Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իմ մեղքը ո՞րն ա, 96 թիվն էր, պետություն ստեղծելուց անցել էր ընդամենը 3 տարի»

«Իմ մեղքը ո՞րն ա, 96 թիվն էր, պետություն ստեղծելուց անցել էր ընդամենը 3 տարի»
20.11.2012 | 12:38

...Եղած-չեղած` մեկ է։ Ինձ ի՞նչ, թե մեր պատգամավորներն ու լրագրողները ինչքան են իրար սիրում, հարգում, նախատում կամ... ով ումից է փախչում` և ինչու։ Բայց, վերջին հաշվով, ինձ համար դա դառնում է խնդիր, մտահոգություն, որովհետև մամուլի և խոսքի ազատությունը մեզանում այլևս «վերաիմաստավորվելով», փոխել է կանոնները, ինչի արդյունքում ժուռնալիստիկան կորցնում է իր բովանդակային իմաստն ու հմայքը։
Խոսքի և մամուլի ազատություն ասվածը չի նշանակում հանրությանը մատուցել փողոցային խոսակցություն, «ժամանակակից» լեզվամտածողության ճռճռոցներով խեղաթյուրել եղելությունը, ոտնահարել անձի հեղինակությունը, և, ի վերջո, ողջ լրագրողական դաշտը բաժանելով երկու մասի, կռվեցնել «դեղին» (ընդդիմադիր) և «սպիտակ» (իշխանական) մամուլը` հանուն հեռահար նպատակների։
Ժուռնալիստիկայի բովանդակային իմաստն ու հմայքը մենք ենք աղավաղում` մեր ամենօրյա կենսակերպով, լրագրողի զրուցակիցը դառնալու ընթացքում մեր «ստրիպտիզային» դրսևորումներով։ Նա դառնում է խոցելի, եթե... և անառիկ` եթե... Հենց այս «եթե»-ներից էլ սկսվում է այն, ինչի ականատեսն ենք ամենուրեք, ամեն օր` վերևներում ու ներքևներում, ակադեմիական թատրոններում ու ԱԺ-ում։
Գաղտնիք չէ, մեզանում կան օլիգարխներ, պետական տարբեր տրամաչափի չինովնիկներ ու պառլամենտականներ, որոնք լրագրողին տեսնելուն պես սկսում են ոտքերով «մտածել»` մտածելով, որ ժամանակին փախչելը նույնպես տղամարդկություն է։ Փախչում են, որպեսզի ցույց չտան իրենց մտքի տկարությունը։ Խուսափելու այլ պատճառներ էլ կան, որոնցից մեկը, գուցե ոչ պակաս կարևոր, մամուլի պատկանելությունն է։ Եթե օրաթերթը մոտ է իր կամ իր քաղաքական թիմի քիմքին, հարց չկա, մնացած դեպքում` ձև չկա։ Նա ձևանում է խուլ ու համր, կամ էլ, լավագույն դեպքում, մերժում` ոտքի վրա իմանալով, թե դու որ լրատվամիջոցն ես ներկայացնում։ Հարցազրույցից հրաժարվելը, անշուշտ, օրենքի շրջանակներում է, դա պայմանագրի նման մի բան է, որ կայանում է կողմերի համաձայնությամբ։ Եթե մեկը չի ուզում, դու պարտավոր ես հարգել նրա որոշումը։ Բայց, ինչպես ասում են, հարկավոր է լսել նաև ձայնապնակի երկրորդ կողմը։ Այս դեպքում դա քո անձի և քո ներկայացրած մամուլի խնդիրն է։ «Իրատես de facto»-ն այն հասարակական-քաղաքական թերթն է, որ ունի խոսքի ծանր կշռաքար, և բաց, հրապարակային ամբիոն բոլորի համար, իսկ ես` նրա անբաժան նորեկն ու սկզբունքային մաքուր մասնիկը լինելով, չէի կարող հենց այնպես, ականջներս կախ ընդունել նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ մերժումը։
Ինչո՞ւ գրելիքիս նախաբանն այսքան «հյութեղ» և երկար ստացվեց։ Որպեսզի մյուսների համար ևս պարզ լինի` եթե ասելիք ունես և ինքնուրույն դիմագիծ, հակառակորդի ճամբարում շեփոր հնչեցնելը շատ ավելի էական է, քան սեփական հարկիդ տակ անվերջանալի մուղամ բանեցնելը։
-Պարոն Բագրատյան... (ձայն, ուշադրություն չկա)։ Մի հարց եմ ուզում ճշտել։ (Քայլում ենք կողք կողքի, և դարձյալ լռություն)։ Ես էլ եմ շտապում, Դուք էլ, մի երկու րոպե կարո՞ղ եք տրամադրել։
-Ո՞վ եք, ի՞նչ եք ուզում։
-«Իրատեսից» եմ...
-Շտապում եմ, Ձեզ ասելու ոչինչ չունեմ։
-Ձեր թանկ ժամանակը չեմ չարաշահի, ընդամենը մեկ հարց։
-Ասացի` ոչ։
-Բայց Դուք չգիտեք, թե ինչ կարևոր բան եմ հարցնելու (ի միջի այլոց, որոշել էի տնտեսագիտության ոլորտում նրա «ցանած» նոր ուղղության մասին խոսել)։
-Ի՞նչ ես ասում, ասա։
Միտքս շուռումուռ տալուց հետո հարցրի.
-Ես գիտեմ, Դուք միակ հայաստանցին եք, որ Ձեր դասախոսությունները եվրոպաներում բարձր են գնահատում։
-Էս ի՞նչ ես հարցնում, բյուջեն թողած։
-Բյուջեի հարցերը սպառված են, քննարկումները` ավարտված, արդյունքը` անփոփոխ։ Դուք էն ասեք, ես ճի՞շտ եմ, թե՞ սխալ։
-Ասենք թե, հետո՞։
-Հետո էն, որ դրսի լսարաններում Դուք գնահատված եք, իսկ այստեղ Ձեր «ղադրն» իմացող չկա, էսքան դասախոսություններ եք կարդում...
-Այսօր սլավոնական համալսարանում երկու դասաժամը 4-5 հազար դրամ է` պրոֆեսորի հաստիքով, ԱԺ-ում օրենքով է կարգավորված։ Սա ի՞նչ վարձատրություն է։ Ոչ նա՛ է գումար, ոչ սա՛։
-Իսկ ավելի կոնկրե՞տ։
-Այստեղ 250 հազար դրամ է, մաքուրը։ Բա Ձե՞րն ինչքան է։
-Իմը որ այդքան լիներ, ի՞նչ ունեի ԱԺ-ում։
-Փաստորեն, քիչ եք վարձատրվում։
-Հա, բայց պարոն Բագրատյան, ճիշտը որ ասեմ, ես նկատի ունեի «լեկցիաները» ԱԺ-ում, պառլամենտականներին տված Ձեր խորհուրդները, ուսուցողական ելույթները. «Բերեք գրատախտակ դրեք, կամ հանեք Ձեր մոբիլնիկները, ես թվեր ասեմ, դուք գրեք»։
-Չէ, դրա համար ստեղ փող չեն տալիս, պրեմիա չկա, չի հասնում։
-ՈՒրեմն Ձեզ չեն լսում, գնահատող չկա։
-Ըմբռնելու իմաստով էլ փոփոխություն չկա, չէ՛։
-Լավ, գոնե կարո՞ղ եք կռահել, թե Ձեր արտահայտած մտքերի քանի տոկոսի հետ հաշվի կնստի քաղաքական մեծամասնությունը։
-Համենայն դեպս, մի քիչ փոխեցին, էլի կփոխեն, բայց շատ քիչ, որովհետև ես ակնառու փաստեր եմ բերում։
-Կոնկրետացնենք` ի՞նչը փոխվեց կամ կփոխվի։
-Եկամուտների սանդղակն անցած տարի մի քիչ փոխեցին, բայց` կիսատ-պռատ։ Երբեմն անում են ընենց, որ չանեին` ավելի լավ կլիներ։
-2013-ի բյուջեում ենթադրվող փոփոխությունները ինչ-որ բան կտա՞ն։
-Չեմ կարա ասեմ, չէ երևի։ Լավ բան չեմ տեսնում։ Հենց որ բան ես ասում, լսելու փոխարեն հակադարձում են. «Բա Ձեր ժամանակ բյուջեն ինչքա՞ն էր»։ Էտի պատասխան ա՞։
-Իհարկե չէ։ Համեմատելու եզրեր անգամ չկան։
-Բա որ ապացուցեմ ու գնաճը հանե՞մ... Մեր վախտվա բյուջեն լավ էլ համեմատելի է։ Իմ մեղքը ո՞րն ա, 96 թիվն էր, պետություն ստեղծելուց անցել էր ընդամենը 3 տարի։
-Նորաստեղծ պետության պարագայում կարելի է ըմբռնումով մոտենալ սխալներին, թերություններին ու թերացումներին։
-Չէ՜, խնդիրը ստեղ էդ չի։ Ստեղ դուրս ես գալիս իրանց դեմ, ասում ես` հնարավորությունը սա՛ է, էսօր սա՛ կարաք, դե՛ արեք։ Չե՛ն լսում։ Էս մարդկանց ի՞նչ ասես։
-Ձեր վարչապետության տարիներից երկու շահեկան փաստ հնարավո՞ր է առանձնացնել։
-Մենք ԱՊՀ-ում առաջին երկիրն ենք եղել աճով, 1994 թիվ. պատերազմը ավարտվել էր մայիսի 9-ին։ Առաջինն ենք, որ ունեցանք 6,5-6,9 % ՀՆԱ-ի աճ։ Ընդ որում, էն ա հետաքրքիր, որ էդ աճը մեզնից հետո եկողները կարողացան պահել, չպակասեցրին, մի բան էլ ավելացրին։ Եվ ես առաջին վարչապետն եմ, որ ցույց տվեցի, թե ինչպես կարելի է տնտեսական անկումից հետո աճ ապահովել։
-Բյուջեի քննարկման վերջին օրը ԱԺ-ում կարմիր թելի պես անցավ այն միտքը, որ ժողովրդին հաճոյանալու նպատակով չի կարելի թոշակները և աշխատավարձերը բարձրացնել` վտանգելով երկրի խաղաղ, համաչափ ընթացքը։ Իրո՞ք ռիսկայնություն կա, արդյո՞ք Հայաստանը ձեռքից կգնա, եթե բարեփոխումները կատարվեն համարձակ քայլերով, լայնամասշտաբ։ Ի վերջո, մեր մի բուռ ժողովուրդը որի՞ն հավատա` իշխանության զսպաշապիկի՞ն, թե՞ ընդդիմության «մերկացմանը»։
-Ես էլ դա չեմ հասկանում. էդ ի՞նչ ցնցումների մասին են խոսում, որ, իրենցից բացի, ոչ ոք չի նկատում, չի «երազում»։ Բարեփոխումների չեն գնում, որովհետև սաղ թաղված են ստվերի մեջ, բոլորը բիզնեսներ ունեն։
-Ի՞նչ անել, ինչի՞ց սկսել։
-Չգիտեմ, էս պահին ելք չեմ տեսնում։
-Տեսա՞ք, պարոն Բագրատյան, ինչից ինչ դուրս եկավ։ Հրաժարվում էիք հարցազրույցից, բայց բավականին լուրջ և հետաքրքիր զրույց ունեցանք։ Ափսոս, որ մեր տնտեսությունը հրաշալի վերլուծելով, բյուջեի կողմնակիցներին «արևահարելուց» բացի, պայծառ ապագա տանող ճանապարհներ չեք առաջարկում։
-Մենք էսքան խոսեցինք, հա՞։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ