շնորհակալություն, բողոքի փոխարեն` օրհնություն: Աղաղակիր Տիրոջը, գոչիր` Նրան փառաբանելով: Դրանից և՛ տանջանքդ կթեթևանա, քանի որ երախտագիտության հետևանքով սատանան կփախչի, և՛ Աստծու օգնությունն էլ արագ կհասնի քեզ»:

Մենք երկու հազար տարուց ավելի քրիստոնյա ենք, հակառակ դրան պատմության ընթացքում ավելի հաճախ ենք փորձությունների ենթարկվել, քան այլ հեթանոս ազգեր, որոնք տիրողի ու թագավորողի դիրքում են եղել: Առանձին վերցրած` սա կարելի է ասել նաև անհատ մարդկանց մասին: Ո՞րն է սրա պատճառը: Երբ այս մասին հարցնում են փորձառու մի հավատացյալի, նա ասում է. «Տեսե՞լ եք, թե ինչպես է որսորդը թռչուններ որսում, որոնք արդեն սպանված-ընկած են, նրանց այլևս ձեռք չի տալիս, որովհետև գիտի, որ դրանք իրենն են, և ընկնում է կենդանի թռչունների հետևից: Ահա այդպես էլ սատանան երբեք չի պատերազմում մեղքի մեջ կորածների, անհավատների հետ, որովհետև գիտի, որ իրենն են, և տարբեր փորձություններով պատերազմում է հավատացյալների դեմ` նրանց հոգիները կորստյան մատնելու համար»: Աստված, սակայն, մենակ չի թողնում իր հավատացյալին և սատանայի փորձություններն ու դժվարությունները փոխակերպում է մարդկանց օգուտի համար ավելի լավ վիճակների, որպեսզի նրանց հայացքը դարձնի դեպի երկինք:

Սրբերի պատմությանը ծանոթանալիս, տեսնում ենք, որ նրանք ենթարկվել են ահավոր չարչարանքների: Այսօր էլ կան շատ մարդիկ, ովքեր նյութական, կամ զանազան այլ նեղությունների ու դժվարությունների մեջ են: Որպես այս հրապարակման վերտառություն օգտագործեցի այս խոսքը. «Տերը, ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է»: Այսինքն` ի՞նչ է ուզում ասել այս խոսքով, ավելի պարզ, նշանակում է` Աստված ում սիրում է, նրան նեղություններ և դժվարություններ է տալիս, որպեսզի տեսնի` այդ հավատացյալը կամ անհատը պիտի կարողանա՞ դիմանալ: Երևի ձեզնից շատերը նույնիսկ կարող են վրդովվել Աստծու այս վերաբերմունքից: Ինչպե՞ս թե, ուրեմն Աստված մեր հավատը կասկածի տա՞կ է դնում: Անշուշտ` ո՛չ: Գիտեմ, որ բոլորս էլ, ես էլ մեջը լինելով, ուզում ենք, որ մեզ հետ միշտ միայն լավը լինի, մանավանդ, եթե Աստծուն սիրում ենք ու հավատարիմ ենք: Ոմանք դժգոհում են, որ ճոխությամբ չեն ապրում: Եկեք նայենք, թե ինչպես է վարվում այգեգործը։ Նա թույլ չի տալիս, որ ծառը փարթամությամբ աճի. գարնանը կամ աշնանը թեթևացնում է ծառի ճյուղերը, որ այն առողջ լինի, շատ բերք տա և երկար ապրի: Ճիշտ նույն կերպ էլ Աստված որոշ զրկանքներով մարդուն կատարելության է հասցնում ու հետո շնորհում բարիքներ:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի, և չկա վատ մարդ առանց առաքինության»: Այնուհետև, շեշտելով, որ մարդու բնությունն Աստծու կողմից չար չի ստեղծվել, ասում է. «Ոչխարը չի կարող վայրենի լինել, իսկ գայլը` հեզ, որովհետև նրանց բնությունն է այդպես, իսկ մարդը մեկ լինում է չար, մեկ` հեզ, որովհետև օժտված է ազատությամբ և, հետևաբար, չարը բնությունից չէ»:

Հասկանալի է և նույնիսկ ընդունելի, որ Աստված մեղավոր մարդկանց նեղություններ ու դժվարություններ է տալիս, որպեսզի նրանք խրատվեն: Երանի խրատվեն: Բայց այդ դեպքում, ազնիվ, արդար, հավատով մարդիկ և մանավանդ սրբերը ինչո՞ւ են չարչարվել ու մինչև այսօր չարչարվում են, ո՞րն է նրանց մեղքը: Պարզ մարդիկս երբեմն չարչարվում ենք, որպեսզի մեղքերից սրբվենք, իսկ սրբերը… նրանք չարչարվում էին արդարություն և պսակ ընդունելու ու այդ միջոցով իրենց մեծագույն սերը ցույց տալու Աստծու հանդեպ: Եթե ձեզնից շատերը նեղություններ ու դժվարություններ ունեն, թող չմտահոգվեն և չհուսահատվեն ու չկարծեն, թե Աստված մոռացել է իրենց: Նեղությունները երկու տեսակի են լինում` հավատացյալների և անհավատների: Հավատացյալները լցված են հույսով և համբերությամբ, իսկ անհավատները` հուսահատությամբ: Հավատացյալներն ավելի հանգիստ են մեռնում ու փառքի մեջ, քանի որ սովորել են այն խոսքը. եթե Քրիստոսի չարչարանքներին մասնակից են, Նրա փառքին էլ հաղորդակից պիտի լինեն, իսկ անհավատների պարագայում նեղության դեպքում նրանց հանգիստ և փառք չկա: Հովսեփ Գեղեցիկի օրինակը մեզ կարող է մխիթարել, քանի որ նա բանտ նետվելով` հույսով և համբերությամբ կրեց բոլոր նեղություններն ու վերջում հասավ մեծ փառքի և հանգիստ ու խաղաղ կյանք ունեցավ:

Մենք էլ իբրև Աստծուն սիրող և փառաբանող մարդիկ, չտրտնջանք ու չդժգոհենք մեր կյանքից, այլ հույսով լի կրենք մեր խաչը և այնպես ապրենք, ինչպես Նա՛ է մեզ պատվիրել, ու կտեսնենք, թե ինչպես աստվածային օրհնությունը և սերը լցվում են մեր սրտերից ու մեր ընտանեկան հարկերից ներս: Ամեն:


Տեր Հովսեփ Ա. Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ