Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Խնդիրը հրապարակայնացվեց, երբ պարզ դարձավ, որ մեկ ընտանիքի անդամների ձեռքում է հայտնվել կրթօջախի կառավարման վահանակը»

«Խնդիրը հրապարակայնացվեց, երբ պարզ դարձավ, որ մեկ ընտանիքի անդամների ձեռքում է հայտնվել  կրթօջախի կառավարման վահանակը»
20.11.2012 | 12:04

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ոչ այնքան առողջ մթնոլորտ է, ինչը դարձել է հանրային քննարկումների նյութ։ Հիշենք, նախ ԿԳ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնակատար է նշանակվում գեղանկարչական աշխարհից մեկը` Գևորգ Սողոմոնյանը, ով սկսում է բարեփոխումներ իրականացնել։ Հետո նրան նույն նախարարության հրահանգով պաշտոնանկ են անում և նշանակում նոր պաշտոնակատար` ՀՕՄ գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանին, ով ուսումնարանի վերջին տնօրեն, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի այրին է։ Նաև լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս կրթօջախի տնօրենի պաշտոնում «տեսնում» է երգիչ Մրոյին։ Այս պատմության գայթակղության քարը հետևյալն է. նախ` Շուշան Պետրոսյանի հայրն էր Թերլեմեզյանի տնօրենը, հետո նրա հորաքրոջ որդին` Նարեկ Առուշանյանը։ Տարիներ առաջ, մամլո հրապարակումների համաձայն, Նարեկ Առուշանյանի նշանակման հարցով պայքար էր ընթանում քույր ու եղբայր Պետրոսյանների միջև, բարիկադի մի կողմում գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն էր, մյուսում` գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը։ Նարեկ Առուշանյանը լի էր եռանդով և նրան վիճակվեց աշխատել կրթօջախի նոր մասնաշենքում, բարենորոգված և լուսավոր։ Ցավոք, նրան բախտ չվիճակվեց ապրելու երկար, կյանքի կոչելու իր բոլոր մտահղացումները։ Այսօր դրանց կենսագործմանն է նվիրվել տիկին Աննան։ Սակայն խնդիրը բաց է, նշյալ կրթօջախի տնօրեն կարող է լինել մեկը, ով ունի մանկավարժական աշխատանքի հինգ տարվա փորձ։ Մնացականյանը չունի նման փորձ, Մրոն` առավել ևս։ Նախկին պաշտոնակատար Գևորգ Սողոմոնյանը նման փորձ ուներ։ Նրա մեկամսյա պաշտոնավարման ընթացքում (համաձայն կրթօջախի դասախոսական կազմի և սովորողների կարծիքի) եղել են հիմնարար բարեփոխումների փորձեր, չի եղել նրա հանդեպ բողոք կամ տարակուսանք։ Եվ` պաշտոնանկություն։ Մեր թերթում եղած հրապարակումներին հաջորդեց Գևորգ Սողոմոնյանի պահանջը` նրա անունն այլևս որևէ ձևով չկապել կրթօջախում ընթացող գործընթացների հետ։ Միաժամանակ թերթում, ցավոք, հանդես չեկավ տիկին Աննան իր մեկնաբանություններով (թերթն այսօր էլ պատրաստ է տպագրելու Աննա Մնացականյանի տեսակետները, որոնք կհիմնավորեն թե՛ նրա նշանակման արդարացիությունն օրենքի տեսանկյունից և թե՛ նրա նշանակման նպատակայնությունը` թերլեմեզյանական հրաշալի ավանդույթների պահպանման հեռանկարով)։ Կրթօջախի դասախոսներից որևէ մեկը չցանկացավ հանդես գալ, սա էլ թերևս մեր ժամանակների բարոյահոգևոր հոլովույթում է տեղակայվում։ Այս ամենից ելնելով զրույցի ենք հրավիրել նախկին թերլեմեզյանական, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ։
-Պարոն Ասատրյան, հանրապետության նշանավոր մշակութային օջախներից մեկում «կռիվ է ընկել»։ Ձեր տեսանկյունից կցանկանայինք դիտարկել խնդիրը։
-Անկեղծ ասած, նախ, շնորհավորում եմ հայ արվեստասեր հասարակությանը, ինչո՞ւ ոչ` հայ հասարակությանը` նշանակալից իրադարձության, ՀՆՄ կազմավորման 80-ամյակի կապակցությամբ։ Այս տարիներին ՀՆՄ անդամներից շատերը, կերպարվեստագետների հինգ- վեց սերունդ ուսանել են երկրի առաջին մշակութային կրթօջախում, և մեզ համար այն թանկ է ու անմոռանալի։ 1961-ին եմ ընդունվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, և դա ինձ համար պարգև էր, հինգ տարի եմ ուսանել, շփվել շնորհալի ուսանող-ընկերների հետ, որոնք այսօր հայ կերպարվեստի առաջատար դիրքերում են։
-Առկա խնդրի շուրջ Ձեր պատկերացումները։
-Դարձյալ անկեղծ լինեմ, բնավ հետաքրքիր չէ, թե ով կդառնա կրթօջախի տնօրեն, կարևոր է, որ պահպանվեն թերլեմեզյանական ավանդույթները, ուր ուսանող-դասախոս հարաբերությունները փոխադարձ հարգանքի ու վստահության վրա էին կառուցված, ուր կրթում էին նախ երկրի քաղաքացիներ, հետո միայն ստեղծագործողներ։ Մենք Թերլեմեզյանում ավելի էինք խորանում կերպարվեստի նրբություններում, քան գեղարվեստաթատերական ինստիտուտում կամ այլ որևէ բարձրագույն մասնագիտական կրթօջախում։ Այսինքն, Թերլեմեզյանում պետք է տնօրեն ընտրվի (ոչ թե նշանակվի «վերևներից») այնպիսի մեկը, ով կարող է այս պատվավոր բեռը կրել։ Ժողովրդական առածն ասում է` «Հացը հացթուխին տուր, երկու հաց էլ ավելի տուր»։ Եթե երգչի թեկնածությունն է առաջ մղվում, ապա թող փորձության ենթարկեն կոնսերվատորիան։ ՈՒ եկեք պատկերացնենք, որ կոնսերվատորիայի ռեկտոր է նշանակվում ականավոր նկարիչը, ով երաժշտությունից հեռու է մղոններով, պարզ չէ՞, որ այն կփլուզվի։ Այսօր ոչ ցանկալի զարգացումներ են ընթանում Թերլեմեզյանում, այս ամենի վերջը պիտի տալ, ուսանողությունն է այս ամենից տուժում, ոտնահարվում են ավանդույթները, որոնք կարող են այլևս չվերականգնվել։ Այսօր պետությունը, ի դեմս ԿԳ նախարարության, պիտի չափազանց նրբանկատ լինի այս խնդրում։ Եկեք չշտապենք, եկեք ժամանակը երկարաձգենք, գուցե նորանշանակ պաշտոնակատարն իսկապես արժանի մակարդակի վրա կպահպանի շատ շատերի համար հարազատ կրթօջախը։
Պարզապես խնդիրը հրապարակայնացավ, երբ պարզ դարձավ, որ մեկ ընտանիքի անդամների ձեռքում է հայտնվել կրթօջախի կառավարման վահանակը վերջին տարիներին։ Սա ինքնին մտահոգիչ երևույթ է։
-Պարոն Ասատրյան, Թերլեմեզյանում եղել է բարի հիշատակ թողած մի տնօրեն, ով մասնագիտությամբ նկարիչ չէր։
-Ձեր խոսքը վերաբերում է Գևորգ Հովհաննիսյանին։ Չեմ էլ հիշում, պատմաբան էր, թե տնտեսագետ, բայց հրաշալի կազմակերպիչ էր։ ՈՒսմասվարը նկարիչ էր, մասնագետ։ Եվ նրանք հիանալի համագործակցում էին, մասնագետը հետևում էր ուսումնառության հարցերին, տնօրենն ընդհանուր կազմակերպչական հարցերն էր իրականացնում։ Անմոռանալի Գևորգ Հովհաննիսյանի օրոք ուսմասվարն էր Եսայի Մինասյանը, նրանք շատ երկար աշխատեցին և շատ հաջող։ Եվ ի՜նչ մարդիկ էին դասավանդում` վաստակավոր ու ժողովրդական նկարիչներ Արշամ Շահինյանը, Անատոլի Պապյանը, Գրիգոր Աղասյանը, Մկրտիչ Սեդրակյանը և այլք։ ՈՒսումնարանն ավարտած երիտասարդն արդեն իսկ նկարիչ էր, կարող էր բարձրագույն հաստատություն չավարտել։ Այսպիսով թող հաղթի արդարն ու բարին։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ