Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հունգարիայի հայերը

Հունգարիայի հայերը
20.11.2012 | 13:26

Մարդկանց դժբախտության պատճառը տգիտությունն է: Բայց եթե մեկ մարդու անտաշությունը վնաս է բերում հենց իրեն կամ սահմանափակ թվով այլոց, ապա պետությունների ղեկավարներինն աղետի է վերածվում:
«ԻԴՖ»-ին տված մի հարցազրույցում Հունգարիայի ներկա վարչապետին անվանել էի տգետ, որը չգիտի ոչ միայն իր երկրում ապրած և ապրող ազգային փոքրամասնություններից մեկի, այլև իր իսկ երկրի պատմությունը: Ստորև ներկայացնում եմ 1913 թ. Թիֆլիսի «Հովիտ» շաբաթաթերթի թիվ 24-ում «Արտասահմանեան թերթերից» խորագրի ներքո տպագրված «Հունգարիոյ հայերը» հոդվածը (ուղղագրությունը փոխել եմ դյուրըմբռնության համար).
«Հունգարիայի հայերը, որոնց թվաքանակը մոտավորապես 10 հազար է, առհասարակ վաճառականներ և արհեստավորներ են (հատկապես` կաշեգործ): Շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում: Հունգարական խորհրդարանում 11 հայ պատգամավոր կա, 3 հայ էլ` կառավարությունում, ինչը նրանց թվաքանակի հետ համեմատելով` ամենամեծ հաջողությունն է և ցույց է տալիս հայոց արժանիքներն ու կարողությունները քաղաքակիրթ միջավայրում: Վարչապետը, որ վերջերս պաշտոնից հրաժարվել էր, պատանեկության տարիներին հայերեն գրել, կարդալ և մի քիչ էլ խոսել գիտեր: Բարձրաստիճան հայ դատավորներ և առաջնակարգ փաստաբաններ շատ կան. հրեաները գրեթե չեն կարող նախարար կամ դատավոր դառնալ, բայց հայերը շատ են ու մեծ հարգ են վայելում այդ պաշտոններում: Հայազգի Լուկաշը երկրի ֆինանսների առաջնակարգ նախարարն է, տասը տարի բյուջե է ներկայացրել խորհրդարան, ու երբ տասներորդ անգամ ներկայացրեց` բյուջեն առաջինի համեմատ կրկնապատկվել էր. ահա երկրի առաջադիմության և մի հայ նախարարի հաջողության ցուցանիշ:
Հունգարիայի հայերի ամենանշանակալի շարժումներից մեկը տեղի է ունեցել վերջերս` կապված եկեղեցական հայոց առաջնորդություն ստեղծելու հետ, և հույս կա, որ 1-2 տարվա ընթացքում այն անպայման կհաստատվի: Առաջնորդը կոչվելու է «Վիկարիուս էպիսկոպ Տրանսիլվանիենսիս զվատ ռիթեամ Արմենիամ»` Տրանսիլվանիայի լատին եպիսկոպոսի հովանավորության ներքո, բայց լայն ինքնավարությամբ: Այս գործը հաջողելու դեպքում հունգարահայերը զգալի առաջընթաց կունենան` ցիրուցան գտնվող հայերը կհամարվեն կաթոլիկ հայեր, այլ ոչ հունադավան, իսկ նրանց միասնականությունը և ինքնագիտակցությունը կզորանան: Առաջնորդությունը, բնականաբար, պիտի գտնվի հայաբնակ Սամոշույվար քաղաքում (խոսքը հայերի հիմնած Արմենոպոլիս կամ Գեռլա քաղաքի մասին է, որը ներկայում գտնվում է Ռումինիայի տարածքում: - Խ.Դ.): «Արմենիա» անվամբ հունգարահայ թերթն էլ շուտով կսկսի կրկին լույս տեսնել:
Այս պայմաններում, նաև Մխիթարյան հայրերի ջանքերի շնորհիվ, մեծ հույս կա, որ կորսվելու եզրին գտնվող բարգավաճ, առաջադիմած, պատվական հայությունը կփրկվի և պատիվ կբերի ինչպես ինքն իրեն, այնպես էլ ամբողջ հայությանը»:
Առակս զի՞նչ կցուցանե: Եթե հույս ունենայի, որ Հունգարիայի ներկայիս վարչապետը սա երբևէ կկարդա, ապա կասեի` եթե երկրիդ տնտեսական վիճակը վատ է, ապա տեղդ զիջիր հայի կամ Լուկաշի նման ֆինանսների հայ նախարար նշանակիր: Այս հոդվածի լույսընծայումից 5 տարի անց թուրքերն ու ադրբեջանցիները 30 հազար հայի Բաքվում ցեղասպանության ենթարկեցին, իսկ դու ցեղասպանների ժառանգին արտահանձնեցիր` ձեռքերդ լվալով ոչ միայն բաքվահայերի, այլև Գուրգեն Մարգարյանի արյամբ:
Ոչ, ես այս հրապարակումը մեղսակից Օրբանի համար չեմ պատրաստել: Ես, նախ, չեմ ցանկանում, որ հանցակցի դատապարտումը մեզ մոտ «միջոցառումային» բնույթ կրի ու մոռացության մատնվի. նա հենց դա է ուզում: Այսօր Հունգարիայում այնքան հայ է ապրում, որքան 1913-ին. թող նրանք կարդան, հպարտանան իրենց նախնիներով ու զորացնեն իրենց միասնականությունը և ինքնագիտակցությունը:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ