Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ժամանակը ոչ բոլոր կուսակցությունների օգտին է աշխատում»

«Ժամանակը ոչ բոլոր կուսակցությունների օգտին է աշխատում»
22.11.2012 | 12:48

Նոյեմբերի 22-ին «Իրատես de facto» ակումբի հյուրը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էր։

-Ընտրություններում ամենալուրջ խաղացողներից մեկը ժամանակն է, չե՞ք կարծում, որ այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրենց տեսակետը չեն հայտնել, ընտրվելու լուրջ մտադրություններ չունեն:
-Համաձայն եմ, որ ամենալուրջ խաղացողներից մեկը ժամանակն է, և ժամանակը ոչ բոլոր կուսակցությունների օգտին է աշխատում: Դիրքորոշում չհայտնելն արդեն իսկ դիրքորոշում է: ԲՀԿ-ին վերապահում անելով` արձանագրենք, որ մյուսների լռությունն ավելի շատ նշանակում է, որ իրենք հակված են պաշտպանելու ուրիշի թեկնածուին: Այդ քաղաքական ուժերի ռազմավարությունը վերջին տարիներին ավելի շատ կախված է եղել այլոց, քան սեփական ռազմավարությունից ու նպատակներից:
-Այդ պրակտիկան քաղաքականության մեջ իրեն արդարացնո՞ւմ է:
-Ոչ, քաղաքական ուժի ռազմավարությունը բացառապես սեփական նպատակներով է պայմանավորվում: Արբանյակային, օժանդակ գործառնությունները դիմազրկում են կուսակցությունը: Դուք կարող եք ձեր ռազմավարության մեջ հաշվի առնել այլոց ռազմավարությունները, բայց իրավունք չունեք ձեր ռազմավարությունը կախման մեջ դնելու այլոց որոշումներից:
-Եթե տեսությունից անցնենք գործնական հարթություն, դատելով 2007-ի և 2012-ի համադրումից` ՀԱԿ-ը սեփական թեկնածու չի՞ պատրաստվում առաջադրելու:
-2007-ի և 2012-ի իրավիճակները նույնիսկ համեմատելի չեն, այս ընտրություններում թեկնածու ունենալու հարցը ՀԱԿ-ի համար տասնապատիկ բարդ է, որոշակիության բացակայությունը ցույց է տալիս, որ միարժեք է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանականությունը:
-Իսկ ՀՅԴ-ի պարագայում կա՞ որոշակիություն:
-ՀՅԴ-ն առաջարկում է պայմաններ, որոնց պիտի բավարարի իրենց թեկնածուն: Նրանք չեն բացառում, որ այդ թեկնածուն կարող է լինել կուսակցությունից դուրս:
-Բացառվո՞ւմ է, որ ՀՅԴ-ն ի վերջո հայտարարի, որ, խորհրդարանական կառավարման կողմ լինելով, նպատակահարմար չի համարում նախագահի թեկնածու առաջադրել:
-Այո, որովհետև իրենք գիտակցում են, որ պիտի ընտրվի նախագահ, որ ապահովի անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր տեսակետը, ԲՀԿ-ն իր 7 կետերում խորհրդարանական կառավարումը նշել է, ինչպես կավարտվեն ՀՅԴ-«Ժառանգություն» քննարկումները, ցույց կտա ժամանակը:
-Ընդդիմության միասնական թեկնածուն մի՞ֆ է, թե՞ իրականություն, միասնական թեկնածուին պե՞տք է տարբեր կուսակցությունների սատարումը:
-Ես միասնական թեկնածուի կողմնակից եմ, որովհետև դա մի քայլ ավելի առաջ է տանում ընդդիմությանը, հասարակությունը տեսնում է համախմբվածություն, տեսնում է ուժ և սկսում է հավատալ այդ ուժին: Բայց պիտի նաև հասկանանք, որ միասնական թեկնածուն ունի իր բացասական կողմերը, քանի որ Հայաստանի քաղաքական ուժերն ունեն չափազանց տարբեր դիրքորոշումներ` լիբերալներից մինչև ուլտրաազգայնականներ, չեն կարող միավորվել մեկ թեկնածուի շուրջը, եթե անգամ նա չափավոր դիրք է գրավում: Չափազանց կարևոր է թեկնածուի անձը, որպեսզի կարողանա և՛ ձախերին, և՛ աջերին համախմբել: Այս տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն իդեալական է` և՛ որպես ազգային խնդիրների հետ կապված կուսակցության, և՛ որպես քաղաքացիական ազատությունների, ժողովրդավարության համար պայքարող կուսակցության ղեկավար:
Հարցազրույցը Ստեփան Սաֆարյանի հետ կարդացե՛ք «Իրատես de facto»-ի նոյեմբերի 27-ի համարում։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ