Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գրիպը եղել է, կա ու կլինի

Գրիպը եղել է, կա ու կլինի
16.11.2012 | 11:57

Վարակիչ հիվանդությունների համատեքստում գրիպը միշտ առանցքային տեղ է զբաղեցնում: Գրիպ, հարբուխ, շնչառական վարակ:
Ինչ են իրենցից ներկայացնում այս երեք հիվանդությունները: Ըստ առողջապահության նախարարության հիգիենիկ և համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի` գրիպն ինքնին առանձին հիվանդություն է, որն առաջացնում են A, B, C հարուցիչները: Գրիպն սկսվում է սուր, հանկարծակի բարձր ջերմությամբ, մկանացավերով, գլխացավերով, ջարդվածության և հոգնածության զգացողությամբ, աչքերի կարմրությամբ:
Հարբուխը, ի տարբերություն գրիպի, ավելի թեթև է ընթանում. այս դեպքում պարտադիր չէ ջերմության առկայությունը: Գրիպի դեպքում պարտադիր է քթահոսությունը, անկողնային ռեժիմը, հիվանդը ինքն է ձգտում դեպի անկողին, որովհետև մկանային ցավերն այնքան ուժգին են, որ ստիպված ուզում ես պառկել: Հարբուխի դեպքում, ընդհակառակը, կարող ենք ոտքի վրա մնալ: Այն թեև ավելի թեթև է, քան գրիպը, բայց համաճարակաբանը խորհուրդ է տալիս մատների արանքով չնայել հիվանդությանը:
Մեզ մոտ գրիպի կամ հարբուխի սեզոնն սկսում է ակտիվանալ հոկտեմբերի կեսերին: Ինչը, Լ. Թորոսյանի մեկնաբանմամբ, պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի իջեցմամբ, ուսումնական տարով: Մարդիկ, երեխաներն ավելի շատ են շփվում միմյանց հետ: Եղանակի ցրտելու հետ մենք փակում ենք պատուհանները, ապահովում ենք փակ տարածություն, ինչը նույնպես ճիշտ չէ, քանի որ ախտածին, վարակակիր բացիլները փոխանակ դուրս հանելու, օդը մաքրելու, թողնում ենք ներսում և ինքներս շնչում` հիվանդանալով և վարակելով շրջապատին:
Համաճարակային հիվանդությունները մարում են ապրիլի վերջին, մայիսի առաջին տասնօրյակին: Համաճարակաբանի խոսքով, 2009 թվականի համեմատ, վերջին մեկ-երկու տարում, Հայաստանում թոքաբորբի բարդացած դեպքեր համարյա չեն արձանագրվել: Վերջինս մեծագույն սխալ է համարում հիվանդ ժամանակ հարևանի, բարեկամի, ընկերուհու ցուցումներով բուժվելը և տարբեր հաբեր ընդունելը։ «Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այդ հաբերը շատ դեպքերում հակառակ ազդեցությունն են թողնում օրգանիզմի վրա, այդ բակտերիալ պրեպարատներն ավելի են վնասում մեզ` իջեցնելով մեր դիմադրողականությունը: Այդպիսով, մենք ոչ թե բուժում ենք հիվանդությունը, դեռ մի բան էլ վնասում ենք»,- ասաց նա, կոչ անելով գրիպի ժամանակ դիմել տեղամասային պոլիկլինիկա և ստանալ գրագետ բուժում:
Քանի որ գրիպի և հարբուխի ժամանակ վիրուսները թունավորում են մեր օրգանիզմը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խմել շատ հեղուկ, այն կարծես լվանում է մեր օրգանիզմը և կանխում հետագա բարդությունները: Խորհուրդ է տրվում օգտագործել շատ միրգ, հյութեր, ինչը կբարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը: Եվ ոչ թե տանը փակված նստելը կամ պառկելն են ճիշտ, այլ դրսում զբոսնելը, որովհետև բնությունն ինքը ֆիլտր է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5648

Մեկնաբանություններ