«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Թանկ փողերով հնարավոր չէ բարձրացնել ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ»

«Թանկ փողերով հնարավոր չէ բարձրացնել  ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ»
09.11.2012 | 11:53

Արդեն մի քանի օր է, ինչ օրենսդիրները, քուն-դադար կորցրած, ընկել են 2013 թ. բյուջեի անվանակոչության հետևից և չեղած տեղից խառնաշփոթ սարքել։ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ այն պետք է կոչվի սոցիալական։ Զագսի պետի դերակատարությունն իր վրա վերցրած ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էլ «տեմպի տակ» ընկած հաստատում է կոալիցիոն ուժերի առաջարկը. «Անշո՛ւշտ սոցիալական, քանի որ նախատեսվող գումարների մեծ մասը ծառայելու է սոցիալական խնդիրների լուծմանը»։

Փոքրամասնություն կազմող ընդդիմադիրները չեն կիսում կարծիքը. «Ի՞նչ սոցիալական, եթե անապահով խավի ապրելակերպը չի փոխվելու, ի վերջո, եկող տարվանից մեր վիճակը լավանալո՞ւ է, թե՞ վատանալու»։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարաձայնության ֆոնի վրա ինքնուրույնություն և օրիգինալություն է դրսևորում. «Դա փակվող օբյեկտի բյուջե է, այլ անուն տալ, քան կոնսերվացման, չեմ կարող»։
Ահա այսպես. «Ջաղացը թողած` ընկել են չախչախի հետևից» ու խրվել խոսքապտույտի մեջ։ Եղբայր, մեզ ի՞նչ, թե դուք ինչպես կբնութագրեք 2013-ի բյուջեն` սոցիալակա՞ն, թե՞ հեղափոխական, կամ ո՞վ կլինի կնքահայրը և ո՞վ` կնքամայրը։ Անպտուղ «բալամուտը», դերակատարներից բացի, ոչ մեկին չի հետաքրքրում։ Հանրապետական այսինչ այսինչյանին որ կարգեցիք կնքահայր, իսկ ՕԵԿ-ական այնինչ այնինչյանին` կնքամայր, ի՞նչ օգուտ ժողովրդին։
Ինձ համար առհասարակ անհասկանալի է նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի անթաքույց խրոխտ պահվածքը, ով, սոցիալական ջատագովներից մեկը լինելով, պատեհ-անպատեհ առիթներով փարոսահարում է բյուջեի երևելի դրականը. «Եկող տարի նախատեսվում է 6 % ՀՆԱ-ի աճ», այնուհետև ձեռքբերումների շարքից ևս մեկ վկայակոչում կատարում. «Առանձին ոլորտներում, այդ թվում և` սոցիալականի ապահովության բնագավառում, հատկացումները չեն փոխվել, պահպանվել են նույնությամբ»։ Ինչպիսի՜ հաջողություն։
Ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորի, փոխնախարար Պավել Սաֆարյանը չգիտես` հեգնո՞ւմ է, թե՞ հպարտանում. «Կենսաթոշակների ավելացում չկա, բայց նվազեցում էլ չկա, չէ՞»։ Բրա՛վո, բրա՛վո պարոն չինովնիկ, որ էս մի զարկը բաշխում եք ու մխիթարության առիթ տալիս թոշակառուներին։ Մեզ մենակ դա էր պակասում, բա ոնց, էդ էլ ու... պը՛րծ։ Հիմա դառնամ ու Ձեզ հարցնեմ` դուք 35-37 հազար դրամով քանի՞ օր ու ժամ կապրեք։ Մինչ իրատեսական հաշվարկդ և ակադեմիական լռությանդ պոռթկումը, թույլ տվեք շարունակեմ միտքս մեր չաղ-չաղ «թագավորներից» մեկի` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խոստովանությամբ. «Առանց բիզնես ունենալու ինչպե՞ս կարելի է այս երկրում ապրել։ Պիտի ունենաս բիզնես, որ եկամուտ ապահովես քո ընտանիքի համար»։ Նախ` ուշադրություն դարձրեք. այս էլ ո՜րերորդ անգամ մեր պետական այրերի, տարբեր տրամաչափի չինովնիկների ու պատգամավորների մեծ մասը մեր երկրի մասին խոսելիս գործածում է «այս» դերանունը, ինքն իրեն օտարելով հարազատ հայրենիքից, ժողովրդից։
ՈՒնևորների և չունևորների միջև անջրպետն այնքան է խորացել, որ, անկախ ամեն ինչից, 400 հազար ծայրահեղ աղքատներն իրենց կարգավիճակի պատճառահետևանքային կապը թողած, տանել չեն կարողանում կյանքը վայելող հաստավիզներին, մեծահարուստներին, և բարոյահոգեբանական ընկճվածությունը ծնում է ատելություն, իշխանությունների նկատմամբ անվստահություն։
Կուշտերն էլ իրենց պրոբլեմներն ունեն և շատ հաճախ դրանցով տարված, շրջապատի նկատմամբ դառնում են իներտ։ Նրանց չեն հետաքրքրում իրական իրավիճակը, իրենց կողքինի չլուծվող խնդիրների տեսակարար կշիռը, և անտեղյակությունը գլուխ բարձրացրած թույլ է տալիս պահի տակ «ազնվանալու».
«Պիտի բիզնես ունենաս, որ եկամուտ ապահովես քո ընտանիքի համար»։ Մարզպետական տրամաբանությամբ մոտենալիս ստացվում է, որ մեր բնակչությունը 100 %-ով բիզնեսմեն է։
Մոռանանք եկամուտը. ոչ տեսել ենք, ոչ լսել։ Պարզապես «կլորացնենք». բիզնեսոտ ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը 2013 թ. սոցիալական բյուջեի պարագայում շարունակելու է ուտել ապրելու համա՞ր, թե՞ ապրելու է հանուն ուտելու։ Խոսքը ոչ թե մարդավայել գոյավիճակի, այլ օրերը շաբաթներ դարձրած մի կերպ քարշ գալու մասին է։ Բյուջեի եկամտային և ծախսային մասերը համադրելու դեպքում, ինչը մեր օրենսդիրների մեծամասնությունը չի սիրում և չի ընդունում այն տարբերակը, որ առաջին հերթին անհրաժեշտ է եկամտային մասը հաշվարկել, ձևավորել և նոր անցնել ծախսայինին, ակնհայտ է դառնում եկող տարվա «կարմիր թելը». ոչ ոք Լևոն Տեր-Պետրոսյանի նման չի կարող հորդորել, որ եթե փող չունես, գնա հարևանիցդ պարտք վերցրու։ Դա չի կարող այլևս կրկնվել, որովհետև այսօր չկա այն հարևանությունը, որ կար երեկ, իսկ թե կա, նա արդեն հավասարվել է և քեզնից լավ չի ապրում։ Վատ ապրողները մեզանում մեծ թիվ են։ Համաձայն վիճակագրական տվյալների, բնակչության 35 %-ը աղքատության շեմից ներս է մտել, և միայն մատների վրա կարելի է հաշվել կյանքից գոհ ունևորներին։ Ականջդ կանչի, Կոնֆուցիուս։ Էն դու չէի՞ր, որ ժամանակին աշխարհով մեկ հաղորդագրություններ էիր ուղարկում, թե «հարուստ երկրում աղքատներ չեն լինում, աղքատ երկրում` հարուստներ»։ Ախր, Հայաստանի տեղը չիմացած, հայերիս հետ մի բերան չխորհրդակցած, քեզ ո՞վ էր ասում փիլիսոփայես ու էսօր սխալ դուրս գաս։ Մենք այսօր աշխարհի ցանկացած կետում հնարավորություն ունենք փորձի փոխանակման կարգով դասընթացներ կազմակերպելու այն մասին, թե ինչպես կարելի է աննախադեպ գնաճի պայմաններում, 2013-ից գազի թանկացման վրա էլ խաչ քաշած, լուռումունջ մեր խաչը կրել 35000 դրամ նվազագույն աշխատավարձով և գրեթե նույնքան կենսաթոշակով։ Ա՛յ սա արդեն ոչ թե չինական փիլիսոփայություն է, այլ 3-միլիոնանոց հայաստանցիներիս աքսիոմն է։ Աշխա՛րհ, զարմացի՛ր։
Մեզ զարմացնել, հպարտանալ տրված է ի վերուստ, անցյալի կտրվածքով։ Իսկ այսօր հեգնելու շնորհ ենք յուրացրել։ Թվում է` վատ չէ, և առաջին փորձարկումն այսուհետ համարվում է կայացված` քաղաքականության մեջ։ Իհարկե, ոչ միջազգային։
Տեղական մակարդակով քննությունը, կարծում եմ, միանշանակ չպետք է ընդունել։ Դատապարտելի է, եթե կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներն այն փորձում են օգտագործել ներքաղաքական մրցավազքում, հարազատ ժողովրդի հանդեպ։ Մի բան, որի ականատեսն ենք արդեն մեկ շաբաթից ավելի, բյուջետային քննարկումների ժամանակ։ Լավագույն օրինակներից մեկի հեղինակը ֆինանսների փոխնախարարն է. «Կենսաթոշակները չենք բարձրացրել, բայց չենք էլ նվազեցրել, չէ՞»։ Պաշտոնյայի մեկնաբանությունն իրավաբանորեն խոցելի է, մնացած առումով` անընդունելի, վիրավորական։
Պարոն Պ. Սաֆարյանի ինքնագոհությունից «տպավորված» էր նաև տնտեսագետ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, որը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ ասես սիամական զույգեր, առավելություն են ստանում 2013-ի բյուջեն «խաղացնողների» նկատմամբ։ Իմ այն հարցին, թե ինչպես ընդունեց տարիներ շարունակ բյուջե գրող փոխնախարարի վերոհիշյալ վերաբերմունքը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
-Ցավով, միանշանակ ցավով եմ մեկնաբանում։ Այսինքն, ի՞նչ է նշանակում, եթե մենք ունենք գնաճ. պաշտոնապես 4 %, պլյուս, մինուս 1,5 %, լավ, ընդունենք վերջնականապես 5,5 %, թեև իրականում ավելին է, և սրան ավելացնենք սոցիալապես խոցելի խավերի ծախսումները, որոնք կատարվում են շաքարավազ, հացամթերք, սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, գիտե՞ք ինչ է ստացվում. դրանց գները միջին գնաճից մի քանի անգամ բարձր են։ Հաշվի առնելով ասածս, հանգում ենք այն եզրակացության, որ թոշակների և աշխատավարձերի մակարդակը պահանջարկ չի խթանում։ Իսկ պատճառն այն է, որ նրանից, որ աշխատանքի արդյունավետությունը մեզանում ցածր է։ Որպեսզի բարձրանա, գործարարները պարտավոր են գնալու ռիսկայնության, վերազինելու իրենց արտադրական մակերեսները, կատարելու մեծ ներդրումներ, ինչը կարող են անել միայն խոշոր և կայացած գործատուները։ Փոքր և միջին բիզնես ունեցողները մնում են «դրսում»։ Էս դեպքում պետությունը պետք է ակտիվ միջամտություն ցուցաբերի, տրամադրի էժան վարկեր։ Իրականում մոտեցումներն այլ են։ Վարկերի և ավանդների միջակայքը 8-10 % է։ 8-10 %-ի սահմաններում մենք ունենում ենք թանկ փողեր։ Իսկ թանկ փողերով հնարավոր չէ բարձրացնել ո՛չ աշխատավարձ, ո՛չ էլ թոշակ։ Էս առումով ես կողմնակից եմ պահանջարկի խթանման քաղաքականությանը, ոչ թե առաջարկի խնդրին։
-Պարոն Մելքումյան, ամեն անգամ ընդդիմությունը հանդես է գալիս չոր քննադատությամբ։ Բայց չի կոնկրետացնում, թե ինչի՞ հաշվին է հնարավոր բարձրացնել աշխատավարձերը, թոշակները։ Եվ ստեղծվում է տպավորություն, որ ռեզերվը կա, ցանկությունը չկա։ Կամ էլ այս ամենը նախագահական ընտրություններից առաջ ժողովրդի աչքին սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ է։
-Ո՛չ ամենևին։ Մենք այդպիսի ռեզերվներ շատ ունենք։
-Գոնե մեկը կասե՞ք։
-Օրինակ` ռոյալտին. լեռնահանքային արդյունաբերության ոլորտում մենք տարեկան արտահանում ենք 24 մլն տոննա հանքանյութ, իսկ բնապահպանական վճարի տեսքով 2013 թ. բյուջեում ակնկալվում է ընդամենը 12 մլրդ դրամ։ Հիմա եթե 12 մլրդ դրամը բաժանենք 24 մլն տոննայի վրա, կստանանք 500 դրամ մեկ տոննայի դիմաց։ Սա, իմ կարծիքով, անընդունելի է։ Մի ռեզերվ էլ ասեմ ու վերջ։ Ստվերային տնտեսությունը մեզանում 35 % է (ոմանց ասելով` 51,7 %- Վ. Մ.)։
-ՈՒզում եմ կրկնել. ցանկության պակա՞սն է, որ ստվերային տնտեսությունը չի գալիս օրինական դաշտ։
-Չգիտեմ, առայժմ նման ցանկությանը ես մոտիկից ծանոթ չեմ։
-Իսկ ինձ թվում է, որ ստվերային տնտեսությանն անդրադառնում են միշտ և «գյամերը» կանխամտածված ձգում չնչին տոկոսներով, որպեսզի հաջորդ տարիների համար պաշարները մնան։ Հաշվետվության և իշխանությունների վերարտադրման հարցեր կան։
-Չգիտեմ, էդ իրենց հարցրեք։
-Անձամբ Դուք միտվա՞ծ եք ստվերի կրճատմանը, կվարվեի՞ք արդյոք նույն կերպ, եթե լինեիք կառավարության անդամ։
-Իհարկե, ստվերային տնտեսության դեմ միանշանակ պետք է պայքարել։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ